Հրաչյա Աճառյան

01 Ապրիլի 2016

Այս տարի լրանում է հայ և համաշխարհային գիտության խոշոր դեմքերից մեկի՝ լեզվաբան, բանասեր Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակը:

Ծնվել է 1876 թ. մարտի 8 (20)-ին արևմտահայ հոգեմտավոր մայրաքաղաք Կ. Պոլսում: 1883 թ. ընդունվում է Սամաթիայի Արամյան վարժարանը, սովորում 2 տարի, 1885 թ․՝ Սամաթիայի Ս. Սահակյան թաղային վարժարանը, սովորում 4 տարի, 1889 թ. ընդունվում է Պոլսո Կեդրոնական վարժարանը: 1893-ին, ավարտելով այն, պաշտոնավարում է Գադը գյուղի Արամյան դպրոցում, այնուհետև՝ 1894-ին Կարինի Սանասարյան վարժարանում: 1895-ից սովորում է Փարիզի Սորբոնի համալսարանում՝ աշակերտելով Անտուան Մեյեին, ապա՝ 1898-ին, Ստրասբուրգում՝ աշակերտելով Հայնրիխ Հյուբշմանին: 1898 թ. գալիս է Վաղարշապատ։ Այդ թվականից որպես ուսուցիչ պաշտոնավարում է Վաղարշապատում, Շուշիում, Նոր Բայազետում, Նոր Նախիջևանում, Թեհրանում, Թավրիզում: 1923-ին հրավիրվում է Երևանի պետական համալսարան և մինչև կյանքի վերջն աշխատում որպես դասախոս, նաև ամբիոնի վարիչ:

Աճառյանի գիտական հունձքը ամփոփված է նրա ավելի քան 250 մեծ ու փոքր աշխատություններում: Ուսումնասիրել է հայագիտության բոլոր բնագավառները, հիմնադրել հայերենագիտության մի շարք ճյուղեր՝ հայոց լեզվի պատմություն, հայ բարբառագիտություն և այլն: Հետազոտել է հայերեն բարբառները, զբաղվել դրանց պատմության ու դասակարգման խնդիրներով, ստեղծել բարբառագիտական ուսումնասիրությունների իր մեթոդն ու տեսությունը: Բարբառագիտական կարևորագույն աշխատություններն են «Հայ բարբառների դասակարգումը» (1909 ֆրանս.), որն իբրև ատենախոսություն ներկայացրել է Սորբոնի համալսարանին, «Հայ բարբառագիտություն»-ը (1911) և «Հայերեն գավառական բառարան»-ը (1913), որ պարունակում է մոտ 30000 գավառական բառ:

Շուրջ քառասնամյա անձանձիր աշխատանքի արդյունք է «Արմատական բառարանները» (հ. 1-7, 1926-35). պարունակում է հայ հին և միջնադարյան մատենագրության մեջ գործածված 11000 արմատական բառ՝ բացատրություններով, քերականական և բառագիտական տեղեկություններով ու 5095 արմատի ստուգաբանությամբ: Այս կոթողային աշխատանքը բարձր են գնահատել ժամանակի ականավոր հայագետները. նրանցից Անտուան Մեյեն ասել է. «Մեր պաշտոնակից եղբայրը, Հ. Աճառյանը՝ Երևանի համալսարանից, իր հայերենի ստուգաբանական բառարանով կանգնեցրել է մի կոթող: Ոչ մի լեզվի համար չկա այսքան ճոխ, այսքան կատարյալ ստուգաբանական բառարան: Հպարտ եմ, որ ունեցել եմ պր. Աճառյանին երկար տարիներ իմ աշակերտների թվում. նա մեկն է նրանցից, որոնք պատիվ են բերում այն դպրոցին, որից անցել են»: Հայագետ և վրացագետ Հանզ Ֆոկթը 1938 թ. Նորվեգիայիում հրատարակվող «Լեզվաբանական հիշատակարանում» «Արմատական բառարանի» մասին գրել է. «Բարձրարժեք և անհրաժեշտ մի գործ է: Լեզվաբանությանը մեծ ծառայություն մատուցած կլինի այն գիտնականը, որը հանձն կառնի Հ. Աճառյանի ընտիր և թանկագին այս բառարանը առձեռն ու համառոտ ներկայացնել մեզ եվրոպական որևէ լեզվով»: «Հայոց անձնանունների բառարան»- ում (հ. 1-5, 1942-62) հավաքել և ուսումնասիրել է 5-13-րդ դդ. հայ մատենագրության մեջ հիշատակված անձնանունները, տվել դրանց մեծագույն մասի ստուգաբանությունը, նաև՝ այդ անուններով հայտնի անձանց մասին համառոտ տեղեկություններ: Հայերենի պատմությանն է նվիրված «Հայոց լեզվի պատմություն» (հ. 1-2, 1940-51) աշխատությունը: Այստեղ գիտնականն ուսումնասիրել է հայերենի ծագման ու պատմական զարգացման ընթացքը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը, լուծել հայերենի պատմության բազմաթիվ հարցեր: Հայերենի պատմահամեմատական ուսումնասիրությանն է նվիրված «Լիա- կատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների, բազմահատոր աշխատությունը (հ. 1-7, 1952- 2005, Ներածություն, 1955): Այն իր կառուցվածքով և նյութի ընդգրկունությամբ եզակի երևույթ է լեզվաբանական գրականության մեջ. ունի հանրագիտարանային արժեք: Այստեղ կարելի է գտնել անհրաժեշտ բոլոր տեղեկությունները աշխարհի բազմաթիվ լեզուների և, մանավանդ, հայերենի քերականական կառուցվածքի զարգացման ու փոփոխությունների ողջ պատմական ընթացքի մասին: Աճառյանը գիտականորեն հիմնավորված խոսք է ասել քննարկվող հարցերի մասին, տվել դրանցից շատերի սպառիչ լուծումը: Աշխատության ներածական հատորում ամբողջապես արտահայտվել են գիտնականի լեզվաբանական տեսական հայացքները: Աճառյանը մենագրություն է գրել Մեսրոպ Մաշտոցի կյանքի ու գործունեության, հայ գրերի ստեղծման պատմության և Մեսրոպին ու հայ գրերին վերաբերող աղբյուրների մասին («Ս. Մեսրոպի և գրերու գյուտի պատմության աղբյուրներն ու անոնց քննությունը», 1907, «Հայոց գրերը», 1928, 1968):

 Բացառիկ բարեխղճությամբ քննել է հայոց հին ձեռագրերը, կազմել տարբեր վայրերում պահվող ձեռագրերի ցուցակները: Բանասիրական տեսանկյունից կարևոր է Եզնիկի՝ պահպանված միակ ձեռագրի համեմատությունը հրատարակված բնագրի հետ («Քննություն և համեմատություն Եզնկա նորագյուտ ձեռագրին», 1904, Գ. Մկրտչյանի համահեղինակությամբ): Զբաղվել է նաև հայ գրականության և հայոց պատմության խնդիրներով, դրանց նվիրել մի շարք ուսումնասիրություններ՝ «Պատմություն հայոց նոր գրականության» (3 պրակ, 1906-12), «Տաճկահայոց հարցի պատմությունը» (1915), «Երվանդ Շահազիզ» (1917), «Տիկին Սրբուհի Տյուսաբ» (1951) և այլն: «Հայ գաղթականության պատմություն» աշխատությունը (2002) ունի գիտաճանաչողական մեծ նշանակություն: Թողել է ձեռագիր մեծարժեք աշխատություններ: Եղել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), Փարիզի լեզվաբանական ընկերության անդամ (1897. 21 տարեկանում), Չեխոսլովակիայի արևելագիտական ինստիտուտի գիտական բաժնի թղթակից անդամ (1937): Աճառյանի գիտական աշխատություններին բնորոշ է մտածողության հստակությունն ու պարզությունը: Նա իր ստեղծագործական բեղմնավորությունը բացատրում էր ոչ այնքան աշխատասիրությամբ, որքան աշխատանքային ռեժիմի խիստ պահպանմամբ: Ինչ աշխատանք էլ որ գրել է, ցուցաբերել է գիտական բարեխղճություն և պատասխանատվություն: Հետևողական էր իր համոզմունքների մեջ: Այն բացառիկ գիտնականներից էր, ովքեր պաշտոնի, փողի համար երբեք իրենց կարծիքը չեն փոխում, չեն գործում իրենց խղճի դեմ: Գիտության նվիրյալ լինելուց զատ նաև ուսուցիչ էր՝ բառիս վեհագույն իմաստով: Կիրառում էր ուսուցման նորարար ու արդյունավոր եղանակներ, որոնց շնորհիվ սաները կարճ ժամանակահատվածում դյուրությամբ տիրանում էին գիտելիքների մեծ պաշարի:

Աճառյանին բնորոշ էր մայրապաշտությունը. նա իր սաներին խորհուրդ էր տալիս սիրել ու պաշտել մայրերին: «Մենք պարտական ենք մեր մայրերին, որոնք մեր գենը չեն խառնել օտարներին, միշտ հավատարիմ են մնացել իրենց ամուսիններին»: Հոգեպես շատ կապված էր հոր հետ: Հաճախ աշխատավարձից կանոնավորապես որոշակի գումար էր հատկացնում իր բազմաթիվ լավ սովորող չունևոր ուսանողներին՝ գաղտնի պահելով այդ օգնությունը՝ ստացողի ինքնասիրությունը չվիրավորելու համար: Նաև անվերադարձ դրամ էր տալիս կարիքավորներին: Աճառյանին շատ բնորոշ էր խնայողությունը: Վճռական մարդ էր: Ճշտապահ էր: Նրա հիմնական խորհուրդներից մեկը ժամանակի խնայողությունն էր:

Մեծ հայրենասեր էր: Փարիզում սովորելու տարիներին կամեցել էր միանալ Զեյթուն մեկնելու պատրաստ երիտասարդների խմբին: Զեյթունի համար կազմակերպված հանգանակության ժամանակ, չափազանց ծանր նյութական դրության մեջ լինելով հանդերձ, տրամադրել էր իր հոգեպահուստ 20 ֆրանկը՝ խնդրելով, որ անունը չհրապարակվի: Շուշիում կամավորագրվել և մասնակցել էր թշնամու դեմ մղվող կռիվներին:

Մի անգամ Մառը Աճառյանին ասում է. «Ի՞նչ պիտի անեք դուք այստեղ»: «Ուսուցիչ եմ և սիրում եմ ուսուցիչ մնալ, ծառայելու համար իմ ժողովրդին»,-պատասխանում է Աճառյանը: «Բայց Դուք գիտեք, թե ինչքան տառապալի է հայ ուսուցչի վիճակը. այստեղ Ձեզ ոչ ոք չի գնահատի, Դուք կմնաք խեղճ ու թշվառ։ Եկեք ինձ հետ Պետերբուրգ, ձևի համար աշակերտեցեք ինձ մի տարի, ռուսերեն կսովորեք, կավարտեք, ես Ձեզ կամուսնացնեմ պրոֆեսորներից մեկի քրոջ կամ աղջկա հետ, և Դուք կլինեք նշանավոր գիտնական»,-շարունակում է Մառը: Ի պատասխան Աճառյանն ասում է. «Ավելի լավ եմ համարում մնալ աղքատ ուսուցիչ և ապրել ու ծառայել իմ ժողովրդի մեջ, քան թե գնալ Ռուսաստան»։ Պատմությունը կրկնվում է պրոֆեսոր Մեյեի հրավերի դեպքում:

Նույն կերպ էր վարվել նաև իր ավագ ընկերը՝ մեծն Կոմիտասը, մերժելով եվրոպական գայթակղիչ առաջարկները:

Աճառյանը «Էջմիածին» ամսագրի աշխատակից, իր վաղեմի բարեկամ Եղիշե Վարդերեսյանին մի անգամ ասել է. «Տղա՛ս, ես տարիքս առել եմ, այսօր կամ վաղը չկամ: Դու դեռ երիտասարդ ես, կապրես ու կտեսնես: Իմ բոլոր նախասիրությունները իրականություն են դարձել կյանքում: Այդպես եղավ ահա լեզվի հարցի շուրջ: Մի ուրիշ նախասիրություն ևս  ունեմ, որն անպատճառ կիրականանա: Մի օր, լավ միտքդ պահիր,- ասել է և ձեռքի լայն շարժումով դարձել դեպի Արարատն ու շարունակել,-Արևմտահայաստանը պիտի ազատագրվի ու միանա Արևելահայաստանին, սփյուռքահայությունն էլ պիտի հանգրվանի իր Մայր հայրենիքում, և Մասիսները իրենց փեշերի շուրջը կհավաքեն բոլոր կողմերից աշխարհով մեկ սփռված իրենց զավակներին»։ Մի առիթով էլ գիտնականն ասել է. «….Մենք փոքր ազգ ենք, եթե հայերը ազգասեր չլինեին, հայ ազգը այդքան դարեր չէր կարող պահպանել իր գոյությունը»:

Բոլոր ազգերի ու ժամանակների մեծագույն լեզվաբաններից մեկը մահկանացուն կնքեց 1953 թ. ապրիլի 16-ին, Երևանում:

Աճառյանին մեկ նախադասությամբ բնութագրելով կարող ենք ասել՝ նա ռահվիրաներից մեկն էր:

 

Հրաչյա ԲԱԼՈՅԱՆ

բանասիրական գիտությունների

թեկնածու

Ակնարկի պատրաստմանն աջակցելու

համար հեղինակն իր խորին շնորհակալությունն է հայտնում մեծ լեզվաբանի թոռանը՝

Գրականության և արվեստի թանգարանի տեսաձայնադարանի վարիչ Հրաչյա Աճառյանին:

 

Աղբյուրը՝ «Գիտություն» թերթ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: