Մահացել է Հրաչիկ Ավագյանը

18 Մարտի 2016

Խոր վշտով հայտնում ենք, որ մարտի 17-ի լույս 18-ի գիշերը կյանքից հեռացավ ևս մեկ գերազնիվ հայորդի, մեծ գիտնական, նվիրյալ հայ՝ երկրաբան գիտնական, դոկտոր  Հրաչիկ Սարգսի Ավագյանը։

Կայքի աշխատակազմը վշտակցում և ցավակցում է  ազնիվ ու գրագետ մարդու, անբասիր գիտնականի ընտանիքի անդամներին ու հարազատներին՝ մեծ կորստի համար։ 

Հրաչիկ Ավագյանը ծնվել է 1930 թ., մայիսի 22-ին, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում: Հայրենի գյուղում դպրոցն ավարտելուց հետո նա ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1949-1954 թթ.` ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետը, ստացել է ճարտարագետ-երկրաբանի որակավորում՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի որոնում և հետախուզում» մասնագիտությամբ։

1954 թ․նշանակվել  և մինչև  1992թ․ աշխատել է  որպես Հայաստանի Խորհրդային Հանրապետության երկրաբանական վարչության համամիութենական տնտեսագիտական միության նախագահի տեղակալ: Միաժամանակ  1954-1956 թթ. աշխատել է  Հանքավանի երկրաբանահետախուզական  արշավախմբում՝ որպես երկրաբան,  1956-1959 թթ․նշանակվել է  Ղազմայի արշավախմբի գլխավոր ինժեներ՝ տեխնիկական ղեկավար, այնուհետև 1960-1963 թթ. տեղափոխվել է Սարիգյուղի բենթոնիտային կավերի հետախուզական արշավախումբ, աշխատել է որպես արշավախմբի պետ։  1964 թ. նշանակվել է Արևիսի ոսկու հանքավայրի հետախուզական արշավախմբի պետ, իսկ 1965-1970 թթ. աշխատել է Սիսիանի երկրաբանական արշավախմբի պետ։ 

1970-1971 թթ. գործուղվել է Ալժիրի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետություն՝ որպես խորհրդային երկրաբան մասնագետների խմբի ղեկավար։ Երկու տարի աշխատելուց հետո վերադարձել է և 1972-1975 թթ. նշանակվել Հայաստանի բնական ցեոլիտների որոնողական արշավախմբի պետ։ 1975 թ․ տեղափոխվել է  Իջևան և մինչև 1977 թթ․  աշխատել է  Իջևանի քարածխի հանքաերևակման հետախուզական արշավախմբի գլխավոր երկրաբան։

1980-1994 թթ. նշանակվել է Հայաստանի գունավոր մետալուրգիայի վարչության երկրաբանահետախուզական տրեստի Ազատեկի արշավախմբի պետ և ապա նույն տրեստի բաժնի վարիչ։

1983-1986 թթ․ Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության երկրաբանահետախուզական արշավախմբի գլխավոր մասնագետն էր։

1968 թ.` Հայաստանի երկրաբանական վարչության կազմում աշխատանքային գործունեության ընթացքում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Саригюхский месторождение бентонитовых глин (генезис и перспективы применения сыря)» թեմայով ։

1989 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Цеолит-бентонитовая формация Соьхето-Кафанской структурно-формационной зоны МалогоКавказа и ее прогнозная оценка» թեմայով:

1990-1994 թթ․«Բեկում» և «Ադամանդ» ՓԲՁ-երի տնօրենների խորհրդատուն էր։

2008-2010 թթ․ Երևանի ինժեներային ինստիտուտի շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանության հարցերով խորհրդի նախագահն էր։

Պարգևատրված էր՝

ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով,

Վ․Ի․Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված մեդալով,

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվոգրով,  

Արժանացել էր Ալժիրի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության երախտագիտության և Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության երախտագիտության,

Պետական մրցանակ էր ստացել Սարիգյուղի բենթոնիտային կավերի հանքավայրերի հետախուզական աշխատանքների համար։

1994 թ.-ից մինչև բեղմնավոր կյանքի ավարտն աշխատել է  ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտում` որպես գլխավոր գիտաշխատող, «Բնօգտագործման և բնապահպանության» բաժնի վարիչ:

Հայտնաբերել և հետախուզել է Սարիգյուղի բենթոնիտային կավերի, Նոյեմբերյանի ցեոլիտների հանքավայրերը:

Հ․Ավագյանի գիտական աշխատանքները վերաբերում են ՀՀ հանքային պաշարների երկրաբանությանը և տեղաբաշխման խնդիրներին:

Ողջ կյանքում անդուլ և համարձակ պայքար է մղել անազնիվ մարդկանց, հայրենի բնությունը սեփական շահի համար քայքայող մարդկանց դեմ՝ ինչ կոչման ու պաշտոնի էլ նրանք լինեին։ Բազմաթիվ հոդվածներ է գրել ի պաշտպանություն Թեղուտի անտառների պահպանման, Ամուլսարի հանքավայրերի անհարկի շահագործման դեմ։

Հեղինակ է բազում գիտական գրքերի, որոնցից են՝

«Հայաստանի Հանրապետության ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման հիմնախնդիրները», Ե., 2002:

«Հայաստանի հանքահումքային ռեսուրսները: Օգտագործման արդի վիճակը և արդյունավետության բարձրացման ուղիները»: ՀՀ ԳԱԱ «Գիտություն», Ե., 2004

Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով), ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005:

«Повышение продуктивности малоценных лесов Северной Армении путем реконструкции», Г.С. Авакян.

«Գեղատեսիլ Շամշադինի բարգավաճումը 1917-1967» /Հ․Ս․Ավագյան, Մ․Մ․Սաղումյան, ՀՍՍՀ «Գիտելիք» ընկ․

«Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» /Հ․Ս․ավագյան։ Պատ․ խմբ․ Յու․ Ա․Աղաբալյան, ՀՀ ԳԱԱ, Մ․Քոթանյանի անվ․տնտեսագիտ․ ինստ․

«ՀՀ լեռնահանքային արդյունաբերության հանքահարստացման թափոնների և դրանց էկոլոգիական հետևանքների գնահատումը» /Հ.Ս. Ավագյան; ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ.

«ՀՀ հանքավայրերում առկա պիրիտ հանքանյութի և դրա հարակից բաղադրիչների փոշիացումը կանխելու ուղիներն ու հեռանկարները» /Հ.Ս. Ավագյան։ Պատ. խմբ.՝ Է.Ա. Սաղաթելյան; ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտ.

«ՀՀ քաղցրահամ ջրերը: (Պաշարները, ռեսուրսները և դրանց արդյունավետ օգտագործման հիմնախնդիրները)» /Հ. Ավագյան; Պատ. խմբ.՝ Մ. Սաթյան; ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտ. ինստ.

«Հազվագյուտ տարրերն ու հազվագյուտ հողատարրերը Հայաստանի Հանրապետության հանքավայրերում» /Հ.Ս. Ավագյան; ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. Տնտեսագիտության ինստիտուտ.

«Հայաստանի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների գնահատումն ըստ մարզերի» /Հ.Ս. Ավագյան; ՀՀ ԳԱԱ, Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտ. ինստ.

«Հայաստանի Հանրապետության ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման հիմնախնդիրները» / Հ.Ս. Ավագյան; Պատ. խմբ.՝ Լ. Բաղդասարյան; ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվ. տնտեսագիտ. ին-տ.

«Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության զարգացման հիմնախնդիրները=Проблемы развития горнорудной промышленности Армении» /Հ.Ս. Ավագյան; ՀՀ ԳԱԱ; Տնտեսագիտ. ին-տ Մ. Քոթանյանի անվ.

«Հայաստանի հանքահումքային ռեսուրսները: Օգտագործման արդի վիճակը և արդյունավետության բարձրացման ուղիները» /Հ.Ս. Ավագյան; ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվ. տնտեսագիտ. ինստ.

«Հայաստանի հանքային ջրերը։ Օգտագործման արդի վիճակը և արդյունավետության բարձրացման ուղիները հազվագյուտ ալկալի մետաղների, բորի և ածխաթթու գազի կորզման օգնությամբ» /Հ․Ս․Ավագյան, ՀՀ ԳԱԱ Մ․Քոթանյանի անվ․ տնտեսագիտ․ ինստ․

Ուներ սիրելի և նվիրված կին, երկու զավակ՝ դուստր և որդի, չորս թոռ և ծոռներ:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: