Իրանահայ լուսանկարչուհի Նյուշա Թավաքոլյանը հոլանդական Prince Claus հիմնադրամի կազմակերպած մրցույթի հաղթող է ճանաչվել։ Հայ լուսանկարչուհու մրցանակը բավական մեծ է՝ 112.000 եվրո, և նա որոշել է այն կիսել գաղթականների հետ։
«Ինձ համար դժվար է ուրախությամբ ստանալ այդ մրցանակը, երբ տեսնում եմ, թե ինչպիսի թեժ գոտիներում հազարավոր մարդիկ ապրուստ գտնելու համար լքում են իրենց տները», ասում է Թավաքոլյանը։
Prince Claus հիմնադրամը Թավաքոլյանին համարում է իր արհեստավարժ լուսանկարչուհիներից։ Նա կարողացել է համատեղել արվեստը, լուսանկարչությունն ու լրագրությունը։ Թավաքոլյանը հիանալիորեն ներկայացրել է Միջին Արևելքում բնակվող փախստականների կյանքը, նրանց զգացմունքները։
«Ես մտադիր եմ ստացածս մրցանակն ու պարգևը կիսել սիրիացի և իրաքցի այն փախստականների հետ, ում լուսանկարել եմ», հայտարարել է լուսանկարչուհին, հաղորդում է Nouvelles d`Armenie-ը։
Prince Claus Awards-ը միջազգային ամենահեղինակավոր լուսանկարչական մրցանակներից է համարվում։ Այն գործում է 1997 թ․-ից։