Խաղողօրհնեք

16 Օգոստոսի 2015

Հայաստանում տարածված սովորություն կար` ամեն տոնի համապատասխան մթերք զոհաբերել աստվածներին: Ուխտավայրերում տարբեր տոների ժամանակ զոհաբերել են ձու, կաթնապուր, խնձոր, հասկեր, փոխինձ… Այս տոնին էլ զոհաբերվել է խաղողը:

Քրիստոնեության օրոք խաղողի առաջին բերքը տանում էին եկեղեցի, կամ քահանան էր գնում խաղողի այգի և այնտեղ կատարում խաղողօրհնեքի կարգը:

Տոնի ժամանակ շատ տարածված են եղել ազգային խաղերը, երգ ու պարը: Տոնի ժամանակ խաղում էին գոտեմարտ, լախտի, ըմբշամարտ:

Քրիստոնեությունն այս տոնը վերափոխեց և նշում է որպես Մարիամ Աստվածածնի վերափոխման օր: Ողջ քրիստոնյա աշխարհն այս տոնը նշում է օգոստոսի 15-ին, հայ եկեղեցում այն շարժական է և նշվում է տվյալ շաբաթվա կիրակի օրը:

Հայոց մեջ խաղողօրհնեքը նվիրված էր մայրության աստվածությանը` Անահիտին, և տոնը նշվում էր Անահիտի տաճարներում: Անահիտը հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին էր, ամեն տեսակ պարկեշտությունների և խոհեմությունների մայրը: Նա մայրության, իմաստության, ողջամտության, պտղաբերության մարմնավորումն էր և հայ կնոջ կերպարանավորողը: Անահիտին նվիրված տաճարներ Հայաստանում շատ կային, սակայն ամենանշանավորը Եկեղյաց գավառի Երիզա ավանում էր, որտեղ կատարվում էին Մայր Աստվածուհուն նվիրված բոլոր գլխավոր տոնակատարությունները: Երիզայում էր նաև Անահիտի ոսկեձույլ արձանը, որի շնորհիվ նա կոչվում էր Ոսկեծամ, Ոսկեծին, Ոսկեհատ…

Քրիստոնեության օրոք Անահիտ Աստվածամորը փոխարինելու եկավ Մարիամ Աստվածածնի պաշտամունքը, և Անահիտի պաշտամունքի շատ տարրեր պահպանվեցին այս տոնի մեջ:

Ամեն դեպքում Խաղողօրհնեքի հիմնական գաղափարը բերքի օրհնությունն է: Քանի որ տոնը նշվում է խաղողի հասունացման շրջանում և ավանդաբար այս օրը խաղող է օրհնվել, առաջին ողկույզը ճզմվել, ժողովուրդն այն ավելի շատ ընկալում և նշում է որպես խաղողօրհնեք, քան Աստվածածնի վերափոխման օր:

Այս օրը քաղված առաջին ողկույզները մարդիկ եկեղեցի են տանում, որպեսզի քահանան օրհնի: Սա, անշուշտ, բնապաշտական ժամանակներից եկող սովորույթ է, և հնագույն ժամանակներում նույն ծեսը կատարել են քրմերը հայոց տաճարներում:

Այս տոնակատարությունը երբեմն բաց դաշտում էր կատարվում: Սա, անշուշտ, հարմարեցվել է մարդկանց կենցաղին. որպեսզի ուխտավորներն առանձին-առանձին խաղող չքաղեն և եկեղեցի չտանեն. ուղղակի հրավիրում են քահանային դաշտ, ուր նա օրհնում է խաղողի վազերը:

Խաղողօրհնեքից հետո խաղողի զոհաբերություն-նվիրատվություն է կատարվում. մարդիկ օրհնված խաղողի ողկույզներ են դնում քարերին` նվիրելով անծանոթ անցորդներին և երկնքի թռչուններին: Ապա սկսվում է ժողովրդական տոնախմբությունը: Երբեմն տոնն ուղեկցվում էր ուխտագնացությամբ, իսկ բուն ուխտի վայրում անպակաս էին զվարճանքները, կերուխումը, ժողովրդական երգն ու պարը, ազգային խաղերը: Ուխտի ժամանակ շատ տարածված էին փոխայցելությունները, հյուրասիրությունները, հատկապես` նոր խնամիացած ընտանիքների միջև: Տոնն աչքի էր ընկնում առատ ու ճոխ սեղաններով:   

 

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Նյութի աղբյուրը՝ http://archive.ankakh.com

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ