Արևմտահայերենին նվիրված համաժողով

23 Հունվարի 2016

Օքսֆորդի համալսարանի Pembroke քոլեջում, համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի օժանդակությամբ շարունակվում է «Արևմտահայերենը՝ 21-րդ դարում» եռօրյա (հունվարի 21-23) համաժողովը: Համաժողովին մասնակցում են արևմտահայերենի պահպանման և ապագայի խնդիրներով մտահոգված գրողներ, գրական, կրթական, հասարակական գործիչներ, նշանավոր համալսարանների հայագիտական ամբիոնների դասախոսներ, հրատարակիչներ, արևմտահայերեն մամուլի ներկայացուցիչներ:

2010 թ․ փետրվարին ժամանակակից հայերենի երկու ճյուղերից մեկը՝արևմտահայերենը, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների էլեկտրոնային ատլասի» մեջ` ստանալով վտանգվածության առկա մակարդակներից «հաստատապես վտանգված» կարգավիճակը: Համաժողովի կազմակերպիչները, մտահոգություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ որոշման առթիվ, համաժողովի շրջանակներում ստեղծված աշխատանոցների ընթացքում քննարկում են արևմտահայերենն ավելի լայն ծրագրերով պահպանելու, ժամանակակից կապի միջոցներ օգտագործելու և սփյուռքի նոր սերնդի շրջանում արևմտախոսություն տարածելու նոր հնարավորությունները:

Առաջին անգամ Եվրոպայի նշանավոր համալսարաններից մեկում կազմակերպվում է արևմտահայերենին նվիրված համաժողով, որի բոլոր զեկույցներն ու քննարկումներն ընթանում են արևմտահայերենով, ասել է համաժողովի կազմակերպիչներից Օքսֆորդի համալսարանի դասախոս Հրաչ Չիլինկիրյանը:

Արևմտահայերենի պահպանմանը նվիրված համաժողովները լինելու են շարունակական: Օքսֆորդի համաժողովն ընթանում է դասական համաժողովների ձևաչափից դուրս, ինչը հնարավորություն է տալիս ավելի գործնական միջավայրում քննարկել հարցերը:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: