Հույն պատմաբան Թեոֆանես Մալգիտիսը «Հայաստան, հայեր, արդարացում» աշխատության մեջ անդրադարձել է Օսմանյան կայսրության մեջ 100 տարի առաջ հայերի, հույների, ասորիների ցեղասպանությանն ու շեշտել է, որ այսօր ևս Թուրքիան շարունակում է ցեղասպանություն իրականացնել իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հանդեպ։
Գիրքը լույս է տեսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի հանձնախմբի աջակցությամբ։ Գրքում դրվագներ են թուրքերի վայրագությունների մասին, զետեղված են փաստաթղթեր, վկայություններ և լուսանկարներ։
100 տարի անցել է, սակայն Թուրքիան իր սկզբունքներն ու գործելաոճը չի փոխել, ասել է պատմաբանը։ «Ժամանակի ընթացքում ես հասկացա, թե ինչ շնորհակալ ու երախտապարտ եմ հայ ժողովրդին։ Նրանց շնորհիվ է, որ այսօր աշխարհում ավելի շատ են խոսում ցեղասպանությունների կանխարգելման մասին։ Մեծ է նրանց ներդրումը համաշխարհային առաջնորդների գիտակցության մեջ փոփոխություններ մտցնելու և ցեղասպանությունների դեմ ազնիվ պայքար մղելու հարցում», հայտարարել է Թեոֆանես Մալգիտիսը։