Կոմիտասի ծննդյան օրն է

26 Սեպտեմբերի 2015

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Արևմտյան Հայաստանի Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։

Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Մայրը մահանում է, երբ փոքրիկ Սողոմոնը նույնիսկ մեկ տարեկան չկար։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա է վերցնում տատը։ Յոթ տարեկանում Սողոմոնն ընդունվում է տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկում է Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Սակայն չորս ամիս անց նա տուն է վերադառնում։ Նոր դժբախտություն էր վրա հասել՝ վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր...

«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։

Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։

Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։

1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգևոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվում է տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գևորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։

Եվ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։

1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։

1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը երաժշտության ուսուցիչ է նշանակվում։

Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։

1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգևոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում է հարմոնիայի դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ հիմք դարձան:

Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:

Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորը հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին: Ուսումնառության տարիներին Կոմիտասը հնարավորություն է ունենում «շփվելու» եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարը, զբաղվում է երաժշտա-քննադական գործունեությամբ: Միջազգային երաժշտական ընկերության հրավերով նա դասախոսություն է կարդում՝ նվիրված հայ եկեղեցական և աշխարհիկ երաժշտությանը, այն համեմատելով թուրքական, արաբական, քրդական երաժշտությունների հետ:

1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատապես փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը:  

Նա շրջում է Հայաստանի շատ վայրերում՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, մշակում երգեր: Լրջորեն զբաղվում է նաև գիտահետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական և հոգևոր մեղեդիները, աշխատում է հայկական խազերի վերծանման վրա, զբաղվում է  ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում կատարում և պրոպագանդում է հայ երաժշտությունը: Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից:

Նա իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրա, բացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունը: Իհարկե՛, կոմպոզիտորի աշխարհայացքի նմանօրինակ հիմքերը պետք է հանգեցնեին եկեղեցու և Կոմիտասի միջև անխուսափելի բախման: Աստիճանաբար, եկեղեցու նոր ղեկավարների անտարբերությունը, վանական միաբանության հետադեմ խավի թշնամական վերաբերմունքը, բամբասանքներն ու զրպարտանքն ավելի են մեծանում և թունավորում կոմպոզիտորի կյանքը, մի մարդու, որը ժամանակակիցների տպավորության մեջ գամվել է, որպես բացարձակապես աշխարհիկ անձնավորություն:

Կոնֆլիկտն այնքան է խորանում, որ Կոմիտասը մի աղերսագին գրավոր դիմում է հղում կաթողիկոսին՝ թախանձելով իրեն ազատ արձակել, թույլ տալ հանգիստ ապրել և ստեղծագործել։ Այս դիմումն անհետևանք է մնում, և սկսվում է ավելի անսքող հալածանք Կոմիտասի նկատմամբ:

1910 թ․-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս: Նա կարծում էր, թե Պոլսում կարող էր գտնել այնպիսի միջավայր, որը կհասկանար իրեն, կպաշտպաներ և կխրախուսեր իր գործունեությունը, այստեղ նա կկարողանար իրականացնել իր իղձերը: Կոմիտասը ցանկանում էր ստեղծել ազգային երաժշտանոց, որի հետ էր կապում հարազատ ժողովրդի երաժշտության հետագա բախտը: Սակայն դա չի հաջողվում, ինչպես և շատ այլ ձեռնարկումներ չի հաջողվում իրագործել։ Նրա բոլոր նվիրական մտահղացումները հանդիպում են տիրող իշխանությունների անտարբերությանն ու խորտակվում:

Պոլսում Կոմիտասը կազմակերպում է երեք հարյուր հոգանոց կազմված խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն էր վայելում բնակչության լայն շրջաններում: Նրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը:

Կոմիտասը հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար: Կոմպոզիտորը հիանալի կերպով տիրապետում էր սրինգին եւ դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու և համոզելու մեծ ուժով:

Կոմիտասի արվեստը հիացրել էր հռչակավոր երաժիշտներ Վենսան դ'Էնդիին, Գաբրիել Ֆորեին, Քամիլ Սեն-Սանսին... Իսկ 1906 թվականին մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հուզված բացականչել էր. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարի առջև խոնարհվում եմ»:

Պոլսում նույնպես Կոմիտասը չգտավ անշահախնդիր համախոհներ, որոնք կօգնեին իր ծրագրերն իրագործելու։ Դեռ ավելին. եթե Էջմիածնում նա իր հարազատ ժողովրդի հետ էր, մոտ էր նրա կենցաղին ու արվեստին, Պոլսում զրկված էր նաեւ դրանից։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր լարված աշխատանքը։

Կոմիտասն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգևոր գործերի ստեղծմանը։ Այս բնագավառում նրա գլուխգործոցը Պատարագն է՝ գրված արական երգչախմբի համար։

Կոմպոզիտորը կարևոր նշանակություն է տալիս նաև երաժշտագիտական գործունեությանը։ Փարիզում Միջազգային երաժշտական ընկերության համաժողովում նա կարդում է երկու զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» և «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին և  նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում համաժողովի մասնակիցների շրջանում։ Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված զեկուցում՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության և տաղաչափության մասին» թեմայով։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես եղավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված և մելամաղձոտ։

1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի է վատթարանում, և նրան տեղափոխում են  հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։

Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։

1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։

1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։

Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ...

«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.

Աղբյուրը՝ http://www.komitas.am/arm/brief.htm

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ