«Զօրավար Անդրանիկ» գրքի շնորհանդեսը Թեհրանում

25 Սեպտեմբերի 2015

Սեպտեմբերի 23-ի երեկոյան, Հայկական բարեգործական ընդհանուր միության Թեհրանի մասնաճյուղի սրահում կազմակերպվել էր հանդիպում «Սիվիլնեթ»-ի լրագրող և Հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի հետ:

Երեկոյի ընթացքում, որ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպել էին Հ.Մ.Մ. «Րաֆֆի» համալիրը, Իրանահայ ազգային և մշակութային միությունը, Աշխարհատեսների հայկական կենտրոնը և «Արաքս» շաբաթաթերթը, Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց «ԱՆԻ» կենտրոնի վերջերս հրատարակած «Զօրավար Անդրանիկ» գիրքը, իր հեղինակած երկու «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև», «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը» գրքերը, ինչպես նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Անկախության ճանապարհով» հուշագրությունը:

Հակոբյանը նախ՝ հակիրճ ներկայացրեց Եղիշե Քաջունուն և նրա «Զօրավար Անդրանիկ» գիրքը: 180 էջանոց հատորը, որն առաջին անգամ հրատարակվել է 1921 թվին, պատմում է զորավարի Հայաստանում եղած վերջին մեկ տարին` 1918-ի ապրիլից մինչև 1919-ի ապրիլը: Քաջունին, ով եղել է զորավար Անդրանիկի գրագիրը և քարտուղարը, օր օրի պատմում է այն ճանապարհը, որ անցել է զորավարը իր արևմտահայ 2000 զինվորների և 20 հազար գաղթականության հետ` Ալեքսանդրապոլ, ապա Ջալալօղլի-Դսեղ-Դիլիջան-Սևանի ափերով դեպի Վայոց Ձոր ու Նախիջևան, Արաքսի անցում և Խոյի դաշտում մարտերը թուրքերի դեմ, ապա նահանջ դեպի Նախիջևան, այնտեղից Գորիս, արշավանք դեպի Շուշի, ապա վերադարձ դեպի Արարատյան դաշտ, Էջմիածին, որտեղ զենքը հանձնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, զորավարը հեռանում է Հայաստանից:

Գրքերը ներկայացնելուց հետո Հակոբյանը պատասխանել է ներկաների բազմազան հարցերին, որոնց մի մասը վերաբերում էր Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախի հիմնախնդրին, արտագաղթին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին:

Միջոցառմանը ներկա էին թեհրանահայ համայնքի մի քանի տասնյակ քաղաքական, ազգային, կրոնական ու միութեանական տարբեր ներկայացուցիչներ՝ Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը, ԹՀԹ Թեմական խորհրդի ներկայացուցիչը և կազմակերպող կառույցների պատասխանատուները: Երեկոյի ավարտին տեղի ունեցավ համեստ հյուրասիրություն:

Աղբյուրը՝ «Արաքս» շաբաթաթերթ

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ