Հայ-վրացական հարաբերություններն ավանդաբար բնութագրվել են որպես բարեկամական: Ոչ միայն հնագույն ժողովուրդներ ենք, այլև դավանակից, իսկ պատմության ընթացքում հայ և վրաց ժողովուրդների հոգևոր ու մշակութային կապերն է՛լ ավելի են մերձեցել: Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դառն ճակատագրի բերումով Թբիլիսին հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային կենտրոններից էր, քիչ բան ասած չենք լինի: Հենց այս մայրաքաղաքում են մեր մշակութային և հոգևոր առնչություններն ավելի սերտացել: Հարյուրամյակներ շարունակ Թբիլիսիի բնակչության մեծ մասը հայեր են եղել, իսկ քաղաքը, մինչև սոցիալիստական հեղափոխությունը, շենացել ու բարգավաճել է բացառապես հայազգի քաղաքագլուխների ջանքերով: Ժամանակի ընթացքում եղել են նաև տարաձայնություններ, որոնք, բարեբախտաբար, անցողիկ են եղել, հաղթահարվել, հարթվել են գրեթե առանց նստվածքների ու բարիդրացիական հարաբերությունների խաթարման: Պատմության մեջ քիչ չեն եղել, երբ երկու ժողովուրդը միասին ելել են ընդհանուր թշնամու դեմ կամ փոխադարձաբար օգնության հասել միմյանց: Եվ սա համարվել է ճիշտ ռազմավարություն, որովհետև մենք բարեկամ ժողովուրդներ ենք: Սակայն պարզվում է, որ անցնող հարյուրամյակում վրացական իշխանությունների վերաբերմունքը հայկական եկեղեցիների նկատմամբ բարեկամական անվանել չենք կարող կամ էլ պետք է այն չակերտենք:
Ինչպես նշում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի վարիչ, ճարտարապետության դոկտոր Մուրադ Հասրաթյանը. «1930-ական թթ. քանդեցին Թբիլիսիի հայկական 24 եկեղեցիներից 10-ը, մյուսները, բացի երկուսից, վերածելով պահեստի, արտադրամասի, սպորտդահլիճի, կինոթատրոնի և այլն: 1991 թ. հետո անկախ Վրաստանում նպատակադրված վերացնում են հայկական եկեղեցիների հայեցի լինելու բոլոր նշանները, դրանք վերափոխելով վրացական եկեղեցու, հնարավորության դեպքում, նույնիսկ լրիվ քանդելով (օրինակ՝ Հավլաբարի Շամքորեցոց հայկական եկեղեցին)»: Մուրադ Հասրաթյանն այսպես գրել է մի քանի տարի առաջ, երբ տպագրության էր պատրաստվում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության Երևանի գրասենյակի պատասխանատու Սամվել Կարապետյանի «Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները 1988-1998 թթ.» անչափ կարևոր աշխատությունը: «Ականատեսների վկայություններ և հոդվածներ» ենթավերնագրով այս գիրքը հավանաբար չէր գրվի, եթե մեր քրիստոնյա բարեկամների՝ հայկական վիմագրերի՝ հայոց պատմության ամենաարժանահավատ սկզբնաղբյուրների վերացման, ոչնչացման կամ վրացականացման մասին նախկինում գոյություն ունեցող ահազանգերն այսքա՜ն սովորական չդառնային: Այնպիսի մի տխուր ավանդույթ են որդեգրել մեր դրացիները, որ թվում է, թե օրինաչափությունը դա է:
Վրաստանն այսօր փորձում է սեփականացնել Թուրքիայի և Ադրբեջանի՝ հայկական պատմամշակութային կոթողները բարբարոսաբար ոչնչացնողների մենաշնորհը: Իսկ թե ինչպես են վերջին տասը տարվա ընթացքում վրացականացվել կամ իսպառ անհետացել ավելի քան 300 հայկական հուշարձանները, անսակարկելի փաստերով իր գրքում ներկայացնում է Սամվել Կարապետյանը: Վրաստանում բնաջնջվում են նաև հունական, ռուսական, գերմանական և այլոց մշակութային արժեքներն ու մյուս հոգևոր գանձերը: Սակայն, ի տարբերություն մյուսների, որոնք այստեղ եկվոր են, հայերը բնիկ են այսօրվա Վրաստանի հարավային շրջաններում: Այսինքն՝ հայոց պատմամշակութային հուշարձանների եղեռնն այստեղ նպատակային է, ինչպես Թուրքիայում ու Ադրբեջանում և իրագործվում է այս պետության ու նրա հոգևորականների եթե ոչ անմիջական մասնակցությամբ, հաճախ՝ ուղղակի նախաձեռնությամբ կամ գլխավորությամբ, ապա, լավագույն դեպքում, թողտվությամբ: Խոսենք փաստերով:
«Եկեղեցու վրացականացման աշխատանքների ժամանակագրություն» ենթավերնագրի ներքո, որը հետևում է «Վանդալիզմի հերթական զոհը՝ Քարափի Ս. Գևորգ եկեղեցին» խորագրին, կարդում ենք. «1990-91 թթ. ընթացքում վրաց «վերականգնողները» քանդեցին ու հողի հետ հավասարեցրին հայկական եկեղեցիներին բնորոշ բարձր բեմը: Ներսում, հյուսիսային պատին կից որմնասյան միջից հանեցին ու անհետացրին 18-րդ դարին վերաբերող արձանագիր խաչքարը և որ գլխավորն է` ոչնչացրին նաև 1753 թ. վերակառուցման մասին պատմող երկլեզվյան շքեղ գրչությամբ արձանագրված վիմագիրը,- փաստում է Սամվել Կարապետյանը:- Ավերման ու ձևափոխման ենթարկվեց նաև եկեղեցու զանգակատունը: Ինչպես եկեղեցու գմբեթի, այնպես էլ զանգակատան վեղարի ծայրերին ամրացված հայկական խաչերը հանվեցին, իսկ մկրտարանի քարակերտ ավազանը ավերելուց հետո խառնեցին շինաղբին»: Բոլոր այս «նորոգումներն» ավարտվեցին 1991 թ. Եկեղեցու՝ վրաց ծեսով օծման արարողությամբ: Նույն թվականի նոյեմբերից այն սկսեց գործել իբրև վրաց եկեղեցի: Յուրացված-վերաբացված Ս. Գևորգ եկեղեցու առաջին վրացի քահանան էր Գիորգի Ուգրեխելիձեն (էջ 10): «Ցավ է, մեծ ցավ,- գրում է Սամվել Կարապետյանը «Թբիլիսի. Նորաշենի Սուրբ Աստվածածին հայոց եկեղեցին վանդալիզմի զոհ» հոդվածում,- որ քաղաքակրթության համաշխարհային գանձարանում իրենց ուրույն տեղն ունեցող վրացիների ներկայիս սերնդի որոշ պատասխանատուներ ընտրել են դրացի ժողովրդի մշակույթի ոչնչացման կամ յուրացման հանցավոր ու ամոթաբեր ճանապարհը: Առավել ցավալի է, որ մեր մշակույթի ժառանգությանը տիրանալու անպատվաբեր գործողությունները ղեկավարում ու իրականացնում է բարձրաստիճան մի հոգևորական: Այո, Վրաստանի պատրիարքը (երբեմն հորջորջվում է կաթողիկոս) հուշարձանների պահպանման և վերականգնման պետական վարչության լուռ համաձայնությամբ գլուխ է կանգնել ծավալված վանդալիզմի: Բավական է միայն նշել 1992 թ. նրա կատարած մի հայտարարությունը. «Վրաստանի տարածքում գտնվող բոլոր հուշարձանները, առավել ևս կրոնական բնույթ ունեցողները, Վրաստանի պետության և վրաց եկեղեցու սեփականությունն են» (էջ 14):
Գրքում հիշատակված ամենասահմռկեցուցիչ փաստերից մեկը վերաբերում է Խոջիվանքի ողբերգությանը: Այս տարածքը շատ վաղ ժամանակներից եղել է Բեհբությանների սեփականությունը: Այստեղ էր նրանց տոհմական գերեզմանատունը: Բարձր գնահատելով իր գանձապետի՝ Աշխարհաբեկ Բեհբությանի նվիրվածությունը և ազնիվ ծառայությունը, վրաց թագավոր Ռոստոմը (17-րդ դար) նրան անվանել է Խոջա Բեհբութ, այսինքն՝ Մեծ Բեհբութ և հայ արքունականին իրավունք է տվել ընդարձակել նախնիների գերեզմանատունը: 1655-ին վերջինս այստեղ կառուցել է Սբ. Աստվածածին եկեղեցին, որին ժողովուրդն ի պատիվ նրա անվանել է Խոջիվանք:
«1935-38 թթ. ընթացքում, ի թիվս հայկական ճարտարապետական բազմաթիվ այլ կոթողների, Վրաստանի մայրաքաղաքում հիմնավորապես ավերվեց ամենաընդարձակ ու հնամենի գերեզմանատունը՝ հազարավոր շիրմաքարերով ու Ս. Աստվածածնի եկեղեցով հանդերձ: Դա պատմական Խոջիվանքն էր»,- գրում է Սամվել Կարապետյանը «Հայոց մասունքների տեղում վրաց եկեղեցի» հոդվածում:- Հոկտեմբերի 28-ին (1995 թ. - Հ. Գ.) ավերված հայոց գերեզմանատան զբոսայգու վերածված տարածքում կատարվեց կառուցվելիք վրացական նոր եկեղեցու հիմնօրհնեքը «Էդուարդ Շևարդնաձեի և Իլյա 2-րդի մասնակցությամբ»(էջ 44): Իսկ «Խոջիվանքի նոր ողբերգությունը» հոդվածում շարունակում է. «1920-ականների վերջերից այդ գերեզմանատանը գրեթե դադարեցրին թաղումները: Թբիլիսիի կառուցապատման ու զարգացման պատմությանը նվիրված մի աշխատությունում նշված է, որ եկեղեցին (Ս. Աստվածածին - Հ. Գ.) քանդել են «քաղաքի վերակառուցման պատճառով, իսկ գերեզմանոցի տեղը վեր է ածվել «Բարեկամության» զբոսայգու» (էջ 45): Խոջիվանքի՝ հայ մշակույթի գործիչների պանթեոնը, որ անասելի անմխիթար վիճակում է, սրբազան ուխտավայր է ոչ միայն վիրահայության, այլև համայն հայության համար: Այստեղ հանգչում է մեր մշակույթի շուրջ 35 երախտավոր. Գևորգ Ախվերդյանը, Ղազարոս Աղայանը, Գրիգոր Արծրունին, Մակար Եկմալյանը, Հովհաննես Թումանյանը, Ծերենցը, Մուրացանը, Նար-Դոսը, Պերճ Պռոշյանը, Ջիվանին, Գաբրիել Սունդուկյանը, Րաֆֆին, Վանո Խոջաբեկյանը... Ժամանակին այստեղ են թաղվել նաև Նիկոլ Դումանն ու Սիմոն Զավարյանը, որոնց գերեզմանները կորել են: «Թվում է՝ այս բարբարոս ոճն անվերադարձ անցյալում է, բայց այժմ նորօրյա վայրագություններ են կատարվում հրապարակավ… Գերեզմանատանն ամփոփվածների ոսկորներն այս անգամ էլ զոհ գնացին էքսկավատորի ատամներին… Եթե Երևանում թաղված լինեին Իլյա Ճավճավաձեն կամ Ակակի Ծերեթելին, ի՞նչ տեղի կունենար իշխանությունների և կաթողիկոսի կողմից նույն վերաբերմունքը ցուցաբերելու դեպքում» (էջ 49):
Ի լրացումն այս ամենի՝ հիշատակենք մի քանի վկայությունների խորագրեր. «Եթե Վրաստանում է, ուրեմն վրացակա՞ն է», «1700-ամյակը Թբիլիսիում առանց հայկական եկեղեցիների», «Հիմա էլ Ձորաբաշի Սբ. Գևորգ եկեղեցու տեղում վրացական եկեղեցի», «Վերայի հայոց գերեզմանատան Ս. Խաչ եկեղեցու օտարումը», «Սրբապղծության տոնահանդես», «Թբիլիսիի հայկական եկեղեցու տեղում (վրացական - Հ. Գ.) եկեղեցի է կառուցվում» և այլն, և այլն:
Հայոց հուշարձանների շարունակական ջարդն ու ազգային հոգևոր արժեքների չդադարող սրբապղծումը կասեցնելու, վանդալիզմի հասնող պետական քաղաքականությանը վերջակետ դնելու նպատակով Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը բազմիցս ահազանգել է ՀՀ աշխարհիկ և հոգևոր իշխանություններին: Պատասխանը միշտ «ձայն բարբառոյ յանապատի» է եղել:
- Մեր կազմակերպության ԱՄՆ-ում գրանցված մասնաճյուղը (RAA) դատական գործ է հարուցելու Վրաստանի հուշարձանների պահպանության պետական վարչության դեմ: Եվրոպայի իրավաբանների կարծիքով, եղած փաստերը բավարար են նման մի դատ վստահ շահելու համար: Հույս ունենք, որ այն տուգանքը, որը դատավարության արդյունքում կդրվի Վրաստանի հուշարձանների պահպանման պետական վարչության վրա, կբավականացնի վերականգնելու այդ հուշարձանների նախնական տեսքը:
- Իսկ դրանից չի՞ տուժի երկու դրացի ժողովուրդների դարերով «փառաբանված» բարեկամությունը…
- Բարեկամությունը լինում է երկուստեք արժանապատվորեն: Բարեկամությունը չի լինում մեկի գերեզմանները քանդելու կամ նրա մշակույթը յուրացնելու գնով: Բարեկամները պետք է միմյանց հարգեն: Եթե Խոջիվանքի գերեզմանները և հազարավոր հայերի շիրիմներ ցրիվ են տալիս հանուն, ասենք, Բոլնիս-Տաշիր ճանապարհի կամ Սադախլոյի առևտրական կետի, այդպիսի բարեկամությունը պետք չէ: Անհանդուրժելի է հանուն քաղաքական «ջերմ» զոհաբերությունների՝ սեփական մշակույթի զոհաբերությունը...
Այս ամենը ուշագրավ է դիտել քրիստոնեության՝ Հայաստանում պետական կրոնի հռչակման 1700-ամյակի նախօրեին և հոբելյանի լույսի ներքո: Միայն Թբիլիսիում բոլոր ժամանակներում կառուցված հայկական եկեղեցիների թիվն անցել է 40-ից: Սամվել Կարապետյանի հաշվարկով՝ 1930-ականների սկզբներին դրանցից 26-ը կանգուն էր, իսկ 1988 թ. վերջին այդ թիվը նվազել էր 18-ի: Ցավոք, այսօր ճշգրտված տվյալներ չունենք… Ի դեպ, 1700-ամյակի մասին: Ողջ աշխարհը գիտի, որ 301-ին քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունվել է Հայաստանում, Արշակունիների օրոք: Այն ժամանակ մեր նախնիները չէին մտածում, որ դա կարող է հարևաններից ոմանց դուր չգալ և անտարբեր էին վերջիններիս «սրբագրումներին»… Նոր կրոնն այնուհետև ընդունվել է Վրաստանում և Աղվանքում: Բայց ահա մեր հարևանները, ի հեճուկս հայերի և աշխարհի, ի հեճուկս պատմության և փաստերի՝ այս ոլորտում էլ իրավունքներ են վերապահում իրենց՝ նսեմացնելու Հայ Առաքելական եկեղեցու դերը: Ո՛չ այս, ո՛չ այն՝ այս տարվա ամռանը Վրաստանում նշեցին քրիստոնեության ընդունման 1700-ամյակը (՞)… Այսօր Վրաստանով մեկ շարունակվող հայկական հուշարձանների (նաև՝ պատմության) կոտորածը, որը դարձել է հիվանդություն, ոչ միայն պատիվ չի բերում հոգևոր արժեքների նկատմամբ մեծ հոգատարություն և ազգային արժանապատվություն ունեցող վրաց ժողովրդին, այլև, ինչպես վերջին տարիներին գրել է պատմաբան, ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանը․ «ռազմավարական առումով ոչ մի կերպ չի բխում վրաց ժողովրդի շահերից և կարող է հանգեցնել երկու հարևան ժողովուրդների բարեկամական հարաբերությունների խաթարմանը»: Իսկ ճարտարապետության թեկնածու Կորյուն Ղաֆադարյանի կարծիքով՝ «Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները» գրքում բերված փաստերը և վկայությունները, որ արժանի են մանրակրկիտ քննարկման և գնահատման, չեն կարող դուրս մնալ Վրաստանի պատմամշակութային ժառանգության պահպանման մարմինների և հասարակայնության ուշադրությունից՝ ի շահ ճշմարտության և հարատև բարեկամության:
Ինչ խոսք, անչափ ցանկալի կլիներ, եթե նման գիրք երբևէ չգրվեր: Բայց ինչպես այս ժողովածուի մասին նախաբանում գրում է ՀՀ հուշարձանների վերականգնման վարչության պետ Սուրեն Սաղումյանը, «ազգային հոգևոր-մշակութային արժեքների շարունակական սրբապղծման ընթացքը կանխելու կամ գոնե մեղմելու ազնիվ մղումն ի վերջո հարկադրում է գեթ մի անգամ հանդես գալ վրաց աղմկարար թերթերի, ռադիոյի, հանդեսների, «հայրենիք շենացնող ինտելիգենտների» դեմ: Ի վերջո, մինչև ե՞րբ կարելի է հանդուրժել հարևանների բիրտ ավերչատենչությունը հայկական եկեղեցիների, վանքերի, ժողովրդական շենքերի, գերեզմանոցների հանդեպ: Ուկրաինայում հայկական աղոթարաններ ու թաղամասեր են վերականգնվում, Իրանում նույնպես, բայց ահա դարավոր հարևանը հանգիստ խղճով ոչընչացնում է ինչ հնարավոր չէ վրացականացնել»:
«Ազգային գիտակցությունը ազգայնամոլության հետ փոխանակած, վերից թելադրված քաղաքականության հետևանք է մշակույթի այս շարունակական ջարդը, որն սկսվում է մարդու անունն ու հավատը բռնի վրացականացնելով մինչև եկեղեցիների կործանում, այլափոխում կամ յուրացում»: Այս խոսքերի հեղինակն էլ RAA-ի պատասխանատու, ամերիկաբնակ դոկտոր Արմեն Հախնազարյանն է: Թերևս այստեղ վերջակետ դնեի՝ փորձելով մտածելու տեղիք տալ Վրաստանի ոչ միայն իշխանություններին, այլև մշակույթի գործիչներին և, առհասարակ, բարի կամքի տեր ու արժանապատիվ վրացիներին: Սակայն Ա. Հախնազարյանի վերջին միտքն այլ բան հուշեց՝ «վրացականացվում է մարդու անունը»… Առանց մեկնաբանության, որոշ կրճատումներով, ներկայացնում ենք Վրաստանի ոչ վրացի ազգության քաղաքացիներին ուղղված կոչ-առաջարկությունը, որը վերջերս հայտնվել էր վրացական փոստային բաժանմունքներում. «Եթե Դուք առանց խղճի խայթի և պատասխանատվության զգացողության, առանց վաղեմի ու հնագիտական ապացույցների ստիպված եք փոխել Ձեր ազգությունը, ազգանունը և նույնիսկ սեռը, որպեսզի ձեռք բերեք արտոնություններ և մնաք Վրաստանում ոչ «հյուրի» կարգավիճակով, շտապ դիմեք Գիտությունների ակադեմիայի Ի. Ջավախիշվիլու անվան պատմության, հնագիտության և ագզագրության ինստիտուտին կից գործող կոոպերատիվին: Հասցեն՝ Թբիլիսի 9, Մելիքիշվիլու 10, հեռ. 99-06-82: Փոխպայմանավորվածությամբ, համապատասխան վարձավճարի դեպքում, Դուք կստանաք նեոլիթի, Ուրարտական պետության, Գորգասալ (448-502) և Դավիթ Աղմաշենեբելի (1073-1125) թագավորների, Թամարա թագուհու (1184-1207) ժամանակների կնքված թղթեր, որտեղ հստակ գրված է, որ Քոչարովները եղել են Քոչարիշվիլիներ, Շահբազովները՝ Զուրաբիշվիլիներ, Միքայելյանները՝ Միքայելաձեներ, Աթաբեկովները՝ Նասկիդաշվիլիներ և այլն: Լրացուցիչ վարձավճարի դեպքում կոոպերատիվը կարող է փոխհամաձայնությամբ (կայուն գնացուցակ չկա) Ձեզ անվանակոչել շատ այլ ազգանուններով, ինչպես, օրինակ, Դադիանի, Օրբելիանի, Ջավախիշվիլի, Օրախիշվիլի և այլն: Կարելի է ընդունել նաև ոչ պատմական ազգանուններ: Կոոպերատիվն ունի մահացածների բաժին, որտեղ կարելի է հեշտությամբ փոխել նաև հանգուցյալների անունները. այս գործարքները կոոպերատիվը կատարում է մեծ զեղչով:
- Ստանալով «փաստաթուղթը», Ձեզ մնում է այն ներկայացնել տեղական իշխանություններին և հանդիսավորությամբ տոնել Ձեր վերամարմնավորումը, Դուք դառնում եք «վրացի» մինչև հաջորդ վերամարմնավորումը, որը կախված է ժամանակից և իրավիճակից, իսկ հանուն բարի գործի Դուք որակապես չեք փոխվել:
- Իրականացնելով վերոհիշյալ գործարքը, Դուք կավելացնեք վրացիների թվաքանակը, ինչը շատ կարևոր է հանրաքվեների ժամանակ, իսկ Դուք ձեռք կբերեք արտոնություններ՝ ի հաշիվ Ձեր ազնվության (ճիշտ կլինի ասել՝ անազնվության) և արժանապատվության (ավելի ճիշտ՝ անարժանապատվության): Կոոպերատիվը սպասում է իր հաճախորդներին»:
Իսկ եթե մարդիկ հումորի զգացում չունե՞ն... Հայերս ռոմանտիկ ժողովուրդ ենք և շատ երախտապարտ: Մանավանդ օտարների նկատմամբ: Երբեմն այնքան ենք սիրում օտարներին, որ նույնիսկ ինքներս մեզ ենք մոռանում: 1988 թ. դեկտեմբերի մեծ արհավիրքից հետո առաջինն օգնության հասան վրացիներ. նույնիսկ ավելի շուտ, քան մենք: Որպես երախտիքի նշան, ի հիշատակ Թբիլիսիում 1989 թ. ապրիլի 9-ի զոհերի, խաչքար քանդակեցինք և Երևանի Ազատության հրապարակից մինչև Թբիլիսյան խճուղի ձեռքերի վրա տարանք այդ հսկայական ծանրությունը՝ Վրաստանի մայրաքաղաք ուղարկելու համար: Խորհրդավոր իմաստ տվեցինք կատարվածին:
Այսօր կարող ենք, պատրաստ ենք Երևանում եկեղեցի կառուցել և ձեռքերի վրա բերել մինչև Թբիլիսի, միայն թե, ի սեր Աստծո, մի՛ պղծեք մեր շիրիմները, դադարեցրե՛ք մեր ազգային և հոգևոր արժեքների եղեռնը…
Հ. Գ. - Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ առաջիկայում ՀՀ սահմանի մոտ տեղի են ունենալու թուրք-վրացական համատեղ զորավարժություններ: Ո՞ւմ դեմ են համատեղ մարտավարություն մշակում, ումի՞ց են պաշտպանվում… համատեղ և, առհասարակ, ո՞ւր է տանում նման քաղաքականությունը: Հավանաբար դեպի փորձի փոխանակո՞ւմ… Սկիզբը կարծես թե առայժմ խոստումնալից է վրացիների՛ համար…
Հասմիկ Գուլակյան
2000 թ․