2018 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՄՄ «Րաֆֆի» Համալիրում տեղի ունեցավ Թարգմանչաց տոնին նվիրված մշակութային միջոցառում, որը նախաձեռնել էր համալիրի մշակութային բաժինը: Միջոցառմանը ներկա էին՝ Իրանում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան պրն. Արտաշես Թումանյանը և դեսպանատան մշակութային հարցերով կցորդ պրն. Էդվարդ Խաչատրյանը, ավագ քահանա Տեր Կոմիտասը, Թեմական Խորհրդի, միությունների ներկայացուցիչներ և համայնքի ավելի քան 400 անդամ: Հաղորդավարության պարտականությունն հանձն էր առել մշակութային բաժնի նախագահ տիկ. Արմիկ Խուդաբախշյանը:
Սկզբում օր. Լիլիթ Սարդարյանը և Արթին Բաղումյանը հանդես եկան ողջույնի խոսքով և հայ մշակույթի մասին պատմական ակնարկով, որից հետո սկսվեց գեղարվեստական ծրագիրը: Համալիրի երգչախումբը կատարեց չորս գեղեցիկ երգ՝ պրն. Համլեթ Խաչատրյանի ղեկավարությամբ: Չորս հիասքանչ պարով ներկայացավ նաև համալիրի պարախումբը, որի պարուսույցն ու գեղարվեստական ղեկավարն է հայաստանցի մասնագետ պրն. Արտյոմ Նալբանդյանը: Ասմունքեցին՝ Աննա Սարդարյանը, Սինթիա Ռեհանյանը, Մեղեդի Հայրապետյանը և Ադրինե Աղաջանյանը: «Արաքս» երգը իր քաղցրահունչ ձայնով մենակատարեց օր. Նարե Դարուսի: ՈՒրախ երգերով ներկայացավ նաև երիտասարդ մենակատար Քեվին Գասպարյան: Միջոցառմանը իր երանգը հաղորդեց փոքրիկ ջութակահար օր. Նուարա Շահիջանյանը:
Մշակույթի բաժանմունքի նախաձեռնությամբ, Արթին Ղարիբյանի ու Համլեթ Խաչատրյանի գլխավորությամբ միության առօրյա կյանքը ներկայացնող 11 րոպեանոց մի տեսաֆիլմ ցուցադրվեց, որը ոգևորությամբ ընդունվեց ներկաների կողմից: Ֆիլմում ներկայացված էին միության բաժանմունքների վերաբերյալ աշխատանքային պահեր ու միութենականների կողմից օրվա առիթով արված արտահայտություններ:
Այնուհետև բեմ հրավիրվեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն. Արտաշես Թումանյանը: Նա իր խոսքում բարձր գնահատեց համալիրի կազմակերպած միջոցառումը, իր սերն ու համակրանքը հայտնեց «Րաֆֆի»-ականներին, անդրադարձավ նաև հայ մշակույթի որոշ հարցերի: Ավագ քահանա Տեր Կոմիտասը փոխանցեց ԹՀԹ-ի նախագահ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի պատգամը, որը գտնվում էր Լիբանանում: Համալիրի նախագահ պրն. Վիգեն Մանդանին շնորհակալական խոսք հղեց միջոցառման կազմակերպիչներին և ծաղիկներ նվիրեց նրանց: Համալիրի մանկական բաժանմունքի աշակերտները ուրախ երաժշտության ներքո ներկայացան բեմ ու զանազան մանկական գրքեր նվեր ստացան: Բեմի համահունչ ձևավորումը պրն. Ժորժ Հայրապետյանինն էր, Իսկ բեմի գլխավոր պատասխանատուն Արութին Շահինյանի: Համեստ հյուրասիրությամբ ավարտվեց միջոցառումը: