Ավարայրի ճակատամարտ՝ անանուն քաջեր և մոռացված մի հաղթանակ. 1565–ամյակ

05 Փետրվարի 2016

 Վարդան և Վասակ

Վարդանանց պատերազմին վերաբերող հիմնական վեճը, սովորաբար, առաջանում է Վարդանի և Վասակի դիրքորոշման վերաբերյալ: Ընդ որում, կարծիքներ արտահայտվել են բուն Ավարայրից հետո և արտահայտվում են մինչև այժմ: 5-րդ դարից սկսած մինչև 19-րդ դարի վերջը հիմնական մոտեցումը (որոշ բացառություններով) եղել է հետևյալը. Վասակը և իր կողմնակիցներն անաստվածներ են, դավաճաններ, որոնք ուրացել են իրենց կրոնը և դավաճանել հայրենիքին, իսկ Վարդանանք՝ հանուն հավատի նահատակվածներ: Այս մոտեցումը ձևավորել է Եղիշեն, և այն ակտիվորեն պաշտպանել է եկեղեցին: 
Բայց սկսած 19-րդ դարի վերջից և հատկապես խորհրդային կարգերի հաստատումից հետո, այս տեսակետը վերանայվեց: Սկսվեցին արտահայտվել և մինչև այժմ էլ արտահայտվում են կարծիքներ, որ Վասակը, լինելով նուրբ դիվանագետ և պարսկական արքունիքին մոտիկից ծանոթ մարդ, ավելի լավ էր հասկանում իրավիճակը, փորձում էր իրականացնել նուրբ դիվանագիտական քայլեր, որոնք սպարապետն ու ժողովուրդը չհասկացան: Ընդ որում, նույնիսկ փորձ է արվում նրա քայլերը որոշ չափով իդեալականացնել՝ որպես օրինակ ներկայիս: Այս մոտեցումը հիմնավորվում էր նրանով, որ 5-19-րդ դարերի պատմաբանների և ուսումնասիրողների կարծիքներում գերիշխող են եղել կրոնական մոտեցումները, այսինքն՝ Վասակը դավաճան էր, որովհետև դավաճանել էր իր կրոնին: Սակայն մենք վեր կկանգնենք այս մտայնությունից և հարցը կքննարկենք փաստերի անաչառ ու սառը վերլուծության և տրամաբանական մտահանգումների միջոցով: 
Կուզենայի նաև նշել, որ ես կրոնի ջատագով չեմ, թեև գնահատում եմ այն մեծ դերը, որ Հայ Առաքելական եկեղեցին ունեցել է հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում: 
Հարցի քննարկումը կսկսենք Անգղի դեպքերից: Անգղի ճակատամարտի ժամանակ Վասակն իր զորամասով օգնեց Անգղի մոտի ճամբարում պատսպարված պարսիկներին և հետագայում հազիվ փրկվեց, քանի որ նրա արարքը այս կամ այն պատճառով ներվեց: Սակայն Վարդանի Աղվանք արշավելուց հետո Վասակը սկսեց ավելի բացահայտ գործել ընդդեմ ապստամբների: 
Աղվանք արշավելուց առաջ Վարդանը՝ որպես հայոց բանակի գլխավոր հրամանատար, բանակը բաժանեց երեք մասի. առաջինն ուղարկեց հարավային Հայաստան՝ պարսիկների հնարավոր նեխուժումը կանխելու նպատակով, երկրորդ՝ գերակշիռ մասը, վերցրեց իր հետ, իսկ երրորդ մասը թողեց երկրում Վասակի գլխավորությամբ՝ որպես ռազմավարական ռեզերվ, որը նաև պետք է օգնության հասներ վտանգավոր ուղղությանը: Այստեղ Վարդանին քննադատում են, որ նա, իմանալով Վասակին, նրան զորք տվեց: Սակայն պետք չէ մոռանալ, որ Վասակը երկրի, թեև պարսկասեր, սակայն ամենաազդեցիկ նախարարներից էր, դեռևս առերես ապստամբների հետ էր և նրան զորք չտալու դեպքում Վարդանին կմեղադրեին իշխանությունը ուզուրպացնելու մեջ: Այդ տարի պարսիկները պլանավորել էին Հայաստանին հիմնական հարված հասցնել Աղվանքից՝ ուր և մտավ պարսկական բանակը: 
Այստեղ էլ հենց Վասակը կատարեց իր առաջին քայլը, որը այլ կերպ քան դավաճանություն չես անվանի: Նա նամակով պարսից զորահրամանատար Սեբուխտին տեղեկացրեց հայկական բանակի արշավի և զորքի քանակի մասին: Արդյոք սա դավաճանություն չէ՞: Իհարկե կարելի է ասել, որ Վասակը, գուցե և Վարդանի հետ նախապես պայմանավորված, դիտավորյալ մոլորության մեջ է գցել պարսից զորահրամանատարին՝ նշելով, որ հայերը քիչ են: Սակայն, որ դա այդպես չէ, վկայում է երկու հանգամանք. 
ա) հայկական բանակը Խաղխաղ քաղաքի մոտ, տեսնելով արդեն մարտական պատրաստվածության մեջ և զորաշարքով կանգնած պարսկական բանակին, անակնկալի եկավ: Սրանով խախտվեց նաև հայոց բանակի նախնական մարտական պլանը, ըստ որի պարսիկներին պետք է անակնկալ հարված հասցվեր (հայերը քանակապես թշնամուն զիջելու դեպքում միշտ ձգտում էին այդպես վարվել)․ 
բ) զուտ ռազմական առումով Վասակը պետք է անմիջապես իր բանակը շարժեր Վարդանին օգնության, քանի որ արդեն պարզ էր, որ գլխավոր հարվածը գալիս է արևելքից, այլ ոչ թե հարավից: Դրանով նա ավելի կհեշտացներ և կամրապնդեր Վարդանի հաղթանակը: 
Բայց նա այդպես չվարվեց: Ավելին. նա կեղծ զորաշարժով ցույց տվեց, թե իբր պատրաստվում է շարժվել Վարդանին օգնության, բայց իրականում գրավեց և ավերեց այն բերդերը, որոնք չէր կարող պահել իր ձեռքում: Բացի այդ, նա ոչնչացրեց Այրարատ նահանգի պարենի պաշարները, որի հետևանքով Վարդանը ստիպված եղավ ձմռանը տեղաբաշխել հայոց բանակի մեծագույն մասը տարբեր գավառներում՝ պարենի անբավարարության պատճառով: Ընդ որում, Վասակի կողմնակիցներից ոմանք լքեցին նրան (ըստ Եղիշեի «…նրանք, ովքեր նրա (Վասակի – Մ.Հ) հետ էին, ոմանք փախան ամեն մեկն իր տեղը…») և հետագայում միացան Վարդանին: 
Պատերազմող բանակի թիկունքում այսպիսի քայլեր կատարելը այժմ կոչվում է դավաճանություն և դիվերսիա, որը խստորեն պատժվել է բոլոր ժամանակներում և իրավակարգերում: Ընդ որում, նրա արարքները լիովին պատժելի են և՛ քրեական, և՛ բարոյական առումով: Իմանալով այդ մասին՝ Վարդանը, ավերելով Ճորա Պահակը և դաշինք կնքելով հոների հետ, շտապ վերադարձավ Հայաստան:  Իր վերոհիշյալ արարքներից հետո զորքի և ժողովրդի մեջ չունենալով բավականին հենարան, Վասակը հեռացավ Սյունիք: Վերադառնալով Աղվանքից՝ Վարդանը գրավեց «թագավորանիստ տեղերը» և իշխանությունը կենտրոնացրեց իր ձեռքում: 
Սրա, ինչպես նաև այն բանի հիման վրա, որ դրանից հետո, ըստ Եղիշեի, Վարդանը «գունդ-գունդ զորք էր ուղարկում Սյունյաց աշխարհ» և նեղում Վասակին, որոշ ուսումնասիրողներ առաջ են քաշում այն տեսակետը, որ Վարդանը Վասակի հետ պատերազմում էր թագավոր դառնալու համար: Թեև այս հարցին կանդրադառնանք ավելի ուշ, այնուհանդերձ նշենք, որ «թագավորանիստ տեղերը» ոչ այնքան բուն թագավորի նստելու տեղերն էին, որքան, ժամանակակից լեզվով ասած, դրանք ռազմավարական նշանակություն ունեցող բերդերն ու ամրոցներն էին (օր.՝ Արտաշատի և Գառնո ամրոցները, Արտագերս բերդը և այլն), իսկ Սյունիքի վրա հարձակվելը և Վասակին նեղելը բացատրվում է հետևյալով. Վարդանը, լինելով իր ժամանակի մեծագույն զորավարներից մեկը, լավ էր հասկանում պատերազմի ռազմավարությունը: Պետք է չեզոքացվեր Սյունիքից սպասվող հարվածը` Ավարայրի ճակատամարտի ժամանակ թիկունքը ապահովելու համար, որն էլ իրականացվեց Սյունիքի վրա հարձակվելով: Վարդանը, գրավելով Սյունիքի կարևոր բերդերն ու ամրոցները (օր.՝ Վասակաբերդը, Որոտբերդը և այլն)` չեզոքացրեց Վասակին և Սյունիքից սպասվող հարվածը, ինչպես նաև ապահովեց Սյունյաց հայրենասերների աջակցությունը, որոնք դժգոհ էին Վասակի հարկային և կրոնական քաղաքականությունից: 
Սրանք Վասակի բացահայտ քայլերն էին, բայց նա կատարեց նաև մի շարք գաղտնի քայլեր, որոնց մասին թեև քչերն իմացան, բայց դրանք իրենց հետևանքներով գուցե և ավելի ծանր էին: Վասակը՝
ա) ոչ մի ջանք չխնայեց հայ-բյուզանդական հնարավոր և հայ-վիրա-աղվանյան կայացած դաշինքը վիժեցնելու ուղղությամբ (Ավարայրի ճակատամարտից մի քանի շաբաթ առաջ տեղեկացրեց Վիրք, Աղվանք և Բյուզանդիա, թե իբր պարսիկները հրաժարվել են իրենց նպատակներից և այլևս կարիք չկա օգնության հասնել հայերին) և ի վերջո հասավ իր նպատակին (սակայն Գուգարքը, որը մինչ այդ միացվել էր Վրաստանին, մասնակցեց ապստամբությանը, քանի որ Տաշիրը և Աշոցքը, ըստ սկզբնաղբյուրների, ներկա էին)․ 
բ) նույն ձևով խոչընդոտեց նաև Խաղկտիքից, Տմորիքից, Աղձնիքից, Կորդույքից եկող հնարավոր օգնությանը (Աղձնիքը Արշակունյաց Հայաստանի ամենահզոր բդեշխություններից էր և նրա զինական ուժը շատ կօգներ Ավարայրում, իսկ Կորդույքը հզոր նախարարություն էր (1.000 հեծյալ) և հատկապես փառաբանված իր նետաձիգներով): Վասակը փորձեց խոչընդոտել նաև Արցախից եկող օգնությանը, սակայն քանի որ Արցախը ավելի սերտ կապերի մեջ էր Վարդանանց հետ, Վասակի քայլը չհաջողվեց և, ըստ Ստեփանոս Օրբելյանի մի տեղեկության, Արցախի Առանշահիկների և նրանց հետ էլ, նաև Ուտիքի ու Գարդմանքի հեծելագնդերը և ժողովրդական աշխարհազորերը՝ որպես Առանշահիկների կրտսեր և քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող նախարարներ, մասնակցել են Ավարայրի ճակատամարտին․ 
գ) Սյունյաց գնդով Ավարայրի ճակատամարտի ժամանակ հանդես եկավ հայերի դեմ՝ գտնվելով Պարսից բանակի աջ թևում․
դ) Ավարայրի ճակատամարտից անմիջապես առաջ մի քանի անգամ ներկայացավ Փայտակարանում գտնվող Միհրներսեհին և տեղեկություններ հայտնեց հայոց բանակի քանակի, զորքի տեսակի և զինվածության մասին․ 
ե) Վարդանի Աղվանք գնալուց հետո գերեց որոշ առաջատար նախարարների երեխաների՝ Պարսկաստան ուղարկելու համար․ 
զ) հավաքագրեց լեռնային և դաշտային որոշ վայրենի ցեղերի (օր.՝ Լփնաց, Ճղբաց, և այլն՝ թվով 11), որոնք հետագայում հանդես եկան հայերի դեմ․
է) պարսկական զորամասերով փակեց հյուսիսից Աղվանք մտնող կիրճերը և արգելեց հոների մուտքը Պարսկաստան, որը բավականին կհեշտացներ հայերի վիճակը Ավարայրում՝ շեղելով պարսից բանակի մի մասը։
Այս արարքները ևս այլ կերպ, քան հայրենիքի դավաճանություն չես անվանի և՛ քրեաիրավական, և՛ բարոյական տեսանկյունից: Եթե նա համաձայն չէր ապստամբության հետ, կարող էր գոնե չեզոք դիրք բռնել, այլ ոչ թե ամեն կերպ ակտիվորեն վնասեր իր ժողովրդին (այդպես, ի դեպ, որոշ չափով վարվեցին Բագրատունիները, ինչը հեշտ է նկատել, քանի որ Եղիշեն Տիրոց Բագրատունու նկատմամբ ատելություն համարյա չի դրսևսորում): Մեր կարծիքով այստեղ ոչ մի դիվանագիտություն չկա:

Նախարարների «կիսվելը»

Վարդանանց պատերազմի հետ կապված պետք է քննարկել նաև մի այլ հարց, որը խիստ թյուրիմացությունների տեղիք է տվել գրականության մեջ: Հարցը կայանում է նրանում, թե Հայաստանի որ մասն էր գտնվում Վարդանի, որ մասը՝ Վասակի հետ: Ընդ որում, սկսել են արդեն արտահայտվել կարծիքներ, որ Վասակյանք համարյա հավասար են եղել Վարդանանց և նույնիսկ գերակշռել են: Սակայն ըստ իմ ուսումնասիրությունների, դա արմատապես սխալ է:
Վարդանի և Վասակի կողմնակիցների մասին հիմնական տեղեկությունները հայտնում է Եղիշեն, որոշ չափով էլ Փարպեցին և Ստեփանոս Օրբելյանը: Նախարարների ուժը և ազդեցությունը պարզելու համար կառաջնորդվենք Զորանամակով՝ ձեռքի տակ ունենալով նաև Անանիա Շիրակացու «Աշխարհացույցը»: Ճիշտ է, Զորանամակը վերաբերվում է Արշակունյաց, այսինքն՝ ավելի վաղ ժամանակաշրջանի, սակայն նախ՝ ձեռքի տակ այլ հավաստի աղբյուր չունենք, և երկրորդ՝ դժվար թե մոտ կես դարում դրանում էական փոփոխություններ եղած լինեն:

Այսպիսով, ըստ Եղիշեի, Փարպեցու և Օրբելյանի

N Վարդանանք՝ հեծյալ ծանոթագրություն
1. Մամիկոնյաններ 3.000 
2. Գուգարքցիներ 3.000 
3. Առանշահիկներ 1.000 
4. Ուտեցիք 1.000 Առանշահիկների կրտսեր նախարար
5. Գարդմանցիք 1.000 Առանշահիկների կրտսեր նախարար
6. Ամատունիք 1.000 
7. Արծրունիք 1.000 
8. Մոկացիք 1.000 
9. Վանանդցիք 1.000 
10. Սյունյաց զորք մոտ 1.000 մի մասը
11. Խորխոռունիք մոտ 700 մի մասը
12. Վահևունիք մոտ 700 մի մասը
13. Ռշտունիք մոտ 700 մի մասը
14. Կամսարականք 600 
15. Տայեցիք 600 Մամիկոնյաններին կրտսեր նախարար
16. Բասենցիք 600 Կամսարականների կրտսեր նախարար
17. Գնունիք 500 
18. Մազազացիք 500 որպես արքունի գործակալ
19. Անձևացիք 500 
20. Առավեղյանք 500 
21. Աշոցեանք 500 
22. Ընծայեցիք մոտ 500 
23. Վարաժնունիք 300 որպես արքունի գործակալ
24. Հավնունիք 300 որպես արքունի գործակալ
25. Սպանդունիք 300 որպես արքունի գործակալ
26. Զարեհավանք 300 Ամատունիների կրտսեր նախարար
27. Տրունիք 300 Արծրուների կրտսեր նախարար
28. Երվանդունիք 300 Արծրուների կրտսեր նախարար
29. Բոխայեցիք 300 
30. Գնթունիք 300 
31. Սահառնունիք 300 
32. Դիմաքսյանք 300 
33. Մանդակունիք 300 
34. Սլկունիք 300 
35. Վարձառունիք 200 Արծրուների կրտսեր նախարար
36. Ակեացիք մոտ 200 մի մասը
37. Աբեղյանք մոտ 200 մի մասը
38. Գաբեղյանք մոտ 200 մի մասը
39. Պալունիք մոտ 200 մի մասը
40. Քաջբերունիք 100 
41. Կրպատունիք 100 
42. Ռափսոնյաք 100 
43. Խրվանձյաք մոտ 50 
44. Քողյանք մոտ 50 
45. Ռմբոսյաք մոտ 50 
46. Տաշիրցիք մոտ 50 
47. Որսապետք մոտ 50 
_______ 
26.350

Բացի սրանցից, Եղիշեն և Փարպեցին չեն նշում, հետևաբար չի կարելի դավաճան համարել Զորանամակով սեփական զորք ունեցող առնվազն հետևյալ նախարարներին, քանի որ եթե դավաճան լինեին, ինչքան էլ մանր, Եղիշեն անպայման կնշեր, որպեսզի արժանացներ սերունդների հավերժ անեծքին, ինչպես, օրինակ՝ Ուրծի իշխանին: Այսպիսով.

  1. Գողթնցիք՝ 500
    2. Մուրացյանք՝ 300
    3. Արտաշեսյանք՝ 300
    4. Առվենյան` 300
    5. Ամասկունիք՝ 200
    6. Բոժունիք 100
    7. Ցողկեպանք՝ 100
    8. Աշխադարեանք՝ 100
    9. Վարազարտիկյանք՝ 100
    10.Վարուժեանք՝ 100
    11. Այծենականք՝ 100
    12. Բոգունիք՝ 100
    13. Աբրահամեաք՝ 100
    14. Սագրատունիք՝ 100
    15. Համատունեաք՝ 100
    16. Մեհնունիք՝ 100
    17. Հաբուժեանք՝ 100
    18. Տամբերացիք՝ 100
    19. Տագրևանք՝ 100
    20. Կինանք՝ 50
    21. Ասճանք՝ 50
    22. Աքածիք՝ 50
    23. Սոդքցիք՝ 50
    24. Զանդարակապետք՝ 50
    25. Վիժնունիք՝ 50
    26. Պարսպատունիք՝ 50
    27. Գուկանք՝ 50
    28. Կճրունիք՝ 50
    29. Բաքանք՝ 50
    30. Վառնունիք՝ 50
    31. Գզրճունիք՝ 50 
    32. Գազրիկյան` 50 
    _____ 
    3.650
    ______
    30.000
    Վասակյանք՝
  2. Սյունիք՝ մի մաս մոտ 3.000 
    2. Բագրատունիք՝ 1.500 
    3. Ապահունիք՝ 1.000
    4. Ռշտունիք՝ մի մաս մոտ 300
    5. Վահևունիք` մի մաս մոտ 300
    6. Խորխոռունիք՝ մի մաս մոտ 300
    7. Պալունիք՝ մի մաս մոտ 100
    8. Ակեացիք՝ մի մաս մոտ 100
    9. Աբեղյանք՝ մի մաս մոտ 100 
    10. Գաբեղյանք՝ մի մաս մոտ 100
    11. Ուրծեցիք՝ մոտ 50 
    _____
    6.850
    Ինչպես գիտենք ֆեոդալի հզորության և հողերի ընդարձակության մասին կարելի է կարծիք կազմել նրա հեծելազորի թվով: Ըստ վերոհիշյալ տվյալների Վարդանի կողմնակից նախարարների հեծելազորի թիվը մոտ 26.350 է, դրան գումարած այն նախարարների մոտ 3.650 հեծելազորը, որոնց մասին թեև այս կամ այն պատճառով հատուկ չի նշվում, սակայն որոնք, խիստ հավանական է, որ եղել են Վարդանի հետ: Ընդհանուր թվով մոտ 30.000, (մի թիվ, որն, ի դեպ, զարմանալիորեն համընկնում է 481-484 թթ. Վահանանց ապստամբության ժամանակ Սեբեոսի հիշատակած` հայ հեծելազորի թվին` 30.000) չհաշված այն մանր նախարարներին, որոնք Զորանամակում հատուկ նշված չեն: Այսինքն՝ առնվազն 80 նախարար մոտ 30.000 հեծյալով, չհաշված հետևակը և ժողովրդական աշխարհազորը, (նախարարների հետևակի թիվը վաղ ֆեոդալիզմի շրջանի Հայաստանում հեծելազորի հետ համեմատած կարելի է մոտավորապես տալ 1 հետևակին 3 հեծյալ հարաբերակցությամբ: Այսինքն՝ Վարդանանց նախարարական մշտական հետևակի թիվը մոտ 10.000 էր: Սակայն այդ թվին պետք է ավելացնել այն ռամիկ զինվորներին, որոնք չէին կատարում մշտական զինվորական ծառայություն, բայց պատերազմի ժամանակ պետք է միանային իրենց նախարարին՝ մոտ 26.000), ընդդեմ 11 նախարարի և նրանց մոտ 6.850 հեծյալի: Ընդ որում, վերջիններիս գնդերից զինվորները մասսայաբար դասալքել են և իրենց տոհմի այլ նախարարի (օր.`Խոռխոռունիները` Խորենի և այլն) գլխավորությամբ միացել են Վարդանանց, քանի որ հայ զինվորի արժեքային համակարգում իր նախարարի արարքը դավաճանություն էր: Այլ անուղղակի ապացույցներից բացի, Եղիշեն հենց ինքն է նշում, որ. «Այն ետ կացածների փոխարեն, որոնք գնացին Սյունյաց իշխանի հետևից (Վարդանը – Մ.Հ.), կարգեց նրանց եղբայրներին կամ որդիներին կամ եղբորորդիներին և ամեն մեկին տվեց նրանց զորքերը, որովհետև ամբողջ երկիրը դեռ նրա իշխանության տակ էր»: Նույնիսկ Սյունյաց գունդը ամբողջությամբ հանդես չէր գալիս, քանի որ Ավարայրի ճակատամարտից հետո, ըստ Փարպեցու. «Հմայակը (Վարդանի կրտսեր եղբայրը – Մ.Հ.) Տայոց ամրոցներում հավաքվածների վրա գումարեց… Սյունիքից բերած ընտիր տղամարդկանց», էլ ուր մնաց՝ մյուսները: Իմ կարծիքով որոշ «Վասակյան» նախարարներ էլ, նույնիսկ ոչ պաշտոնապես, օգնել են Վարդանին: Իսկ Վասակյան նախարարների գավառների հասարակ ժողովուրդը համարյա ամբողջությամբ Վարդանի հետ էր: Ըստ «Աշխարհացույց»-ի էլ Մարզպանական Հայաստանի տարածքի մոտ 90%-ը Վարդանի հետ էր: Սա նաև համապատասխանում է Եղիշեին, ըստ որի նա խոսելու է. «…Հայոց պատերազմի մասին… որի մեջ քչերի հանդեպ շատերն առաքինի գտնվեցին» (մոտ 91 նախարարներից 80-ը): Որ Վասակյանք քիչ են եղել, անուղղակիորեն վկայում է նաև այն հանգամանքը, որ Վարդանի վերադառնալուց հետո Վասակը որևէ լուրջ քայլ չկարողացավ ձեռնարկել և խուճապահար հեռացավ Սյունիք: 
    Այսպիսով, Վարդանի և Վասակի կողմնակիցների հավասարության կամ վերջիններիս գերազանցության մասին խոսելը միանշանակ չի համապատասխանում ճշմարտությանը:

Ավարայրի ճակատամարտ

Հաջորդ հարցերը, որ կցանկանայի քննարկել, վերաբերվում են. 
ա) Ավարայրի ճակատամարտում պարսիկների և հայերի թվաքանակին, 
բ) պարսիկների կողմից հայերի մասնակցությանը, 
գ) կողմերի կորուստներին,
դ) Ավարայրի ճակատամարտի արդյունքին: 
ա) Ավարայրի ճակատամարտում պարսիկների և հայերի թվաքանակը: Այս հարցի վերաբերյալ հիմնական տեղեկությունը հետևյալն է՝ պարսիկները հայերին գերազանցում էին երեք անգամ: Իսկ հայկական նախարարական զորքի թիվը, ըստ Եղիշեի, 66.000 էր, այսինքն՝ պարսիկները եղել են մոտ 200.000: Մեր որոշ ուսումնասիրողներ պարսիկների թիվը իջեցնում են մինչև 90.000 և նույնիսկ 80.000, ելնելով այն հանգամանքից, որ իբր Եղիշեն, հետևելով հունա-հռոմեական պատմագիտության ավանդույթներին, չափազանցրել է պարսիկների թիվը, հայերի քաջությունը և հերոսությունը ընդգծելու համար: 
Սակայն մեր կարծիքով, ընդհակառակը, պարսիկները նույնիսկ ավելի շատ են եղել, քան նշում է Եղիշեն. ահա թե ինչու. 
նախ, եթե ընդունենք, որ պարսիկները 90.000 կամ 80.000 են եղել, ապա դա ամենևին էլ այն գերակշիռ առավելությունը չէ, որ Վարդանին կստիպեր դիմել իր յուրահատուկ և պատմության մեջ նախադեպը չունեցող մարտավարությանը: Հակառակորդի մոտ 20.000-ի առավելությունը թեև լուրջ է, սակայն հայոց բանակի համար այն երբեք ճգնաժամ չի եղել: Ե՛վ հինգերորդ դարում, և՛ դրանից առաջ ու հետո հայկական բանակը բազմիցս հաղթել է նմանապես գերակշռող թշնամուն: Օր.՝ 385թ. Բագավանի ճակատամարտում 20.000-48.000 հարաբերակցությամբ հայերը հաղթեցին, կամ 481թ. Ակոռիի ճակատամարտի 400-7.000 հարաբերակցությամբ անհավատալի հաղթանակը և այլն, և երկրորդ` պետք չէ մոռանալ, որ Հայոց Մարզպանությունը Պարսկաստանում առաջնային տեղ, իսկ հայոց այրուձին՝ մեծ հեղինակություն ունեին, և հաղթելու համար պարսիկները պետք է ուղարկեին ոչ միայն լավագույն (Մատյան գունդ, մարտական փղեր, լավագույն հեծելազոր, ծանրազեն հետևակ), այլև գերակշիռ ուժեր: Իսկ եթե հաշվի առնենք նաև, որ Հազկերտը Բյուզանդիայի հետ հաշտություն էր կնքել, հարաբերական խաղաղություն էր հաստատել Քուշանաց սահմանում, կայունացրել էր երկրի վիճակը և ի վիճակի էր պարսկական բանակի մեծագույն մասը կենտրոնացնել Հայաստանի ուղղությամբ, ապա գալիս ենք այն հետևության, որ Եղիշեի բերած տվյալները ճիշտ են (այդ ժամանակ պարսկական բանակի ընդհանուր թիվը ավելի քան 350.000 էր): Դա կարող ենք հիմնավորել նաև այլ հաշվարկներով: Այսպես. Եղիշեն, խոսելով պարսկական մարտական փղերի մասին, հայտնում է. «գունդ-գունդ բաժանեց այդ գազաններին և ամեն մի փղի մոտ 3.000 սպառազեն մարդ դրեց, բացի մնացած ամբողջ զորքից... և այսպես Մատյան գունդը ամրացրեց…»: Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերվում է ոչ թե պարսից ողջ զորքին, ինչպես սխալմամբ կարծում են որոշ ուսումնասիրողներ, այլ միայն նրա պահեստազորին։ Պարսիկները Ավարայրում ունեցել են առնվազն 15 մարտական փիղ: Այսպիսով պարսից աջ թևի և կենտրոնի հետևում գտնվող պահեստազորը կազմում էր 55.000 զինվոր (փղերի հետ՝ 45.000 և 10.000-անոց Մատյան գունդը): Իսկ 90.000, և առավել ևս 80.000-անոց զորաբանակը 55.000-անոց պահեստազոր չէր պահի: Այս դեպքում արդեն մոտենում ենք այլ թվի` մոտ 226.850, ձախ թևում և կենտրոնում՝ 50.000-ական զինվոր, աջում` 71.850 (այդ թվում՝ վայրենի ցեղերի մոտ 22.000 ռազմիկները, որոնց Եղիշեն հաշվի չի առել, և 6.850 դավաճանները) և 55.000 էլ պահեստազորում: Այնպես որ, մոտ 226.850-ը լրիվ հավանական է թվում, որն արդեն շատ լուրջ թիվ է և կարող է ճգնաժամի հանգեցնել: 

Հետաքրքիր է նաև հայերի թվաքանակի հարցը: Ըստ Եղիշեի «Եվ նրանք (նախարարները – Մ.Հ.) բոլորը շտապով եկան-հասան պատերազմի վայրը, յուրաքանչյուրը իր զորքով ու ամբողջ պատրաստվածությամբ… և նրանց ընդհանուր թիվը եղավ 66.000»: Հետագա ուսումնասիրողներն էլ առանց խորանալու հարցի մեջ առաջնորդվել են այս թվով: Սակայն հեշտ է նկատել, որ Եղիշեն խոսում է նախարարական զորքի, այլ ոչ թե ողջ հայոց զորաբանակի մասին: Եղիշեի այն տվյալը, թե պարսիկները հայերին գերազանցում էին 3 անգամ, վերաբերվում է միայն նախարարական զորքին: Եվ իրոք, Եղիշեն կարող էր ճշտորեն իմանալ միայն նախարարական զորագնդերի թիվը, իսկ քաղաքների, ավանների (Դվին, Արտաշատ, Զարեհավան, Վաղարշապատ և այլն) և եկեղեցու ընդարձակ կալվածքների ժողովրդական աշխարհազորի, ինչպես նաև այն ռամիկների թիվը, որոնք հանդես էին գալիս իրենց նախարարական գնդերի հետ կամ առանձին գնդերով, Եղիշեն չի նշել և չէր էլ կարող ճշտորեն իմանալ: Իսկ նրանք կային և բավականին ծանրակշիռ էին: Նրանց թիվը կարելի է մոտավորապես տալ 34.000-ի շրջանակներում: Այսինքն՝ հայկական զորաբանակի թիվը մոտավորապես 100.000 էր: Ընդ որում, այս հարաբերակցությունն էլ բավականին լուրջ է, քանի որ նախ՝ պարսիկները ընդհանուր թվաքանակով ավելի քան կրկնակի գերազանցում էին հայերին, որն այդպիսի մեծ թվերի դեպքում կարող է որոշիչ լինել, և հետո, թեև հայկական բանակը մոտ 100.000 էր, սակայն պրոֆեսիոնալ զինվորականների թիվը հազիվ մոտ 40.000 էր: Մնացածը կազմում էր ռազմական գործին անսովոր աշխարհազորը: Այսինքն՝ այս տեսանկյունից պարսիկները հայերին գերազանցում էին ավելի քան 5,5 անգամ:

բ) Պարսիկների կողմից հայերի մասնակցությունը: Այն, որ պարսից բանակում եղել են հայկական ուժեր Վասակ Սյունու մասին խոսելիս ուղղակիորեն վկայում է Եղիշեն: Բացի այդ, վերջինս տալիս է մի շատ ուշագրավ տեղեկություն․«Իսկ ուրացողների (պարսիկների կողմում կռվող հայերի – Մ.Հ.) կողմից այն օրն ընկան 3.544, իսկ քաջ նահատակների կողմից՝ 1.036 մարդ»: 
Արտահայտությունն այս տեսքն ունի Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» Երևանի պետական համալսարանի 1989 թ․-ի հրատարակությունում, որտեղ աշխարհաբարին զուգահեռ տրվող գրաբար կրկնօրինակում այն համապատասխանաբար հնչում է. «իսկ ի կողմանե ուրացելոցն…», 1980 թ․-ին հրատարակված «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա»-ում, ինչպես նաև մի շարք այլ հրատարակություններում: 
Հետաքրքիր է, որ մի քիչ այլ տեսք ունի Եղիշեի գրվածքի այդ մասը նույն Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած <> 1946 թ․-ի հրատարակությունում, որտեղ այն հնչում է այսպես. «Իսկ ուրացողների և հեթանոսների կողմից…»:

Այն հանգամանքին կողմ, որ Եղիշեի երկում խոսքը միայն «ուրացողներ»-ի մասին է և դրա տակ պետք չէ հասկանալ պարսիկներին, խոսում են հետևյալ փաստարկները. 
1. Երևանի պետական համալսարանի 1989 թ․-ի հրատարակության աշխարհաբար տարբերակում ուղղակիորեն նշված է միայն «ուրացողներ»-ի մասին,
2. նույն հրատարակության գրաբար տարբերակում կրկին խոսքն ուղղակիորեն միայն «ուրացողներ»-ի մասին է,
3. 1980 թ․-ին հրատարակված «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա»-ն, մեջբերելով Եղիշեի երկի համապատասխան հատվածը, կրկին պահպանում է. «Իսկ ուրացողների կողմից…» ձևը,
4. Եղիշեն, լինելով կրոնական պատմիչ, առաջին հերթին պետք է նշեր 3.544 ուրացողի և 1.036 նահատակի մասին՝ հակադրելով առաջինների սրբապղծությունը և վերջինների սրբակրոնությունը,
5. 226.850 և 100.000-անոց բանակները մոտ տասնչորս ժամ ընդհարվելով, այն էլ այնպիսի կատաղի ճակատամարտում, ինչպիսին Ավարայրը եղավ, չէին կարող ընդհանուր հաշվով տալ 4.580 զոհ: Սակայն սրա մասին մանրամասն` ստորև:

Այս սխեմայի դեմ կարելի է բերել միայն Ե. Գ. Տեր-Մինասյանի խմբագրությամբ լույս տեսած <> 1946 թ․-ի հրատարակությունը, որտեղ, սակայն, ակնհայտորեն տեղի է ունեցել այս կամ այն կերպ բացատրելի թյուրիմացություն, քանի որ.
1. վերը բերված երեք հրատարակություններում, դրանցից մեկի միջոցով բերված գրաբար տարբերակում և 1980 թ․-ին հրատարակված «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա»-ում խոսքը վերաբերվում է միայն «ուրացողներ»-ին,
2. Եղիշեն ինքը, լինելով կրոնական պատմիչ, խնդիր է ունեցել հակադրել «ուրացողներ»-ին և «նահատակներ»-ին,
3. զուտ ռազմական տեսանկյունից անհնար է, որ նման մեծաթիվ բանակների` 14 ժամ նման կատաղի և արյունահեղ ճակատամարտում ընդհարման արդյունքում կողմերից մեկը տա ընդամենը 3.544 զոհ,
4. հենց նույն 1946 թ․-ի հրատարակությունում խոսվում է նաև «ուրացողներ»-ի, որից հետո միայն նշվում է «հեթհանոսներ»-ի մասին, մի հանգամանք, որը վերոնշյալի ֆոնի վրա կարող է բացատրվել ամենատարբեր կերպ, սկսած Եղիշեի երկը կրկնօրինակած գրչակների անփութությունից, վերջացրած նույն երկը հրատարակածների անուշադրությունով:

Այսպիսով, բոլոր կողմ և դեմ փաստարկները ի մի բերելուց հետո գալիս ենք հետևության, որ «ուրացող» բառով Եղիշեն կարող էր կոչել միայն և միայն պարսիկների կողմում կռվող հայերին և այստեղ երկու կարծիք լինել չի կարող: 
գ) Կողմերի կորուստները: Վերը նշվածի ֆոնի վրա նորովի տեսք են ստանում նաև Ավարայրի ճակատամարտում կողմերի կորուստների վերաբերյալ ավանդականորեն ընդունվող թվերը: Արդեն հիմնավորվեց, որ ավանդականորեն ընդունվող  «544»-ը իրականում վերաբերվում է միայն թշնամու կողմում գտնվող ուրացողներին: Սակայն ավելի զարմանալի արդյունք է ստացվում, երբ սկսում ենք ուսումնասիրել «1.036» թիվը: 
Ուշադիր ուսումնասիրողը կարող է նկատել, որ Եղիշեն, Ավարայրի ճակատամարտի նկարագրման վերջում նշում է միայն նախարարական տոհմերը և տալիս միայն նրանց, այլ ոչ թե ողջ Հայկական բանակի տված զոհերի թվերը (օր.` Մամիկոնյան ցեղից` 133): Եղիշեն փաստորեն խոսում է միայն նախարարական տոհմերի տված զոհերի մասին: Իսկ հասարակ ռազմիկների և աշխարհազորի տված կորուստները նա չի նշել, քանի որ չէր էլ կարող իմանալ նրանց նույնիսկ մոտավոր թիվը: Իրոք, եթե նախարարական տոհմերի կորուստները պարզելը հեշտ էր, քանի որ զոհվածները հայտնի անձինք էին հայտնի տոհմերից, ապա նույն ձևով համարյա անհնար էր պարզել հասարակ ռազմիկների և աշխարհազորի կորուստները: Նա հո չէր քայլի ճակատամարտի գիշերը և հաջորդ օրը մարտի դաշտում և հատ-հատ հաշվեր սպանվածներին: Իր հերթին, բացառված է, որ պարսիկների կորուստը կճշտեր Նիսալվուրտից: Բացի այնպիսի խնդիր, ինչպիսին ռազմական մանրամասների լուսաբանումն է, Եղիշեն չի էլ դրել: 

Այսպիսով, Եղիշեն չի խոսում պարսիկների և հայ հասարակ ռազմիկների կորստի մասին, որն, ինչպես նշվեց, օբյեկտիվ պատճառներով անհնար էր: 
Այնուհանդերձ բնական հարց է ծագում. եթե վերը բերված թվերը վերաբերվում են միայն պարսկական կողմում գտնվող ուրացողներին և հայկական կողմում գտնվող նախարարական տոհմերին, ապա ինչքա՞ն կորուստ տվեցին հակամարտող բանակները: 
Սա հասարակ հարց չէ և սխալվել են մեր այն ուսումնասիրողները, որոնք մեխանիկորեն վերցնելով  «544» և «1.036» թվերը որպես համապատասխանաբար պարսկական և Հայկական բանակի կորուստներ, հարցը համարել են լուծված:

Նախ՝ արդեն հիմնավորվեց, որ այս թվերը վերաբերվում են ընդամենը հակամարտող բանակների մի մասին: Բացի այդ, թող ներվի մեզ այս խոսքերը, հարցը ուսումնասիրող մեր հարգարժան պատմաբանների բացարձակ մեծամասնությունը, լինելով փայլուն գրաբարագետներ, գրականագետներ, բանասերներ և այլն, միաժամանակ գրեթե ոչ մի գիտելիք չուներ հենց ռազմական պատմությունից: 
Ասվածի ապացույցը մենք տեսնում ենք հենց այս օրինակով, երբ տասնամյակների ընթացքում ոչ ոքի, նույնիսկ ոլորտի այնպիսի հսկաների մոտ, ինչպիսիք են՝ Լեոն, Մանանդյանը, Ադոնցը, Մելիք-Բախշյանը և այլք, հարց չի առաջացել, թե ինչպես է հնարավոր 14 ժամ այդպիսի հսկայական բանակների ընդհարման դեպքում ունենալ ընդամենը 4.580 զոհ:
Բացատրությունը ակնհայտ է. բոլոր մասնագետներն ուսումնասիրել են Եղիշեի երկը լեզվաբանական, բանասիրական, գեղագիտական, քաղաքական, կրոնական, բարոյական, փիլիսոփայական և բազում այլ, սակայն ոչ երբեք ռազմական պատմության դիրքերից: Չունենալով բավարար գիտելիքներ այս ոլորտում` ուսումնասիրողները ուղղակի չեն պատկերացրել ճակատամարտի իրական էությունը և պարզապես չեն կարողացել մոդելավորել ձեռնամարտի և աղեղնամարտի պայմաններում տեղի ունեցած միջնադարյան ճակատամարտը:

Փորձենք միասին անել դա, ընթերցող: Պատկերացրու Ավարայրի դաշտը, ընթերցող, մի լայնարձակ տարածություն, որը Տղմուտ գետի երկու ափերով, սկսվելով Արաքս գետի աջ ափից, տարածվում է արևելքից արևմուտք և, վերջանալով Մակվի բարձրավանդակի մոտ, ամենակոպիտ հաշվարկով ունի ոչ պակաս, քան 45 կմ երկարություն: Սակայն բնականաբար մարտը տեղի չի ունեցել ողջ այդ տարածության երկայնքով, այլ եղել է դրա ընդամենը մի հատվածում: Այս հարցի վերաբերյալ ոչ Եղիշեն, և ոչ էլ Փարպեցին որոշակիորեն ոչինչ չեն ասում` մեզ թողնելով մոդելավորման մեթոդի միջոցով հարցը պարզելու գործը: Սակայն մինչ այդ հարցին պարզաբանում տալը, անենք մի կարևոր ճշտում:

Մինչև հրազենի ի հայտ գալը հարթ և թևերից չսահմանափակված դաշտում շարված մարտակարգերը, 100.000 և ավելի ռազմիկ հաշվվելու դեպքում, ունենում էին ոչ ավել, քան 12 կմ ճակատային երկարություն: Սա կարելի է ասել առավելագույնն էր, քանի որ սրանից ավելի կազմելու դեպքում գրեթե անհնար էր դառնում արդեն այս պայմաններում խիստ բարդացող բանակի կառավարման գործը և, բացի այդ, ճակատի երկարացումը սկսում էր իր հերթին լրջորեն սպառնալ մարտակարգի խորությանը:

Ռազմական պատմության ամենահայտնի ճակատամարտերից մեկում` մ.թ.ա. 547 թ․-ի Սարդեսի ճակատամարտում լիդիական 360.000-անոց բանակը, որը, ի հաշիվ ճակատի երկարության, դասավորված էր մեծ խորությամբ, ճակատից կազմում էր մոտ 7,5 կմ: 
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ մեր ուսումնասիրած դեպքում պարսկական 226.850-անոց բանակը, ձգվել է, ամենակոպիտ հաշվարկով, մոտ 8 կմ: Հայկական բանակն էլ, բնականաբար թևերից չշրջանցվելու համար, պետք է իր կողմից անպայման ապահովեր ճակատի նույն երկարությունը: 

Այսպիսով, ընթերցող, պատկերացրու Տղմուտ գետի հյուսիսային և հարավային ափերին, սկսած մոտավորապես Արաքս գետի մոտ գտնվող ճահճուտներից, իրար դեմ հանդիման 8 կմ երկարությամբ ձգվող և իրարից մոտ 500 մետր հեռավորության վրա գտնվող զուգահեռ շարքերով կանգնած են փոխադարձաբար միմյանց ոչնչացնել ձգտող երկու բանակ` 226.850 և 100.000-անոց կազմով: 8 կմ, ընթերցող, ուշադրություն դարձրու այս հանգամանքի վրա: Եվ այդ 8 կմ տարածքի վրա ողջ ճակատի երկարությամբ 226.850 և 100.000 ռազմիկներ, որոնք անսահմանորեն ատում են իրար, պատկանում են տարբեր ազգերի, մեկը մյուսին հեթանոս, հետևաբար նաև այն ժամանակվա պատկերացումներով «ոչ մարդ» են համարում, 14 ժամ շարունակ ամենայն անկեղծությամբ ձգտում են սպանել և ոչնչացնել մեկ-մեկու: Եվ այս պայմաններում ընդամենը… 4.580 զո՞հ:

Եթե որպես ճշմարտություն ենք ընդունում «4.580» թիվը, ապա ստացվում է, որ 14 ժամ տևած մարտի ամեն մի ժամում սպանվել է միջինը 327 ռազմիկ, այսինքն՝ 1 րոպեում մոտ 5 մարդ: Իսկ այժմ պատկերացրու, ընթերցող, որ 8 կմ, այսինքն՝ 8.000 մետր երկարություն ունեցող ողջ ճակատով իրար դեմ միաժամանակ, ամեն ռազմիկի համար միջինն ընդունելով առավելագույնը 1 մետր տարածք, ինչպես նաև միջշարքային տարածությունները ջոկատների միջև, իրար դեմ կարող են մարտնչել միաժամանակ յուրաքանչյուր կողմից ամենակոպիտ հաշվարկներով 8.000-ական ռազմիկ: Այսինքն, մարտի սկսվելուն պես ամեն մի կողմից ճակատի ողջ լայնությամբ իրար են մոտենում փոխադարձաբար իրար անկեղծորեն ոչնչացնել փորձող 8.000-ական մարդ և սկսում են սպանել իրար: Եվ այս պայմաններում մեկ րոպե մարտնչելուց հետո նրանցից սպանվում է ընդամենը… 5 մա՞րդ: 8.000-ական իրար ատող և ոչնչացնել փորձող ռազմիկներ, որոնք 1 րոպեի ընթացքում միջինը մոտ 3 անգամ սպանելու դիտավորությամբ հարվածում են մեկը մյուսին, 1 րոպեի ընթացքում ողջ ուժով հասցնելով միջինը (հաշվի առնելով այդ հարվածների հետևանքով շարքից դուրս եկածներին) մոտ 15.000 հարված, դրա արդյունքում սպանում են ընդամենը… 5 մա՞րդ: Դա նշանակում է, որ 3.000 հարվածից միայն մեկն է մահացու եղել:

Իրոք անհավանական է, քանի որ իրականում այդ 5 մարդուց առնվազն մի քանի անգամ շատ մարդ կսպանվեր արդեն ընդհարման առաջին իսկ վայրկյաններում: Համեմատության համար նշենք, որ հենց նույն 451 թ․-ին տեղի ունեցավ ճակատամարտ Կատալաունյան դաշտում Աթիլլայի հոների 500.000-անոց և Արևմտյան Հռոմեական կայսրության ու նրա դաշնակիցների համարյա նույնաթիվ բանակների միջև: Մոտ 12 ժամ տևած կատաղի ճակատամարտի արդյունքում կողմերը կորցրին մոտ 180.000-ական զինվոր: Կարելի է բերել նաև այլ օրինակներ:

Իսկ երբ կրկին վերադառնում ենք Եղիշեի գրվածքին և այն ուսումնասիրում արդեն այս ամենի լույսի տակ, ի հայտ ենք բերում նոր հանգամանքներ, որոնք մնացել են ստվերում: 
Պարզվում է, որ Մուշկան Նիսալվուրտը, ըստ Եղիշեի, «ստացել էր սաստիկ հարվածներ» և «նրա ուժն ու զորությունը կոտրվել էր ու սիրտը չէր հանգստանում», իսկ «նրա (Հազկերտի – Մ.Հ.) ուժն ու զորությունը շատ կոտրվեց»: 

Պատկերացնո՞ւմ ես, ընթերցող, 3544, այն էլ օտարազգի, զոհը 226.850-անոց զորքով զորավարի և առավել ևս ավելի քան 300.000-անոց զորքով արքայի համար համարվում է ծանր, սիրտը չհանգստացնող և զորությունը կոտրող հարված է: Բայց չէ՞ որ դա ընդամենը մի շարքային ճակատամարտում կրած կորստի չափ կորուստ է: Դրա կեսից ավելի, և այն էլ յուրայինների, կորուստ (2.000) պարսիկները կրեցին միայն Ավարայրի ճակատամարտից մի քանի օր առաջ, երբ Առանձար Ամատունու ջոկատը դարանեց ու ոչնչացրեց պարսից հիմնական բանակի ասպատակող առաջապահը, սակայն պարսից զորավարն ու արքան, կարծես, նույնիսկ չնկատեցին էլ դա… 
Այսպիսով, մոռանալով  «544» և «1.036» թվերի մասին, փորձենք պարզել կողմերի իրական կորուստները:

Դա կարող ենք մոտավորապես պարզել հետևյալ կերպ.
1. 6.850 ռազմիկ կազմող ուրացողները տվեցին 3.544 զոհ, այսինքն՝ կորցրեցին իրենց կազմի մոտ 52 %-ը,
2. ինչպես երևում է մարտի նկարագրությունից և ռազմական պարզ տրամաբանությունից, երբ մի կողմից պարսիկների համար «էժան արյուն» հանդիսացող ուրացողները անպայման անխնա կերպով կօգտագործվեին, ի խնայումս պարսկական բանակի, իսկ մյուս կողմից էլ թշնամին կուզենար դրանով առավելագույնս թուլացնել ուրացողներին, վերջիններիս հետագա ըմբոստությունները կանխելու համար, ուրացողները գրեթե անընդհատ մասնակցություն են ունեցել մարտին, այսինքն՝ նրանց կորուստների տոկոսային հարաբերությունը, իրենց ընդհանուր թվի հետ համեմատած, կարելի է տարածել ողջ պարսկական բանակի վրա,
3. իր հերթին ուրացողները տվեցին մոտ 3.4 անգամ ավելի զոհ, քան նահատակները, հետևաբար ողջ պարսկական բանակը տվեց 3,4 անգամ ավելի զոհ, քան Հայկականը:

Այսպիսով, ընդհանրացնելով վերը շարադրվածը և Կատալաունյան ճակատամարտի «փորձը», կարող ենք +/- 2.000-ի ճշտությամբ գալ կողմերի իրական կորուստը արտացոլող թվերի և ամրագրել, որ պարսկական 226.850-անոց բանակը կորցրեց իր կազմի 52 %-ը, այսինքն՝ մոտ 118.000 ռազմիկ (այդ թվում՝ 3.544 ռազմիկ ուրացողներից), իսկ Հայկական բանակը` 118.000-ից մոտ 3,4 անգամ պակաս, այսինքն՝ մոտ 35.000 ռազմիկ (այդ թվում՝ 1.036 ռազմիկ նախարարական տոհմերից):

Ընթերցող, համաձայնիր, որ 118.000 ռազմիկի կորուստն արդեն սաստիկ հարված էր և՛ պարսից զորավարի, և՛ վերջինիս արքայի համար, որը նրանց կբերեր այդպիսի հոգեվիճակի: Ավելին՝ պարսիկները լավ արյունաքամ էին եղել և հատկապես մեծ կորուստներ էին կրել «անմահները» մատյան գնդից, որի հետևանքը եղավ այն, որ նրանք չկարողացան շարունակել ակտիվ ռազմական գործողությունները և նույն տարում էլ դադարեցրին դրանք

Վերջնականապես այս թվի մեջ համոզվելու համար դիտարկենք այն վերը բերված մեթոդով: 14 ժամ տևած ճակատամարտի արդյունքում կողմերը կորցրին 153.000 ռազմիկ: Այսինքն՝ մեկ ժամում սպանվել է միջինը 10.928, իսկ մեկ րոպեում` 182 ռազմիկ: Համաձայնիր, ընթերցող, որ այս դեպքում թվերն ավելի իրական տեսք են ստանում, քանզի 1 րոպեում հասցված մոտ 15.000 հարվածի արդյունքում սպանվում է 10.928 մարդ: 
գ) Ավարայրի ճակատամարտի արդյունք: Այս ամենով հանդերձ` Ավարայրի ճակամարտը հայերիս համար հաղթանա՞կ էր, թե պարտություն:

Ըստ Եղիշեի. «Ոչ մի կողմը հաղթեց, ոչ մյուս, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով երկու կողմն էլ պարտվեցին: Բայց, քանի որ սպարապետը ընկել էր կռվի դաշտում… ուստի հայոց զորքը ցրվեց»: Այս զգացմունքային և անորոշ բնորոշումը մեր պատմագետներին հիմք է տալիս ասելու, որ Ավարայրի դաշտում հայերը պարտություն կրեցին: Հետագայում, կարծես արդարանալով, առաջ քաշվեց բարոյական հաղթանակ-ռազմական պարտություն բանաձևը:

Ճակատամարտը, իրոք, խոշոր բարոյական հաղթանակ էր: Այն Հայկյան ոգու ցասումն էր, որը հայոց պետականության կորստից հետո ապացուցեց, որ հայը երբեք ստրուկ չի լինի, իսկ հայ ռազմիկը և հայոց զենքն ունեն այնպիսի հատկություններ, որոնց հետ հաշվի չնստելը կարող է ծանր հետևանքներ ունենալ ցանկացած թշնամու համար: Այն դրեց մի գաղափարախոսության և մի ոգու հիմք, որը պահեց ու պահպանեց մեր ազգը հետագա ծանր փորձություններում` ընդհուպ մերօրյա Արցախյան հերոսամարտը, որի մարտիկները մեկ անգամ ևս փայլուն կերպով ապացուցեցին, որ Վարդանանց ոգին անմար է:

Բայց արդյո՞ք այն ռազմական պարտություն էր:

Մեր կարծիքով՝ միանշանակ ոչ: Հարցը լուսաբանելու համար պարզենք, թե, ըստ ռազմական պատմաբանների, հին աշխարհում և միջնադարում որն է համարվել բանակի պարտություն: Դա այն վիճակն է, երբ կողմերից մեկը մյուսի համեմատ կրում է 1,5-ից ավել անգամ կորուստ և (կամ) թողնում է մարտադաշտը, դիմելով փախուստի, որից հետո դադարում է բանակի և (կամ) երկրի դիմադրությունը: Օր.՝ Գավգամելայի ճակատամարտում՝ Աքեմենյանների, Խառանի ճակատամարտում՝ հռոմեացիների, Ոսխայի ճակատամարտում Սասանյանների կրած պարտությունները դրա դասական օրինակներ են:

Իսկ ի՞նչ եղավ Ավարայրում: Ըստ Եղիշեի, մթնելուց հետո կողմերը վերադարձան ելման դիրքեր: Պարտության մասին խոսք չկա և այստեղ պետք չէ Եղիշեին սխալ հասկանալ: Հայոց զորքը չէր պարտվել և անտեր չէր: Պահեստազորը, իսկ Վարդանի մահից հետո նաև ողջ զորքը, ղեկավարող Համազասպ Մամիկոնյանն ու Արշավիր Կամսարականը հրավիրեցին ողջ մնացած նախարարների խորհրդակցություն: Արդյունքում որոշվեց, որ հայերը հասել են սպարապետի դրած նպատակին, այսինքն՝ թշնամին խիստ արյունաքամ էր եղել: 
Այլևս իմաստ չուներ շարունակել ճակատամարտը հաջորդ օրը, մանավանդ, որ հայերի վիճակն էլ թեթև չէր: Սակայն այստեղ միանշանակ սխալ կլիներ խոսել հայերի պարտության մասին: Հայերը լիակատար մարտակարգով նահանջեցին գետի մյուս ափը և պարսիկները չկարողացան հասնել իրենց նպատակին՝ ջախջախել հայերին: Ավելին. հայերն էին հասել իրենց նպատակին՝ արյունաքամ անելով թշնամու բանակը: Այլևս ճակատամարտը հայերի կողմից շարունակելն իմաստ չուներ: Այս իմաստով է Եղիշեն նշում, որ հայերը ցրվեցին: Այսինքն՝ ոչ թե պարտվեցին, ջախջախվեցին և ցրվեցին, այլ պլանավորված, գիտակցաբար, մարտավարական խնդիրներից ելնելով, քանի որ կատարել էին իրենց մարտական առաջադրանքը, մասնատեցին ուժերը:

Իրոք. սպասվող պարտիզանական լեռնային պայքարում իմաստ չուներ պահել մեծ և կենտրոնացած բանակ: Պետք էր ստեղծել փոքրաթիվ, բայց արագաշարժ և ճկուն 500-600 հոգանոց ջոկատներ՝ պայքարը շարունակելու համար, որն էլ կատարվեց: Հատկանշական է, որ պարսկական բանակը այն աստիճան էր թուլացել, որ նույնիսկ փորձ չարեց խանգարել հայերի նահանջը կամ հետապնդել նրանց: Ի դեպ ռազմավարական տեսանկյունից մեծ է Ավարայրի ճակատամարտի նմանությունը Բորոդինոյի ճակատամարտի հետ, երբ ռուսները, արյունաքամ անելով թշնամուն, թողեցին Մոսկվան՝ խնայելով բանակը և շարունակելով պայքարը: Ոչ մի պատմաբան այժմ չի համարձակվի Բորոդինոյի ճակատամարտը համարել ռուսների պարտություն:

Այսպիսով, կարելի է տալ Ավարայրի ճակատամարտի արդյունքի հետևյալ բնորոշումը. այն մարտավարական առումով անորոշ, բայց ավելի շատ հօգուտ հայկական ուժերի տեղի ունեցած ճակատամարտ էր (պարսիկները երեք անգամ ավելի կորուստ տվեցին), իսկ ռազմավարական առումով հայերը շահեցին այն և դրա, ինչպես նաև երկրում ծագած կատաղի պարտիզանական պայքարի հետևանքով, հաղթեցին պատերազմում, քանի որ շուտով պարսկական բանակը հեռացավ երկրից և վերականգնվեց նախկին վիճակը, որն այն պայմաններում հավասարազոր էր հաղթանակի:

Վասակի դիրքորոշումը

Մյուս հարցը, որ առաջ է քաշվում, վերաբերվում է այն բանին, թե Վասակի դիրքորոշումը թեև պակաս վեհ, սակայն ազգի համար ավելի կենսունակ էր: Սակայն դա ճիշտ չէ: 301 թ․-ին հայերն ընդունելով քրիստոնեությունը՝ ընդգծեցին իրենց տարբերությունը պարսիկներից, իսկ 451թ․-ին Քաղկեդոնի ժողովի որոշմանը բացասական վերաբերմունք դրսևորելով, ընդգծեցին իրենց տարբերությունը բյուզանդացիներից: Իսկ այս երկու պետությունների քաղաքականությունը միշտ էլ ուղղված է եղել էթնիկ միատարր պետություն ստեղծելուն: Հայերը, ընդունելով զրադաշտականությունը և հետևելով Վասակին, կամ ուղղակի դարերի ընթացքում կկորեին, ինչպես կորան օր.՝ մարերը, պարթևները, ասորիները և այլն, կամ էլ ներկայումս Հայկական լեռնաշխարհում կապրեր մի էթնոս, որը ոչ մի ընդհանուր բան չէր ուենա հայերի հետ` հանդիսանալով տարբեր ժամանակաշրջաններում մեր հայրենիքը ողողած էթնիկ խմբերի անդեմ մի խառնուրդ (ինչպես, օրինակ՝ պատմական Աղվանքը և աղվանցիներն ու ներկայիս Ադերբեջանն ու ադերբեջանցիները): Պատահական չէ, որ և Բյուզանդիայի, Պարսկաստանի ու Խալիֆաթի, և սելջուկների, մոնղոլների, թաթարների, նորից պարսիկների ու թուրքերի դեմ անհավասար և հիրավի հերոսական պայքարում, ինչպես նաև նրանց դժնդակ տիրապետության տարիներին, մինչև 20-րդ դարի սկզբի Մեծ Եղեռնը, հայը մնաց իշխող էթնիկ տարր ողջ Հայկական լեռնաշխարհում և չձուլվեց ինչպես այլ ազգեր:

Փաստորեն Վարդանի քաղաքական գիծն անցավ դարերի փորձություն և լիովին արդարացրեց իրեն:

Անկախ թագավորությո՞ւն

Կուզենայի նաև անդրադառնալ մի հարցի , որի մասին մի թեթև ակնարկ եղավ վերևում: Երբեմն հարցը ներկայացվում է այսպես. երկու ֆեոդալական խմբեր, մեկը՝ Վարդանի, մյուսը Վասակի գլխավորությամբ, պայքարում էին երկրում իրենց առաջնորդներին թագավոր դարձնելու համար: Միանգամից նշենք, որ սա այն պայմաններում դատապարտելի չէր, քանի որ թագավորը խոսում է պետականության առկայության մասին, որն էլ ապագա անկախության հիմքը կլիներ: Սակայն հարցը երբեմն այնպես է ներկայացվում, որ կարծես պարսիկները մնում են հեռու, ինչ որ տեղ դրսում, իսկ երկրում ուղղակի գնում էր միջֆեոդալական գզվռտոց: Հարցին պետք է լայն նայել: Վարդանը հաստատ, իսկ Վասակը միգուցե (քանի որ պետք չէ մոռանալ, որ Վասակի երեխաները գտնվում էին Տիզբոնում և ինչ-որ խորը պատճառ փնտրելու փոխարեն, նրա մոտ կարող էին պարզապես գերակշռել հայրական զգացմունքերը. ի դեպ Փարպեցին հաճախ է մատնանշում այս հանգամանքը), պայքարում էին երկրի անկախության համար: Այստեղ Վասակի նպատակը գովելի է: Իսկ անկախ երկիրը կարող էր լինել միայն թագավորության տեսքով, այլ կառավարման ձև այն ժամանակ հնարավոր չէր: Այստեղ է, որ ծագում է թագավորի հարցը: Սակայն միանշանակ սխալ կլիներ ասել, որ Վարդանը պայքար էր սկսել իրեն թագավոր դարձնելու համար: Իհարկե, հաջողության դեպքում նա չէր հրաժարվի դրանից: Բայց նրա նպատակներն ավելի լայն էին և նա, ի տարբերություն Վասակի, ամեն միջոցով չէր դիմում այդ վերջին հաշվով գովելի նպատակին: Եթե Վասակը հասներ հաջողության (որը խիստ կասկածելի է, քանի որ պարսիկները թույլ չէին տա: Նրանք կօգտագործեին Վասակին և հետո հրաժեշտ կտային, ինչպես էլ ի վերջո եղավ: Սա պարզորեն բխում է նաև Հազկերտի այն արտահայտությունից, թե. «Եթե այն անօրենը ողջ ազատվի մեծ պատերազմից, մեծ անարգանքով նրան պետք է խմացնեմ մահվան դառն բաժակը»։ Հավատափոխության ճանապարհով եթե ստեղծեր թեկուզև կախյալ թագավորություն, հայերը կձուլվեին և կկորչեին, որի մասին մանրամասն խոսվեց վերևում:

Ահա թե որն է Վասակ և Վարդան թագավորների տարբերությունը: Վարդանը հասկանում էր, որ ինքնությունը կորցնելու ճանապարհով թագավորություն ձեռք բերելը ի վերջո կկործանի և՛ ազգը, և՛ թագավորությունը: Բացի այդ, եթե Վարդանը ձգտեր ամեն գնով դառնալ թագավոր, ապա Ավարայրում կամավոր մահվան չէր գնա, քանի որ հույս կունենար հաղթանակի դեպքում դառնալ թագավոր:

Իսկ Վասակը, ընդհակառակը, եթե չպառակատեր հայոց միաբանությունը, չդավաճաներ պայքարող մարտիկներին, չխոչընդոտեր բյուզանդական, վրացական և աղվանական օգնությանը, ապա, հաշվի առնելով Պարսկաստանի այն ժամանակվա խառը և անկայուն վիճակը, լիովին հնարավոր էր հասնել վերջնական հաղթանակի, թոթափել պարսկական լուծը և վերականգնել հայոց թագավորությունը` գուցե և հենց իր` Վասակի, գլխավորությամբ:

Եղիշե

Ուսումնասիրողները Եղիշեին համարում են Մամիկոնյան տան պատմիչ և հարց են առաջ քաշում, թե ինչպիսին կլիներ մեր տեսակետը ապստամբության վերաբերյալ, եթե տվյալ իրադարձությունների մասին տեղեկություններ հայտներ Վասակը՝ իր պատմիչի միջոցով: Կարելի է համարյա վստահությամբ ասել, որ վերաբերմունքը գրեթե նույնը կլիներ: Իսկ ինչպիսին է մեր վերաբերմունքը հետագա 924 տարում տեղի ունեցած բոլոր ապստամբությունների և Հայոց երկու պետությունների մղած զինված պայքարի, ինչպես նաև վերջին 628 տարվա գոյամարտերի և հենց Արցախյան ազատագրական պայքարի վերաբերյալ, որոնք հիմնականում չեն ունեցել Եղիշեի պես կրակոտ պատմիչներ, այլ պատմիչներ, որոնք ավելի սառնասիրտ մոտեցում են ցուցաբերել: Այստեղ կա ևս մի կարևոր հանգամանք. եթե մենք ժխտում ենք Վարդանանց ապստամբության անհրաժեշտությունը, որը կատարվում էր ազգի ինքնության պահապանման և ասիմիլյացիային դիմադրելու համար, ապա ինչպես պետք է վերաբերվել հետագա մոտ 32 ապստամբություններին, ինչպես նաև բազում գոյամարտերին, սկզբում՝ ընդդեմ Պարսկաստանի, Բյուզանդիայի, Արաբական Խալիֆաթի, հետո՝ ընդդեմ սելջուկների, մոնղոլների ու թաթարների, նորից պարսիկների ու թուրքերի, որոնք հիմանականում կատարվում էին տնտեսական կեղեքումներին և ազգային հալածանքներին դիմադրելու համար՝ նպատակ ունենալով վերականգնել Հայաստանի պետականությունը, որն ի վերջո պսակվեց հաղթանակով:

Այլ հարցեր

Կուզենայի նաև անդրադառնալ մի քանի հարցերի, որոնցով հաճախ մեղադրում են Վարդանին և Վարդանանց.
ա) Վարդանին մեղադրում են նրանում, որ նա իր տոհմը վերցրած ապստամբության սկզբում պատրաստվում էր հեռանալ Բյուզանդիա: Սակայն իմ կարծիքով ամենայն հավանականությամբ դա չի համապատասխանում ճշմարտությանը և Փարպեցին այդ դրվագը ավելացրել է Վարդանի կրոնական ջերմեռանդությունն ընդգծելու համար: Իրոք. դա չի համապատասխանում ոչ Մամիկոնյան տան, ոչ էլ հենց իր՝ Վարդանի ապրած կյանքին, ստացած դաստիրակությանը և դավանած սկզբունքներին (կռվել և մեռնել հայրենիքի համար), որոնք ձևավորվում են տոհմական դաստիարակության ողջ ընթացքում և առավել կատարելության են հասնում սպարապետի պաշտոնը ստանձնելիս և վարելիս: Երկրի սպարապետը (առավել ևս Մամիկոնյան տոհմից, որոնք միշտ էլ աչքի են ընկել իրենց քաջությամբ և հայրենասիրությամբ) չէր կարող լքել իր հայրենակիցներին այդպիսի օրհասական պահի և հեռանալ Բյուզանդիա, այն էլ աղոթքներով զբաղվելու: Իսկ Վարդանին վախկոտության և փոքրոգության մեջ մեղադրելը առավել ևս սրբապղծություն է, այն դեպքում, երբ նա իր քաջությունը ապացուցեց Ավարայրի ճակատամարտում: Հօգուտ մեր բերած փաստարկների խոսում է նաև այն հանգամանքը, որ Եղիշեն, որպես ականատես, այս միջադեպը չի հիշատակում:

բ) Վարդանին նաև մեղադրում են նրանում, որ նա ճկուն չէր և կամակոր էր, երբ նախարարները դժվարությամբ կարողացան համոզել, որ նա դիմի առերես կրոնափոխության: Բայց հարցը այդքան պարզ չէ և Վարդանն էլ կամակոր երեխա չէր: Նա հասկանում էր, թե երկրի սպարապետի ուրացության լուրը ինչ հսկայական բարոյալքիչ ազդեցություն կունենա ժողովրդի, բանակի և հատկապես Պարսկաստանում գտնվող և մոգերի ճնշումներին ենթարկված հայոց այրուձիու վրա: 
գ) Վարդանին մեղադրում են նաև նրանում, թե իբր Հազկերտը ապստամբության ընթացքում արդեն հրաժարվել էր կրոնափոխության առաջարկից և իզուր էր հետագա պայքարը: Բայց նախ՝ հաստատ չէր, որ Հազկերտը իրոք հրաժարվել էր իր պահանջից և այդ լուրերը Վասակը և պարսիկ պաշտոնյաները չէին տարածում, հեշտությամբ հաղթանակի հասնելու համար, և հետո չմոռանանք, որ հայերը ոչ մի երաշխիք չունեին, որ զորքի, ժողովրդի և նախարարների ցրվելուց հետո պարսից բանակը հեշտությամբ չէր գրավի Հայաստանը, քանի որ ըստ իմ ուսումնասիրությունների, Հազկերտի կարծեցյալ հրաժարման լուրը հայերը ստացան 451թ. հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, երբ Փայտակարանում արդեն տեղի էր ունենում զորքերի կենտրոնացում և սկսվել էր արշավը դեպի Հայաստան: Բացի այդ, որ այդ մտադրությունը կեղծ է եղել, երևում է այն հանգամանքից, որ Հազկերտը այդ քայլով ժամանակ շահեց, և ևս մեկ անգամ ստուգելով բյուզանդացիների վերաբերմունքը, և տեսնելով, որ նրանք իրոք չեն պատրաստվում հայերին օգնել, հրամայեց սկսել արշավանքը: Այլ հարց է, որ Ավարայրի ճակատամարտից հետո Հազկերտը կարող էր իսկապես այդպիսի հրաման տալ, ապստամբությունը հանդարտեցնելու նպատակով, քանի որ ծանր կորուստներ էր կրել: Այստեղ կարևոր է ժամանակագրությունը չշփոթել՝ ճակատամարտից առաջ և հետո: 

դ) Պետք չէ նաև Վարդանին մեղադրել ցուցամոլության մեջ, որ իբր իրեն «զվարթ էր ցույց տալիս»: Այստեղ ցուցամոլություն չկա: Բազմափորձ զորավարը, հասկանալով վտանգը, փորձում էր բարձրացնել և պահել բանակի մարտական ոգին, որովհետև միայն այդպես քանակապես թշնամուն այդքան զիջող հայերը կարող էին կատարել իրենց մարտական առաջադրանքը:

ե) Վարդանին մեղադրում են, որ նա, իբր, անհեռատես էր և հայերը Ավարայրում մնացին մենակ: Սակայն վերևում արդեն ասվեց, որ հայ-բյուզանդական դաշինքը որոշ չափով, իսկ հայ-վիրա-աղվանական դաշինքը ամբողջովին քանդվեց Վասակի մեղքով: Ինչ վերաբերվում է հոներին, որոնք իբր խաբել են հայերին, ապա դա թյուրիմացություն է, քանի որ հենց Ավարայրի օրերին հոները ներխուժեցին Պարսկաստան և մեծ ավերածություններ կատարեցին, որը թեև չօգնեց բուն Ավարայրում, բայց մեծ նշանակություն ունեցավ հետագա պայքարի համար, երբ պարսիկները նաև այդ պատճառով ստիպված զորքերը հանեցին Հայաստանից և ուղարկեցին հոների դեմ:

զ) Վարդանին մեղադրում են, որ նա անձամբ մասնակցեց ճակատամարտին, զորքի ընդհանուր ղեկավարություն իրականացնելու փոխարեն։ Բայց դա արդարացի չէ, քանի որ նախ՝ կար մարտի նախապես հաստատված պլան, որով պահեստազորի, կենտրոնի և թևերի հրամանատարները պետք է գործեին նաև նրա մահից հետո, երկրորդ՝ Վարդանը մինչև իր հայտնի մանևրը (օրվա երկրորդ կես) ղեկավարում էր մարտը, և երրորդ՝ նա միայն անձնական օրինակով կարող էր ոգևորել մահացու ճեղքման գնացող մարտիկներին։ 

է) Վարդանանց նաև անհիմն մեղադրում են զուտ ռազմական սխալներ կատարելու մեջ: Իբր վատ հետախուզություն ունեին կամ այն, որ իբր հայոց բանակը առանց հանգստանալու մտավ ճակատամարտի մեջ: Բայց առաջինը չի հաստատվում կոնկրետ փաստերով, (քանի որ նախ՝ պարսիկների հիմնական բանակի առաջապահի ասպատակության մասին հայերը նախապես տեղեկություն էին ստացել և Առանձարի ջոկատը դարանեց ու ջարդեց նրանց, երկրորդ` հայերը գիտեին պարսկական հիմնական բանակի թիվը, արշավանքի ժամանակը և ուղղությունը, և վերջապես հայերը տեղյակ էին Վասակի` Միհրներսեհին և Սեբուխտին ուղարկած նամակներին, այսինքն՝ գերազանց էր գործում օպերատիվ-մարտավարական և ռազմավարական հետախուզությունը), իսկ ինչ վերաբերվում է վերջինին, ապա Եղիշեն նման որևէ փաստ չի նշում, իսկ Փարպեցին նշում է, որ հայերը ճակատամարտի վայր հասան մեկ օր առաջ և հանգստացան ողջ գիշերը:

ը) Վարդանանց, հետագա դատավարություն ժամանակ, մեղադրում են նրանում, որ իբր նրանք ձգտում էին գլուխ խոնարհել, մեղքը բարդել Վասակի վրա և այլն: Բայց իմ կարծիքով դա ճիշտ չէ: Ի՞նչ գլուխ խոնարհելու մասին է խոսքը, երբ երկրում եռում էր կատաղի պայքարը և նախարարները փաստորեն Տիզբոն էին գնացել հաշտության բանակցությոններ վարելու: Իսկ Վասակի վրա մեղքը գցելը հետապնդում էր երեք նպատակ․ 
1) դրանով նրանք վրեժ էին լուծում դավաճանից, վրեժ, որն այդ պայմաններում այլ կերպ հնարավոր չէր, 
2) այդ միջոցով ուղի հարթվեց հաշտություն կնքելու համար, 
3) փրկվեցին իրենք՝ նախարարները, որոնք վերադարձան Հայաստան: 

Եվ, ի վերջո, պարսիկներն էլ միամիտ չէին: Նրանք առիթ էին որոնում առանց արքայից-արքայի և իրենց զորավարների հեղինակությանը վնաս հասցնելու վերականգնել նախկին վիճակը, և փաստորեն բոլորի համար խիստ պետք էր Վասակին մեղադրել: Սա էլ հենց ցույց տվեց Վասակի քաղաքական գծի լրիվ սնանկությունը (որը չուներ սոցիալական հենարան) և նա զրկվեց կյանքից: 

Սրանով ավարտվում է մեր փոքրիկ ուսումնասիրությունը, որը, հուսով եմ, լույս սփռեց Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վրա: Ուրախությամբ կընդունեի նաև մեր պատմաբանների արձագանքները այս հոդվածի վերաբերյալ:

 

Մհեր Հակոբյան, Երևան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: