Հայասիրություն բռնատիրության ներքո

12 Օգոստոսի 2015

Աշխարհում հայտնի իրողություն է այն, թե առածները, որոնք անցյալից մեզ են հասել, միշտ իրենց մեջ իրականություն են կրում։ Այլ կերպ ասած՝ դրանք ընդամենը գեղեցիկ խոսքեր չեն՝ գրելու կամ ասելու համար, այլ անհատներից մեզ փոխանցված փիլիսոփայություն են։  Այդ հրաշալի փիլիսոփայական ճշմարտություն ընդգրկող իմաստություններից մեկն ասում է․ «Մարդը միայն կորցնելուց հետո է իր կորցրածի արժեքն իմանում»։ Հավանաբար այդ է պատճառը, որ խորհրդային ժամանակաշրջանում, երբ կորցրել էինք ազատ գաղափարախոսությամբ մեր հայրենիքը, ունեցանք այնպիսի հրաշալի բանաստեղծներ, ովքեր կարողացան ժողովրդին ներշնչել հայրենասիրություն ու հայ ազգային ոգին, ինչի շնորհիվ էլ մինչ օրս նրանք որպես մեծ բանաստեղծներ  հիշվում են, ինչպես՝ Եղիշե Չարենցը, Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը և մեր այլ տաղանդավորները։  

Մարդկային կյանքի բոլոր  իրավիճակներում լինում է այնպես, որ մարդիկ գրում են սիրո մասին, երբ կորցնում են իրենց սերը, իսկ հարազատների մասին՝ նրանց կորստից հետո միայն։ Պ․ Սևակը  նույնպես իր բանաստեղծություններից մեկում հիշում է նման մի միտք, ասելով․ «Մթության երանգներն առատ են ավելի»։

Նույն այդ կորստի և զորավոր կարոտի զգացումն է, որ մեր գրողներին մղում է գովերգելու և տարածելու հայրենիքի ու հայության հանդեպ սերն ու նվիրումը։ Նրանք գրել են այն ժամանակ, երբ արգելված էր հայրենասիրություն և ազգայնություն քարոզելը, այդպիսով շատ անգամ իրենց կյանքը վտանգելով՝ հրաբխի պես ժայթքում էին միայն հայության և հայրենիքի հանդեպ սեր քարոզելով։

Կարդալով անցյալի մեծերի հայրենասիրական բանաստեղծությունները, փոքր ինչ  քննելով անցյալի ու ներկայի միջև տարբերությունները, հանգեցի հետևյալ գաղափարներին․

Ա․ Հայրենասիրություն, երբ արգելվում է հայրենիք քարոզելը

Բոլորս էլ գիտենք, թե մեր բանաստեղծներից քանի՜-քանի՜սն են  հայրենասիրության համար դատապարտվել բանտարկության։ Բանաստեղծներից քանի՜-քանիսի բանաստեղծական հատորները կրճատումների են ենթարկվել, դրանցից փորձելով դուրս բերել  հայրենասիրական տողերը։ Նրանցից է, օրինակ՝ Ե․ Չարենցը, որ նույնիսկ իր բանտարկության օրերին շարունակում էր հայրենասիրություն քարոզել, շատ անգամ՝ ծածկագրերով։  Մեկ այլ օրինակ է Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը», որն ամբողջությամբ  մինչ օրս չի տպագրվել։ Եվ մեծ է այն երանելիների շարքը, ովքեր անտեսելով իրենց կյանքն ու շահերը՝ նվիրվել են ազգին, ինչի համար էլ արժանացել են անմահության դափնեպսակին։

Սևակը նույնպես վկայում է այդ մասին՝ որպես ինքնակենսագրական ուղի փոխանցելով մեծերի հոգեբանական ըմբռնումը․ «Միայն թե անեն մտածածն իրենց, ի՜նչ փույթ, թե մեռնեն ժամանակից շուտ»։ Այդ համառ ու հաստատուն ոգին է, որ այսօր նրանց հասցրել է այն բարձունքին, որին իրապես արժանի են։

Պարույր Սևակ

Գաղտնաբար կատարված հայրենասիրության քարոզչության մեջ ուզում եմ առաջին շեշտը դնել Պարույր Սևակի վրա։ Մի պահ մտաբերենք նրա բանաստեղծական երկերից մեկ-երկուսի վերնագրերը՝ «Եղիցի լույս», «Մարդը ափի մեջ» և այլն, որոնք պատահականորեն կամ հանուն մի բան գրելու  ընտրված խորագրեր չեն։ Սևակը բռնատիրության, հայրենասիրական ազատազրկման և օտարի իշխանության տակ գտնվելու դեմ բուռն պայքարող էր։ Նա գաղտնաբար, իսկ երբեմն բացահայտ իր մտքերն արտահայտել է բանաստեղծություններում, դրանցից է «Եղիցի լույս» արտահայտությունը, որ նշանակում է՝ թող լույս լինի։

Երբ ասում ենք՝ թող լույս լինի, նշանակում է, որ արդեն գտնվում ենք մթության մեջ և խավարից լույսի գալն ենք փափագում, ինչը մեր սրտերում է։ Այս դեպքում Սևակը որպես խավար դիտարկում է իր ժամանակի կառավարությունն ու իշխանություններին, որովհետև օտարության բույր էին տարածում նրանք, հեռու էին հայի բոլոր արժանիքներից ու ներշնչման հոգուց։ Առանց վարանելու Սևակը լույս էր փնտրում տիրող խավարում ու երբեք չէր վարանում դրան խավար կոչելուց, քանի որ ինքն ու իր նմանները կարոտում էին կորսվածը։

Սիլվա Կապուտիկյան

Հայրենիքի հանդեպ անսահման սեր արտահայտող գրողներից էր նաև Սիլվա Կապուտիկյանը, ով հայրենասիրության սահմաններն անցնելով գրել է  հետևյալ տողերը․ «Սեր-նման է նա հայրենիքին,

Հայրենիքի պես նա միակն է միշտ,

Հայրենիքի պես միշտ անզուգական․․․»։

Որքա՜ն հանդուգն են այս տողերը։ Բանաստեղծուհին, որ իրականության մեջ ինձ համար իսկական տղամարդ բանաստեղծ է թվում, իր հայրենասիրության շղթաները փշրելով իր սերը նմանեցնում է հայրենիքին և ոչ թե հայրենիքը իր սիրուն, ցանկանալով ասել, որ հայրենիքն ավելի բարձր և քաղցր է իր էությամբ ու չափով էլ ավելի բարձր, քան իր սերը։ Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է հիշել  այլ բանաստեղծներից։

Բ․ Ներկա օրերի ոգին ու շունչը

Ներկայում, երբ Հայաստանն անկախացած է և այլևս օտարի լծի տակ չի գտնվում, զգալի է հայրենասիրության և ազգային շնչի քարոզչության նվազումը։ Հակառակ այն բանի, որ սփյուռքահայերը տակավին այդ հողի կարոտով են ապրում, սակայն հեռավորությունն ու կարոտը չունեն այն ուժն, ինչ որ գոյություն ուներ անցյալում։ Սակայն արդար լինելու համար ասենք, որ երիտասարդության մի մասի մոտ արդեն իսկ կամաց-կամաց սկսում է կայծկլտալ հայրենասիրության կայծը, ոգևորելով նրանց ազգային և մշակութային արժեքների պահպանման ու տիրապետման առնչությամբ։

Ներկայում այդ չափանիշները, դժբախտաբար, հեղաշրջման ենթարկվելով, կրել են հսկայական փոփոխություններ։ Մտքի խելահասության և խելացիության չափանիշը համարվում են օտար գրքերը, կարևոր չեն գրողն ու նյութը, սակայն անգլերեն գրքի ընթերցանությունը, մանավանդ հետին նպատակներով հանրության մեջ կարդալը, դարձել է խելացիության չափանիշ։  Շատերի համար, թերևս, 40 հատոր Պ․ Սևակ, Ս․ Կապուտիկյան կամ Հ․Շիրազ կարդալը ոչ մի արժեք չունի, քան  մեկ Շեքսպիր կամ Վ․ Հյուգո կարդալը, որովհետև անունները գրականության մեջ նույնպես նույն արժեքն ունեն, ինչպես հագուստը, մեքենան և գրեթե ամեն ինչը տարբեր բնագավառում։ Նար-Դոսը թող սքանչելի սիրային նյութ գրի։ Նույն նյութը եթե նույնությամբ հրատարակվի Շեքսպիրի անունով, հավատացեք, մարդիկ կսքանչանան այն գրքով միայն, որի վրա Շեքսպիրի անունն է։ Օրինակն ավելի ընդհանրացնենք։ Հայ գրողը թող ասի․ «Սերը քաղցր է տղաս, սակայն ունի մեծ ցավեր․․․», և այս տողերին կցի հայկական անուն, իսկ մեկ այլ տեղում նույնը գրելով, գրի հայտնի մի գրողի անուն, հակառակ այն բանի, որ բառացիորեն նույնն են տողերը, վստահ եղեք՝ օտարինը պիտի ավելի սիրվի և տարածվի, քան հայինը, որովհետև մտային հասունության ու զարգացման չափանիշները ևս ենթարկվել են կեղծիքի ու երևութապաշտության։  

Հաճախ երևակայելն անգամ ցավալի է թվում մտապատկերումս՝ արդյոք ի՞նչ պիտի լինի մեր վիճակը․․․ ոչ թե հարյուր, այլ քսան տարի հետո։

Բոլորս մի պահ ոգևորվում ենք, տեսնելով նոր սերնդի կատարած աշխատանքները, սակայն դրանից մի քանի օր հետո տեսնելով երիտասարդների անտարբերությունը լեզվի ու գրականության նկատմամբ, ընկճվում ենք և մտածում, թե ի՞նչ վախճան պիտի ունենա այս սարսափելի ընթացքը։ Թեև տարիներ առաջ Ավետիս Ահարոնյանը գրել է․ «Լեզուն ապրում է այնտեղ, ուր ստեղծվել է։ Հայրենիքից դուրս այն արմատախիլ բույս է, որ մեռնում է թառամած», սակայն այսօր օտար երկրներում հայերեն ու հայատառ թերթերի հրատարակումը փաստում է այն պայքարը, որի շնորհիվ տակավին հայոց լեզուն սփյուռքում գոյություն ունի, սակայն պակասում է հայրենասիրության ու ազգային ոգու քարոզչությունը։   

Օտար գրականությունն ունի իր տեղը, ունի իր բարձրությունը, սակայն նոր սերունդը պետք է իմանա, որ հայ գրականությունը ևս մրցում է և հավասար է նրանց ու ինքնագովություն թող չթվա, եթե ասեմ, որ նույնիսկ շատ անգամ գերազանցում է նրանց։  

Փառք այն հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով քարոզեցին հայրենասիրություն և փոխանցեցին ազգային ոգի ու շունչ։

Հրայր Տաղլյան

«Զարթօնք» օրաթերթ

Արևելահայերենի փոխադրեց՝ Փ․Շահբազյան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ