Թուրքիան այստեղ է միայն կայսերապաշտական ձգտումների իրականացման համար. վարչապետ
Բրիտանական The Telegraph, Բելգիական European Post, ամերիկյան Foreign Policy, ավստրիական Tageblatt և իտալական Il Gеornale պարբերականների թղթակիցները Հայաստանի վարչապետին ներկայացրել են Արցախում ընթացող պատերազմի խորքային պատճառների ու դրանց հաղթահարման հնարավորությունների մասին հարցեր: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ սեպտեմբերի 27-ից սկիզբ առած պատերազմի հեղինակը Թուրքիան է՝ զորքից բացի, մեծ թվով ահաբեկիչներ տեղափոխելով Ադրբեջան: Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը և Թուրքիան խնդիր էին դրել բլիցկրիգով՝ 7-10 օրվա ընթացքում գրավել Արցախը, ինչը տեղի չունեցավ, քանի որ հայերը կռվում են իրենց իրավունքի համար:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Սա իրավունքի վեճ է, որովհետև հայերը Լեռնային Ղարաբաղում ապրել են հազարամյակով, այդ ողջ ընթացքում եղել են մեծամասնություն: Լեռնային Ղարաբաղում կա ահռելի հայկական մշակութային ժառանգություն՝ 5-րդ դարի եկեղեցի, 8-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ:
Անդրադառնալով Թուրքիայի ներգրավմանը պատերազմում՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ երկիրը այստեղ է ոչ այնքան Ադրբեջանին աջակցելու, որքան իր կայսերապաշտական ձգտումներն իրականացնելու համար: Հայաստանը վերջին խոչընդոտն է, որը փակում է Թուրքիայի ծավալումը: Եթե Եվրոպան Թուրքիայի այս գործողություններին համարժեք գնահատականի չտա, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում՝ ասել է Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում: Տեսեք, թե ինչ տոնայնությամբ է խոսում Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահի մասին: Մարդկանց գլուխներ են կտրվում այսօր Եվրոպայի փողոցներում, և բոլորը երջանիկ են նրանից, որ իրենց գլուխը չի կտրվել: Ես դա անվանում եմ ցեղասպանության մեխանիկա: Եթե այս անգամ որևէ մեկի գլուխը չի կտրվել, դա չի նշանակում, որ հաջորդ անգամ այդ նույնը տեղի չի ունենա: Եվ հստակ կա, դրա արձագանքներից մենք տեսնում ենք, թե որտեղ է այն էներգետիկ կենտրոնը, որտեղից այդ ամեն ինչը քաջալերվում է: Այն, ինչ ես ասում եմ, Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն՝ չզգուշացրինք:
Ի՞նչ կարող էր անել Հայաստանի իշխանությունը՝ կանխելու այս պատերազմը: Արևմտյան լրատվամիջոցի հարցն է: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ինքը կարող էր խոշոր զիջումների գնալ, բայց դա ևս չէր կանխի պատերազմը: Ամեն զիջումից հետո Ադրբեջանը պահանջելու էր ավելին:
Նիկոլ Փաշինյան - Ես վերջերս զուգահեռ բերեցի Մյունխենի համաձայնագրի և մեր իրավիճակի միջև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ: Եվրոպայի տերությունները մտածում էին, որ երբ Չեխոսլովակիան զիջեն Հիտլերին, կհագեցնեն նրա ախորժակը, և պատերազմը տեղի չի ունենա: Եվ ի՞նչ տեղի ունեցավ դրա արդյունքում՝ Հիտլերը կուլ տվեց Չեխոսլովակիան: Եվ գործեց մյուս ասացվածքը՝ «Ախորժակն ուտելիս է բացվում»: Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին:
Մտադի՞ր է Հայաստանը դիմել Ռուսաստանին կամ այլ պետության՝ խաղաղապահ ուժեր տեղակայելու, նաև ռազմական աջակցության համար: Հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ մեր երկրի հիմնական դաշնակիցը Ռուսաստանն է, որը կատարում է իր պարտավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:
Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանի մեր գործընկերներն ասել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրական սպառնալիքի դեպքում իրենք իրենց դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ ռազմական, կկատարեն: Մենք կարծում ենք, որ օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է Լեռնային Ղարաբաղում:
Միջազգային լրատվամիջոցների թղթակիցներն անդրադարձել են նաև Ադրբեջանի քաղաքների, հատկապես՝ Գանձակի ուղղությամբ արցախյան բանակի հրթիռակոծությանը: Փաշինյանը հարցին հարցով է պատասխանել:
Նիկոլ Փաշինյան - Իսկ ինչո՞ւ է հրթիռակոծվել Ստեփանակերտը 10 օր շարունակ կամ ավելի երկար: Ինչո՞ւ են հրթիռակոծվել և ռմբակոծվել Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին, Շուշին: Ինչո՞ւ է հրթիռակոծվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Ընդ որում, եթե մեկ արկ ընկած լիներ, մենք կարող էինք համարել, որ պատահականություն է տեղի ունեցել: Բայց երկու անգամ Շուշիի հայկական եկեղեցին ռմբակոծվել է: Ինչի՞ համար է ռմբակոծվել: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը Գյանջայում ունեցել է ռազմական թիրախներ և հարվածել է ռազմական թիրախներին:
Հայաստանի վարչապետը շեշտել է, որ հրետակոծության ու հրթիռակոծության ենթարկելով Արցախի մայրաքաղաքն ու խոշոր բնակավայրերը՝ Ադրբեջանը նպատակ ունի հայաթափել դրանք, իսկ այնտեղ մնացող հայերին ցեղասպանության ենթարկել: Հայկական բանակը պաշտպանում է մեր կենսական տարածքը, իսկ որպեսզի կանխվի ադրբեջանա-թուրքական ցեղասպանական ծրագիրը, միջազգային հանրությունը պետք է ընդառաջ գնա հայկական՝ «անջատում հանուն փրկության» նախաձեռնությանը՝ Արցախի անկախությանը:
Ադրբեջանը կիրառել է Ժնևյան կոնվենցիաներով արգելված՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ
Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքենա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ:
ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիսարևելյան, հարավային և հարավարևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք:
Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում: Հակառակորդը շարունակում է, բացի պաշտպանական բնագծերից, թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Թշնամական ուժերը կիրառել են նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջացած մարտահրավերները:
Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս՝ Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:
Հաշվի առնելով մարտական գործողությունների՝ Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997 թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:
1lurer.am
Սիոնիզմի վախճանի հրամայականը․ Աշոտ Մանուչարյան
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 21-րդ տարելիցն է
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 21-րդ տարելիցն է: 1999 թվականի այս օրը զինված հանցագործների մի խումբ ներխուժեց Ազգային Ժողով ու գնդակահարեց պետական այրերի: Ահաբեկչությանը զոհ գնացին Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Դատարանը 2003 թվականի դեկտեմբերի 2-ին արձակեց դատավճիռը. նրանցից վեցը, այդ թվում՝ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:
Նախորդ տարի 27-ի զոհերից Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի միջնորդության հիման վրա ահաբեկչության կազմակերպիչների և հովանավորների վերաբերյալ գործի անջատված մասի նախաքննությունը վերսկսվեց, ԱԱԾ-ում ստեղծվել է քննչական խումբ:
1lurer.am
Հայերը Թուրքիայի իմպերիալիստական քաղաքականության վերջին խոչընդոտն են. ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի ներկայությամբ՝ վերջինիս կողմից հայերի նկատմամբ վարվող ցեղասպան քաղաքականության շարունակությունն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հնդկական WION հեռուստաընկերության եթերում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք գիտեք, որ 20-րդ դարի սկզբին՝ մասնավորապես, 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, որն աշխարհի բազմաթիվ երկրների կողմից արդեն իսկ պաշտոնապես ճանաչված է, և որի հետևանքով էթնիկ զտում է տեղի ունեցել շատ մեծ տարածքների վրա: Եվ հիմա իմ գնահատականն այն է, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար: Սա ունի կոնկրետ պրագմատիկ նպատակ: Որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար՝ իր իմպերիալիստական քաղաքականությունը դեպի հարավ, արևելք և հարավ-արևելք շարունակելու համար: Եվ այս համատեքստում, այո՛, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է գոյութենական վտանգի ներքո, և մենք կարծում ենք, որ հարցի լուծման ամենաճիշտ և պրագմատիկ ձևը «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձևի կիրառումն է՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է վարչապետը:
Հարցին՝ արդյոք կարելի՞ է ասել, որ Հայաստանը հայտնվել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընթացող միջնորդավորված, անուղղակի պատերազմի թատերաբեմում, Նիկոլ Փաշինյանը բացասական պատասխան է տվել։ «Ոչ, ես չեմ կարող այդպիսի բան ասել, որովհետև Ռուսաստանը ներգրավված չէ պատերազմում, և Ռուսաստանը հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, որտեղ պետք է քննարկվի և լուծվի Ղարաբաղի հարցը: Ռուսաստանը, այո՛, Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բայց նա պատերազմի մեջ ներգրավված չէ և ավելի շատ ներգրավված է որպես միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության Ղարաբաղի հարցը կարգավորելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում»,- շեշտել է Փաշինյանը:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:
Իդլիբի շրջանում ավիահարվածները ՌԴ-ի պատասխաններից մեկն է Թուրքիային. Պատմաբան
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում գործ ունենք ցեղասպան պետությունների հետ: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ այսօր պանթյուրքիստական ծրագրի շարունակությունն են փորձում ապահովել:
«Թուրքիայի պարագայում, ինչպես գիտենք, 1915 թվականի հայոց ցեղասպանության իրագործումն է, այնուհետև մշակութային եղեռնը: 2014 թվականի մարտին նույն ահաբեկչական խմբավորումների միջոցով իր տարածքից հարձակում գործեց հայաբնակ Քեսաբի վրա: Դա շատ խոսուն փաստ է՝ ապացուցելով, որ Թուրքիան ահաբեկիչների հետ մշտապես գործակցող պետություն է՝ նրանց ուղղորդելով հայ բնակչության դեմ: Այսօր էլ նույն ահաբեկիչներին տեղափոխում է Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու համար»,-ասաց Արմեն Մարուքյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա պատմաբանը հիշեցրեց Մուսավաթական Ադրբեջանի գործողությունները, երբ թուրքական բանակի գլխավորությամբ 1918 թվականին իրականացվեց Բաքվի հայերի կոտորածը, հետագայում 1919 թվականի հունիսին և 1920 թվականի մարտին Շուշիի հայերի բնաջնջումը տեղի ունեցավ: Վերջին շրջանում 1988 թվականին Սումգայիթի հայերի կոտորածը եղավ, որին հաջորդեցին Բաքվի, Մարաղայի ջարդերը:
«Այսօր էլ Արցախի դեմ իրականացվող գործողություններից մենք տեսնում ենք, որ այդ ամենը տեղավորվում է ցեղասպանական, պանթյուրքիստական ծրագրի շրջանակում: Այս պահին Թուրքիան և Ադրբեջանը խոսքից անցել են գործի, և սա ոչ այլ ինչ է, քան գոյաբանական կռիվ»,-ասաց Արմեն Մարուքյանը:
Անդրադառնալով այս օրերին Ռուսաստանի դերակատարությանը՝ Արմեն Մարուքյանը նշեց, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունն իր դաշնակցային պարտավորությունները կատարում է: Նա պատահական չհամարեց Իդլիբի շրջանի ավիահարվածները: Գաղտնիք չէ, որ հենց այդ շրջաններից էր Թուրքիան մատակարարում ահաբեկիչներին Ադրբեջան:
«Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այնտեղից ահաբեկիչներ չեն բերվում, որովհետև բոլոր բազաները, ըստ էության, ոչնչացված են: Եվ տեղեկատվությունն առ այն, որ թուրքական հատուկ ջոկատայիններն են բերվում, խոսում է այն մասին, որ նոր ահաբեկիչների մուտքն ապահովելը դժվարանում է, և Թուրքիան ստիպված է ապավինել սեփական հատուկ ջոկատային ուժերին»,-ասաց պատմաբանը:
Արմեն Մարուքյանը նաև կարևոր համարեց Ադրբեջանի օդուժի սահմանափակումը, ինչը ռազմաքաղաքական համագործակցության կարևոր արդյունք է համարում: Ըստ նրա, սա նշանակում է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, բոլոր դեպքերում, ուղիղ չներգրավվելով ռազմական գործողությունների մեջ, միևնույն է, աջակցություն ցուցաբերում է:
«Ստեղծված իրավիճակը հօգուտ հայ ժողովրդի է: Չմոռանանք, որ մենք հաղթանակած բանակ ունենք, որը տարածաշրջանում համարվում է լավագույնը: Այսօր միայն ադրբեջանական ուժերը չեն պատերազմում, Թուրքիան է ներգրավված՝ իր հատուկ ջոկատայիններով, ահաբեկիչներով, սակայն կարծում եմ, որ անգամ այս պարագայում, մեր բանակը, ժողովուրդն ի զորու է պաշտպանելու իր ապրելու, պետականությունը պահպանելու և զարգացնելու իրավունքը»,-հավելեց պատմաբանը:
Իրանը հատուկ նշանակության ուժեր և ռազմական տեխնիկա է ուղարկում ԼՂ-ի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի հեղափոխության կորպուսը Մազանդարանի և Գիլյանի շրջանների հատուկ նշանակության ուժերն ու ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական Azariha տելեգրամ ալիքը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի հեղափոխության կորպուսի ներկայացուցիչը, նշելով, որ Թեհրանը դա անում է երկրի հյուսիս-արեւմտյան սահմանների երկայնքով օտարերկրյա ներկայությունից երկրի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար:
«Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ոչ մի փոփոխություն չի հանդուրժի»,- ասել է Իրանի ներկայացուցիչը։
Ավելի վաղ, իրանական բաց աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին։ Իրանական IRNA գործակալությունը, հղում անելով «Sepahnews»-ին, նույնպես հայտնել է, որ ԻՀՊԿ ցամաքային ուժերի «Իմամ է Զաման» բրիգադը տեղակայվել է երկրի հյուսիսարևմտյան սահմաններին։
Հոկտեմբերի 26-ին Խոդաֆարինի շրջան է այցելել Իրանի հեղափոխության կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։
Թուրքիան իրականացնում է «Խորացված պետություն» գաղտնի ծրագիրը. Հակաահաբեկչական պայքարը օրհասական հարց է
«Այս պատերազմը, որը սանձազերծվել է Թուրքիայի կողմից, նախապատրաստվել է շատ վաղուց։ Այս պատերազմը կազմակերպվել է հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 2-րդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թվականին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը։
«Ծրագիրը կոչվում է «Գլադիո»։ 1980 թվականին Թուրքիայի միջոցով այս ծրագիրը մշակվել է, որի իրականացման կառույցը կոչվում էր СТК՝ հակապարտիզանական ուժերի շտաբ, որի մեջ մտնում են նաև ահաբեկչական խմբավորումներ։ Այդ ծրագրով նախատեսվում էր 3 էտապով Թուրքիայի միջոցով իրականացնել մի լուրջ գաղտնի ծրագիր, որը կոչվում է «խորացված պետություն»։ Առաջին էտապով Թուրքիան մինչև 2010 թվականը պետք է պարզապես տնտեսապես հզորանար, իսկ երկրորդ էտապով՝ 2010-2020 թվականներին, Թուրքիան պետք է իր ազդեցությունը հաստատեր նախկին Խորհրդային Միության թուրքալեզու հանրապետություններում, իսկ 2020 թվականից մինչև 2050 թվականը՝ երրորդ էտապում, պետք է ստեղծվի, ձևավորվի նոր օսմանական պետությունը։ Էրդողանը 2020 թվականին, ըստ էության, իրականացնում է այն ծրագիրը, որը մշակվել է դեռևս 1980 թվականին։ Ասեմ՝ ծրագրից շատ լավ տեղյակ է ՆԱՏՕ-ն»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ այս ամենը գալիս է ապացուցելու, որ այսօրվա պատերազմը ծրագրավորված է եղել դեռևս երկու տասնամյակ առաջ։
Պուտինը նշել է ղարաբաղյան հակամարտության էթնիկ բնույթը, հիշել ցեղասպանությունը
«Վալդայ» քննարկումների ակումբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Նա նշել է, որ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմից մեծաթիվ զոհեր կան՝ իրենց տվյալներով՝ յուրաքանչյուր կողմից 2 հազարից ավելի զոհ, զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի:
Ռուսաստանի նախագահն ասել է, թե շատ կցանկանար որևէ փոխզիջում գտնել, ամեն օր մի քանի անգամ խոսում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:
Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներիայսօր կայանալիք հանդիպումների առնչությամբ Պուտինն ասել է՝ մեծ հույսեր ունի, որ ԱՄՆ-ը համատեղ կգործի, կաջակցի կարգավորման ջանքերին:
Պուտինին ուղղված հարցում ակնարկ կար, որ Ռուսաստանը կարող է օգնել Հայաստանին Ադրբեջանի և Թուրքիայի դեմ մղվող պայքարում, որովհետև Ռուսաստանն ու Հայաստանը յուրահատուկ հարաբերություններ ունեն: Սակայն ՌԴ նախագահն ասել է, որ Ռուսաստանը յուրահատուկ կապեր ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ: Նա մի քանի գործոններ է թվարկել և նշել, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը Ռուսաստանի համար հավասար գործընկերներ են:
Պուտինը նշել է, որ իհարկե ընդհանրությունների հետ մեկտեղ կան նաև տարբերություններ, և չօգտագործելով ցեղասպանություն բառը՝ նա ասել է. - «Մենք հաստատ չենք մոռանա այն, ինչ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ, հայ ժողովրդի մեծ ողբերգությունը»:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվելու պատճառի մասին Ռուսաստանի նախագահն ասել է, թե այն չի սկսվել որպես միջպետական կամ տարածքների համար հակամարտություն, այլ էթնիկ բնույթ է կրել: «Ցավոք, դա ևս փաստ է, որ նախ Սումգայիթում, իսկ հետո Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան ոճրագործություններ են իրականացվել: Այս ամենը պետք է համալիր կերպով հաշվի առնենք: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ այն իրավիճակը, որի պարագայում Ադրբեջանի տարածքի զգալի մասը կորսվել է, չի կարող երկար շարունակվել», - նշել է Պուտինը:
Չխորանալով բանակցությունների մանրամասների մեջ՝ նա ասել է, թե լարված աշխատանք է տարվել կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար, որոշ պահերի թվում էր, որ մի փոքր էլ, մի քիչ էլ, մի քայլ էլ՝ և կգտնվի լուծումը, դժբախտաբար դա տեղի չունեցավ, և «այսօր մենք ունենք հակամարտություն՝ վատթարագույն տարբերակով»:
«Հիմա առաջինը, ինչ պետք է անել՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: Այդ մասին ձեռք բերված համաձայնությունը ցավոք չկատարվեց, պետք է ձգտել հասնելու դրա իրականացմանը», - ընդգծել է Ռուսաստանի նախագահը:
Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ, Պուտինը, գովաբանելով Էրդողանին, նաև ասել է, թե որոշ հարցերում տեսակետները չեն համընկնում. - «Նա չի ճանաչում Ղրիմը, Լեռնային Ղարաբաղը: Մեր կողմից պետք է աշխատենք բոլորի հետ, համբերությամբ լցվենք, ապացուցենք մեր ճշմարտությունը: Տարբեր են դիրքորոշումները Հարավային Կովկասի իրավիճակի վերաբերյալ՝ Ռուսաստանը գտնում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով, եթե 30 տարվա բանակցությունները լուրջ հաջողություններ չեն գրանցել, դա չի նշանակում, թե պետք է սկսել կրակել», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:
Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան:
1lurer-am