100 մ երկարությամբ Եռագույնը Նեմրութի բարձունքին

15 Օգոստոսի 2015

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայոց պետականության խորհուրդը կրող 100 մ երկարություն ունեցող Եռագույնը ծածանվում է Նեմրութ լեռան գագաթին՝ հին հայկական սրբավայրում։

Օգոստոսի 12-ին հնագույն հայկական Ամանորի՝ Նավասարդի տոնի առթիվ, որը նշվում է օգոստոսի 11-ին, Հայոց պետականության խորհուրդը կրող Եռագույնը ծածանվեց նաև Նեմրութ լեռան գագաթին գտնվող Հայ աստվածների հուշարձանախմբից կազմված հին հայկական սրբավայրում։

100 մ երկարություն ունեցող Եռագույնի հեղինակն Արցախյան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանն է։ Օգոստոսի 12-ի առավոտյան հայ զբոսաշրջիկներից կազմված ուխտավորների խումբն սկսել է վերելքը դեպի Նեմրութի բարձունք։ Այնուհետև հնագույն հայկական սրբավայրի շուրջ պարզելով դրոշը, շրջան են կազմել ու  100 վայրկյան լռությամբ հարգել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

Օգոստոսի 11-ին «Տիգրան Մեծ» հիմնադրամը Եռագույնը ծածանել է նաև պատմական Հայաստանի Մեծ Հայքի Մոկք նահանգի Միջա գավառում, Սարիխաչ լեռան հարավ-արևմտյան լանջին, Ապարանից Ս․Խաչ վանքի խաչքարերի շուրջ, որոնք իրենց 12-14 տոննա կշիռով և 6 մետր բարձրությամբ ոչ միայն աշխարհի ամենամեծ խաչքարերն են, այլև հայ ազգի երբեմնի հզոր ուժի վկան։

Նշված նախաձեռնություններն իրականացվել են «Աղթամար տուր» գործակալության աջակցությամբ։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ