Կարեն Վարդանյան․ «Մեր խնդիրն է՝ այնքան վնաս տալ, որ իմաստ չունենա մեզ հետ գործ բռնելը»

08 Դեկտեմբերի 2015

Վերջերս համացանցում տարածվեց ադրբեջանական անօդաչու թռչող սարքից նկարահանված տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է հակառակորդի հրետանին հարվածում մեր դիրքերին: Ենթադրաբար կրակը հենց այդ անօդաչու սարքից էլ ուղղորդվում էր: ՀՕՊ դասական միջոցների համար նման սարքերը խոցելը դժվար է, որովհետև, լինելով չափսերով փոքր և կոմպոզիտային նյութերից պատրաստված, այդ սարքերը դժվար է տեսնել սովորական ռադարի օգնությամբ: Բայց այնպես չէ, որ խնդիրն անլուծելի է: Աշխարհի տարբեր բանակներ արդյունավետորեն հակազդում են նման սարքերին: Մենք էլ կարող ենք:

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքից նկարահանված կադրերը, որտեղ, փաստորեն, երևում է, որ ադրբեջանական հրետանին աշխատում է անօդաչու թռչող սարքի աջակցությամբ՝ համակցված թռչող սարքով: Եվ չթերագնահատելով թշնամուն՝ ասեմ, որ բավականին դիպուկ է կրակում: Դա առաջին դեպքը չէ. ամիսներ առաջ նույնպես նման կադրեր կային, երբ հեռավորությունից ական պայթեցվեց, և հիմա առնվազն երկու դեպք տեսել ենք:

Սովորաբար ինչպե՞ս են պայքարում անօդաչու թռչող սարքերի դեմ:

Բնական է, առաջին հերթին, հակաօդային պաշտպանությունը և ռադիոէլեկտրոնային պաշտպանությունը պետք է սեփական օդը վերահսկողության տակ պահեն, ինչը անօդաչու թռչող սարքերի պայմաններում բավականին դժվար է, և բոլոր երկրները չէ, որ կարողանում են այդ խնդիրը լուծել: Մեր դեպքում, ըստ իս, մենք ավելի շատ գործ ունենք «թամբալության և բառադիության» հետ, որովհետև տեխնոլոգիական բոլոր տարրերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մենք պահպանենք մեր օդային տարածքը, Հայաստանում առկա են: Այսինքն`այդ մասնագետները կան, հնարավորություն ունեն այդ խնդիրները լուծելու, բայց, քանի որ մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ մեր ռազմարդյունաբերությունը բացարձակապես ոչ մի կապ չունի մեր հանրապետության անվտանգության խնդիրների հետ և աշխատում է անհասկանալի խնդրի դրվածքներով, հեռանկարները մինչ այժմ մեզ համար անհասկանալի են, մենք չենք կարողանում մեր նմանատիպ խնդիրները լուծել: Այսինքն`երկրում ունենք տեխնոլոգիական ոլորոտ, որն աշխատում է այլ երկրների համար, և ունենք ռազմարդյունաբերություն, որը եթե անգամ ինչ-որ մի բան պատվիրում է, պատվիրում է այլ երկրներին`անորակ, շատ, քիչ, առանց հեռանկարների, և այլն:

Գոնե այս երկրորդ դեպքից հետո դժվար թե որևէ մեկը կասկածի, որ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարը գերակայություն է:

Դասական ՀՕՊ-ի մասնագետներն ասում են, որ անօդաչու թռչող սարքերը փոքր չափսեր ունեն, դրան գումարած՝ կոմպոզիտային նյութերից են, և սովորական էլեկտրամագնիսական ճառագայթմամբ չեն հայտնաբերվում։

Նախ՝ այդ թռչող սարքերն ինչքան էլ փոքր լինեն, դրանք ունեն ռադիոտիրույթ, ունեն էլեկտրոնային սարքեր, և դրանք հնարավոր է դիտարկել. սա մի խնդիր է: Երկրորդ խնդիրը, որը, կարծում եմ, ավելի հեշտ խնդիր է, քան՝ հայտնաբերումը, ինչպե՞ս անել, որ դիտարկելուց հետո դրանց էլեկտրոնային միջուկները խափանենք: Երրորդ խնդիրը, որը օրինակ՝ Պարսկաստանը լուծել է. ինչպե՞ս այդ էլեկտրոնային սարքերին խաբենք և իջեցնենք կամ չեզոքացնենք:

Պարսկաստանը և այլ երկրներ այդ խնդիրը հետևյալ ձևով են լուծում. նրանք խափանում են անօդաչու թռչող սարքի կապը կառավարողի հետ, որից հետո այդ նույն ալիքով կապ են հաստատում անօդաչու թռչող սարքի հետ և հաստատում են սեփական կոորդինատները, և իրենց ուզած կոորդինատները տալով՝ այդ անօդաչու սարքը կամ բերում են նրան, որ խափանման հետևանքով սկսում է աշխատել իջեցման ավտոմատ ծրագիրը, կամ բերում են նրան, որ կարողանում են ուղղորդել, մինչև իջեցնեն գետին:

Այս բոլոր մեթոդներին տիրապետող մասնագետներ մենք ունենք: Այստեղ խնդիրը հետևյալն է՝ մենք ռազմարդյունաբերություն չունենք, այսինքն՝ մեր ունեցած ընկերություններն աշխատում են այլ երկրների տարբեր խնդիրներ լուծելու համար՝ ռազմական, ոչ ռազմական՝ էական չէ: Եթե մենք ուզում ենք լուծումներ ստանալ, քանի որ ռազմարդյունաբերական ձեռնարկություններ գրեթե չունենք, իսկ որոնք էլ կան, աշխատում են հիմնականում «Նոյի թվի» տեխնոլոգիաներով, ապա մեր խնդիրը հետևյալն է՝ ստեղծել սիստեմ-ինտեգրատոր ընկերություններ, որոնք կարողանում են խնդիրը ձևակերպել, դնել և այդ խնդրի մեջ ներառել տարբեր տեխնոլոգիաներին գերազանց տիրապետող 4-5 ընկերություններ, և կարողանալ ապահովել այդ ընկերությունների կոոպերացիան։ Մեր այսօրվա միակ բարդությունն է՝ ունենալ նորմալ ընկերություն, որն աշխատում է պատերազմական պայմանների օրենքներով, ոչ թե՝ խաղաղ պայմանների, չի զբաղվում «ատկատներով» և նման բաներով, այլ զբաղվում է ռազմական խնդիրների լուծմամբ: Եվ այդ պայմաններում այդ ընկերությունը պատրաստ է իր բոլոր պայմանագրային ծառայությունները կատարել գործընկեր ընկերությունների հետ, որպեսզի ինքը կարողանա այդ ընկերությունները կապել իրար և ստանալ արտադրանք:

Մենք ընկերություն ունենք, որը գերազանց լուծել է նշանադրման խնդիրը: Հիմա այդ ընկերությունն այն պատճառով, որ մեր ռազմարդյունաբերության հետ աշխատել է և աշխատում է, այսօր սնանկացման եզրին է կանգնած, որովհետև լուծել է մի շատ կարևոր խնդիր (հիմա չեմ կարող բարձրաձայնել), որի համար չեն վճարում: Մինչ այսօր այդ ընկերության գումարը չեն տվել, և ընկերությունը կանգնած է սնանկացման եզրին:

Դրա համար ինտեգրատոր ընկերությունը պետք է պարտավորությունները կատարող ընկերություն լինի, որպեսզի այդ ընկերություններն ուզեն հետն աշխատել, որովհետև մեր ընկերություններն այսօր չեն ուզում ՊՆ-ի հետ աշխատել: ԱԺ-ում լսումների ժամանակ մի շարք ընկերություններ փոխնախարարի ներկայությամբ կանգնեցին, ասացին`, մենք չենք ուզում ձեզ հետ աշխատել, որովհետև դուք ձեր պարտավորությունները չեք կատարում: Եվ այստեղ դա շատ կարևոր է, որովհետև այդ ընկերություններն այսօր օտարերկրյա ընկերությունների հետ աշխատելիս նման խնդիր չունեն, որ ինչ-որ մեկն իրենց նկատմամբ պարտավորությունը չկատարի՝ պայմանագիրը կնքված է, և վերջ: Հակառակ դեպքում քանդվելու են տեխնոլոգիական ընկերություններ, որոնք այսօր Հայաստանի հզորությունն են՝ անկախ նրանից, թե երկրի ղեկավարությունը դա հասկանում է, թե չի հասկանում:

Խնդիրը երկկողմանի է՝ բիզնեսը երբեք անվստահելի տեղ չի մտնի: Մենք այսօր հազարավոր օրինակներ ունենք, որ հենց մտնում են նմանատիպ հարաբերությունների մեջ, ընկերությունները սնանկանում են: Եվ այստեղ իրավիճակն արդեն այնքան է վատթարացել, որ այն, ինչ մենք տեսանք էկրանին, նշանակում է՝ ո՛չ պաշտպանության նախարարը, ո՛չ երկրի նախագահն այլևս իրավունք չունեն դիրքերին մոտենալու: Ինչո՞ւ. որովհետև վտանգում են իրենց կյանքը: Այսինքն՝ երկրի բարձրագույն զինվորական ղեկավարությունը կվտանգի իր կյանքը, ինչը անթույլատրելի է երկրում, քանի որ կառավարելիության խնդիր կա երկրում, որը պիտի պահպանվի:

Կարծում եմ, որ գոնե սրանից հետո, երկրի զինվորական ղեկավարությունն արդեն իրավունք չունի շարժվելու նախկին սկզբունքներով, որով աշխատում էր ռազմարդյունաբերությունը՝ սկսած ռազմարդյունաբերության գնահաշվարկից, գործընկերների հետ հարաբերություններից և այլն: Եթե բանակում չկա մարդ, որը կարող է նորմալ հարաբերություններ ստեղծել տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ հասկանալով, որ տեխնոլոգիական ընկերությունները փողոցում գցած մարդիկ չեն, դրանք ցանկացած րոպեին ցանկացած երկրի հետ կարող են հարաբերությունների մեջ մտնել և ցանկացած բան կարող են արտադրել, և չի կարելի նրանց հետ ո՛չ արհամարհական, ո՛չ քամահրական, ո՛չ պայմանագրերը խախտելով, ո՛չ կիսագողական, ո՛չ էլ այլ ձևերով խոսել: Եթե այնտեղ այդպես խոսող մարդ չկա, ուրեմն պետք է այդպիսի մարդ աշխատանքի վերցնեն և ստեղծեն լրիվ նոր ռազմարդյունաբերություն:

Ես համաձայն եմ, որ բանակին պետք են կրակող գործիքներ, բայց կրակող գործիք ունենալու համար պետք էր վերջին 25 տարվա մեջ ռազմարդյունաբերությունը չքանդել. հիմա մենք քանդել ենք՝ դա փաստ է:
Օգտագործվում է մեր ունեցած հնարավորության մեկ տոկոսից պակասը: Մենք չենք ասում՝ ընդհանրապես բան չկա. այո, ինչ-որ բաներ արված են, բայց այն արագությունը, որով դա արվում է, այն որակը, որով դա արվում է, այն ներգրավվածությունը, որն ունենք այդ տեխնոլոգիաների մեջ, դա գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա. սրա մասին է խոսքը:

Այսօր մարտահրավերներն ուժգնացել են՝ մի տարի առաջվա խոսակցությունը չի, երբ ընդամենը սահմանում գնում էր հրացաններով կամ ավտոմատներով փոխհրաձգություն: Այսօր խոսքն այն մասին է, որ խորը թիկունքում՝ բավականին միջին խորության թիկունքում, մեր հրետանային դիրքերը կարողանում են գնդակոծել: Սա նշանակում է, որ մեր երկրի անգամ զինվորական ղեկավարությունը չի կարող մոտենալ սահմաններին՝ իրավունք չունի, որովհետև կընկնի գնդակոծման տակ. սրա մասին է խոսքը:

Մենք ուզում ենք խոսել մեր պոտենցիալի, ռեալիզացիայի մասին, մենք ուզում ենք խոսել մեր երեխաների անվտանգ ապագայի մասին, մենք ուզում ենք խոսել այն մասին, որ այսօր ռազմաճակատը գնալով մոտենում է մեզ: Նախորդ անգամ`ընդամենը հունվարին, մենք խոսում էինք, որ մեզնից 200 կմ հեռու է ռազմաճակատը, բայց այսօր ուղիղ մեր բերանում է ռազմաճակատը`ամբողջ Թուրքիան է, և մենք խոսում ենք հենց դրա մասին, որ վաղը մեծ հավանականությամբ մենք մտնում ենք պատերազմական իրավիճակի մեջ. մենք խոսում ենք այն մասին, թե ինչ ենք անելու այդ ժամանակ, ո՞նց ենք անելու, որ կանխարգելենք: 

Մի քանի տարրեր կարող եմ նշել, որոնք միացնելու դեպքում մենք կարող ենք մեր խնդիրները լուծել. առաջին հերթին, ինչպես նշեցի, նշանառության համակարգերն է, որը մենք կարողանում ենք լուծել համաշխարհային մակարդակով, այլ ոչ թե տնայնագործական պայմաններում։ Խոսքը համաշխարհային մակարդակի լուծումների մասին է: Երկրորդը՝ սեփական տեղորոշման համակարգը, որպեսզի մենք անկախ այն բանից, թե գլոնասսը կամ GPS-ը կաշխատի, կարողանանք կոորդինատներ տալ մեր համապատասխան կրակող համակարգին:
Խոսքը ցամաքային տեղակայման ինչ-որ ցանցի մասին է:
Դա մենք բազմիցս քննարկել ենք, և այսօր համոզված ասում ենք, որ մենք դա կարող ենք լուծել:
Այսօր մենք գուցե կարող ենք օգտագործել GPS-ը կամ գլոնասսը, բայց պատերազմի ժամանակ չենք կարողանալու՝ կախվածության մեջ ենք լինելու: Որպեսզի կախված չլինենք, մենք նաև այսօր պետք է զարկ տանք սեփական տեղորոշման համակարգին: 

Երկրորդը՝ մենք լուծել ենք և ունենք անօդաչու թռչող սարքերի (այսօր խոսքը վերաբերվում է դեռ կվադրոկոպտերներին, ոչ թե պլաներներին) ստաբիլիզիացիայի խնդիր, որ նրանք աշխատեն մինչև 20 մ/վ քամիների պայմաններում, որ թափ չտա, ինչը շատ բարդ է: Որպեսզի դրանք կարողանան կայունացնել իրենց թռիչքը, որը շատ կարևոր խնդիր է:

 Ռուսական МЧС-ի անօդաչու թռչող սարքերի ստաբիլիզացիան տեղի է ունենում մինչև 15 մ/վ-ի դեպքում, այսինքն՝ մենք բավականին առաջավոր ստաբիլիզացիոն համակարգեր ենք կարողանում սարքել, ինչը նույնպես շատ կարևոր է:
Մյուսը՝ օդում երկար մնալու խնդիրն է:
Այսօր մենք այդ հնարավորությունն ունենք: Չեմ ուզում մանրամասնել, բայց մի քանի ժամ օդում մնալու հնարավորություն ունենք: Խոսքը մեզ համար հասանելի մարտկոցների մասին է, որը կարող է ապահովել մի քանի ժամվա աշխատանք: Այդ խնդիրն էլ է լուծված: Խնդիրը լուծված է նաև քաշի առումով, այսինքն՝ բավարար քաշ ունեցող էլեկտրոնային և օպտիկական սարքավորումներ օդ հանելու պայմանը: Ըստ էության,  սրանք են բոլոր այն խնդիրները, որոնք թույլ կտան մեզ համարժեք և ավելի ուժգին պատասխան տալ:

Ես համոզված եմ, որ հենց այսօր, հենց վաղը պետք է հրաման տրվի՝ առանձին անօդաչու թռչող սարքերի զորքեր հիմնադրելու մասին, որովհետև անօդաչու թռչող սարքերը ոչ միայն երկաթն են, այլև՝ այն օպերատորները`նույն օդաչուները, ովքեր խրամատի մեջ նստած կառավարում են այդ սարքը, բայց հմտությունները, որին նրանք պիտի տիրապետեն, բացարձակ նույնն են: Եվ, քանի որ խոսքը ոչ թե, 1, 2, 5 կամ 10 սարքի մասին է, այլ՝ հարյուրավորի, հազարավորների, մենք խնդիր ունենք այսօրվանից սկսելու դրանց պատրաստումը, ոչ թե սպասենք`երբ կռիվը կսկսվի, կամ երբ մեզ վրա հավի նման վերևից կկրակեն պարսատիկով, կսատկացնեն: Ես խորապես համոզված եմ, որ պետք է գնալ այդ ճանապարհով:
Մյուս խնդիրը պաշտպանությունն է`մեր օդը մաքրել օտարերկրյա անօդաչու թռչող սարքերից: Այսօր մեր նախագահը «Digitec» ցուցահանդեսի ընթացքում մոտեցել է բոլոր այն ընկերություններին, որոնք ներկա էին և որոնք կարող էին այդ խնդիրը լուծել՝ օդն ապահովել այդ թռչող սարքերից՝ առաջին հերթին՝ դրանց ֆիքսումը օդում, և երկրորդը՝ նրանց հետ պայքարը նույն ռադիոմեթոդներով։

Մենք մի անգամ՝ ոչ այնքան վաղ անցյալում (խոսքը 1918թ. մասին է), ինքներս մեզ վրա զգացել ենք, թե ինչ է տեխնոլոգիական գերակայությունը հակառակորդի նկատմամբ: Չար լեզուներն ասում են, որ եթե Սարդարապատում մենք չունենայինք առանց լարի ռադիոհաղորդող սարքը`զորքերը կազմակերպելու համար, վստահաբար, արդյունքն այնպիսին չէր լինելու, ինչպիսին եղավ, որովհետև մենք դա ունեինք, իսկ թուրքերը լարային տելեգրաֆ էին օգտագործում այդ ժամանակ: Այսինքն`երբ մենք տեխնոլոգիական լուծում ներդրեցինք, այդ ժամանակ մենք որակական փոփոխություն տեսանք մարտադաշտում:

Հիմա, երբ մեզ ասում են, որ մեզ շրջապատում են ահռելի պետություններ`ագրեսիվ Թուրքիա, Ադրբեջան, որ մենք դատապարտված ենք փոքրիկ, խղճուկ երկրի ճակատագիր ունենալու, ես, անկեղծ ասած, չեմ հավատում, որովհետև վստահ եմ, որ եթե մենք շատ ուզենք, կարող ենք 21-րդ դարի մեր ռացիան գտնել, որը մեզ այնպիսի տեխնոլոգիական գերակայություն կապահովի հակառակորդների նկատմամբ, որ նրանք մեզ ուղղակի կնայեն, ինչպես մենք կնայեինք այլմոլորակայիններին, եթե նրանք թռչող ափսեներով գային-հասնեին այստեղ:

Բայց մեր խնդիրն է ապահովել այն, որ մենք այնքան վնաս կարողանանք տալ, որ իմաստ չունենա մեզ հետ գործ բռնել, այսինքն`վնասներն անհամեմատ լինեն ծախսերի հետ. այդ վիճակը պիտի ապահովենք: Այդ վիճակը հնարավոր է ապահովել: Գուցե հարձակողական զենքերի մեջ մենք չկարողանանք, քանի որ 25 տարի քանդել ենք ռազմարդյունաբերությունը, այսօր մի օրվա մեջ արթնանալ և նորից ռազմարդյունաբերություն ստեղծելը բավականին դժվար է: Բայց գոնե այսօրվա եղած մեթոդները ապահովենք, իսկ մենք հատկապես նորագույն տեխնոլոգիաների մասով բավականին փորձառություն ունենք։ Իսկ դրանից հետո՝ զենքերի արդիականացում, զորքերի կառավարման մեթոդների արդիականացում, որը նույնպես շատ կարևոր է. պետք է աստիճանաբար, բայց հստակ քայլերով կառուցենք ամբողջ համակարգը: Բայց այդ համակարգը կառուցելու համար մեզ պետք են դրա արժեքն իմացող մարդիկ:
Դրա արժեքն իմացող պատվիրատու:

Կարծում եմ, որ այդ մարդիկ տեղերում զորքերի հրամանատարներն են, որոնք իրենց մաշկի վրա և իրենց զինվորի մաշկի վրա զգում են`ինչ է նշանակում տեխնոլոգիական հետընթացը, որովհետև զինվորական չինովնիկին դա պետք չէ, նա Երևանում տաք-տաք նստած է, ինքը կարող է վերևից խոսել իր մոտ եկողների հետ, կարող է իրեն շատ բարձր կարծել, և այլն: Իսկ այն մարդը, որը օպերատիվ խնդիրներ է լուծում`օպերատիվ վարչությունը, օպերատիվ վարչության ստորաբաժանումները, և այլն, այդ մարդիկ իրենց մաշկի վրա են զգում`ինչ է նշանակում չունենալ այսօրվա ժամանակակից գործիք, կամ ունենալ ժամանակակից գործիք, բայց չկարողանալ այն բազմացնել: Երբ դրանք պետք է լինեն հարյուրավոր օրինակներով:

Եվ դրանց արտադրողն էլ է հայկական, սպասարկողն էլ է հայկական: Դեռ չեմ խոսում այն մասին, որ երբ դու այդպիսի բաներ ստեղծում ես, դա դառնում է արտահանման արտադրանք, որը երկրիդ փող է բերում: Հետևաբար, փող չունենալու մասին որևէ խոսակցություն բլեֆ է, որովհետև եթե դու նորմալ կազմակերպում ես և քո խնդիրը լուծում ես, քեզ մոտ առաջանում է փորձառություն, որը դու կարող ես վաճառել, և գործիք, որը դու կարող ես վաճառել, և կոմպլեքսը`փորձառությանը գումարած գործիք, որը պետք է վաճառես: Շատ քիչ երկրներ են կարողանում հասնել դրան. այլ բան է, որ կարող են փողով գնել գործիք:
Բայց բաներ կան, որ երկրներն իրար չեն էլ վաճառում:
Այսինքն`մենք դա պիտի ստեղծենք, և դա պետք է լինի երկրի արտահանման կարևորագույն ճյուղերից մեկը, դա պիտի լինի ռազմարդյունաբերությունը:

Աղբյուրը՝ «Լրատվական ռադիո»

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: