Արցախում սկաուտական ճամբար է լինելու

28 Հունիսի 2017

 Արցախի «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է Շուշիի արվարձանում իրականացնել «Հայորդիներ» սկաուտական VIII ճամբարը, որը կտևի հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 10–ը։
Պատանիների և երիտասարդներրի հայրենասիրական դաստիարակությանն ուղղված այս ամենամյա միջոցառումը նախատեսված է անցկացնել չորս փուլով, որոնցից յուրաքանչյուրը կտևի 9 օր: Առաջին երեք փուլերում ընդգրկվելու են պատանիներ և երիտասարդներ Ստեփանակերտից և Արցախի բոլոր շրջաններից: Իսկ օգոստոսի 2-10 կմասնակցեն նաև Հայաստանից և սփյուռքից ժամանած սկաուտներ։
 «Հայորդիներ» սկաուտական բանակումի ընթացքում նախատեսվում է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ սեմինարներ, մարզական և իմացական խաղեր, մրցույթներ, խարույկահանդես, մշակութային երեկոներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ, արշավներ և այլն:
 Միջոցառման նպատակն է՝ խթանել Արցախում «Հայորդիներ» սկաուտական շարժման զարգացմանն ու տարածմանը, նպաստել աճող սերնդի հայեցի դաստիարակությանը, նրա մեջ զարգացնել երկրի տիրոջ հոգեբանություն, Շուշին դարձնել համահայկական և միջազգային երիտասարդական հավաքատեղի։
 «Հայորդիներ» սկաուտական ճամբարներն Արցախում իրականացվում են 2010 թվականից։ Տարեցտարի ընդլայնվում է մասնակիցների թվաքանակը և աշխարհագրությունը։ Իրենց հերթին՝ արցախցի սկաուտները մասնակից են լինում Հայաստանում և Իրանում կազմակերպվող սկաուտական ճամբարներին։ «Հայկի Սերունդ» կազմակերպությունը նպատակադրված է համագործակցություն հաստատել նաև այլ երկրների սկաուտական կազմակերպությունների հետ:
 ԶԼՄ ներկայացուցիչներին հրավիրում ենք լուսաբանելու «Հայորդիներ» սկաուտական VIII ճամբարը, որը տեղի կունենա ք. Շուշի, Մ. Լոռիս Մելիքով փ., 43 հասցեում տեղակայված «Հայկի Սերունդ» ՀԿ «Հայորդիներ» բանակավայրում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ