Արխիվ Դեկտեմբերի 2020 - ՍՈՑԻԱԼԻԶՄ.am

Թուրքիան, շարունակելով ծաւալապաշտական իր ծրագիրները, իր տիրապետութեան ներքեւ եղող Հալէպի հիւսիս-արեւմուտքը գտնուող ԱՖՐԻՆ շրջանէն, ամիսներ առաջ դէպի Լիպիա ահաբեկիչներ առաքելու համար, արձանագրութեան երեք գրասենեակներ բացաւ։ Սակայն երբ կասեցուեցաւ դէպի Լիպիա ահաբեկիչներ ղրկելու հոսքը, նոյն այդ գրասենեակները գործեցին այլ նպատակով։

Զահեր Թահան (Փորձագետ, լրագրող) - «Աֆրինի մէջ Թուրքիոյ ամբողջական հովանաւորութեամբ եւ հսկողութեամբ գործող գրասենեակները կը ծառայէին ահաբեկիչները Լիպիա ղրկելու նպատակին, սակայն այդ ուղղուածութիւնը դադրելէ ետք, անոնք սկսան գործել ցանկագրելու համար Արցախի դէմ կռուելու նպատակով դէպի Ատրպէյճան մեկնեկու ցանկութիւն յայտնողներու անունները»։

Արցախի դէմ կռուելու համար Ատրպէյճան ղրկուած ահաբեկիչները նոյն այն խմբաւորումներէն են, որոնք տակաւին քանի մը տարի առաջ Հալէպի մէջ հայաշատ թաղամասերը կը ռմբակոծէին։

Զահեր Թահան - «Ահաբեկիչներու մեծամասնութիւնը թուրքմէններ են, հիմնականը ՍՈՒԼԹԱՆ ՄՈՒՐԱՏ եւ ՍՈՒԼԹԱՆ ՍՈՒԼԱՅՄԱՆ ՇԱՀ խմբաւորումներէն, պատկառելի է նաեւ ՀԱՄԶԷ խումբէն մեկնողներուն թիւը»։

Թուրքիան մեծաթիւ ահաբեկիչներ ներգրաւելու համար Արցախի դէմ մղուող պատերազմին, ջանք չխնայեց գրաւիչ խոստումներ տալու անոնց։

Զահեր Թահան - «Թուրքիան անոնց խոստացած էր ամսական 2000 Ա.Տ. վճարում, պատերազմին սպանուելեւ պարագային խոստացած էր դիակը վերադարձնել Սուրիա: Պէտք էր ապահովեր սպանուող ահաբեկիչի ընտանիքին տեղափոխումը Ատրպէյճան կամ Թուրքիա ու հոգար անոր ապրուստը»։

Թուրքիան ինչպէս միշտ չյարգեց ահաբեկիչներուն տուած իր խոստումը, հետեւաբար մեկնելու ցանկութիւն յայտնող չմնաց, եւ արձանագրութիւնները դադրեցան։ Այսուհանդերձ, այդ գրասենեակները բոլորովին չփակուեցան, որպէսզի զինեալները այլ տարածաշրջան մը ուղարկելու կարիք ըլլալու պարագային վերսկսին աշխատիլ։ Իսկ ի՞նչ եղաւ Թուրքիոյ կողմէ տրուած խոստումները չյարգուելու հետեւանքը։

Զահեր Թահան - «Նախ ըսեմ, որ ահաբեկիչները, որոնք Արցախի դէմ առաջնային գիծերու վրայ կը կռուէին, հայկական բանակի հարուածներէն մեծ կորուստներ ունեցան։ Թուրքիան անոնց դիակները չվերադարձուց Աֆրին, այնպէս ինչպէս խոստացած էր, այլ սպանուածներէն միայն 30 %-ի դիակը վերադարձաւ, մնացածինը գետինը փռուած մնաց։ Այս մէկ։ Երկրորդ՝ ամիսներ առաջ Ատրպէյճան փոխադրուողներուն խոստացուած ամսական գումարը միայն առաջին ամիսը տուաւ, յաջորդ ամիսը նուազեցուց կէսի, իսկ երրորդ ամիսը բնաւ չվճարեց։ Երրորդ՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ատրպէյճանը ընդունեցին անոնց ընտանիքներու վերաբնակեցումը։ Այս բոլորէն ետք ահաբեկիչները ընդվզեցան եւ ուզեցին Սուրիա վեջադառնալ։ Սյդպէս ալ եղաւ»։

Աֆրինէն եկած տեղեկութիւններուն համաձայն Թուրքիան արդէն ծրագրած էր ձերբազատուիլ գլուխ ցաւցնող շարք մը ահաբեկիչներէ, հետեւաբար Արցախի դէմ պատերազմը լաւ առիթ էր, թէ՛ Հայաստանի դէմ կռուելու, թէ անոնցմէ ձերբազատուելու։

 

Հեղինակ`Մարիա Գաբրիելյան
1lurer.am
Բաժին՝ Աշխարհում
Երկուշաբթի, 07 Դեկտեմբերի 2020 12:49

Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 32 տարի

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 11:41-ին, Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ 10 բալ ուժգնությամբ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:

32 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, անօթևան մնաց 514 հազար մարդ: Բնական աղետը խլեց ավելի քան 25 հազար մարդու կյանք, մոտ 20 հազար վիրավոր եղավ: Զոհերը հատկապես շատ էին Գյումրիում՝ մոտ 15-17 հազար, և Սպիտակում՝ 4 հազար մարդ: Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերվեց Հայաստանի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, մեծ վնաս հասավ գործարաններին, պատմական հուշարձաններին:

Երկրաշարժից հետո Ռուսաստանից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողով՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։ Հայաստանին այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին աշխարհի ավելի քան 113 երկիր և 7 միջազգային կազմակերպություն:

 

 
1lurer.am
Բաժին՝ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յուն հանդես է եկել հոդվածով, որում անդրադարձել է հայ չինական հարաբերություններին՝ ընդգծելով համագործակցությունը խորացնելու, երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացելու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հոդվածը.

«Սիրելի ընթերցողներ և ընկերներ, նոյեմբերի 20-ին ես իմ հավատարմագրերը հանձնեցի նախագահ Սարգսյանին և դարձա Հայաստանում Չինաստանի ութերորդ դեսպանը: Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ «Հանրապետություն»  թերթի միջոցով դիմել տարբեր ոլորտների և հասարակության շերտերի ընկերներին։

2020 թվականը ոչ սովորական  տարի է մարդկության պատմության մեջ: Կորոնավիրուսը տարածվում է ամբողջ աշխարհում՝ սպառնալով մարդկանց կյանքին ու առողջությանը աշխարհի բոլոր երկրներում: Համաշխարհային տնտեսությունն ապրում է ամենալուրջ անկումներից մեկը՝ 1930-ական թվականների մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր: Համաճարակի մարտահրավերների պայմաններում Չինաստանը՝ Կոմունիստական կուսակցության և ՉԺՀ կառավարության ղեկավարության ներքո մարդկանց կյանքն առաջնահերթ է համարում՝ պայքարելով յուրաքանչյուր քաղաքացու համար ձեռնարկում է համապարփակ, խիստ և առավել առաջադեմ միջոցառումներ ուղղված համաճարակի կանխարգելմանն ու վերահսկմանը։ Չինաստանը համաճարակի դեմ պայքարում հասել է կարևոր արդյունքների: ՉԺՀ-ի ղեկավարությունը կոորդինացիոն միջոցներ է ձեռնարկում համաճարակը կանխելու և դրա դեմ պայքարելու համար: Միաժամանակ, ակտիվորեն իրականացվում են միջոցառումներ` պետության տնտեսությանն ու սոցիալական զարգացմանն աջակցելու համար, ինչպես նաև աշխատանքներ են տարվում արտադրությունը և շարքային քաղաքացիների կյանքը վերականգնելու ուղղությամբ: Այս տարվա առաջին երեք եռամսյակների ընթացքում Չինաստանի տնտեսությունը կարողացել է հասնել դրական աճի: Այս հաջողությունները ցույց են տալիս Չինաստանի տնտեսության բարձր կայունությունը և կենսունակությունը:

Ոչ այնքան վաղուց Չինաստանի 19-րդ գումարման ԿԿ Կենտկոմի հինգերորդ պլենումում քննարկվել և հավանության են արժանացել  «Մինչև 2035 թվականը սոցիալ-տնտեսական զարգացման 14-րդ հնգամյա պլանի (2021-2025 թթ.) մշակման վերաբերյալ ՉԿԿ Կենտկոմի հանձնարարականները և հեռանկարային նպատակները»:

13-րդ հնգամյա ծրագրի ընթացքում Չինաստանը՝ ՉԿԿ Կենտկոմի և ընկեր Սի Ծինպինի ղեկավարությամբ նշանակալի և որոշ չափով հեղափոխական հաջողությունների հասավ տնտեսական և սոցիալական զարգացման ոլորտում: 2019 թվականին ՉԺՀ-ի ՀՆԱ-ն հասել է 99,1 տրիլիոն յուանի, ինչը կազմում է համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ի 16 տոկոսը եւ հավասար է համաշխարհային տնտեսական աճի 30 տոկոսին: Նախնական տվյալներով՝ Չինաստանի ՀՆԱ-ն 2020 թվականին կգերազանցի 100 տրիլիոն յուանը: Աղքատության վերացման հաջողությունները գրավել են համաշխարհային հանրության ուշադրությունը: 55.75 մլն մարդ գյուղական վայրերում ազատվել են  աղքատությունից: Սպասվում է, որ մինչև 2020 թվականի վերջը Չինաստանի աղքատ բնակչության կենսամակարդակը կբարձրանա և կհամապատասխանի ներկայիս պետական ժամանակակից չափանիշներին: Հիմնական բժշկական ապահովագրությունը Չինաստանում ընդգրկում է գրեթե 1.3 մլրդ մարդ, իսկ հիմնական կենսաթոշակային ապահովագրությունն ընդգրկում է մոտ 1 մլրդ մարդ: Ձեռք են բերվել զգալի հաջողություններ պետական նորարարական շինարարության մեջ: Պետության նորարարական ներուժը աշխարհի 131 տնտեսությունների շարքում բարձրացել է 14-րդ տեղը: Զուգահեռաբար, Չինաստանի հրապարակայնությունը արտաքին աշխարհի  համար շարունակում է ընդլայնվել: Նման ընդլայնման վառ օրինակ է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացումը, որի շրջանակներում համագործակցությունն ավելի ու ավելի շոշափելի ու արդյունավետ է դառնում: Ներկայում Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացման շրջանակներում համագործակցության 200 փաստաթուղթ է ստորագրել 138 երկրների և 30 միջազգային կազմակերպությունների հետ: «13-րդ հնգամյա ծրագրի» տնտեսական և սոցիալական զարգացման ուշագրավ նվաճումը չին ժողովրդի քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Սա լիովին ցույց է տալիս, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը և չինական հատկանիշներով սոցիալիստական ռեժիմը «երկու հրաշքների»՝ արագ տնտեսական զարգացման և Չինաստանում երկարաժամկետ սոցիալական կայունության երաշխիքներն են: Չինաստանի ժողովուրդը կայունորեն կընթանա ՉԿԿ-ի ղեկավարությամբ չինական հատկանիշներով սոցիալիստական ռեժիմի ճանապարհով:

Չինաստանը վստահորեն կիրականացնի զարգացման նոր հայեցակարգ, կամրապնդի գիտական և տեխնիկական անկախությունը և ինքնուրույնությունը, որը կլինի ռազմավարական աջակցություն ազգային զարգացման համար: Բացի այդ, Չինաստանը ձգտում է հաջողության հասնել առանցքային տեխնոլոգիաների ոլորտում եւ ավելացնել իր ներդրումը գիտատեխնիկական առաջընթացի և համաշխարհային տնտեսական աճի մեջ: Չինաստանը կշարունակի հավատարիմ մնալ բարեփոխումների և բաց քաղաքականությանը, կարագացնի զարգացման նոր կառուցվածքի կառուցումը, որտեղ գլխավոր օբյեկտը երկրի ներսում կենսագործունեությունն է, իսկ ներքին ու արտաքին ցիկլերը նպաստում են միմյանց։ Ներքին զարգացման ցիկլը խթանում է միջազգային զարգացման ցիկլը, մինչդեռ միջազգային զարգացման ցիկլը ամրապնդում է ներքին զարգացման ցիկլը:

Երկու զարգացման փուլերն էլ բացեիբաց փոխգործակցում են՝ նոր լիցք հաղորդելով չինական և համաշխարհային տնտեսությանը: Չինաստանի զարգացումը նաև ավելի շատ շուկաներ և հնարավորություններ կընձեռի աշխարհի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։

Եվ Չինաստանը, և Հայաստանը հնագույն քաղաքակրթությամբ երկրներ են։ Երկու երկրներն էլ համագործակցության երկար պատմություն ունեն: 1992 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների հարաբերությունները մշտապես պահպանել են առողջ և կայուն զարգացման տեմպը: Չնայած նրան, որ կորոնավիրուսի նոր համաճարակը որոշակի ազդեցություն է ունեցել չին-հայկական համագործակցության վրա, քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության հիմքը չի փոխվել։ Տնտեսության, առևտրի, ներդրումների, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների շինարարության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ներուժը պահանջում է հետագա զարգացում: Վստահ եմ, որ համաճարակի ավարտից հետո երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի առաջ շարժվել և կկարողանա նոր մակարդակի հասնել: Բարեկամ հայ ժողովրդի ներկայացուցիչների հետ վերջերս ունեցած շփումների շնորհիվ մենք վերլուծել ենք չին-հայկական հարաբերությունների հետագա զարգացման ներուժը։

Առաջին հերթին, անհրաժեշտ է զարգացնել չին-հայկական համագործակցության նոր ուղղությունը նորարարության ոլորտում: Նորարարությունը տնտեսական նվաճումների բանալին է, մինչդեռ թվային տնտեսությունը աշխարհի ապագա զարգացման կողմնացույցն է: Եվ Չինաստանը, և Հայաստանը գիտական և տեխնոլոգիական նորարարությունը դիտում են որպես առաջնային զարգացման ազգային ռազմավարություն: Երկու կողմերն էլ պետք է լիովին օգտվեն իրենց համապատասխան առավելություններից և կենտրոնանան երկկողմ համագործակցության տեխնոլոգիական բովանդակության բարելավման համար տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մասնագետների պատրաստման և ծառայությունների առևտրի ոլորտում համագործակցության զարգացման վրա:

Երկրորդ՝ անհրաժեշտ է զարգացնել չին-հայկական համագործակցությունը համաճարակի դեմ պայքարի ոլորտում: Կորոնավիրուսի համաճարակի սկսվելու պահից  ի վեր երկու երկրներն աշխատել են միասին և փոխադարձ աջակցություն ցուցաբերել: Ընթացիկ համաճարակի դեմ երկարաժամկետ պայքարի և հետագա համաճարակների կանխարգելման շրջանակներում Չինաստանը պատրաստ է շարունակել ակտիվորեն համագործակցել հայկական կողմի հետ, համակողմանի աջակցություն ցուցաբերել և կիսվել կանխարգելման փորձով, ինչպես նաև շարունակել աջակցություն ցուցաբերել հատուկ ուշադրություն դարձնելով հետհամաճարակային ժամանակաշրջանին: Բացի այդ, Չինաստանը պատրաստ է խթանել Հայաստանի հետ համագործակցությունը և աջակցել նրան հակահամաճարակային պայքարի և կանխարգելման ոլորտում փորձի փոխանակման գործում, ինչպես նաև համաճարակի կանխարգելման նյութեր տրամադրել: Միաժամանակ, Չինաստանը կնպաստի առողջության և հիգիենայի հասարակության կառուցմանը:

Երրորդ՝ անհրաժեշտ է ամրապնդել երկկողմ համագործակցությունը աղքատության վերացման շրջանակներում: Աղքատության վերացումը մինչև 2030 թվականը ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի հիմնական նպատակներից մեկն է: Այս խնդիրը չափազանց կարևոր է, և դրա լուծումը պետք է իրականացվի աշխարհի բոլոր երկրների կողմից: Վերջին 40 տարիների ընթացքում Չինաստանում բարեփոխումների և բաց քաղաքականության իրականացման արդյունքում, ավելի քան 700 մլն մարդ դուրս է բերվել աղքատության վիճակից։ Այս ցուցանիշը կազմում է աշխարհում աղքատության կրճատման ընդհանուր ծավալի ավելի քան 70%: Չինաստանը պատրաստ է հայ գործընկերների հետ կիսվել աղքատության վերացման արդյունքներով  և փորձով: Այս ուղղությամբ փորձի փոխանակումը զգալի ներդրում կունենա նաև չին-հայկական հարաբերությունների զարգացման գործում ։

Չորրորդ՝ անհրաժեշտ է աստիճանաբար վերսկսել մարդկանց փոխայցելությունները: Դրա համար անհրաժեշտ է լիարժեք օգտագործել Չինաստանի և Հայաստանի միջև առանց վիզայի փոխադարձ ռեժիմի մասին համաձայնագրերը, աստիճանաբար վերականգնել մարդկանց փոխայցելությունները և մասնագետների փոխանակումը տարբեր ոլորտներում՝ աշխարհում համաճարակաբանական իրավիճակի կայունացումից հետո։ Այս ամենը թույլ կտա վերականգնել և ընդլայնել համագործակցությունը երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, ներդրումային, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։

Որպես Հայաստանում Չինաստանի նոր դեսպան, ես կցանկանայի պահպանել սերտ փոխանակումն ու շփումը մեր հայ բարեկամների հետ, լսել Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ յուրաքանչյուրի կարծիք և շարունակել համատեղ աշխատանքը՝ չին-հայկական երկկողմ հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման գործում ներդրում ունենալու համար: Մենք հույս ունենք աշխարհում համաճարակային իրավիճակի շուտափույթ կայունացմանը և մեր հայ ընկերների հետ շփման մեծ հնարավորությունների առաջացմանը»:

Բաժին՝ Աշխարհում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։

 
 

– Պարոն Կարախանյան, նոյեմբերի 9-ի հայտնի համաձայնագրից հետո Հայաստանում  լարված մթնոլորտ է  ստեղծվել, և իրավիճակի հանգուցալուծումը շատերը տեսնում են վարչապետ Փաշինյանի հրաժարականի մեջ։ Ի՞նչ տրամադրություններ կան այս իմաստով Ռուսաստանում։

– Սպասելի էր, որ ցանկացած իրավիճակում տարբեր քաղաքական ուժեր՝ մանավանդ  արմատական ընդդիմադիր, նախկին իշխանություններին հարող ուժերը, կփորձեն ձգտել իշխանության։ Բայց դժբախտությունն այն է, որ այդ մարդիկ թեպետ գալիս են Մոսկվա, զրույցներ ունենում, կոնկրետ ինչ-որ բան փոխելու ճանապարհային քարտեզ չեն առաջադրում։ Այդ մարդկանց արտահայտած հիմնական միտքը հետևյալն է. «Մոսկվա ջան, դուք մեզ ինչ-որ  կասեք, մենք ավելի լավ կանենք, քան այսօրվա գործող իշխանությունը»։ Դա աբսուրդի հասնող իրավիճակ է, ու բնական է, որ ոչ մի երկրի ղեկավարությանը դա դուր չի գա։ Գուցե խոսեն, հանդիպումներ ունենան, բայց դրանից ավելի ոչ մի բան տեղի չի ունենալու։ Այդ մարդկանց ասածը հետևյալն է՝ մենք Ռուսաստանի համար շատ ավելի լավ կլինենք, այստեղ էլ ասում են՝ գնացեք արեք, ձեր երկիրն է, ձեր ժողովուրդը։ Բայց այդ մարդիկ գալիս են Հայաստան ու հայտարարում՝ մենք «դաբրո» ենք ստացել Ռուսաստանից, շուտով գալու ենք իշխանության։ Եթե այս իրավիճակը չլիներ, կարելի էր ծիծաղել, ժպտալ ու հումորով նայել այս ամենին։ Քաղաքական դաշտում կան նորմալ մտածող, հավասարակշռված քաղաքական ուժեր։

Իսկ հիմա՝ ավելի լուրջ։ Հարավային Կովկասում մեծ  խաղը շարունակվում է։ Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որի անունն է՝ Ադրբեջանի մասնատում։ Ադրբեջանին կա՛մ հրահրեցին, կա՛մ այդ երկիրը սխալվեց իր հաշվարկներում։ Գնում էր իբրև Ղարաբաղը գրավելու, բայց արդյունքում ստացավ իր համար հակառակորդ բլոկի մեծ զորամիավորում իր երկրի մեջ, ստացավ այդ ռազմաքաղաքական բլոկի ներկայությունը, մոնիտորինգների ու ռազմական հետախուզությունների բոլոր ուղղությունների ներկայությունն իր երկրում։ Պարզ է, որ նա կորցրել էր իր ղեկավարությունը երկրում, այդ երկիրը ղեկավարում էր Թուրքիան։ Հոգեբանական շատ ծանր հարված էր այն, որ 1994 թվականից հետո առաջին անգամ իրենց  վերահսկողության տակ չգտնվող Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ստացավ  հումանիտար շարասյուն։ Երկու դաղստանյան գեներալները, որոնցից մեկը նստում է Ստեփանակերտում, հաստատեցին  ցամաքային կապը դեպի Ստեփանակերտ։ Սա Ադրբեջանի համար շատ ծանր հարված էր, Ալիևը նյարդայնացած է այս իրավիճակից։ Այն խմբավորումները, որոնք Սիրիայից ներմուծվել են ադրբեջանական բանակ, հիմա գլխացավանք են դարձել։ Ստացվեց հետևյալը՝ Ալիևը կորցրեց Ղարաբաղը՝ չկարողացավ լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ու փոխարենը ստացավ նաև ադրբեջանական հսկա մի զորամիավորում։ Հայ զինվորը կանգնեց, կռվեց ու հաղթեց։ Իհարկե, սա շատ թանկ գնով եղավ, հայ զինվորի արյան գնով, բայց զինվորը կռվեց ու պահեց։ Մենք տեսնում ենք հետևյալ իրավիճակը. ռուսական կողմը բոլոր հնարավոր ու անհնար ձևերով արգելափակում է  ադրբեջանցիների հոսքը Շուշի, Քելբաջար։ Դրված է  նաև Հադրութի հարցը, այդ հարցն էլ է լուծվելու։ Շարունակությունը լինելու է Արցախի անկախության ճանաչման պրոցեսը, խաղի մեջ են մտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները։ Բաքվում ու Անկարայում շատ լավ հասկանում են, որ իրենց համար հորիզոնում ոչ մի դրական բան չի նշմարվում։ Բոլորը շատ լավ հասկանում են, որ այս հարցը վերջնականապես լուծելն ընդամենը ժամանակի հարց է։ Շատ բան իհարկե կախված է ԱՄՆ-ից, որն ասել է, թե խաղի մեջ կմտնի փետրվար ամսին։ Բայց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումները մեծամասամբ պարզ են։

– Հայաստանի անելիքներն այդ ուղղությամբ որո՞նք պետք է լինեն։

– Ռուսաստանն այսօրվա դրությամբ շահագրգռված է, որ Հայաստան պետությունը չփլվի, դուրս գա հոգեբանական  կոլապսային իրավիճակից ու ամրապնդի իր դիրքերը։ Պարզ է, որ այսօրվա դրությամբ Հայաստան պետությունը մնում է  Ռուսաստանի դաշնակից։ Ռուսաստանը պետական քաղաքական մակարդակով ոչ մի խժդժություն չի պաշտպանելու։ Լավագույնը, որ կարող է ասվել այս իրավիճակում՝ քաղաքական պայքարը թող գնա  բոլոր օրինական թույլատրված մեթոդներով։ Մնացածը Հայաստանի ներկա իշխանությունների որոշելիքն է։ Եթե ներկա իշխանությունները կարծում են, որ այսօրվա դրությամբ անհրաժեշտություն կա իրենց մանդատը վերահաստատելու, այսինքն՝ գնալու արտահերթ ընտրությունների, թող գնան այդ քայլին, իշխանությունը թող ժողովրդի հետ  որոշի իր անելիքը։ Հայկական պետական շահերի համար անհրաժեշտ է  ուժեղ Հայաստան։ Հայկական կողմն այլևս ժամանակ չունի զբաղվելու աննորմալ երևույթներով։ Եթե օրենքները խախտում են, իրավական համակարգը պետք է աշխատի։ Քաղաքական պայքարը թող տանեն քաղաքական կուսակցությունները։ Հայաստանի իշխանությունները ընկճվելու դեպքում թող հիշեն, որ իրենց կողքին կանգնած է  եղել հաղթող զինվորը,  և  ոչ ոք իրավունք չունի խարխլելու Հայաստանի պետականության հիմքերը՝ սկսած իշխանություններից, վերջացրած ընդդիմությամբ։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է շատ հզոր հիմքերի վրա դրվի։

– Գործող իշխանությունները կարո՞ղ են, ի վիճակի՞ են այդ ամենն անելու։

– Գործող իշխանությունները պետք է երկխոսության մեջ մտնեն ժողովրդի հետ։ Գործող իշխանությունը ինքը պետք է առաջին հերթին պատասխանի՝ ի վիճակի՞ է դուրս գալու հոգեբանական ցնցումային վիճակից, որն իմիջիայլոց իշխանությունների համար անթույլատրելի է։ Հնարավոր է  քաղաքական ուժերը, քաղաքացիները, մշակույթի գործիչները լինեն զգացմունքային դաշտում, ինչ ասես խոսեն, տարբեր թեզեր առաջ քաշեն։ Բայց իշխանությունները՝ մանավանդ արտաքին քաղաքական գերատեսչությունը, ուժայինները, հանցագործություն կանեն, եթե ընկնեն զգացմունքային ճնշումների տակ։ Խաղը շարունակվում է, ու ամեն  ինչ մոտենում է ավելի կարևոր փուլի։ Ոչ ոք չի ասում, որ խաղն ավարտված է։ Եթե հիմա սկսենք ընկնել զգացական էմոցիաների մեջ, մենք  գլխի չենք ընկնի, թե ինչ կատարվեց։ Մեկ էլ տեսար պատերազմը նորից բռնկվեց՝ ահաբեկիչների ու տարբեր խմբավորումների անկառավարելի լինելու պատճառով։ Այնպես չէ, որ նրանք բոլորը ենթարկվում են Բաքվին, ու հնարավոր է, որ նրանց հարցերով զբաղվեն ռուսական խմբավորումները։

Բնական է, որ այս իրավիճակում կգտնվեն ուժեր, որոնք պահն օգտագործելով կփորձեն գալ իշխանության, դա էլ է բնական։ Բայց այդ ամեն  ինչը չպետք է խփի պետության հիմքերին։ Արտաքին քաղաքականությունը, ուժային համակարգը պետք է անջատեն իրենց էմոցիաները ու շատ ուշադիր աշխատեն։

Իշխանություններն այսօր ներկայացրել են ճանապարհային քարտեզ ու պետք է շատ կարճ ժամանակահատվածում հասկանան՝ իրենք կարո՞ղ են դա իրականացնել, թե՞ պետք են որոշակի թարմացումներ, կամ ընդհանրապես իրենք պետք է գնան իրենց վերահաստատմանը։ Կրկնում եմ՝ մենք աշխարհաքաղաքական ծանր խաղի մեջ ենք, որտեղ բոլորն իրենց շահերն են հետապնդում։ Եթե  մենք ճկուն չլինենք ու չհասկանանք, թե որ փուլում մեր շահը որ պետության հետ է  համընկնում, շատ ծանր վիճակում կհայտնվենք։ Մենք մեզ  շռայլություններ թույլ տալու ժամանակ չունենք ու չենք կարող առավոտից երեկո զբաղվել փողոցային խոսակցություններով։

– Իշխանություններին ուղղված հաջորդ մեղադրանքը ռազմագերիների հարցն է։ Մարդիկ ասում են՝ համաձայնագրում հստակ օրերով նշված է, թե որ տարածքը երբ պետք է հանձնվի, իսկ գերիների փոխանակման որևէ ժամանակացույց չկա։

– Դա հասարակության համար ամենազգացմունքային հարցերից մեկն է։ Բնական է, որ հրադադարի պայմաններում ու նոր ավելի ուժեղ խաղացողի՝ տարածաշրջան մտնելու պայմաններում ռազմագերիների հարցն ավելի  լայն իմաստ է ստանում։ Բնական է, որ հիմնական ծանրությունը, բեռը ընկնում է  ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլև Ռուսաստանի վրա։ Արդեն տարբեր մակարդակներում հնչեցվել  է թեզը, որ Ռուսաստանը այդ հարցով զբաղվում է։ Իհարկե, հարցը նուրբ է, շատ մարդիկ են զբաղվում՝ շնորհակալություն  նաև մշակութային, քաղաքական գործիչներին։

Կան նաև հաջողություններ, առաջխաղացումներ։ Պետք է զգույշ լինենք, անուններ, ազգանուններ չտանք, ավելորդ ինֆորմացիա չհրապարակենք, բայց ասեմ նաև, որ այս հարցով Մոսկվայում շատ ինտենսիվ հանդիպումներ են ընթանում։ Կա նաև թեզ, որ սա անձամբ ՌԴ նախագահի վերահսկողության տակ է  գտնվում։ Տեղի են ունենում ոչ ֆորմալ հանդիպումներ։ Սկսվել է  ռազմագերիների, պատանդների հաշվառումը։ Բացի ռազմագերիներից, խնդիրը նաև պատանդներն ու ձերբակալվածներն են։

Իհարկե, լուրջ բացթողում էր ժամանակացույց չնշելը, բայց դա անշտկելի հարց չէ։ Ենթադրենք, դնեինք դեկտեմբերի 1 կամ 10… փոխանցեմ, թե ինչ են խոսում ոչ ֆորմալ տիրույթում… իրենք ասում են՝ ՀՀ քաղաքացին ինչ գործ ուներ իմ տարածքում՝ Ջաբրայիլում կամ Ֆիզուլիում, զինվոր էր թե զինվոր չէր՝  կարևոր չէ։ Ասում են՝ ես  հիմա նրանց իմ դատարանում պետք է դատեմ, համարեմ ահաբեիչ կամ գրոհային, դատելուց հետո նոր միջազգային կոնվենցիաներով եկեք այդ դատապարտյալներին հանձնենք։ Հիմա ես գնամ ճշտեմ՝ այդ մարդիկ ուզո՞ւմ են վերադառնալ, թե՞ ոչ։  Սա է ոչ ֆորմալ բանակցությունների քննարկման առարկան։ Այսինքն՝ ռազմագերի, պատանդ ու ձերբակալված, ցուցակների ու ճշտումների հարցն է հիմա դրված։ Մենք մեղադրում ենք ադրբեջանական կողմին, որ դուք գիտակցաբար ձգձգում եք, արհեստական պատնեշներ եք ստեղծում, հարցը ձգում ու խաղում հայության հույզերի հետ։ Հասկանում եք, դուք շատ նյարդայնացած եք, չեք ստացել, ինչ ուզում էիք, բայց հայ զինվորը հաղթեց, կանխվեց  Ղարաբաղի լիարժեք գրավումը Ադրբեջանի կողմից, ու Ադրբեջանը փաստացի կորցրեց  Ղարաբաղը՝ չհաշված նաև  իր ինքնիշխանությունը երկրում։

Մենք շփում ունենք ադրբեջանական լոբբիստների հետ ու տեսնում ենք իրենց նյարդայնացած վիճակը։ Նրանց նպատակն է  ապակայունացնել Հայաստանի ներքին վիճակը ու  ասել՝ ՀՀ իշխանությունը շուտով գնալու է, մենք հիմա չգիտենք՝ ում հետ խոսենք՝ ռուսակա՞ն, թե՞ հայկական կողմի հետ։ Իրենք խաղում են այս ալիքների վրա։

Հնարավոր չափով բացել փակագծերը։ Ռազմագերիները հիմա այն վիճակում են, որ ամեն ինչ պետք է անեն  իրենց կյանքը պահելու համար։ Մենք հասկանում ենք, որ նրանց հետ աշխատում են թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնց հետ դժբախտաբար որոշ արևմտյան երկրների հատուկ ծառայություններն են։ Մինչև բոլորին չհարցաքննեն, չուսումնասիրեն՝ գործընթացը չի ավարտվի։ Մինչև չհասկանան՝ ում կարող են կոտրել, ում հավաքագրել՝ չի ավարտվի։ Իսկ մենք այդ մարդկանց պետք է ասենք՝ եթե ժամանակավորապես հայտնվել եք այդ պայմաններում, դա ոչինչ չի նշանակում։ Մենք պետք է մնանք սառը, հանգիստ ու հաղթող։ Իրենք  հասկանում են, որ մենք հաղթող ենք։ Պետության հիմքերը խարխլել չի կարելի, որովհետև դա խփում է գերիների ու հետագա հարցերին։ Հոգեբանական ցնցումներ  ապրող Ալիևը հասկացել է, որ կորցրել է Ղարաբաղը։ Իրեն մի նոր ցնցում է սպասվում, որովհետև իր ձեռքով վերացրեց  երկիրը ու գնաց թուրքացման։ Թուրքիան հիմա շատ դժգոհ է ու մեյդան է գցում իր «գորշ գայլերին», երկու-երեք նոր ահաբեկչական խմբեր, հայերի հետ կապված ծրագրեր են մշակում, բայց դրա պատասխանը հայկական վրիժառուներից շատ կոշտ ձևով ստանալու են։

Բաժին՝ Հայաստանում

Չինաստանը լրջորեն է վերաբերվում ռшզմшկшն անօդաչու թռչող սարքերի բիզնեսի ընդլայնմանը: Որպես դրա ապացույց ՝ Չինաստանի ավիացիոն արդյունաբերության կորպորացիան մեծ պատվեր է ստացել նոր տեխնիկական հզորությամբ «Wing Loong II» անօդաչու թռչող սարքերի մատակարարման համար:

Ըստ մասնագետների Չինական նոր «Wing Loong II» անօդաչու թռչող սարքը գերճշգրիտ հшրվшծnվ գերազանցում է Թուրքական անօդաչուներին և այն ավելի մատչելի է:

«UAV Wing Loong II»-ը համարվում է չինական ռшզմшկшն արդյունաբերության ամենաառաջատար արտադրանքներից մեկը: Արտաքուստ այն շատ նման է ամերիկյան «MQ-9 Reaper»- ին:

Անօդաչուի թռիչքի տևողությունը 33 ժամ է: Առավելագույն բարձրությունը մոտ 10.000 մետր , իսկ արագությունը ՝ 370 կմ / ժ:

«UAV Wing Loong II»-ը առանձնահաուկ է նաև նրանով , որ օգտագործում է ղեկավարվող հրթիռները (մինչև 12) և լազերային գերժամանակակից հեռակառավարվող ռումբեր:

Նիգերիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայումս սերտորեն համագործակցում է Չինաստանի հետ այս անօդաչուների ձեռքբերման հարցով:

 

 

http://slim.am/

Բաժին՝ Աշխարհում

ՍԴ Հնչակեան կուսակցութեան Կեդրոնական վարչութիւնը իր խոր մտահոգութիւնը կ'արձանագրէ Հայաստանի մէջ ստեղծուած ներքաղաքական իրավիճակի կապակցութեամբ:

Եռակողմ համաձայնութեան ստորագրումէն աւելի քան երեք շաբաթ անց, չեն դադրիր երկիրը ապակայունացնող եւ հասարակութեան մօտ ատելութիւն, խուճապ ու յուսահատութիւն սերմանող կոչերն ու յայտարարութիւնները: Աւելին, ընդդիմադիր ուժերը, լուծումներ առաջարկելու փոխարէն՝ դիտաւորեալ ու շեշտուած կերպով կ'օգտագործեն նախկին իշխանութեան ծառայող մամուլն ու խորհրդարանի ամպիոնը՝ երկրին մէջ անիշխանութեան ու քաոսի թիւր երեւոյթ ստեղծելու նպատակով:

Ճակատագրական այս պահուն, երբ բառացիօրէն կը գծուին Հայաստանի եւ Արցախի  սահմանները, երբ ունինք ռազմագերիներու եւ անհետ կորածներու անյետաձգելի հարց, գաղթականներու հարց եւ երբ երկրին մէջ կը մոլեգնի «Քորոնա» ժահրը՝ խլելով օրական տասնեակ կեանքեր, կը թուիր, թէ Հայաստանի պետական շահը վեր դասելով հատուածական շահերէն, համախմբում տեղի պիտի ունենար պետականութեան շուրջ այդ հրատապ խնդիրները լուծելու հրամայականով, այլ ոչ թէ հերթական պատեհ առիթ՝ օրինական իշխանութեան հեռացման պահանջի:

Հասկնալի է, որ պարտութիւնը առաջացուցած է շատ ծանր բարոյահոգեբանական վիճակ համայն հայութեան մօտ եւ ինչպէս բոլորը, Հնչակեան կուսակցութիւնը եւս բազմաթիւ հարցադրումներ ունի ներկայ իշխանութեան՝ պատերազմի ամբողջ ընթացքի մասին, սակայն հաստատապէս համոզուած ենք, որ հիմա չէ այդ պահը: Աւելին, այս ճգնաժամային ժամանակահատուածին, երբ բոլորիս ջանքերն ու ուշադրութիւնը պիտի բացառապէս ուղղուած ըլլան առկայ անյետաձգելի հարցերու լուծման, անտեղի եւ անիմաստ կը համարենք ստեղծուած իրավիճակի համար մեղաւորներ, անմեղներ ու դաւաճաններ փնտռելու հանրային բանավէճը, որ անշուշտ պէտք է կայանայ, սակայն միայն այն ժամանակ, երբ անկախ ու անաչառ հետաքննութեան արդիւնքով հանրութիւնը իրազեկ կը դառնայ փաստերուն ու ամբողջական պատկերին:

Միւս կողմէ, անառարկելի փաստ է, որ ստորագրուած համաձայնութիւնը բեկանման կամ բարեփոխման ենթակայ չէ եւ գործընթացը առաջ կը շարժի սրընթաց, անկախ մեր ցանկութենէն կամ ոմանց կողմէ հանրութեան մատուցուող սին խոստումներէն: Հետեւաբար, մեզի ուրիշ ելք չի մնար քան գտնել մեր մէջ ուժ եւ խոհեմութիւն, այս ծանր ձախողութենէն նոր հնարաւորութիւն կերտելու, որ անհնար է առանց միաբանութեան: Ուստի, կոչ կ'ընենք բոլոր քաղաքական ուժերուն, անկախ ներկայ իշխանութեան նկատմամբ ունեցած վերաբերմունքէն կամ տարակարծութիւններէն՝ համագործակցութեան ձեռք մեկնել անոր, իսկ իշխանութեան կը յորդորենք՝ համախոհութեան մթնոլորտ ստեղծելուն միտուած գործնական քայլեր ձեռնարկել, որպէսզի միասնական ջանքերով յաղթահարենք այս դժուարագոյն հանգրուանը:

 

Ս.Դ.Հ.Կ Կեդրոնական Վարչութիւն

30 Նոյեմբեր, 2020

 

http://www.arevelk.am/

 

Բաժին՝ Հայաստանում
Էջ 3, 3-ից