Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգ Լիբանանում

08 Օգոստոսի 2015

Այսօր Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգով Լիբանանում հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար ու խմբավար Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Համերգը տեղի ունեցավ Բեյթ էլ Տինի պալատում՝ համանուն նշանավոր երեսնամյա փառատոնի շրջանակում։ Համերգին մասնակցել են Հայաստանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյան) և «Հովեր» պետական կամերային (գեղ․ ղեկավար և գլխավոր խմբավար Սոնա Հովհաննիսյան) երգչախմբերը։ Հանդես են եկել մեներգիչներ Իրինա Զաքեյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Նարինե Անանիկյանը (մեծո սոպրանո) և Սարգիս Բաժբեուկ–Մելիքյանը (բարիտոն)։ Այս եզակի համերգը, ինչպես անվանեցին Լիբանանի արվեստասերները, ավելի նշանավորվեց համաշխարհային ճանաչման հասած ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ։

Համերգին հնչեցին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտությունը, Բրամսի ջութակի կոնցերտը, Մոցարտի Ռեքվիեմը։ Նշենք, որ Բեյթ էլ Տինի փառատոնն այս համերգը կազմակերպել է ՀԲԸՄ-ի աջակցությամբ, իսկ միջազգային ճանաչման հասած ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությունը հովանավորել են տեր և տիկին Սարգիս և Սեդա Դեմիրճյանները։

Բեյթ էլ Տինի միջազգային փառատոնի հանձնախմբի նախաձեռնությամբ, երեկ կեսօրին մամլո ասուլիս էր կազմակերպվել։ Ասուլիսին ներկա էր նաև Բեյթ էլ Տինի միջազգային փառատոնի հանձնախմբի անդամ տիկ․ Անի Գասարճյանը։ Ասուլիսին հանդես եկան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար ու խմբավար Էդուարդ Թոփչյանը և նշանավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։

«Այս տարի մենք  շատ համերգներ ունեցանք աշխարհի տարբեր երկրներում, որոնք բոլորն էլ նվիրված էին Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Նույնն է նաև Լիբանանում կայանալիք համերգը։ Մենք ներկայացման համար ունենք հատուկ հայտագիր, որ հասկանալի ու սրտամոտ է թե՛ հայերին, թե՛ օտարներին», ասուլիսին ասել է Էդուարդ Թոփչյանը։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ