Մահացել է Ժան Տեր-Մերկերյանը

01 Հոկտեմբերի 2015

Սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում, երկարատև հիվանդությունից հետո՝ 80 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, ֆրանսահայ ճանաչված ջութակահար, մանկավարժ Ժան Տեր-Մերկերյանը, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարությունը։

Մերկերյանը ծնվել է Մարսելում: 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, որից մեկ տարի անց Մարսելում հանդես է եկել առաջին մենահամերգով` կատարելով Մենդելսոնի և Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ: 1948թ. ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Հանդես է եկել Մենդելսոնի և Լալոյի կոնցերտներով, որից հետո նրան անվանել են «փոքրիկ հրաշք»: 1956թ. Պրագայում և 1961թ. Փարիզում արժանացել է առաջին մրցանակների: Դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և ելույթներ է ունեցել Հայաստանի տարբեր շրջաններում, ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում: Դիրիժոր Միքայել Մալունցյանի հետ կատարել է Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի, Բարտոկի, Շոստակովիչի ստեղծագործությունները: 1981թ. տեղափոխվել է ծննդավայր` Մարսել: Դասավանդել է տեղի կոնսերվատորիայում և համերգներով հանդես եկել հարևան երկրներում, հատկապես` Պրովանսի քաղաքներում: 1988թ. Գյումրիի ավերիչ երկրաշարժից ու անկախության հռչակումից հետո, դարձյալ հայրենիքում հանդես է եկել համերգներով: 1971թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2015թ. պարգևատրվել ՀՀ Պատվո շքանշանով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ