Թեղուտի հանքավայրի մասին

20 Մարտի 2016

Այս աշխատությունը մի քանի տարի առաջ է գրվել։ Այն կրկին տպագրում ենք՝ առանձնացնելով Հրաչիկ Ավագյանի հետազոտությունը, ինչը և՛ հետաքրքիր է յուրաքանչյուր հայի համար, և՛ անհրաժեշտ գիտելիքներ է պարունակում։

 «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը 2005թ. կազմել և ՀՀ բնապահպանության նախարարություն փորձաքննության էր հանձնել «Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը» (հետայսու`«Գնահատում»), իսկ 2006թ.` «Աշխատանքային նախագիծը»: ՀՀ բնապահպանության նախարարությունը նախագծին դրական եզրակացություն էր տվել: ՀՀ Կառավարության 01.11.2007 թ․ թիվ 1278-Ն որոշմամբ մի շարք հողամասերի (տես`Կառավարության որոշման հավելվածները) նպատակային նշանակությունը փոփոխվել էր և այդ հողամասերը տրամադրվել էին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով: Պատվիրատուի կողմից քննարկվել են Կառավարության նշված որոշումը Դատական կարգով վիճարկելու հիմքերը: Հնարավոր հիմքերի առկայությունը որոշելու համար պատվիրատուի մոտ անհրաժեշտություն է առաջացել պարզելու մի շարք այնպիսի հարցեր, որոնք հատուկ գիտելիքներ են պահանջում: Ելնելով նշվածից, պատվիրատուի և փորձագետների միջև հանձնարարության պայմանագիր է կնքվել, որի համաձայն, փորձագետներին հանձնարարվել էր պատասխանել մի շարք հարցերի

Թեղուտի հանքավայրի երկրաբանական հետազոտություն

Հարց 1. Գիտականորեն հիմնավորված է արդյո՞ք շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը, և ինչո՞ւ:

—Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը հետախուզված և հետազոտված է թերի: Հանքաքարերում հայտնաբերված և գնահատված են պղինձը, մոլիբդենը, ոսկին և արծաթը: Գնահատված չեն շատ կարևոր և շատ արժեքավոր ռենիումը, սելենը, տելլուրը, բիսմուտը, ծծումբը, երկաթը և այլն: Հանքավայրի շահագործման պարագայում հանքաքարերից նախատեսված է կորզել միայն պղինձն ու մոլիբդենը, իսկ մյուս տարրերը թափվելու են պոչանքներ, որոնք էլ  թունավորելու են բնական միջավայրը: Ըստ Թեղուտի հանքավայրի հաստատված պաշարների վերաբերյալ ՀՀ երկրաբանական ֆոնդում պահվող նյութերի` ծծմբի քանակը հանքավայրում կազմում է 17 մլն. տոննա, իսկ երկաթինը` 14,76 մլն տոննա: Միայն ծծումբ տարրի չկորզման հետևանքով լեռնահանքային ձեռնարկությունը կորստի է մատնում ավելի քան 11 մլրդ  դոլարի հարստություն, իսկ երկաթի չկորզման հետևանքով` 4,430 մլն դոլարի: Այս երկու տարրերի գինը համարժեք է Թեղուտի հանքավայրի պղինձ և մոլիբդեն հիմնական տարրերի գնին: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի ու նախագծի բնապահպանական փորձաքննությունն անտեսել է նման թերությունները, ուստի և չի կարող համարվել գիտականորեն հիմնավորված:

Հարց 2. Որքանո՞վ է փորձաքննությունը ապահովել բնական պաշարների արդյունավետ, բանական օգտագործման խնդիրը:

— Նախ՝ մի փոքր ակնարկ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքակազմության, ձևաբանական (գեոմորֆոլոգիական) կառուցվածքի, ՀՀ պղնձամոլիբդենային հանքավայրերին հատուկ հիմնական տարրերի հետ հարակից տարածված տարրերի առկայության մասին: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը գտնվում է ՀՀ Լոռու մարզում` Թեղուտ գյուղից 3,5 կմ դեպի հյուսիս-արևելք: Հանքայնացված են ջրաջերմային լուծույթների ազդեցությամբ փոփոխված ներծին և պորֆիրիտային ապարները, որոնք էլ կրում են երակիկացանավոր տիպի պղինձ-մոլիբդենային հանքայնացումը: Ձևաբանական (գեոմորֆոլոգիական) առումով հանքայնացումը, ներկայացված է երկրաբանական գիտության մեջ ընդունված «Շտոքվերկային» տիպով: Դա նշանակում է, որ հանքայնացված են ապարների հսկա զանգվածներ, որոնք տարածականորեն ներկայացնում են մի հսկա մարմին իր բոլոր (երեք) չափումներով միմյանց շատ մոտ մեծություններ` (երկարությունը, լայնքը և դեպի երկրակեղևի խորքը, բոլոր չափումներն  ունեն հարյուրավոր մետրերի հասնող մեծություններ): Որպեսզի պատասխանենք այն հարցին, թե որքանո՞վ է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրն ապահովում բնական պաշարների արդյունավետ` բանական 7 օգտագործման խնդիրը, նախ քննարկենք թե որքանով լիարժեք է հետազոտված այս հանքավայրը:

Հայաստանի պղնձամոլիբդենային հանքավայրին (Քաջարան, Ագարակ, Այգեձոր, Դաստակերտ, Հանքավան) և հանքաերևակումներին (Հանքասար, Կազանլիճ, Նժդեհ- Մուրխուզ և այլն) հատուկ է հիմնական պղինձ և մոլիբդեն տարրերի հետ հարակից (զուգահեռաբար) տարածված մի շարք կարևորագույն և թանկարժեք տարրերի առկայությունը: Դրանցից են` ռենիումը, ոսկին, արծաթը, սելենը, տելլուրը, բիսմուտը, գերմանիումը, պլատինը, պալադիումը, սկանդիումը, ծծումբը, երկաթը, վանադիումը և այլն: Նշված տարրերից մի քանիսը կարող են հանդիպել մի հանքավայրում (օրինակ` պլատինոիդների խմբի տարրերը, սկանդիումը և այլ տարրեր` Քաջարանում) և չլինել մյուսներում, բայց դրանցից շատերը հատուկ են բոլոր պղնձամոլիբենային հանքավայրերին:

Գ.Փիջյանի ուսումնասիրությունների համաձայն Թեղուտի հանքավայրում առկա են սելեն, տելլուր, բիսմուտ, ռենիում, ոսկի և արծաթ, որոնցից շատերը հանքավայրի թերի հետախուզման պատճառով չեն հայտնաբերել տարածքն ուսումնասիրած հետախույզ-երկրաբանները (Ս.Հարությունյան և Գ.Գևորգյան), ուստի և չեն ներառվել ՀՀ երկրաբանական ֆոնդում պահվող արդյունաբերական պաշարների մեջ: Ծծումբ և երկաթ պարունակվում են ինչպես պղնձի խալկոպիրիտ, այնպես էլ ծծմբի հրաքար` պիրիտ հանքանյութերում: Վերջինիս պաշարները, սակայն, հաշվարկված չեն: Նախագծով նախատեսված չի այն կորզել, քանի որ ստացված խտանյութերը մետալուրգիական փուլով չեն վերամշակվելու: Ծծմբի հրաքար պիրիտ հանքանյութի անջատ խտանյութ չի ստացվելու, չի վերամշակվելու և դրա հետևանքով շրջակա միջավայր պոչանքներ է թափվելու 28.6 մլն. տոննա պիրիտ, որի մեջ առկա երկաթի քանակը կազմում է 13.3 մլն. տոննա, ծծմբինը` 15.3 մլն. տոննա, սելենինը` 572.8 տոննա, տելլուրինը` 401 տոննա: Այս բոլորի ընդհանուր արժեքը կազմում է 5,596.4 մլն. ԱՄՆ դոլար:

«Արմենիա Քափըր Փրոգրամ» ընկերությունն իր` «Թեղուտի լեռնահարստացման կոմբինատ. շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» փաստաթղթի 94-րդ էջում գրում է. «Որպեսզի գնահատվի նախկինում կատարված հետախուզական աշխատանքների աստիճանը և արդյունքները մոտեցվեն միջազգային ստանդարտներին, 2001թ. հրավիրվեց Կանադական Strathkona Mineral Services ltd ընկերությունը, որն էլ ներկայացրեց իր եզրակացությունը: Այդ հաշվետվության համաձայն, հանքաքարի պաշարները կարող են լինել նախկինում հաստատված պաշարներից 15 տոկոսով ավելին, իսկ պղնձի և մոլիբդենի պարունակությունները հանքաքարում համեմատաբար 19 և 26 տոկոսով ավելին»։ Դրանից վերև գրված է. «2001 թվականի փետրվարին «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ մրցութային կարգով ստացավ 25 տարով հանքի շահագործման լիցենզիա և սկսեց հետախուզական և հետազոտական աշխատանքներ տանել պաշարների վերագնահատման հանքավայրի արդյունաբերական շահագործման նպատակով»:

Այսինքն, ծավալված աշխատանքները ենթադրել են հանքավայրի բազմակողմանի հետազոտում ու պաշարների վերագնահատում, որը, սակայն, չի կատարվել կամ կատարվել է, բայց չի ներկայացվել անհասկանալի պատճառներով:

Հայաստանի գիտությունների ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Գ.Փիջյանի «Медномолибденовая формация руд Армянской ССР (Изд. АН. Арм. ССР», 1975, 310 ст.) աշխատության մեջ բերված տվյալներով ծծմբի հանքաքար պիրիտ (FeS2) հանքանյութի մեջ` 8 նմուշներում սելենի և տելլուրի միջին պարունակությունները համապատասխանաբար կազմում են 20 և 14գ/տ: Պղնձի 5 տոկոսանոց խտանյութում սելենի պարունակությունը կազմում է 0,005%, իսկ մոլիբդենի 19,16 տոկոսանոց խտանյութում սելենի և տելլուրի պարունակությունները հավասար են միմյանց և կազմում են` 16գ/տ յուրաքանչյուրը: Նույն խտանյութում ռենիում թանկարժեք տարրի պարունակությունը կազմում է 76գ/տ: Գ.Փիջյանի վերցրած մի քանի նշումներում մոլիբդենի 19,75 տոկոսանոց խտանյութում ռենիումի պարունակությունը կազմել է 0,02%, իսկ 32,93 տոկոսանոց խտանյութում` 0,04%: Այս տվյալների հիման վրա, մեր կատարած 8 հաշվարկով, Թեղուտի հանքավայրի մոլիբդենիտ մաքուր հանքանյութի մեջ ռենիումի պարունակությունը կազմել է 0,073% (0,04x59,94/32,93=0,0728, որտեղ 59,94%-ը մաքուր մոլիբդենիտ հանքանյութի մեջ մոլիբդենի առկայությունն է): Մեր վերջնական հաշվարկներով պարզվել է, որ Թեղուտի հանքավայրի արդյունաբերական պաշարներում (հաստատել է` ԽՍՀՄ Պաշարների պետական հանձնաժողովը) մի քանի հարակից տարրերի քանակները կազմում են` ռենիումինը` 120,7տ (չգիտենք, թե ինչու ձեռնարկության նախագծում գրված է 44,8կգ), սելենինը` 2220,15տ, տելլուրինը` 409,3տ: Նշենք, որ միայն ծծմբի հրաքար` պիրիտ հանքանյութի մեջ սելենի քանակը կազմում է 572,85տ, իսկ տելլուրինը` 401,0տ: Հանքավայրի շահագործման պարագայում պիրիտ հանքանյութը իր հարակից տարրերով հանդերձ (այն էլ ոչ լրիվ հետազոտված ու հայտնաբերված) ամբողջությամբ թափվելու է պոչանքներ:

Քաջարանի հանքավայրում ռենիումի պարունակությունը հանքաքարերում կազմում է 0,16գ/տ, իսկ մոլիբդեն մետաղի հետ` մոլիբդենի մոլիբդենիտ հանքանյութում` 432,46գ/տ, Ագարակի հանքավայրի հանքաքարերում` 0,25գ/տ, մոլիբդեն մետաղի հետ` 924,36գ/տ, Այգեձորի հանքավարի հանքաքարերում` 0,46գ/տ, մոլիբդեն մետաղի հետ` 1516,6 գ/տ: Մինչդեռ, Թեղուտի հանքավայրում, «Արմենիա Քափըր Փրոգրամ» ձեռնարկության ներկայացրած տվյալներով, ռենիումի պարունակությունը (44,8կգ) 99000 տոննա մոլիբդենի մեջ 0,0001գ/տ-ից էլ պակաս է, ինչն անտրամաբանական ու անհավանական է Քաջարանի, Ագարակի կամ Այգեձորի հանքավայրերի վերը նշված տվյալների համեմատությամբ: Այսինքն, ռենիումի պարունակությունը հանքաքարում և դրա քանակությունը Թեղուտի հանքավայրում փոքրացվել է ավելի քան 2600 անգամ անհասկանալի պատճառներով:

Նշենք, որ ինչպես հետախույզ-երկրաբաններ Ս.Հարությունյանի և Գ.Գևորգյանի, այնպես էլ Գ.Փիջյանի հետազոտությունները շատ հեռու են ամբողջական և լիարժեք լինելուց: Թեղուտի հանքաքարերում չեն հայտնաբերվել բիսմուտը և գերմանիումը, որոնց առկայության մասին մենք կասկածներ չունենք, իսկ սելենն ու տելլուրն էլ հայտնաբերվել են ոչ լիարժեք (օրինակ` պղնձի խալկոպիրիտ հանքանյութը տելլուրի գծով չի հետազոտվել բոլորովին): Ձեռնարկությունը նախագծել է թողարկել և վաճառել միայն կիսաարտադրանքներ` պղնձի և մոլիբդենի խտանյութեր: Այս պարագայում չեն գնահատվելու և չեն փոխհատուցվելու խտանյութերում պարունակվող այնպիսի արժեքավոր տարրերի արժեքները, ինչպիսիք են ռենիումը (որի մեկ տոննան 2007թ. մարտի 20-ի դրությամբ արժեր 7777700 ԱՄՆ դոլլար), սելենը (1տ արժեր 52220 դոլլար), տելլուրը (1տ արժեր 116000 դոլլար), արծաթը (1տ արժեր 450000 դոլլար) և այլն: Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը չի բացահայտել վերոնշյալ թերությունները, ինչից հետևում է, որ այն չի ապահովել բնական պաշարների արդյունավետ, բանական օգտագործման խնդիրը:

Հարց 3. Արդյո՞ք շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ընթացքում հաշվի են առնվել առողջության և բնականոն ապրելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքը, բնական պաշարների արդյունավետ, համալիր և բանական օգտագործման պահանջները և էկոլոգիական համակարգերի հավասարակշռության և կենսաբազմազանության պահպանման անհրաժեշտությունը` նկատի ունենալով ներկա և ապագա սերունդների շահերը:

—Այժմ այն մասին, թե ինչու ձեռնարկությունը չի կատարել պաշարների վերագնահատում և համալիր հետազոտություն` հիմնական տարրերի հետ հարակից տարածված բոլոր տարրերը հայտնաբերելու նպատակով: Կարելի է ենթադրել, որ կամ այդպիսի հետազոտություն չի կատարվել կամ կատարվել է, սակայն դրա արդյունքները չեն հրապարակվում երկու հիմնական պատճառով: Առաջին՝ պղնձի և մոլիբդենի հարակից նյութերը նախատեսված չի արդյունահանել ու կորզել, իսկ խտանյութը վաճառելիս դրանք չեն գնահատվելու ու փոխհատուցվելու: Երկրորդ, հարստապոչերի հետ (հիմնական տարրերի ցածր գործակցով կորզման հետևանքով և ծծմբի հրաքար պիրիտ հանքանյութի 9 անջատ խտանյութ չստանալու պատճառով) պոչանքներ են թափվելու հսկայական քանակների արժեքավոր նյութեր, այդ թվում` խիստ թունավոր սելեն և տելլուր տարրերը, որոնք մեծ վտանգներ են ստեղծելու շրջակա միջավայրի համար: Միայն պոչանքներ թափված պիրիտի հետ թափվելու են 572,85տ սելեն ու 401,0տ տելլուր, իսկ պղնձի և մոլիբդենի ոչ լրիվ կորզման հետ կապված` սելեն 235,1տ ու տելլուր 2,5տ: Դրանց բացասական ազդեցությունը  շրջակա միջավայրի վրա կարող է շարունակվել հազարավոր տարիներ, քանի որ պոչանքներն, ամենայն հավանականությամբ, երկար ժամանակ չեն վերանալու կամ մաքրվելու Հայաստանի տնտեսական զարգացման առկա մակարդակի պայմաններում, իսկ թունավոր նյութերը տարիների ընթացքում շարունակելու են կուտակվել: Նշված հանգամանքը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվել (ոչ ամբողջությամբ և ոչ էլ մասնակիորեն):

Հարց 4. Փորձաքննության ընթացքում վերլուծության ենթարկվե՞լ է, արդյոք, նախատեսվող գործունեության այլընտրանքների հնարավորությունը և նպատակահարմարությունը` հաշվի առնելով էկոլոգիական բոլոր սահմանափակումները:

— Ինչպես նշվել է վերևում, Թեղուտի հանքավայրը ձևաբանական առումով իրենից ներկայացնում է մի բավականին խոշոր «Շտոքվերկ»` հանքավայր, որի շահագործումը կատարվում է միայն և միայն բացհանքի եղանակով: Դրան այլընտրանք գոյություն չունի (ստորգետնյա շահագործումը բացառված է):

Հարց 5. Որքանո՞վ են գնահատվել և ստուգվել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի և դրա այլընտրանքային տարբերակների հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, վտանգավորության աստիճանը, հետևանքների վերլուծման ամբողջականությունը և ստույգությունը, այդ հետևանքների կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսված միջոցառումների բավարարությունը ինչպես շահագործման և իրականացման գործընթացում, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ:

Թեղուտի հանքավայրի բացհանքի եղանակով շահագործումից բացի այլընտրանքային այլ մեթոդ ներկայումս գոյություն չունի: Շահագործումից հետո դրա տեղանքում գոյություն ունեցող անտառների փոխարեն, մնալու է մի խոշոր (240հա, կարծում ենք, դրանից էլ շատ մեծ) փոս՝ լցված ջրով, այսինքն` խիստ զառիթափ ափերով մի լճակ, որի մեջ մեծ թեքությունների պատճառով վերին լանջերից կարող են ընկնել ու խեղդվել ընտանի և վայրի կենդանիներ, ինչպես նաև մարդիկ: Քանի որ Թեղուտի հանքավայրը տեղադրված է Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի շրջակայքի, խիտ անտառներով ծածկված գեղատեսիլ վայրերից մեկում, դրա շահագործումը մեծ վտանգ կներկայացնի անտառների, ջրերի, կենդանական ու բուսական աշխարհի, հատկապես մարդկանց համար ոչ միայն հանքավայրի շահագործման ընթացքում (նշված 25 տարիներին), այլև դրանից հազարավոր տարիներ հետո (քանի դեռ գոյություն է ունենալու պոչանքը կամ պոչանքները, եթե այդպիսիք լինեն մի քանիսը):

Նախագծի վտանգավորության աստիճանը և հետևանքների վերլուծությունը լիարժեք չի տրված: Մասնավորապես, նախագիծը նախատեսում է պոչամբարից ներքև կառուցել պահպանիչ հողային պատնեշ, որը կմեկուսացվի կավի շերտով: Մինչդեռ խոնավ կավի շփման գործակիցը տասնապատիկ փոքր է սովորական ապարների շփման գործակցից, ուստի թեք ու զառիթափ լանջերում պոչերը` միլիոնավոր տոննաների ծանրության ազդեցության ներքո կավի մեկուսիչ շերտերի վրայով ու դրանց հետ մեկտեղ կարող են սողալ ցած ու ճնշել ջրամբարի պատնեշի վրա` խորտակելով այն և դղրդյունով լցվելով ձորերն ու կիրճերը, ապականելով և թունավորելով ողջ տարածքը (Հ.Ավագյան, «ՀՀ Լոռու մարզի օգտակար հանածոները. օգտագործման արդի վիճակը և արդյունավետության բարձրացման ուղիները», «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա», Երևան, հունվար 2008թ.): Նման ռիսկերը փորձաքննական եզրակացության մեջ առհասարակ հաշվի չեն առնված:

Հարց 6 Թեղուտի հանքավայրի շահագործման ընթացքում ապահովվում են, արդյո՞ք ընդերքի պահպանության հետևյալ պահանջները 1 երկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրման հիման վրա ընդերքի կառուցվածքի, դրանում պարփակվող օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ հավաստի տեղեկության ապահովումը, 2 օգտակար հանածոների պաշարների լիակատար կորզումը և հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոների և դրանց ուղեկցող բաղադրիչների արդյունավետ օգտագործումը, 3 ընդերք օգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցության բացառումը:

—Ոչ, չեն ապահովվում:

Հարց 7. Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծի համաձայն արդյո՞ք ընդերքն օգտագործող ընկերությունը կապահովի ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի և շրջակա միջավայրի մյուս օբյեկտների, ինչպես նաև շինությունների և այլ կառույցների պահպանությունն ընդերքի օգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից:

— Ոչ։

Հարց 8. Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման արդյունքում արդյո՞ք դրա ազդեցությունը կարող է տարածվել ՀՀ պետական սահմանից դուրս: Եթե այո, ինչպիսի՞ն կարող է լինել այդ ազդեցությունը:

—Թեղուտի հանքավայրի շահագործման ընթացքում և դրանից էլ շատ հետո` հազարավոր տարիներ շարունակ պոչանքներից տարրալուծված նյութերը կարող են լցվել Դեբեդ գետը և հոսել դեպի Վրաստան, այնուհետև Քուռ գետով` դեպի Ադրբեջան: Չի բացառվում, որ հորդառատ անձրևների հետևանքով պոչանքներից դուրս քշված հարստապոչերը լցվեն նշված գետերը և տարածվեն դեպի այս երկրներ:

 

Փորձագետ՝ Հրաչիկ Ավագյան  

ճարտարագետ-երկրաբան, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր,

ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող

2008 թ․

Աղբյուրը՝ http://teghut.am/wp-content/uploads/2012/01/Experts_-Conclusion-.pdf

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: