Ազգի գոյատևման երաշխիքն իր մշակույթն է

06 Հոկտեմբերի 2015

Խորհրդածություններ Մշակույթի ամսվա առիթով

Նոր բան չենք ասի, պարզապես հիշելով կրկնենք, որ մեր ժողովուրդը հին օրերից պաշտել է իր ստեղծած հոգևոր և նյութական արժեքները։ Այդ էլ այն պատճառով, որ եթե տեսել է իրական պահապան հրեշտակին, ապա դա իր մշակույթն է եղել, այլապես ո՞ր ազգն է, որ իր տառերի համար հազարավոր կոթողներ է կանգնեցրել Նայիրի երկրի տարբեր շերտերի վրա, այդ ո՞ր ազգն է, որ «Լեռնային կղզի» կոչված իր բարձրադիր լեռնագագաթների և նրա լանջերի վրա կառուցել է հուշարձաններ, քաղաքներ, մեկը մյուսից հիանալի, գեղակերտ տաճարներ՝ սբ Էջմիածին, Հռիփսիմե, Զվարթնոց, Գեղարդ, ապա տասնյակ հազարավոր խաչքարեր, որոնք, ինչպես գրել է հայ ժողովրդի արժանավոր զավակներից մեծ մտավորական Բագրատ Ուլուբաբյանը․ «Որոնք ոչ թե նախշված քարեր են, այլ քարացած զինվորներ, որ խումբ-խումբ կանգնած են մեր հայրենիքի մեծ ու փոքր բնակավայրերի վրա, պաշտպանում ու պահպանում են մեր երկրի խաղաղությունը, նրա ազգային դիմագիծը։ Իսկ եթե այստեղ ու այնտեղ միայնակ են կանգնած, ապա հեռվից նայիր, ու կտեսնես, թե ինչ վեհություն կա նրանց փառահեղ ու ազնվախառն կեցվածքի մեջ, հայ ժողովրդի հավերժությունը հսկող նրանց կերպարներում»։

Բազմաթիվ ու բազմազան է հայ մշակույթը։ Նրա բաղադրամասերն են հեթանոսական կրոնը, ամրոցաշինությունը, ճարտարապետությունը, նկարչությունը, թատրոնը, երաժշտությունը, մատենագրությունը, դպրոց-համալսարանները, գրականությունը և այլն։

Արդարև ազգի գոյատևման գլխավոր երաշխիքն իր մշակույթն է, այլ խոսքով՝ նրա ստեղծագործ հանճարն իր արդյունքներով՝ լեզուն, կրոնը, արվեստը, գրականությունը, գիտությունը, քաղաքակրթությունը, որոնք ամփոփվում են մշակույթ բառի մեջ։ Հետևաբար, ազգի հատկանիշն է այդ ստեղծագործ հոգին զորացնելը, պաշտպանելն ու գուրգուրանքով խնամելը անցյալից եկած ժառանգությունները, որպեսզի այդ հոգու հետ օղակվի ներկան և գծագրվի ապագայի հեռանկարը։

Այս ճշմարտության նկատմամբ ցույց տված հավատքի արդյունք է, որ Մեծի Տանն Կիլիկիո երջանկահիշատակ մեծ հայրապետ Գարեգին Ա․Հովսեփյանց կաթողիկոսը 1950-ական թվականներին կոնդակով հոկտեմբեր ամիսը հռչակեց հայ մշակույթի մեծարման ամիս՝ հանդիսությունների և այլ ձեռնարկների կազմակերպմամբ, որպեսզի սերունդների հոգիներում վառ մնան թարգմանչաց սերնդի մշակութային գործունեությունը ներբողելու և անցյալի ժառանգության արժեքի գիտակցությունը եկող սերունդների հոգիներում ևս վառ պահելու համար։

Հայ ժողովրդի մշակույթը երկար ու բեղուն ճանապարհ է անցել, հարուստ մարդկային մտքի ստեղծագործ աշխատանքի, ազատատենչ ոգիի փայլատակումներով։ Արձանագրել է վերելքների բուռն շրջաններ։ Հինգերորդ դարում ստեղծվել են հայկական գրերը, ծաղկել է թարգմանչաց արվեստը, մատենագրությունը, գիտությունը։ Ճարտարապետության, քանդակագործության, մանրանկարչության և մշակույթի այլ ասպարեզներում ստեղծվել են հրաշալի արժեքներ, որոնք այսօր ևս հիացումի առարկա են սերունդների համար։ Անկասկած, ունեցել ենք նաև անկման շրջաններ, մանավանդ պետականության կորստի (428 թ․, 1045 թ․, 1375 թ․) տարիներ, և օտար ասպատակությունների հետևանքով, երբ հայ ուսուցիչն ու գրողը, արվեստագետը, գիտնականն ու եկեղեցականն իրենց նախնիների թանկագին գործերը պահել են աչքերից հեռու, անմատչելի քարայրների մեջ կամ ապաստան գտած օտար ափերում։ Սակայն բնավ չի մարել հայ ժողովրդի ազատատենչ ոգին և հայրենիքի անկախությունը վերականգնած տեսնելու ձգտումը, որ ստեղծագործելու ներշնչում է հաղորդել մշակույթի գործիչներին։ Ստիպողաբար ուր էլ գնացել է հայ մարդը, իր հետ կարոտով տարել է հայրենիքի շունչը, ոգին, հայրենի ավանդությունները, եկեղեցի և դպրոց է կառուցել, տպարան է հիմնել, թերթ է հրատարակել, աշխատել ու ստեղծագործել է։ Այս ամենի պատճառն այն է, որ հայ ժողովուրդը հավատացած է, որ ազգի գոյատևման գլխավոր երաշխիքն իր մշակույթն է։

Մշակույթի ամսվա այս օրերի մեր խորհրդածությունը թերի կլինի, եթե չնշենք մեկ այլ ճշմարտություն ևս, որ մեր հայրենի իշխանությունները, երկրի դիմագրաված այսօրվա դժվարությունները լուծելու ճանապարհին, հատուկ հոգատարություն պետք է ցուցաբերեն, ավելի ճիշտ՝ պետք է շարունակեն հոգատարություն ցուցաբերել մշակույթի պաշտպանության, նրա զարգացման և հարստացման նկատմամբ։ Քանզի քաղաքական այն ուժը կամ զորությունը, որ չի խրախուսում ժողովրդի ստեղծագործական ուժերը, չի նպաստում մտավոր, գեղարվեստական, բարոյական և իմացական կյանքի ուռճացմանը, շեղվել կամ վրիպել է իր կոչումից։  

Շատ է հիշատակվում, բայց եկեք մեկ անգամ ևս հիշենք անգլիացի փիլիսոփա Թոմաս Կարլայլի այնքան իմաստալից խոսքը։ Համաշխարհային պատմության մեջ ծանոթ է Հնդկաստանի՝ Անգլիայի համար ունեցած կարևորությունը։ Հնդկաստանի անկախացումից առաջ անգլիացի փիլիսոփան ասել է․ «Եթե ստիպված լինենք ընտրություն կատարել Շեքսպիրի և Հնդկաստանի միջև, կասենք՝ Հնդկաստանը որքան էլ կարևոր, բայց ժամանակավոր է մեզ համար, սակայն առանց Շեքսպիրի մենք չենք կարող ապրել։ Նա անմահ է մեզ համար։ Նա անգլիական այն թագավորն է, որ ոչ մեկ խորհրդարան չի կարող գահընկեց անել»։      

 

Օհան Փոթրումյան

Արևելահայերենի փոխադրեց Ռուբինա Ռաֆայելյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ