Արցախի Հանրապետության անկախությունն ու Սահմանադրությունը գործում են նույնությամբ. Արայիկ Հարությունյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «ես եմ իրավիճակի գլխավոր պատասխանատուն, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը»
Մեր խնդիրն է՝ իրավիճակը համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին. վարչապետն ԱԽ նիստում անդրադարձել է Հին Թաղեր և Խծաբերդ հատվածում տեղի ունեցածին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է.
«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Խորհրդարանական խմբակցությունների հարգելի ներկայացուցիչներ,
Հարգելի գործընկերներ,
Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,
Երեկվանից մենք որոշակի լարվածություններ ունենք Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին: Ուզում եմ ձեզ տեղեկացնել իրադրության ու որոշակի որոշումների վերաբերյալ: Նախ՝ Արցախի Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում երեկ մեր դիրքերը հարձակման են ենթարկվել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, որոշ տեղեկությունների համաձայն՝ մասնակցություն են ունեցել նաև թուրքական հատուկ նշանակության ջոկատներ:
Հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռևս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում, և գրոհ է տեղի ունեցել: Մեր Զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի են բռնվել, դիմադրություն են ցույց տվել: Մենք ունենք առնվազն 6 վիրավոր, կան այլ տուժածներ, որոնց վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է:
Երեկ արդեն՝ մարտական գործողությունների մեկնարկից որոշ ժամանակ անց, ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց որոշակի հատված՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո: Այսօր առավոտվանից ռուսական խաղաղապահներն ավելի մեծ ուժերով մուտք են գործել տվյալ հատված, և այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առնվազն խաղաղապահների ներկայությունն այդտեղ որոշակի վստահություն է տալիս, որ հետագա էսկալացիայից խուսափելու շատ մեծ հավանականություն կա:
Մեր առաջ, բնականաբար, խնդիր է՝ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին, որտեղ հստակ արձանագրված է, որ հայտարարության ընդունման պահից զորքերը մնում են իրենց դիրքերում՝ շփման գծի երկայնքով: Այսինքն՝ այստեղ նրբությունը նրանում է, որ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից ներս և, հետևաբար, լիարժեք այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից է բխում, որ պետք է գտնվի հայկական ուժերի վերահսկողության ներքո, որովհետև նոյեմբերի 9-ի դրությամբ այդ տարածքները եղել են հայկական՝ Պաշտպանության բանակի վերահսկողւթյան ներքո:
Անկախ ռուս խաղաղապահների ներկայությունից, ադրբեջանական ուժերի երեկվա գործողությունները միանշանակ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների խախտում են, և այսօր Արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությամբ հստակ արձանագրել է դա:
Ինչն է հապաղման պատճառը, որ հարձակման պահին խաղաղապահները տեղակայված չեն եղել այնտեղ, դա առանձին քննարկման և վերլուծության նյութ է, բայց այս պահին ամենակարևորն այն է, որ խաղաղապահները բավական շոշափելի ուժերով մուտք են գործել տարածք, որը պիտի բացառի ադրբեջանական ուժերի հետագա առաջխաղացումը: Իհարկե, Պաշտպանության բանակի ուժերը նույնպես ներկա են այնտեղ, բայց խաղաղապահների ներկայությունը վստահություն է տալիս, որ այնտեղ հնարավոր կլինի որոշակի կայունություն պահպանել:
Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքները, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն՝ ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն, հենց այս հատվածին է վերաբերում: Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ: Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան, և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ:
Շատ կարևոր է նաև գերիների փոխանակման գործընթացը, և այստեղ էլ մենք որոշակի առաջընթաց կամ առաջընթացի լուրջ հնարավորություն ունենք ու այսօր-վաղը պետք է կայացնենք կոնկրետ որոշումներ: Կցանկանայի նաև Անվտանգության խորհրդին և մեր խորհրդարանական գործընկերներին տեղեկատվություն փոխանցել անհետ կորածների և զոհվածների մարմինների դուրսբերման գործընթացի վերաբերյալ, ներկայացնել, թե որտեղ է հասել գործընթացը, և առաջիկայում ինչ պրոցեսներ պետք է տեղի ունենան, ինչ անելիքներ ունենք այս խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար, և ինչպիսի վստահություն կա, որ մենք այդ խնդիրները կկարողանանք հնարավորինս արագ և էֆեկտիվ լուծել:
Սա է լինելու մեր այսօրվա քննարկումների շրջանակը: Իհարկե, երեկվանից, և ոչ միայն երեկվանից, արդեն բավականին երկար ժամանակ բնական լարվածությունների և որոշակի զարգացումների ֆոնին շատ մեծ ծավալներով ապատեղեկատվական հոսքեր են առաջանում, և սա իրապես սպառնալիք է ազգային անվտանգությանը, ու մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք կառավարում այս իրավիճակը: Շատ կարևոր է, որ այս քննարկմանը ներկա են նաև մեր ընդդիմության հարգելի ներկայացուցիչները, որպեսզի մենք կարողանանք ձևակերպել, թե այս պրոցեսի մեջ ինչպիսի անելիքներ ունենք:
Ուզում եմ շեշտել, որ այդ ինֆորմացիոն ահաբեկչությունն անհանգստացրել է նաև մեր ընդդիմադիր գործընկերներին և ասեմ, որ վաղ առավոտից նաև ընդդիմության ներկայացուցիչներից եմ ստացել զանգեր ու ահազանգեր, և այս կապակցությամբ պետք է շատ կոնկրետ քայլեր ձեռնարկվեն, ինչը նշանակում է, որ առնվազն որպես օրակարգ՝ մենք սա կարող ենք ձևակերպել որպես ընդհանուր անելիք: Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի, համենայն դեպս, այդ ինֆորմացիոն ահաբեկչությունը, որ երեկ երեկոյանից շատ մեծ ծավալներ ստացավ, կարող է դառնալ այն հենման կետը, որտեղ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները կարող են ընդհանուր անելիքներ ձևակերպել և որոշումներ կայացնել, որոնք չեն ընկալվի որպես ընդդիմության կայացրած որոշում ընդդեմ իշխանության, կամ իշխանության կայացրած որոշում ընդդեմ ընդդիմության: Սա մի հարց է, որի շուրջ մտքեր կփոխանակենք՝ տեսնելու, թե ինչպիսի անելիքներ ունենք այստեղ:
Ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել նաև, որ իրավիճակը, որի մասին ես խոսեցի, համարում եմ կառավարելի, խուճապի մատնվելու կարիք չկա, պարզապես պետք է մենք կայացնենք որոշումներ, և, իհարկե, կկայացնենք այդ որոշումները: Դրանք կարող են լինել հարցեր առաջացնող, և մենք, իհարկե, պատրաստակամ ենք բոլոր հարցերին պատասխանել: Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է ճիշտ ներկայացնենք հանրությանը, թե որ որոշումն ինչի համար է կայացվում, նաև իրավիճակներն ինչի համար են ծագել:
Կապված Հին Թաղեր, Խծաբերդ հատվածի հետ՝ ուզում եմ ասել նաև, որ ի սկզբանե եղել են որոշակի հակասություններ իրադրության գնահատման շուրջ՝ այն առումով, թե նոյեմբերի 9-ի դրությամբ ով որտեղ է գտնվել: Սա, իհարկե, գուցե ոչ հետաքրքիր, բայց կարևոր նրբություն է, որովհետև նաև սա կապ ունի իրադրության հետ, որովհետև կան տարբեր վարկածներ, տարբեր մեղադրանքներ, թե ով ամսի 9-ի դրությամբ որտեղ է գտնվել և ամսի 9-ից հետո որտեղ է հայտնվել: Մենք, Պաշտպանության բանակը վստահ ենք մեր դիրքորոշումների և ճշմարտացիության վրա և, իհարկե, հետևողականորեն կաշխատենք նաև դա մեր միջազգային գործընկերներին ցույց տալու և իրադրությունը մեր ունեցած փաստարկների շրջանակում կառավարելու համար»:
Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը. ՌԴ ՊՆ քարտեզ
Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։ Այդ մասին պարզ է դառնում ՌԴ ՊՆ կայքում հրապարակված քարտեզից։ Ըստ քարտեզի նոր տարբերակի՝ խաղաղապահների վերահսկողության տակ են անցել նաև Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքները։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության՝ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև՝ ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ:
ՀԵՆՎԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՎՐԱ ՁԵՐԲԱԶԱՏՎԵՆՔ ՕՏԱՐՆԵՐԻՑ ԿԱԽՄԱՆ ՄԵՋ ԼԻՆԵԼՈՒՑ
Դեկտեմբեր 12 –ին, հանրային լրատվամիջոցները լուր տարածեցին, որ
«Արժույթի Միջազգային Հիմնադրամ»-ը հաստատել է Հայաստանին 36.9 մլն. դոլար վարկի հատկացումը:
Հայ Ձախ Ֆորումը խիստ մտահոգ է և անտրամաբանական է համարում ներկա պայմաններում օտարներից վարկ վերցնելը, որը մեր երկիրն էլ ավելի է մխրճում անհեռանկար պարտքերի մեջ: Չմոռանանք, որ ՀՀ պետական պարտքը նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 7 մլրդ 947.4 մլն դոլար և չպետք է ավելի շատացնենք դա: Հարկավոր է զերծ մնալ Համաշխարհային Բանկից ու Արժութի Միջազգային Հիմնադրամից վարկեր վերցնելուց:
Քաղաքական հեղափոխությունից հետո, իշխանությունների թավշյա քաղաքականության պատճառով, ցավոք նախկինների կողմից թալանված գումարները չվերադարձվեց պետության գանձարան:
Մենք վստահ ենք, որ, եթե ներկա իշխանությունը զերծ չմնա իր ժառանգած և ընդունած նոր լիբերալ տնտեսական քաղաքականությունից, շատ խոցելի, անհասկանալի ու անիրականանալի կդառնա իր ներկայացրած վեցամսյա ճանապարհային քարտեզի և երկարատև ծրագրերի իրականացումը: Դրա փոխարեն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի քրեաօլիգարխներից ետ վերցնելու ապօրինի ձևով ձեռք բերված գումարներն ու անշարժ գույքը: Կարող է էլ ավելի աշխուժացնի սփյուռքի գործակատարի գործունեությունը՝ սփյուռքի օժանդակությունները ավելացնելու, ստեղծման նոր ավելի գրավիչ ե արդյունավետ գաղափարներ տարածելու և ստեղծելու ուղղությամբ:
Նման մոտեցումներով հնարավոր կլինի հնարավորինս քիչ կախման մեջ մտնել միջազգային ատյաններից (ՀԲ և ԱՄՀ)-ից և ստեղծել երաշխիքներ իրագործելու նախատեսված ճանապարհային քարտեզի և երկարատև ծրագրերը:
Դատապարտելի ու անտրամաբանական է որևէ օտար երկրից տոկոսներով վարկեր վերցնելը, հատկապես ՀԲ-ից ու ԱՄՀ-ից, որոնց նպատակն է Հայաստանի նման երկրները իրենց կամքին ենթարկելու քաղաքականությունը և անընդհատ իրենցից կախման մեջ պահելը:
Հայ Ձախ Ֆորում, Երևան 13 Դեկտեմբեր 2020 թ.
Մարդկության պատմության մեջ ամենախոշոր գործադուլը ՉԻ լուսաբանվում կորպորատիվ լրատվամիջոցների կողմից:
Իսկ ինչո՞ւ չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. վարչապետը՝ Մարուքյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե իր հրաժարականն են պահանջում ՀՀ նախկին նախագահները, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, Հայոց Եկեղեցու Հայրերը, մտավորականներ, հակադարձեց. «Իսկ ինչո՞ւ դուք և խորհրդարանական ուժերը չեք պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ինչո՞ւ այդ քաղաքական ուժերը և էլիտայի ներկայացուցիչները անընդհատ առաջարկում են սցենարներ, որոնք ունեն մեկ նպատակ. ժողովրդին դուրս թողնել պրոցեսից, ընդ որում՝ անվերադարձ»:
Ըստ Փաշինյանի՝ Մարուքյանի թվարկած ուժերն առաջարոկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն: «Առաջադրում են վարչապետւի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, որը չունի հենարան խորհրդարանում, որը չունի հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը, որովհետև պայման է դրվում, որ այդ թեկնածուն պետք է ընտրություններին չմասնակցի ընդհանրապես:
Հետևաբար, եթե այս պայմաններում տեղի ունենա փոփոխություն, և նշանակվի այդպիսի վարչապետ, որը չունի ոչ մի հենարան և ոչ մի աջակցություն, լեգիտիմության ոչ մի աղբյուր, ո՞ւմ վրա է հենվելու և ո՞ւմ է պատկանելու այդ իշխանությունը: Իհարկե, իշխանությունը պատկանելու է այն ուժերին, որոնք նրան բերել ու այդ կարգավիճակին են հասցրել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այն մեկ տարվա ընթացքում, որի մասին ասում է ընդդիմությունը, վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները:
«Այդ մարդկանց 90 տոկոսը, ովքեր այսօր հրաժարականը պահանջում են, այն մարդիկ են, ովքեր 2018-ի հունիսից արդեն հրաժարական էին պահանջում: Հիմա դուք ասում եք պատերազմ, բայց եթե հետ նայեք պատերազմից առաջ, կտեսնեք, որ այդ ասելիքն ու կազմը չի փոխվել: Բայց իմ հարցը հետևյալն է, ինչո՞ւ չեն պահանջում, այդ թվում՝ դուք, արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-նշեց վարչապետը:
100 տարի առաջ Թուրքիան ցանկանում էր ջնջել Հայաստանը. ինչպես տեղի ունեցավ խորհրդայնացումը Read more: https://armeniasputnik.am/radio/20201129/25547683/100-tari-araj-turkian-tsankanumer-jnjnel-hayastany.html
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, խորհրդային շրջանի պատմության ոլորտի Հայաստանի առաջատար մասնագետ Կարեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյա հոբելյանին։
Կարեն Խաչատրյանի դիտարկմամբ` ուղիղ հարյուր տարի առաջ հայությունն ապրում էր մի ճակատագրական ժամանակաշրջան, երբ քեմալական Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմում մենք տանուլ տվեցինք, ինչի հետևանքները շատ ծանր էին Հայաստանի ազգաբնակչության համար, և շատ ավելի ծանր կլինեին, եթե Հայաստանը չխորհրդայնացվեր։
«Դա, իհարկե, իրականացվեց դրսից, նաև ուժի միջոցով, բայց ի պատիվ Հայաստանի Առաջին հանրապետության իշխանությունների` նրանք գնացին խորհրդայնացման համաձայնագրի ստորագրմանը և խաղաղ պայմաններում իշխանությունը փոխանցեցին նոր ուժերին, որոնք ապահովեցին ռազմաքաղաքական դաշինքը Խորհրդային Ռուսաստանի հետ»,– նշեց պատմաբանը։
«Խորհրդային Հայաստանը եղել է պետություն մեծ պետության կազմում, ուներ վարչաքաղաքական տարածք, իշխանության մարմիններ և վիթխարի հաջողությունների հասավ այդ ժամանակաշրջանում տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում։ Այդ գործում անշուշտ մեծ դերակատարում են ունեցել Խորհրդային Հայաստանի ղեկավարները, ովքեր կուսակցականից զատ` եղել են ազգային գործիչներ, հատկապես Ալեքսանդր Միասնիկյանը, որ դրեց Հայկական ԽՍՀ–ի ամուր հիմքերը և մեծ ներդրում ունեցավ ԼՂԻՄ–ի ձևավորման գործում»,– նշեց պատմաբանը։
Պատմաբանի գնահատմամբ` Խորհրդային Հայաստանի 70-ամյա ժամանակաշրջանը հայ ժողովրդի պատմության ամբողջ տարեգրության մեջ անվտանգության, խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի ժամանակաշրջան էր։ Ըստ նրա` հայերը խորհրդային եղբայրական մյուս ժողովուրդների հետ ուս ուսի տված հաղթանակ տարան նաև Հայրենական Մեծ պատերազմում, ինչն անխոս նաև հայ ժողովրդի մեծ հաղթանակն էր, իսկ պարտության դեպքում թուրքական վտանգը մնում էր արդիական` սպառնալով հերթական ցեղասպանությամբ։
երրորդ ուժի բացառման տեսության մասին:հանրապետությունների միջև տոնելու խտրականության մասին:
Հարցազրույցների շարան հայոց պատմության կարևորագույն հարցերի շուրջ,Հայաստանի Հանրապետության պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ հետ:
Ռամկավար Ազատական կուսակցությունը կոչ է անում հասարակությանը խուսափել քաղաքական լուրջ ցնցումներից :
Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների միջև ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունների կողմից եռակողմ համաձայնագրի ստորագրումը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական կամայական վերաձևումները Ռամկավար Ազատական կուսակցության գնահատումով բարդ իրավիճակ են առաջացրել Արցախի և Հայաստանի հանրապետությունների հասարակական–քաղաքական կյանքում: Բազմամարդ ցույցերում քաղաքական գնահատականներ են տրվում գործող իշխանությունների վարքագծին և առաջ են քաշվում վարչապետի ու նրա կառավարության անվերապահ հրաժարականները։ Ելնելով վերոգրյալից Ռամկավար Ազատական կուսակցությունը կոչ է անում հասարակությանը խուսափել քաղաքական լուրջ ցնցումներից, զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից, զգացմունքային և պահի ազդեցության տակ ընդունվող որոշումներից: Անհրաժեշտ ենք համարում շատ արագ և սթափ վերլուծել ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակը մեր երկու հանրապետություններում և դիվանագիտական խողովակներով պահանջել գործընթացին անմիջապես ներգրավել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրներին՝ Ֆրանսիային և ԱՄՆ–ին, քանզի համարում ենք, որ ՌԴ-ն հետապնդելով որոշակի շահագրգռվածություն չարաշահել է իր միջնորդական առաքելությունը՝ անտեսելով ու ոտնահարելով արցախահայության շահերը մեր տարածաշրջանում: Նմանատիպ պայքարի միջոցներով հնարավոր կլինի վերականգնել կորցրածը և մեր հերոս ժողովրդին հեռու պահել պարտվողական բարդույթից, սրանով միայն կարող ենք ապահովել մեր քաջարի ժողովրդի հետագա առաջընթացն ու զարգացումը:
ՌԱԿ ատենադպիր` Հովիկ Կարապետյան
ՌԱԿ ատենապետ` Հրաչյա Կարապետյան
Եթե կառավարությունը չսթափվի, տնտեսությունը կարող է հասնել ծայրահեղ վիճակի
Covid, հետո պատերազմ․․․ Մեր տնտեսությունն ի՞նչ վիճակում է՝ ծա՞նր, թե՞ ծայրահեղ ծանր․ «Առաջին լրատվական»-ի հարցին տնտեսագետ Գագիկ Մակարյանը պատասխանեց․ «Ես կհամարեի ոչ թե ծանր կամ ծայրահեղ, այլ դժվարին։ Այսինքն՝ ես դեռևս մեղմ իրավիճակ եմ համարում, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող հայտնվել ծանր կամ ծայրահեղ ծանր իրավիճակներում։ Այս պահին դժվարին է, որովհետև դժվարությունները, հատկապես կորոնավիրուսի, այնուհետև պատերազմական իրավիճակի հետ կապված, տեղի ունեցան այն պատճառով, որ բազմաթիվ աշխատողներ հիվանդացան, չկարողացան ապահովել տնտեսական գործունեության ռիթմը ձեռնարկություններում, ինչպես նաև աշխատողների մի մասը մասնակցեց զորահավաքներին, որպես կամավորներ մասնակցեցին պատերազմին և այդ մարդկանց մի մասը վիրավորվել կամ զոհվել է։
Այսօր մենք ունենք աշխատուժի որոշակի դեֆիցիտ, գումարած նոր դեֆիցիտային պրոբլեմներ։ Եթե մենք միշտ ասել ենք, որ կրթական համակարգը չի հասցնում ապահովել աշխատաշուկայի պահանջները, չի ապահովում այնպիսի մասնագետներ, որոնց պահանջը շուկայում կա, հիմա դրան գումարվեց նաև այն, որ մարդը ֆիզիկապես բացակայում է, կամ նվազել է մարդկանց թվաքանակը հիվանդությունների, վիրավորների և զոհերի հետևանքով։ Ի փառս պետք է ասեմ, որ բիզնեսը թե՛ կորոնավիրուսի և թե՛ պատերազմի ժամանակ կարողացավ ինքնակազմակերպվել։ Այսինքն՝ փոքր թվով մարդիկ կարողացան գիտակցաբար իրենց վրա վերցնել այն ծանր աշխատանքը, որը նախկինում անում էին ավելի մեծ թվով աշխատողներով։ Ինչ վերաբերվում է ժողովրդի տրամադրությանը, ապա այն ունի մի քանի ենթապատճառներ։ Դրանցից մեկը, բնականաբար, ֆինանսների առկայությունն է, որը կորոնավիրուսի շրջանում նվազել է»։
Մանրամասները՝ տեսանյութում։