Հր․Սիմոնյան «Ազատագրական պայքարի ուղիներում»

30 Հունվարի 2016

Հուրախություն հայ ազատագրական պայքարի պատմությամբ հետաքրքրվողների՝ հրատարակվել են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի «Ազատագրական պայքարի ուղիներում» քառահատոր հիմնարար աշխատությունը։ Առաջին և երկրորդ հատորներում գիտնականը համակողմանի ուսումնասիրել և մեզ է ներկայացրել Հայոց պատմության ոչ բավարար ուսումնասիրված մի շրջանի՝ Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիներին Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները: Պատկերացնելու համար, թե որքան նյութ է հավաքել հեղինակը, նշենք, որ առաջին գրքում (ավելի քան 800 էջ) ընդգրկել է 1905 թ. հունվար-1906 թ. օգոստոս, իսկ երկրորդում (շուրջ 800 էջ)՝ 1906 թ. օգոստոս-1907 թ. հուլիս ժամանակաշրջանները:

Բազմաթիվ փաստեր ու մանրամասներ պատմաբանը վերհանել է առաջին անգամ, մի մասն էլ վերլուծել, ներկայացրել է նորովի:   Ավելորդ չէ ևս մեկ անգամ հիշել, որ 19-րդ դարի սկզբին հայ ժողովրդի արևելյան հատվածը բախտորոշ քայլ կատարեց՝ կամովի անցնելով Ռուսաստանի հովանավորության տակ: Գոյապահպանումը դարձել էր հայի գլխավոր հոգսը, եթե չասենք՝ միակ նպատակը: Արևելյան բռնապետությունների համեմատությամբ Ռուսաստանի քաղաքական տիրապետության տակ անցնելը աստվածատուր պարգև էր թվում: Սակայն դա չի նշանակում, թե քրիստոնյա պետության հովանավորությունը և պաշտպանությունը վայելող արևելահայությունը պետք է մոռանար իր իղձերն ու նպատակները, կորցներ կամ հրաժարվեր իր դիմագծից ու մշակույթից: Պարզապես արևմտահայության համեմատությամբ վերջիններիս կյանքը տանելի էր, թեև քիչ չէին ցարիզմի քաղաքականության դեմ ընդվզման դեպքերը:  

Այս ելակետից է մոտեցել խնդրո առարկա հարցին ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը՝ անդրադառնալով Կովկասում Ռուսաստանի որդեգրած ընդհանուր քաղաքական գծին:  Անշուշտ, մեկ հոդվածի շրջանակում անհնար է ներկայացնել այն ամենը, ինչ 1600 էջում հրամցրել է մեզ աշխատության հեղինակը: Փորձենք ընդհանուր գծերով համառոտ տալ ռուսական քաղաքականության ուրվագիծը 1905-06 թթ. մեր տարածաշրջանում՝ ըստ Հրաչիկ Սիմոնյանի վերլուծությունների:

Կովկասը Ռուսաստանին միանալուց հետո ավելի քան մեկ տասնամյակ ռուսական արքունիքը չէր շտապում արմատական վերափոխումներ կատարել այստեղ: Որոշակի շփման փորձ էր պետք: 1844 թ. վերջապես ձևավորվեց Կովկասի փոխարքայությունը, այսինքն՝ «պետություն պետության մեջ»: Առաջին փոխարքան՝ Միխայիլ Վորոնցովը (1844-54 թթ.), որ դաստիարակված էր անգլիական արիստոկրատիզմի սկզբունքով, հենվում էր արիստոկրատիայի վրա՝ համարելով նրան հուսալի հենարան կայսրության համար: Հայերը չունեին ազնվականական դասակարգ և ցարական վարչակարգի համար չէին կարող նման հենարան լինել: Սակայն նրանց համարում էին Ռուսաստանի անկեղծ բարեկամներ: Կովկասի լեռնականներին պատերազմում հաղթելուց հետո 1860-ական թթ. ռուսական կառավարությունը որոշեց կարգավորել քաղաքական կյանքը, որին պետք է նպաստեր նույն այդ ժամանակաշրջանում երկրում «մեծ ռեֆորմների» համար սկսված շարժումը: Կովկասի փոխարքա նշանակված Ալեքսանդր Երկրորդի մեծ եղբայր իշխան Միխայիլ Ռոմանովի օրենսդրական գործունեությունից շահեց նաև կովկասահայությունը, որի հանդեպ, ինչպես և նախորդները, փոխարքան բարեհաճ վերաբերմունք ուներ:

Ակադեմիկոսը ցավով է նշել, որ նրա կառավարման ժամանակաշրջանը (1862-81 թթ.) մեր պատմագրությունը մինչ օրս բավարար չի ուսումնասիրել:  Մ. Ռոմանովի պաշտոնաթողությունից հետո փոխարքայությունը փոխարինվեց կառավարչապետությամբ: Հայ ժողովրդի նկատմամբ բիրտ ու տմարդի քաղաքականության սկզբնավորողը առաջին կառավարիչ Ալեքսանդր Դոնդուկով-Կորսակովն էր (1882-90 թթ.): Սկսվեցին հալածանքներ հայկական դպրոցների, հայ մշակույթի և եկեղեցու դեմ: Օրավուր ահագնացող հալածանքներն ու ճնշումները հայության մեջ առաջացրին հակառուսական տրամադրություններ: Իշխանությունների հետ հայերի հարաբերությունները և Էջմիածնի գործերը, կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի արտահայտությամբ, շուտով հասան «տխուր և նույնիսկ վտանգավոր վիճակի»: Հայ մամուլը հնարավորություն չուներ պատասխանելու հերթական կառավարչի՝ հայատյաց իշխան Գրիգորի Գոլիցինի (1896-1904 թթ.) դրածոյի՝ ռուսալեզու «Кавказ» («Կավկազ») թերթի խմբագիր, տխրահռչակ «բանաստեղծ» Վելիչկոյի` հայության հասցեին արված ամբաստանագրերին:

Գոլիցինը հայակերի համբավ էր վայելում հայության միջավայրում: Նրա ջանքերով 1897 թ. ցարի հրամանով Էջմիածնում փակվեցին Կովկասի հայկական ծխական դպրոցները և հանձնվեցին կրթության նախարարությանը՝ «նոր սերունդը հայ կղերի վնասակար ազդեցությունից պաշտպանելու նպատակով»։ Դպրոցներից հետո փակվեցին հայկական բարեգործական ընկերությունները, հրատարակչությունները, մամուլը: 

«Կովկասը խաղաղեցնելու համար» 1901 թ. Գոլիցինը հրեշավոր ծրագրով ներկայացավ մինիստրների խորհրդին, որը, բարեբախտաբար, տապալվեց. «Կովկասը փրկել վտանգավոր հայ տարրից», և, որպես միջոց, առաջարկում էր բոլորին արտաքսել (հատոր 1, էջ 276): «Կովկասը ռուսացնելու և հայկական վտանգավոր անջատողականությունը մի անգամ ընդմիշտ արմատախիլ անելու միջոցը այս է - չկա այլ միջոց - գաղթեցնել հայերին Սիբիր, ազատել այդպիսով Անդրկովկասը հայկական խռովությունների ներկայությունից և նրանց տեղը հաստատել ներքին նահանգներից բերած ուղղափառ գաղթականներին» (էջ 276-277):  Այս մտավարժանքի գագաթնակետը Նիկոլայ Երկրորդի 1903 թ. հունիսի 12-ի հրամանն էր, որով Հայ Առաքելական եկեղեցու ունեցվածքը բռնագրավվեց: 

Եթե մինչև Դոնդուկով-Կորսակովին Կովկասի կառավարիչ նշանակելը հայությունն այստեղ ամենաօրինապահն էր, ռուսական իշխանության ամենահուսալի նեցուկը, գրում է ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը, այդուհետև դարձավ ըմբոստ, դուրս եկավ իր ափերից:  Ցարիզմի այս քաղաքականությունն անաչառ քննադատել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Ամֆիտեատրովն իր «Եվրոպա և Հայաստան» աշխատության մեջ (Թիֆլիս, 1906 թ.): «Մենք տուժեցինք՝ կորցնելով մեր հեղինակությունը <...> և վստահությունը (հայերի աչքերում), որոնք իրենց ազատագրության ամբողջ հույսը կապել էին մեզ հետ»:

1905 թ. փետրվարի 26-ին ցարը հատուկ հրամանով վերացրեց Կովկասի կառավարչապետությունը և վերականգնեց Կովկասի փոխարքայությունը: Փոխարքա նշանակված Վորոնցով-Դաշկովի անձնական հատկանիշները նպաստեցին ցարական իշխանության և հայ ժողովրդի միջև ծագած հակամարտության կարգավորմանը: Հայերին վերադարձվեցին եկեղեցական կալվածքները, դպրոցները: «Հայանպաստ քաղաքականություն որդեգրելու առաջին առաջարկները վերաբերում են 1906 թ. երկրորդ կեսին, և դրանց հեղինակները երկուսն էին՝ գեներալ Շիրինկինը և ինքը՝ Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը» (հատոր 2, էջ 99):  Այս մասին է 2-րդ գրքի 9-րդ գլուխը, որը, կարելի է ասել, նվիրված է գեներալ-մայոր Շիրինկինի գործունեությանը: Հրաչիկ Սիմոնյանն այստեղ հանգամանորեն ներկայացնում է վերջինիս «Հուշագիր Անդրկովկասի իրադարձությունների շուրջ» զեկույցը՝ 1906 թ., որն ակադեմիկոսը հայտնաբերել է Պետերբուրգի` Ռուսաստանի պատմության պետական արխիվում և հրապարակվում է առաջին անգամ:

 Ո՞վ էր գեներալ-մայոր Շիրինկինը: Կովկասի թուրք պատմաբանների կարծիքով` նա թրքատյաց էր, վրացիների կարծիքով՝ վրացատյաց, հայ հեղինակների բնորոշմամբ՝ հայատյաց, իսկ ռուս պատմագրությունը նրան մեղադրել է ռուսական հեղափոխական կուսակցությունների կովկասյան կազմակերպություններին և երկրամասի ռուս առաջադեմ գործիչներին դաժանորեն հալածելու համար:

Իրականում այդ գնահատականներն անհիմն էին: Սկզբում նա եղել է Վորոնցով-Դաշկովի երկու օգնականներից մեկը՝ քաղաքացիական գծով, այնուհետև նշանակվել է Կովկասի ոստիկանական ուժերի պետ: «Գեներալը ռուսական միապետությանը հավատարիմ նվիրյալ էր, նրա անձնուրաց պաշտպանը, Կովկասում ռուսական շահերին հետևողականորեն հետամուտ զինվորական գործիչ, ուստի այդ շահերի դեմ (իր ըմբռնումով) հանդես եկող ամեն մարդ, անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից, ենթակա էր նրա մոլեգին զայրույթին՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ» (հատոր 2, էջ 100):  Շիրինկինը Կովկաս էր եկել նախապես ազդված Գոլիցինի տեսակետից: Սակայն կարճ ժամանակ անց նրա կարծիքը տրամագծորեն փոխվել է հայության մասին և 1905 թ. օգոստոսին թուրք-հայկական ընդհարումներն առաջին անգամ բնութագրել է որպես «արյունալի արարքներ»։ Թուրքերի սանձարձակությունները նա բացատրել է Կովկասի փոխարքայության նահանգներում թաթար աստիճանավոր ոստիկանների մեծամասնությամբ և հանձին հայության` Կովկասում տեսնում էր Ռուսաստանի միակ հուսալի հենարանը:  Հայության մասին իր նոր հիմնավորված տեսակետները գեներալը 1906 թ. շարադրել է վերոհիշյալ խիստ գաղտնի գրության մեջ և ուղարկել մայրաքաղաք՝ ոստիկանական դեպարտամենտ՝ չկասկածելով, որ այն հայտնվելու է կառավարության ամենավերին օղակում:

Հրաչիկ Սիմոնյանը նշում է, որ այս գրության մասին Շիրինկինը տեղյակ չի պահել ո՛չ փոխարքային, ո՛չ էլ նրա երկու տեղակալներին. այնտեղ քննադատական խոսք է ասել նաև նրանց մասին: «Հուշագիր Անդրկովկասի իրադարձությունների շուրջ» (մեքենագիր 15 էջ) վավերագրի մեջ հեղինակը հայության մասին` որպես Ռուսաստանի հավատարիմ բարեկամի, իր տեսակետը հայտնելուց զատ, քննադատում է հայրենի կառավարության որդեգրած «անհեռատես ու գահի համար խիստ վնասակար քաղաքականությունը»: Կշտամբում է իշխանություններին այն բանի համար, որ նրանք իրենց ուշադրությունը բևեռեցին հայոց ինքնակառավարվող եկեղեցու և ծխական-եկեղեցական դպրոցների վրա և դրանցում ինչ-որ անջատողական սաղմեր տեսան: Մինչդեռ դա մոլորություն էր, հնարավոր է` հատուկ ծրագրված:  Հուշագրի հեղինակը ճիշտ է ընկալել անդրկովկասյան թաթարների մոլեռանդությունը՝ ընդդեմ քրիստոնյաների: Այստեղ մոլեգնող ազգամիջյան թշնամանք և կոտորածներ հրահրողը և նախաձեռնողը «իր հայատյացությամբ հռչակված իշխան Նակաշիձեն էր» (Բաքվի նահանգապետը), որը, գեներալի արտահայտությամբ, կաթվածահար էր արել ոստիկանությունն ու զորքը՝ նրանց վերածելով տեղի ունեցող սարսափելի զանգվածային հանցագործությունների հանդիսատեսի: Լրջախոհ զինվորականը ոչ միայն մինչև ուղն ու ծուծն ընկալել էր կոտորածների էությունը, ոչ միայն զայրացած էր, որ այդ ոճրագործությունների հեղինակները մնացին անպատիժ, այլև հասկանում էր, որ այդ ամենի շարժիչ ուժը պանիսլամիզմն է:

Պանթուրքիստի ղեկավարած «թաթար մոլեռանդ ամբոխը, հիշյալ նահանգները (Անդրկովկասի բոլոր նահանգները - Հ. Գ.) թուրքացնելու նպատակով դիմում է իսլամի սկզբնական ժամանակների ձևերին՝ սրի ու կրակի է մատնում դեռևս «անհավատ» հայերին, որոնց տեղական վարչակազմը ոչ միայն չի պաշտպանում, այլև ինքն է նրանց մատնում խառնամբոխի ձեռքը» (հատոր 2, էջ 105-106):   Շիրինկինին դառնացնում էր, որ Գոլիցինի հեռանալուց հետո էլ այստեղ շարունակվում էր «հայերի նկատմամբ չպատճառաբանված դաժանությունների և մուսուլմաններին սիրաշահելու» նրա վարած աղետալի «քաղաքականությունը»: Տեղի ունեցածի հիման վրա նա եզրահանգումներ է կատարում Կովկասի փոխարքայության վարչակազմի գործունեության վերաբերյալ:

Կովկասի բարձրագույն իշխանությունը ոչ միայն անընդունակ է եղել գնահատելու հայ ժողովրդի դերն ու նշանակությունը այդ տարածաշրջանում Ռուսաստանի վարած քաղաքականության ծիրում, այլև «ոտնատակ է տվել ռուսական իշխանության փառքն ու հեղինակությունը»: Կովկասի կառավարչապետի վարած տհաս քաղաքականությունը անխուսափելիորեն տանելու է Ռուսաստանի բնական դաշնակցի ոչնչացմանը և «Անդրկովկասի սահմանային երեք նահանգների թուրքացմանը»: Վարչակազմը չի պատկերացնում մուսուլմանական շարժման վտանգը կայսրության համար, լիովին թուրքերի ազդեցության տակ է և այլն:  Ավարտելով հուշագիրը՝ գեներալ-մայոր Շիրինկինը կենտրոնական կառավարությանն առաջարկում է դիմել կտրուկ քայլերի: «Անխուսափելի աղետը կանխելու համար, որը սպառնում է ոչ միայն Կովկասի հայ ազգաբնակչությանը, այլև կայսրության լավագույն երկրամասի ամբողջականությանը և Մերձավոր Արևելքում նրա պատմական առաքելությանը, անհրաժեշտ է անհետաձգելիորեն ձեռնարկել ամենավճռական միջոցներ»,- գրել է նա՝ առաջարկելով 8 կետից բաղկացած այդ միջոցների շարքը:

«Հուշագիր Անդրկովկասի իրադարձությունների շուրջ» գրության հեղինակը, Հրաչիկ Սիմոնյանի գնահատմամբ, պատմական տվյալ փուլում՝ «Ռուսաստանի վերջին 20-25 տարիների պատմության մեջ», կառավարական շրջանակից առաջինն էր, որ զարմանալի համարձակությամբ քննադատեց Պետերբուրգի բյուրոկրատիայի հայահալած քաղաքականությունը: Կարելի է պատկերացնել, թե կառավարական ոլորտներում ինչ տարակուսանք է առաջացրել այս գնահատականը, սակայն կառավարությունը պատրաստ չէր իրականացնելու հայրենասեր գեներալի առաջարկությունները: Բայցև նրա քննադատություններն ապարդյուն չէին: Աստիճանաբար, կաթիլ առ կաթիլ կովկասահայության նկատմամբ սկսվեցին ձևավորվել նոր, բարյացակամ տրամադրություններ, և, ինչպես ցույց է տալիս Հրաչիկ Սիմոնյանը գրքի հետագա շարադրանքում, դրանք արտացոլվեցին Վորոնցով-Դաշկովի քաղաքականության մեջ: 

Այս հոդվածում առանձնացրել եմ Հրաչիկ Սիմոնյանի հայտնաբերած արժեքավոր փաստաթղթերից միայն մեկը, որը մեզ համար առավել կարևոր է այն պատճառով, որ մեկ դար առաջ գրված հուշագիրն այսօր էլ արդիական է և մտորելու տեղիք պետք է տա թե՛ հայ, թե՛ ռուս իշխանավորներին ու քաղաքական շրջանակներին: Հայաստանը տարածաշրջանում շարունակում է կատարել այն գործառույթը, որի մասին նույն՝ 1906 թ. գրել են և՛ քաղաքագետ Ալեքսանդր Ամֆիտեատրովը, և՛ Կովկասի ոստիկանապետ գեներալ-մայոր Շիրինկինը:

Ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի «Ազատագրական պայքարի ուղիներում» աշխատությունը սեղանի գիրք է հայոց պատմության, հատկապես 1905-1914 թթ. ժամանակաշրջանն ուսումնասիրողների և թեմայով հետաքրքրվողների համար:

 

Հասմիկ Գուլակյան

(հոդվածը գրվել է 2004 թ․)

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: