Շախմատի դասավանդման փորձի ուսումնասիրում

23 Մարտի 2016

Այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դուբկովսկու գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը ողջունել է հյուրերին և ներկայացրել Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում շախմատը որպես պարտադիր դասավանդվող առարկա ներդրման գործընթացի առանձնահատկությունները: «Մենք կյանքի ենք կոչել Հայաստանի Հանրապետության նախագահի ծրագիրը, և այն արդեն հուսադրող արդյունքներ է տալիս: Գործընթացը սկսվել է գիտամանկավարժական լուրջ ուսումնասիրություններից հետո, և պատահական չի ընտրված աշակերտների տարիքային շեմը՝ 2-րդից 4-րդ դասարանները»,- ասել է նախարարը:

Նա նաև տեղեկացրել է, որ հայկական փորձը այլ երկրներում կիրառելու վերաբերյալ քննարկումներ է ունեցել նաև ՖԻԴԵ-ի նախագահի հետ, որն անձամբ շատ է հետաքրքրված աշակերտներին շախմատ դասավանդելու աշխարհագրությունը մեծացնելու ուղղությամբ: «Բելառուսի Հանրապետությունն առաջին երկիրն է, որն արդեն գործնական քայլեր է ձեռնարկում, և մենք ուրախությամբ մեր բելառուս գործընկերներին կփոխանցենք տարիների ընթացքում ձեռք բերված փորձը»,- նշել է Գ. Ղազարյանը:

Պատվիրակության ղեկավար Ա. Դուբկովսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ հայկական փորձի կիրառումը կնպաստի Բելառուսի Հանրապետությունում շախմատի ավելի մասսայականացմանը և զարգացմանը: Երկօրյա այցելության ընթացքում հյուրերը կլինեն հանրակրթական դպրոցներում՝ ուսումնական գործընթացին տեղում ծանոթանալու և ուսուցիչների հետ զրուցելու նպատակով: Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել փորձագիտական խմբերի մակարդակով:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ա. Նազարյանը, Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Վ. Հայրապետյանը, Տ. Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն Հ. Թավադյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչության պետ Յու. Մամիկոնյանը և հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Ս. Շաշիկյանը:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի

բաժին

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: