ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանը «Հայաստանի բաժանումը 1920 թվականին» աշխատությունը գրել է 1989-92 թվականներին, շարադրանքը հասցնելով մինչև 1920-ի դեկտեմբեր՝ Հայաստանի սովետականացումը ներառյալ: Այդ առումով այն ավարտուն է և խիստ համապատասխանում է վերնագրին: Ցավոք, վաղաժամ մահը թույլ չտվեց ավարտել 1920 թ. Ալեքսանդրապոլի պայմանագրի վերլուծությունը, 1921-ի մի շարք կարևոր իրադարձությունների լուսաբանումը, գրել աշխատության առաջաբանն ու վերջաբանը: Գիրքը լույս տեսավ հետմահու՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոսներ Յուրի Հովսեփյանի և Հովիկ Գրիգորյանի խմբագրությամբ: Առաջաբանը գրել է ակադեմիկոսի որդին՝ պատմ. գիտ. թեկնածու Ռուբեն Խուրշուդյանը: Նա էականորեն նպաստել է նաև խմբագրման աշխատանքներին. շտկել է վրիպակները, համեմատել բնագրերն ու թարգմանված նյութը: Թեմայի բազմակողմանի լուսաբանմանն առաջին հերթին նպաստել է կայսրության փլուզումը: Նախ՝ պատմագիտությունն ազատվեց կապանքներից, երկրորդ՝ ազգային հարցի վերազարթոնքի պայմաններում Լ. Խուրշուդյանին հնարավորություն ընձեռվեց, իբրև ԽՍՀՄ ժողպատգամավորների հայկական խմբին կից Արցախի հիմնախնդրի կապակցությամբ ստեղծված խորհրդականների խմբի անդամ, ծանոթանալ Մոսկվայի արխիվների փակ ֆոնդերին: Այսինքն՝ նախադրյալ ստեղծվեց տվյալ ժամանակաշրջանի իրադարձությունների անաչառ վերլուծության համար: Մենագրության լույսընծայումը Լ. Խուրշուդյանի համար ինքնանպատակ չէր: Մահից առաջ թղթապանակով հանձնել է որդուն ասելով՝ «Գրքի ապագայի մասին չեմ մտածում, գիտեմ՝ համալսարանն անպայման կտպագրի»: Իրոք, այն իրականացրեց ԵՊՀ հրատարակչությունը: Հեղինակի ներկայացրած հայեցակարգի, տարածաշրջանում քաղաքական զարգացումների հիմնական ուղղություններին, քեմալականների և բոլշևիկների ծավալապաշտական ծրագրերի և դրանց իրագործման մեխանիզմներին մեկ հրապարակմամբ անդրադառնալն անհնար է, որովհետև 1920 թ. այդ իրադարձություններն ու դեպքերը և՛ անչափ շատ էին, և՛ խիտ: Գլխավոր առանցքային հարցերը ներկայացնելու խնդրանքով զրուցեցինք Յուրի Հովսեփյանի և Հովիկ Գրիգորյանի հետ:
- Նախ՝ ներկայացրեք աշխատության գիտագործնական նշանակությունը: Ի՞նչ կարևոր բաց էր լրացնելու այն և ո՞րն է նրա աղբյուրագիտական արժեքը:
Հովիկ Գրիգորյան - Սկսենք երկրորդ հարցից: 1920 թ. հիմնախնդիրներին անդրադարձել են ոչ քիչ թվով պատմաբաններ: Արժեքավոր գործեր են գրել պրոֆ. Էդվարդ Զոհրաբյանը, ակադ. Գալուստ Գալոյանը: Սակայն բավական անելիք կար 1920 թ. բարդ իրադարձությունների ծալքերը բացելու առումով: Լ. Խուրշուդյանի մենագրությունը լրացնում է երկու ոլորտում առկա բացերը: Գաղտնիք չէ, որ խորհրդային շրջանում հիմնականում թույլատրվում էր օգտագործել արխիվային նյութերի միայն այն մասը, որն ստեղծվել էր զանգվածներին ներկայացնելու նպատակով: Իսկ առավել արժեքավոր շատ արխիվային փաստաթղթեր, որտեղ դրսևորվում էր պետությունների, ներառյալ Խ. Ռուսաստանի վարած իրական քաղաքականությունը, փակի տակ էին «խիստ գաղտնի» նշումով: Մինչև խորհրդային կայսրության փլուզումը ըստ էության այդ փաստաթղթերը պատմաբաններին մատչելի չէին: Դրանք արխիվներից հանելով և շրջանառության մեջ դնելով՝ Լ. Խուրշուդյանն ինքնին մեծ գործ կատարեց, գիտական խիզախություն. շատ փաստեր գալիս են հակադրվելու պատմագիտության մեջ մինչ այդ եղած որոշակի գնահատականներին: Խոսքը վերաբերում է հատկապես ՌԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոյի փաստաթղթերին, որոնք պարունակում են ամենևին ոչ հաճելի նյութեր Կոմկուսի համար: Աշխատության երկրորդ արժեքը. ակադեմիկոսն իր աշխատությունը շարադրել է ոչ միայն խորհրդային` ռուսական և հայկական արխիվներում եղած փաստաթղթերի հիմքի վրա: Նա օգտագործել է նաև թուրքական հրատարակություններ: Կողք կողքի դնելով հայկական ռուսական արխիվներում պահվող փաստաթղթերը, թուրքական արժեքավոր վկայություններ` Լ. Խուրշուդյանը վերականգնել է 1920 թ. իրադարձությունների իրական պատկերը:
- 1920 թ. իրադարձություններին հետևելիս, որպես կարևոր իրողություն, պատմաբանն ուշադրություն է հրավիրում ԱՄՆ-ի որոշմանը` Ազգերի լիգայից ընդունել Հայաստանի մանդատը: Ի՞նչ հանգամանքներ խոչընդոտեցին Սենատին մերժելու այն:
Յուրի Հովսեփյան - Այն քաղաքականությունը, որը ցանկանում էր տարածաշրջանում իրականացնել ԱՄՆ-ը, դեմ էր բրիտանական կայսրության շահերին: Այդ հակասությունները կանխեցին ԱՄՆ-ին՝ լուրջ քայլեր կատարելու: Մասնավորապես, 1919 թ. կեսերին Հայաստան ժամանեց գեներալ Ջեյմս Հարբորդի պատվիրակությունը՝ մանդատն ընդունելու նպատակով ուսումնասիրություններ կատարելու: Սակայն այդ գործն իրականացնելու համար խոշոր գումարներ էին պահանջվում, մարդկային և ռազմական մեծ ռեսուրսներ: Այդ մասին նա գրել է Սենատին ներկայացված զեկուցագրում: Երկրորդ կարևոր գործոնն այն էր, որ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, դժգոհ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունից, որպես դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, իր կուսակցության միջոցով խանգարեց Սենատին՝ ընդունել Հայաստանի մանդատը: Սենատը չվավերացրեց նաև Փարիզի վեհաժողովի արդյունքները: Քանի որ ամեն ինչ կախված էր քաղաքական խնդիրներից, հենց սկզբից էլ պարզ էր, որ Հայաստանի մանդատի հանձնումը ԱՄՆ-ին անիրականանալի մի բան էր:
- Օգոստոսի 10-ին կնքվեց Հայ-ռուսական համաձայնագիրը: Ի՞նչ հետևանքներ ունեցավ այն Հայաստանի համար:
Հովիկ Գրիգորյան - Նույն օրը երկու տարբեր վայրերում ստորագրվեց սկզբունքորեն իրարից տարբերվող երկու փաստաթուղթ: Սևրում ճանաչվում էին հայ ժողովրդի իրավունքներն իր Պատմական Հայրենիքի նկատմամբ, իսկ Թիֆլիսում Խ. Ռուսաստանի և Հայաստանի ներկայացուցիչներն այլ բովանդակության փաստաթուղթ էին վավերացնում: Վերջինիս առումով ուզում եմ ընդգծել մի հանգամանք: 1920 թ. այդ բախտորոշ օրերին Հայաստանի կառավարությունը մի ձեռքով Փարիզում ստորագրում էր Սևրի պայմանագիրը, մյուսով՝ Թիֆլիսի հայ-ռուսական համաձայնագիրը: Այս ամենին նախորդել էին բավական բարդ իրադարձություններ: Խոսքն Ադրբեջանի խորհրդայնացումից հետո ԼՂ տարածքի, ինչպես նաև Զանգեզուրի մի մասի ռազմակալման և խորհրդային զորքերի Նախիջևան մտնելու մասին է: Տեղի էր ունեցել ռուսական զորքերի՝ Կարմիր բանակի և քեմալական ուժերի միացումը: Համաձայնագրով Խ. Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի Հանրապետության գոյությունը: Բայց Հայաստանն իր հերթին որոշակի զիջումներ էր կատարում։ Համաձայնություն էր տալիս, որ վերոհիշյալ տարածքները, որոնք համարվում էին վիճելի, ժամանակավորապես ռազմակալի Կարմիր բանակը: Կարմիր բանակի զորամասերն արդեն գրավել էին հիշյալ տարածքները, և հայերին մնում էր հաշտվել այդ իրողության հետ։ Սահմաններում տեղի էին ունենում հայ-ռուսական բախումներ, որոնց ելքն ամենևին էլ Հայաստանի օգտին չէր: 1920-ի օգոստոսի 10-ի համաձայնագիրը փորձ էր անում կասեցնել հետագա բախումները, Հայաստանին հնարավորություն տալ բանակցությունների ընթացքում համաձայնության գալ Խ․ Ռուսաստանի հետ: Այն առաջ բերեց դաշնակիցների՝ Անգլիայի և Ֆրանսիայի դժգոհությունը:
- Ի՞նչ տվեց Հայաստանին այդ համաձայնագիրը:
- Ցավոք, հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ այն, ըստ էության անպտուղ էր: Այդ մասին աշխատության մեջ կան տասնյակ փաստաթղթեր: Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանն իր հեռագրերում մեղադրում է սեփական կառավարությանը՝ Հայաստանի հետ կնքած համաձայնագրի պայմանները չկատարելու համար: Այսինքն՝ փաստաթղթի ստորագրման հաջորդ օրն իսկ Ռուսաստանը ռազմակալում է երկաթուղու այն մասը, որի շահագործման իրավունքը պետք է տրվեր Հայաստանին (Շահթախտի հատվածը) և շատ ծանր վիճակի մեջ է դնում վերջինիս:
- Աշխատությունն սկսվում է քեմալական Թուրքիայի և Սովետական Ռուսաստանի՝ Հայաստանի ու Անդրկովկասի գրավման նվաճողական ծրագրերով: Առավել ուշադրություն դարձնենք վերջինիս: Լ. Խուրշուդյանը փորձում է հիմնավորել այն տեսակետը, որ բոլշևիկյան Ռուսաստանը իրականում շարունակում էր ցարիզմի նվաճողական քաղաքականությունը:
Յուրի Հովսեփյան - Դա սոսկ ժառանգականության հետևանք չէր: Այդ քաղաքականությունը բխում էր մարքս-լենինյան տեսությունից, համաձայն որի՝ ամբողջ աշխարհում պետք է հաստատվեն կոմունիստական կարգեր: 1918 թվականից Խ. Ռուսաստանը, «համաշխարհային հեղափոխության» անվան տակ, փորձում էր իրականացնել այդ քաղաքականությունը և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում: Այդ քաղաքականությունը նպատակ ուներ ոչ միայն վերականգնել կայսրությունը, այլև ընդգրկում էր նոր տարածքներ՝ Հնդկաստանը, Աֆղանստանը, Պարսկաստանը և, իհարկե, Թուրքեստանն ու Անդրկովկասը: Ռուսաստանի արևելյան քաղաքականությունն ավելի վառ դրսևորվեց 1920 թվականից, երբ, Արևմուտքում անհաջողության մատնվելով, փորձեցին իրենց քաղաքականությունն իրագործել Արևելքում՝ քեմալական Թուրքիայի միջոցով: Այդ ժամանակներից հաստատված ռուսական կամ խորհրդա-քեմալական հարաբերություններն առանցքային էին դառնում Ռուսաստանի արևելյան քաղաքականության և տարածաշրջանում խորհրդային կարգեր հաստատելու համար:
- Ռազմաքաղաքական ինչպիսի՞ մթնոլորտում 1920 թ․ օգոստոսի 24-ին ստորագրվեց մեկ այլ՝ Ռուս-թուրքական բարեկամության պայմանագրի նախագիծը և ի՞նչ նպատակով:
Հովիկ Գրիգորյան - Պարոն Հովսեփյանը մասամբ պատասխանեց այդ հարցերին: Այդ փաստաթուղթը, որը չվավերացրին իրենք՝ քեմալականները, որոշակի ռազմաքաղաքական իրավիճակի հետևանք էր: Փորձելով Արևելքի ժողովուրդներին դուրս բերել Արևմուտքի իր հակառակորդների դեմ, Ռուսաստանը, բնական է, նկատի ուներ Թուրքիային: Սրան համարում էր այն զենքը կամ խողովակը, որով կարելի էր «համաշխարհային հեղափոխությունը» արտահանել: Նման մտայնությունը ցայտուն դրսևորվել է ինչպես Լ․ Խուրշուդյանի օգտագործած ռուսական վավերագրերում, այնպես էլ թուրք հեղինակների բավական ընդարձակ վկայություններում։ Այդ առումով ուշագրավ են փաստաթուղթն ստորագրող Բեքիր Սամի բեյի հուշերը, որոնցում նա ամենայն մանրամասնությամբ նկարագրում է բանակցությունների ամբողջ ընթացքը` Խ. Ռուսաստանի կատարած զիջումները, Չիչերինի որոշ հայանպաստ քայլերը և այլն։ Ռուսաստանի արտգործժողկոմն այս ընթացքում, կարծես թե, փորձել է հայերի համար որոշ տարածքներ պոկել նրա Պատմական Հայրենիքից և միացնել Հայաստանին: Թուրքական աղբյուրները բավական հարուստ վկայություններ են տալիս այդ մասին: Այդ փաստաթղթի ստորագրմանը նախորդել էր մի կարևոր իրադարձություն։ Հուլիսին տեղի էր ունեցել բոլշևիկա-քեմալական ուժերի միացումը Նախիջևանի տարածքում: Եվ երկու պետությունների միջև որոշակիորեն պետք է հստակեցվեին հարաբերությունները: Հրատապ էր դարձել նրանց միջև առկա խնդիրների լուծումը: Տարածքային հարցերը, մանավանդ՝ հայկական, ամենևին էլ երկրորդական չէին այդ առումով: Անշուշտ կարևոր էր նաև քեմալականներին տրվելիք օժանդակության պարագան, որն այդ բանակցությունների առանցքային հարցերից էր:
- Այդ առանցքային հարցն էլ հնարավորություն տվեց Անկարային հարձակվել Հայաստանի վրա: Ինչո՞ւ էր Կարաբեքիրը ձգտում հնարավորինս շատ տարածքներ գրավել և Ռուսաստանին կանգնեցնել փաստի առջև:
Յուրի Հովսեփյան - Թուրքերը նախ և առաջ մտածում էին, որ Խ. Ռուսաստանը, անկախ ամեն ինչից, թույլ չի տա իրենց անվերջ տարածքներ զավթել. Ռուսաստանն իր շահերն ուներ: Կարաբեքիրը փորձում էր հնարավորինս շատ հայկական հողեր զավթել, որպեսզի զիջումների ժամանակ գրավված տարածքներից առավել մեծ բաժին մնար Թուրքիային: Նա միաժամանակ լավ էր հասկանում, որ Ռուսաստանը Թուրքիայի շահերը չի զոհաբերի և չի պաշտպանի Հայաստանին:
- Հայաստանի ճակատագիրը օտար տերությունների ձեռքում էր: Ինչո՞ւ Հայաստանը չդարձավ քաղաքական գործոն, այլ միշտ մնաց արտաքին հարաբերություններից կախված անպաշտպան օբյեկտ, որի ճակատագիրը միշտ տնօրինում էին դրսից:
Հովիկ Գրիգորյան - Հարցը տարողունակ է: Պատճառները շատ են: Նախ, ի տարբերություն իր հարևանների, Հայաստանը զուրկ էր շատ կարևոր առավելություններից: Ադրբեջանն ուներ իր նշանավոր նավթը, որը նրան գործոն էր դարձնում, և որը նա միշտ օգտագործում էր իր խնդիրները լուծելու համար։ Երկրորդ հանգամանքը վերաբերում էր Խ. Ռուսաստանի «արևելյան քաղաքականությանը»: Այդ քաղաքականության մեջ Հայաստանն անելիք չուներ, չէր կարող լծակ լինել՝ Արևելքում Ռուսաստանի խնդիրները լուծելու համար: Իսկ Թուրքիան այդպիսի լծակ էր: Աշխարհի հզորները Հայաստանին չէին ընդունում որպես գործընկեր: Հայաստանն, առաջին հերթին, դիտվում էր իբրև մի երկիր, որի ժողովրդին պետք էր օգնել՝ որպես մեծ աղետի ենթարկված էթնիկ հանրության, ոտքի կանգնեցնելու համար: Իհարկե, ինչ-որ պահի Անտանտի տերությունները փորձեցին Հայաստանը գործոն դարձնել, ստեղծել մարտունակ բանակ (զենքը, հանդերձանքը Անգլիան տրամադրեց): Բայց կյանքը ցույց տվեց, որ Հայաստանն ի վիճակի չէր կարճ ժամանակամիջոցում, թեկուզ ռազմական տեսանկյունից, դառնալ լուրջ գործոն: Օգնության կարոտ օբյեկտը չէր կարող լուրջ քաղաքական գործոն դառնալ:
Յուրի Հովսեփյան - Հայաստանը սեպի պես խրված էր Խ. Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Ե՛վ առաջինը, և՛ երկրորդը թույլ չէին տա, որ Հայաստանը դառնար լուրջ գործոն:
- Ռուսաստանը երբևէ պաշտոնապես դիմե՞ց Թուրքիային դադարեցնելու հարձակումը:
Յուրի Հովսեփյան - Ո՛չ: Երբ Լեգրանը հանդիպում էր Հայաստանի կառավարության անդամների հետ, մշտապես ասում էր, որ երբևէ, եթե ՀՀ իշխանությունները խնդրեն Խ. Ռուսաստանին, վերջինս կարող է միջնորդ հանդիսանալ և պարտադրել թուրքերին՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: Դրանով իսկ փորձում էին ստիպել Հայաստանին ընդունել իրենց պայմանները, այսինքն՝ Հայաստանը հայտարարել խորհրդային:
- Ակադեմիկոս Լ. Խուրշուդյանը մենագրության մեջ կարևորել է տրանզիտի հարցը: Ինչպե՞ս էր այն արտահայտվում թուրքական և ռուսական ծրագրերում: Ի՞նչ էին խոստանում կողմերը Հայաստանին՝ տրանզիտի հարցը լուծելու դեպքում:
Հովիկ Գրիգորյան - Տրանզիտի խնդիրը 1920 թ. հայ-ռուսական հարաբերությունների կենտրոնական հարցերից էր: Մինչև 1920-ի աշնան սկիզբը դա այն եզակի կռվաններից էր, որ Հայաստանը փորձում էր օգտագործել հայ-ռուսական հարաբերություններում՝ տրանզիտի հաշվին տարածքային խնդիրներ լուծելու համար: Այն ժամանակ Թուրքիան ռազմական հակամարտության մեջ էր նաև Հունաստանի հետ, և տրանզիտի խնդիրը նրա համար կենսական էր: Ռուսաստանը ռազմական օժանդակություն էր հասցնում Թուրքիային, իսկ երկաթուղային ճանապարհն անցնում էր Հայաստանի տարածքով: Պատահական չէր, որ Ռուսաստանը տրանզիտի հարցը շոշափում էր ամենատարբեր բանակցությունների ընթացքում: Բայց եթե սկզբում Հայաստանը, կարծեք թե, կարողանում էր օգտագործել այդ կռվանը, հետագա ամիսների ընթացքում, երբ արդեն տեղի ունեցավ թուրքական հարձակումը, և երբ Հայաստանի բանակը ցույց չտվեց ակնկալվող դիմադրությունը՝ թշնամուն թողնելով հսկայական տարածքներ, եկավ մի պահ, երբ տրանզիտի խնդիրը որպես կռվան պարզապես արժեզրկվեց: Հայաստանի երկաթուղին հայտնվեց Թուրքիայի ձեռքում, և հարցը` որպես այդպիսին, դադարեց գոյություն ունենալուց: Թուրքերն այդ հարցը լուծարեցին ոչ թե զիջումների, այլ ռազմական հաղթանակի ճանապարհով:
- Տրանզիտի հարցն այսօր էլ իր արդիականությունը չի կորցրել...
Հովիկ Գրիգորյան - Այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին մերն է, այդ հարցը միշտ էլ շատ կարևոր է: Ցավոք, այդ հարցն այսօր մեզ համար առավել կենսական նշանակություն ունի, քան թուրքերի: Թուրքիան հաղթահարել է իր նախկին դժվարությունները. այսօր խոշոր պետություն է և տրանզիտի խնդիր չունի կամ գրեթե չունի: Ճիշտ է, Ադրբեջանի հետ նրա հաղորդակցման լավագույն ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, սակայն նրանք այսօր այլընտրանքային տարբերակներ են որոնում, ասենք, օրինակ, երկաթուղի անցկացնել Վրաստանի տարածքով:
- 1920 թ. հայ-թուրքական բախումների ընթացքում հայկական բանակում ստեղծված անկումային տրամադրությունների համար շատ են մեղադրում Հայաստանի բոլշևիկներին՝ հակապատերազմական քարոզչության համար: Արդյոք Հայաստանի փոքրաթիվ կոմունիստները կարող էին այդքան կշիռ և ազդեցություն ունենալ զանգվածների վրա:
Յուրի Հովսեփյան - Դա միանգամայն հնարավոր էր: Իրադրությունը բավական բարդ էր, և բանակում նրանց քարոզչությունն ինչ-որ չափով ունեցավ իր ազդեցությունը: Մասնավորապես, երբ Հայաստանի բանակը պարտություններ էր կրում, նոր զորակոչվածները, որոնք մարզված չէին և հոգեբանորեն անպատրաստ էին կռվելու, իսկ Հայաստանում արդեն տնտեսական խնդիրներ էին ծագել (սով էր), զինվորներն ավելի շատ իրենց ընտանիքների մասին էին մտածում: Իսկ բոլշևիկները սկսել էին հայտարարել, որ Թուրքիան այլևս նախկինը չէ, թուրք ասկյարն այժմ կարմիր ասկյար է: Հուշագրողները վկայում են, որ թուրք զինվորներն իրենց համազգեստի վրա կարմիր ժապավեն էին կարում, ինչը ժամանակին կրում էր Կարմիր բանակը: Այդ քարոզչությունը կապված չէր բոլշևիկյան կուսակցության անդամների թվաքանակի հետ: Հայկական բանակի մարտունակության վրա նախ և առաջ ազդեցին հոգեբանական և տնտեսական գործոնները:
Հովիկ Գրիգորյան - Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, որն առանձնապես մեծ ուժ չէր, այնուամենայնիվ երկու առումով բացասաբար է ազդել հայկական բանակի մարտունակության վրա: Նախ` հիշենք 1920-ի մայիսյան իրադարձությունները, որոնք արտահայտվեցին զինվորական խռովությունների ձևով: Կարսում, Ալեքսանդրապոլում, Սարիղամիշում, Նոր Բայազետում դրսևորվեց այդ քայքայիչ գործունեությունը, որի հետևանքով էականորեն բարոյալքվեց հայ զինվորականությունը: Երկրորդ՝ բոլշևիկները թեև մեծ ուժ չէին, բայց պետք է նկատի ունենալ, որ պարտություն կրող բանակում նման մտայնությունների քարոզչությունը վարակիչ հետևանքներ է ունենում:
- Աշխատությունն ավարտվում է Հայաստանի սովետականացմամբ:
Յուրի Հովսեփյան - Ակադեմիկոս Խուրշուդյանը նոր փաստաթղթերով ավարտեց իր աշխատությունը 1920 թ. դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագրով: Նա, այդ առումով, լուծեց հարցի առաջին մասը: Հայաստանի մասնատումը շարունակվեց նաև 1921 թվականին: Այդ աշխատանքը հավանաբար կավարտեն հաջորդ սերնդի պատմաբանները և կամբողջացնեն այդ թեման:
Հովիկ Գրիգորյան - Մենք արդեն 21-րդ դարում ենք։ Թվում է՝ բոլոր փաստաթղթերն առկա են, ու պետք է փակել մեր պատմության այդ էջի շուրջ բանավեճը: Բայց պետք է խոստովանել, որ այսօր էլ դեռ գործում է նախկին իներցիան: Հատկապես մի շարք հարցադրումներում մեր պատմաբանների նախորդ սերունդը, որ մեծ վաստակ ունի հիմնախնդիրների մշակման և փաստաթղթային հսկայական նյութ շրջանառության մեջ դնելու գործում, մեծ դժվարությամբ է հրաժարվում նախկին տեսակետներից: Փաստաթղթերն ամեն ինչ են ասում այդ մասին, և ավելին ասել, քան այդ փաստաթղթերն են վկայում, հնարավոր չէ: Փորձել այլընտրանք փնտրել, փորձել արդարացնել Խ. Ռուսաստանի ղեկավար գործիչներին, ժամանակավրեպ մոտեցում է: Համոզված եմ, որ այս հարցի վերջակետը կդնի պատմաբանների եկող սերունդը, և 1920 թվականին առնչվող հիմնախնդիրները կդառնան մեր պատմության այն էջերը, որտեղ այլևս բանավիճելու քիչ բան կմնա կամ գրեթե չի մնա:
Աղբյուրը՝ «Վեմ» ռադիոկայան, 2003 թ․