Բնապահպանական հարցեր

20 Մարտի 2016

Մի «հիանալի» ակնթարթում կարող է առաջանալ «բնապահպանական շղթայական ռեակցիա», և կփոփոխվի ողջ բիոմիջավայրը։ Ե՞րբ այն կառաջանա՝ գիտությունը կանխատեսել  չի կարողանում։ Բնապահպաններն ասում են՝ դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի. ամեն ինչ արդեն հասունացել է։

Աշխարհն այսօր ապրում է մեր կյանքի պատմության մեջ նմանը չունեցող՝ անընդհատ ուժգնացող գլոբալ էկոլոգիական ճգնաժամի պայմաններում, որի բաղկացուցիչ մասն են կազմում մոլորակի չվերականգնվող ռեսուրսների սպառումը, կլիմայի փոփոխությունը, որն առաջանում է արդյունաբերական արտանետումների ազդեցությամբ, կենդանի օրգանիզմի մահացությունը, բույսերի և կենդանիների զարգացման և տեսակների թվի ու դրանց կյանքի տևողության կրճատման, մարդու՝ որպես բիոլոգիական տեսակի այլասերումը, նրա ֆիզիկական ու մտավոր կարողությունների դեգրադացիան։ Մենք ցանկանում ենք այս ամենին տալ ավելի կոնկրետ բնույթ, շաղկապված մեր տարածաշրջանի, մեր բնակավայրի և բնական միջավայրի հետ։

Եվ այսպես՝ Սյունիքի մարզի տարածքում են շահագործվում մեր հանրապետության պղնձամոլիբդենային և ոսկի-բազմամետաղային խոշորագույն հանքավայրերից մի քանիսը։ Դրանցից են՝ Քաջարանի, Հանքասարի և Ագարակի պղնձամոլիբդենային և Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրերը, որոնց շահագործման արդյունքով բնական միջավայրին հասցվում են այնպիսի սարսափելի վնասներ, որի մասին մտածելիս մարդու մարմնով սարսուռ է անցնում։ Այդ հանքավայրերի շահագործման և հանքահարստացման գործընթացներում օգտակար տարրերի (օգտակար են, եթե դրանք կորզվում ու օգտագործման մեջ են ներդրվում, բայց խիստ վնասակար են, երբ դրանք հանքահարստացման թափոնների՝ հարստապոչերի հետ թափվում են շրջակա միջավայր) թերկորզման, իսկ որոշակի հանքանյութերի չկորզման հետևանքով յուրաքանչյուր տարի շրջակա միջավայր են թափվում միլիոնավոր ու տասնյակ միլիոնավոր տոննաների հարստապոչեր, որոնց հետ էլ հազարավոր ու տասնյակ հազարավոր տոննաներով ծանր մետաղներ ու թունավոր տարրեր։

Բերենք կոնկրետ օրինակ.

- Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվում է 1951 թվականից (ավելի, քան 60 տարի)։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից թողարկվում էին և այժմ էլ թողարկվում են կիսաարտադրանքներ՝ պղնձի և մոլիբդենի խտանյութեր, որոնք ԽՍՀՄ-ի օրոք վերամշակվում էին ԽՍՀՄ-ի տարածքում. պղնձի խտանյութերը՝ Ալավերդու մետալուրգիական կոմբինատում, իսկ մոլիբդենինը՝ Ռուսաստանի Չելյաբինսկ և Օրջոնիկիձե (այժմ Վլադիկավկազ) քաղաքներում։ Այժմ այդ խտանյութերը մեծամասամբ վաճառվում են արտասահմանյան երկրներին։

Ինչպես ԽՍՀՄ-ի օրոք, հիմա շատ ավելի վատ, օգտակար տարրերը հանքաքարերից խտանյութերի մեջ են կորզվում շատ ցածր տոկոսներով։ Ճշմարտացի լինելու համար բերենք մի քանի օրինակ.  1988-1990 թթ. թողարկված պղնձի խտանյութում պղինձ մետաղի միջին պարունակությունը կազմել է 17,9%, իսկ պղնձի կորզումը հանքաքարերից խտանյութերի մեջ՝ 72,5%, մոլիբդենի խտանյութերում մոլիբդեն մետաղի միջին պարունակությունը կազմել է 51,41%, իսկ մոլիբդենի կորզումը՝ 81,4%,

- 1998-2000 թթ. թողարկված պղնձի խտանյութերում պղինձ մետաղի միջին պարունակությունը կազմել է 24%, իսկ պղնձի կորզումը հանքաքարերից խտանյութերի մեջ՝ 60,85%, մոլիբդենի խտանյութերում մոլիբդեն մետաղի միջին պարունակությունը կազմել է 50,79%, իսկ մոլիբդենի կորզումը՝ 72,89%։

Նշենք, որ Քաջարանի հանքավայրում հիմնական (քանակական մեծամասնություն կազմող) հանքանյութեր են համարվում պղնձի խալկոպիրիտը, մոլիբդենի մոլիբդենիտը և ծծմբի հրաքար պիրիտը, ընդ որում՝ պիրիտ հանքանյութի, որն, ի դեպ, բոլորովին չի կորզվում և ամբողջությամբ պոչամբար է թափվում, քանակը շատ ավելին է, քան պղնձի խալկոպիրիտինը։

Նշված հիմնական տարրերի հետ զուգակցված (սերտորեն կապված) են մի քանի շատ կարևոր և շատ էլ արժեքավոր տարրեր՝ ռենիում, սելեն, տելլուր, բիսմուտ, ոսկի, արծաթ, պլատին, պալադիում և այլն։ Առանձին հանքանյութերի տեսքով Քաջարանի հանքաքարերում հայտնաբերված են նաև կապարի, ցինկի, կոբալտի, նիկելի, մկնդեղի, երկաթի, տիտանի, վանադիումի և սկանդիումի հանքայնացումներ, որոնցից մի քանիսի (կապարի, ցինկի, կոբալտի, նիկելի, մկնդեղի) հանքանյութերը հանքահարստացման գործընթացներում, հիմնական օգտակար տարրերին ուղիղ համեմատական քանակներով, անցնում են խտանյութերի մեջ, իսկ մյուս մասը, ինչպես և հիմնական տարրերինը, չկորզվող հանքանյութերի և օգտակար տարրերի (մագնետիտ հանքանյութի երկաթի, տիտանի, վանադիումի, սկանդիումի, պիրիտ հանքանյութի) հետ միասին թափվում են պոչամբարներ և թունավորում շրջակա միջավայրը։ Նշենք, որ սելենը, տելլուրը, մկնդեղը, կադմիումը և սնդիկը, որոնք Քաջարանի հանքաքարերում հանդիպում են հազվադեպ, շատ քիչ քանակությամբ, այնուամենայնիվ, նշված մյուս տարրերի հետ համահավասար, թունավոր են, և դրանք բոլորն էլ խիստ վտանգավոր են բուսական և կենդանական աշխարհի համար (նշված տարրերը թունավոր են, նույնիսկ իրենց միացությունների՝ հանքանյութերի տեսքով)։

Բերված երկու օրինակներից պարզորոշ երևում է, որ յուրաքանչյուր տարի, օգտակար տարրերի թերկորզման հետևանքով բնական միջավայր են թափվում ծանր մետաղների և թունավոր տարրերի, բոլորն էլ խիստ վտանգավոր՝ 18,6-ից մինչև 39,15%-ը, որոնց կշռային քանակները կազմում են հարյուրավոր ու հազարավոր տոննաներ։

 

Հրաչիկ Ավագյան

Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: