Հայաստանը Ք․ա․ 3-րդ հազարամյակում

09 Նոյեմբերի 2015

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանն իր հրատարակած «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների» (Երևան, 2005) աշխատության վերջաբանում ասում է. «1930-ական թվականներին գրված «Հայաստանի պատմություն» աշխատության էջերում Ն. Ադոնցը, քննելով այն ժամանակ հայտնի մի քանի արձանագրությունների տվյալները, գրում էր. «Փաստորեն մենք կատարյալ մթության մեջ ենք Հայաստանի՝ շումերաաքադական դարա-շրջանի անվան ու ճակատագրի կապակցությամբ» (Երևան, 1972, էջ 27): Բարեբախտաբար հետագա տասնամյակներում այդ շրջանի վերաբերյալ բացահայտվեցին բազմաթիվ աղբյուրներ, որոնք հերքեցին ու մերժեցին հայերի ծագման և, առհասարակ, հայոց վերաբերյալ նախկինում շրջանառության մեջ դրված ռևիզիոնիստական տեսակետները, որոնք խստագույնս վնասեցին և շարունակում են վնասել հայագիտությանը։

Հայոց պատմության վաղնջական շրջանի պատկերը վերականգնելուն են միտված Արտակ Մովսիսյանի աշխատությունները՝ «Հնագույն պետությունը Հայաստանում. Արատտա» (Երևան, 1992), «Բարեպաշտ արքաների աշխարհակալությունը. հարյուրամյա կայսրություն Տիգրան Մեծից առաջ» (Երևան, 1997), «Սրբազան լեռնաշխարհը. Հայաստանը Առաջավոր Ասիայի հնագույն հոգևոր ընկալումներում» (Երևան, 2000 և 2004, 2004-ին նաև անգլերեն թարգմանությամբ), «Նախամաշտոցյան Հայաստանի գրային համակարգերը» (Երևան, 2003), «Հայկական մեհենագրություն» (Երևան, 2003), ինչպես նաև Ստամբուլում թուրքերեն հրատարակված «Արատտա. Սուրբ օրինաց երկիր» (2001) և այլն։

«Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների)» մենագրությունն առայժմ փակում է այդ շարքը, և համոզված ենք, որ երիտասարդ գիտնականը դեռ բավական անելիք ունի այս ճանապարհին: Անկախ ծավալից՝ Ա. Մովսիսյանի բոլոր ուսումնասիրությունները փորձում են կաթիլ-կաթիլ բացահայտել, վերլուծել հայոց հնագույն շրջանի պատմության պատմաքաղաքական և տնտեսական կացությունը, հստակեցնել մշակութա-քաղաքակրթական դեմքը և առաքելությունը, ճշգրտել Հայաստանի աշխարհագրական պատկերը, հասարակական-պետական կարգերը և այլն։ Եվ այս ամենը գրավոր սկզբնաղբյուրների հիման վրա։ Վերջին աշխատության մեջ, օրինակ, թեև նա առաջին անգամ ներկայացրել է 40 նոր սկզբնաղբյուր հայերեն, սակայն իրավացիորեն նշել է, որ այդ «դարաշրջանի լիակատար վերհանման և արժևորման համար առաջիկայում ունենք բազմաթիվ խնդիրներ»։ Դրանք են՝ բոլոր՝ շուրջ հարյուր արձանագրությունների թարգմանությունը հայերեն՝ բնագրերից, և դարաշրջանի վերլուծությունը գիտությունների այլևայլ ճյուղերի տեսանկյունից՝ հնագիտության, աստղագիտության, արվեստագիտության և այլն։ Ուսումնասիրությունները հեղինակին բերել են հստակ եզրակացության՝ Հայկական լեռնաշխարհի՝ քաղաքակրթության բնօրրան լինելու մասին վկայում են Ք. ա. 3-րդ հազարամյակի պատմական իրադարձություններին վերաբերող շատ ու շատ արձանագրություններ:

- Կարելի՞ է ձեր վերջին աշխատությունը համարել նախկին ուսումնասիրությունների յուրօրինակ հանրագումար:

- Հայերի ոչ տեղաբնիկության մասին 19-րդ դարի երկրորդ կեսին ստեղծված ու տարածված տեսությունը, հիմնովին սխալ լինելուց բացի, հայագիտությանը հասցրեց մի շարք վնասներ: Հայաստանին և հայերին առնչվող Ք. ա. 3-2-րդ հազարամյակների բազմաթիվ կարևոր տեղեկություններ արհեստականորեն օտարվեցին մեր պատմությունից, ներկայացվեցին սխալ մեկնաբանություններով: Դժբախտաբար, այդ տեսակետի քննադատությունից (որն սկսվեց 1970-80-ական թթ.) հետո ևս շատ բան չփոխվեց: Մտածողության այդ կարծրատիպը չի նահանջել նաև այսօր: 2004 թ. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը կառավարության նախաձեռնությամբ ստանձնեց Հայոց պատմության քառահատորյակի աշխատանքը, և ինձ հանձնարարվեց գրել «Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների)» բաժինը: Սկսելով աշխատանքըª հանկարծ պարզեցի, որ սկզբնաղբյուր-սեպագրերի քանակն անցնում է հարյուրից, սակայն գիտական շրջանառության մեջ է դրվել հազիվ տասը...

- Ձեր վերջին մենագրությունն սկսում եք սկզբնաղբյուրներից՝ խնդիր ունենալով ճշգրիտ ներկայացնել և՛ պատմական ժամանակաշրջանը, և՛ ժամանակագրությունը: Քանի որ դրանք բազմաբնույթ են, մեր զրույցում ևս դրանք ներկայացնենք համակարգված՝ ըստ խմբերի:

- Երբ որևէ պատմաբան սկսում է որևէ աշխատանք գրել, «պատմագիտական խոհանոցում» նրա առաջին գործը սկզբնաղբյուրների ճշգրտումն է: Այդ շրջանի սկզբնաղբյուրները հարյուրից ավելի են և կարելի է բաժանել մի քանի խմբի: Առաջին խումբը, որ ամենավավերականն է, թագավորների թողած արձանագրություններն են. դրանք իրադարձությունների ժամանակակից հուշարձաններ են և, չնայած փոքր խումբ են, բայց շատ կարևոր են: Երկրորդ խումբն ավելի ուշ շրջանում գրի առնված հուշարձաններ են, որոնցում ամփոփված են դարերի ընթացքում կուտակված դեպքերի մասին հիշատակությունները: Օրինակ՝ «Շումերական արքայացանկը» ներկայացնում է Ք. ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում իշխած քաղաք-պետությունների արքայատները. որը որքան ժամանակ գերիշխեց, երբ անկում ապրեց, ինչ պատճառով, որոշ տեղեկություններ նրանց թագավորական հարստությունների մասին և այլն: Կան նաև ավելի ուշ շրջանում կցված ժամանակագրական տեքստեր: Հայտնի է, օրինակ, «Սարգոնյան ժամանակագրությունը», որն ընդգրկում է ոչ միայն աքադական ժամանակաշրջանը՝ Ք. ա. 24-22-րդ դարեր, այլև դրան հաջորդած շրջանը, նույնիսկ Ք. ա. 18-րդ դարի նշանավոր միջագետքյան տիրակալ Համմուրապիի գործերը (նա մի քանի արշավանք է կատարել դեպի Հայկական լեռնաշխարհ): Ունենք նաև վիպական ստեղծագործություններ: Օրինակ` «Աքադի նզովումը» վիպասքը պատմում է, թե ինչպես էին աքադական տիրակալները ոտնահարում շումերների հոգևոր արժեքները, նսեմացնում այդ ժողովրդին, և թե ինչպես նրանք օգնություն խնդրեցին հյուսիսի լեռնականներից՝ Հայկական լեռնաշխարհի ժողովրդից: Ընդ որում, պատումը գեղարվեստական բնույթի է, բայց հիմնված է պատմական իրադարձությունների վրա: Կան նաև վիպասքեր, որոնց հիմքում ևս պատմական իրադարձություններն էին, կենցաղային բնույթի արձանագրություններ, որոնք ներկայացնում են Միջագետքում բնակություն հաստատած հայաստանցիների՝ Սուբուր-Արմանի երկրի բնակիչների մասնագիտությունները: Այնտեղ տեսնում ենք քաղաքակրթական բարձր արժեքներ կրողների: Բավական կարևոր խումբ են զուտ տնտեսական բնույթի արձանագրությունները: Օրինակª Էբլայի (Հալեպից մոտ 55 կմ հարավ արևմուտք) Ք. ա. 26-23-րդ դդ. արձանագրությունները հիմնականում առևտրատնտեսական բնույթի են, որտեղ հիշատակվում են Հայայի որդիները՝ Արմի և Ազի քաղաքներից: Ի դեպ, սա հայորդիների մասին հնագույն վկայություններից է:

- Ինչպե՞ս եք ճշգրտում դրանց ժամանակագրությունը:

- Հին Արևելքի ժամանակագրական ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվում արդեն ավելի քան 100 տարի: Այդ գործում շատ մեծ դեր ունի աստղագիտությունը: Հին դպրության կենտրոններն անպայմանորեն նշում էին, թե որ տարում ինչպիսի երկնային երևույթներ տեղի ունեցան, ասենք, արևի կամ լուսնի խավարում, գիսավորների երևալը, որոնք այսօր բավական հեշտությամբ ճշգրտվում են աստղագիտության միջոցով: Այսպես՝ Հայկական լեռնաշխարհի առաջին՝ Կուտիական աշխարհակալության վերջնաժամկետին հիշատակվում է, որ երբ թագադրվում էր վերջին գահակալը՝ Տիրիկան անունով, լուսնի խավարում եղավ, իսկ 40 օր անց սկսվեց նրա իշխանության անկումը: Մի քանի տասնամյակ առաջ խորհրդային արևելագետները դիմեցին ԽՍՀՄ ԳԱ տեսական ֆիզիկայի ինստիտուտ՝ ճշգրտելու համար այդ թվականը, և պարզվեց` Ք. ա. 2109-ին էր:

- Սկզբնաղբյուրներն, անշուշտ, օգնում են լուծելու մի շարք պատմաաշխարհագրական և տեղագրական հիմնահարցեր, որոնք առնչվում են և մեր բնօրրանի երկրանուններին: Ներկայացրեք այդ անվանումները և դրանց աշխարհագրությունը:

- Երկրանունները շատ են: Մեզ հայտնի առաջին երկրանունը` որպես վաղ պետական կազմավորում, միջագետքյան աղբյուրներում հայտնի է Արատտա անվանումով, որը, ինչպես վկայում են փաստերը, գտնվել է Հայկական լեռնաշխարհում և նույնանում է աստվածաշնչյան Արարատ-Հայաստանի հետ: Պատմաաշխարհագրական ճշգրտումներ կատարելու համար ունենք հստակ փաստարկներ: Օրինակ՝ Արատտայից Եփրատով նավարկում էին դեպի շումերական Ուրուկ քաղաք-պետություն: Արատտան այդ տարածքում հայտնի էր որպես լեռնային երկիր, իսկ Հայկական լեռնաշխարհից մինչև Պարսից ծոց Եփրատը միայն հարթավայրերով է հոսում, հետևաբար Արատտան պետք է գտնվեր Հայկական լեռնաշխարհում: Կամ, ասենք, Շումերից Արատտա ճանապարհն անցնում է Հյուսիսային Միջագետքի Խուռում, Ուրմիո լճի հարավում գտնվող Զամուա և այլ երկրամասերով ու դուրս գալիս Հայկական լեռնաշխարհի հարավային շրջանները: Բազմաթիվ տեղեկություններ կան Արմանի երկրի մասին (Արմենիա անվանման նախաձևն է), որը հիշատակվում է Ք. ա. 24-23-րդ դարերից: Շատ-շատ տեղեկություններ կան Սուբուր/Սուբարտու անվան հետ կապված, որն ուղղակի նույնանում է Արմանիի հետ, շարունակվում հիշատակվել մինչև Վանի թագավորության շրջանը: Արմանին և Արմեն այնքան նույնական էին Շուբուր/Շուբրիային կամ Սուբուրին, որ դասագրքերում նույնիսկ գրում են որպես մեկ բաղադրյալ անուն՝ Արմե-Շուբրիա. մինչև Վանի թագավորության շրջանն օգտագործվել է այս եզրը: Այս երևույթը տարածված է եղել բոլոր ժամանակաշրջաններում (նաև՝ այսօր), երբ տվյալ երկիրն ունեցել է մի քանի տարանվանումներ՝ տարբեր ժողովուրդներից կամ նույնիսկ տարբեր դպրություններից տրված: Այսօր էլ մենք մեր երկիրը Հայաստան ենք անվանում, վրացիները՝ Սոմխեթի, անգլիացիները՝ Արմենիա, թուրքերը՝ Էրմենիստան և այլն: Կամ՝ վրացիներն իրենց երկիրն անվանում են Սաքարթվելո, ռուսները՝ Գրուզիա, անգլիացիները՝ Ջորջիա, հայերը՝ Վրաստան և այլն: Ք. ա. 3-րդ հազարամյակում Հայաստանին տրվում են Արատտա (Արարատի նախաձևը), Սուբուր (ավելի ուշ՝ Սուբարտու), Արմանի (Արմենիայի նախաձևը) անվանումները: Ք. ա. 3-րդ հազարամյակում հայտնի է մեկ այլ ընդհանրական անվանում՝ Կուտիական երկիր, որը Կորդուքի հնագույն անվանումն էր, և քանի որ միջագետքցիները Հայաստանի հետ շփվելիս առաջինը Կորդվաց աշխարհին էին հանդիպում, առաջին նահանգի անունով անվանում են ամբողջ երկիրը: Հայաստանը Կորդուքի անունով՝ Կարդու-Արարատ ձևով հայտնի է նաև Աստվածաշնչի հին ասորերեն թարգմանության մեջ: Արատտան նույնանում է Սուբուրի հետ. այն երբեմն նշում էին Սուբուր երկրանվան գաղափարագրով: Իսկ եթե մի երկրի անվանում գրում ես մեկ այլ երկրի գաղափարագրով, նշանակում է` այդ երկու անվանումներն էլ վերաբերում են նույն երկրին: Արդեն ասացի Արմանիի և Սուբուր-Սուբարտուի մասին: Արմե-Շուբրիա անվանումն արդեն շուրջ հինգ տասնամյակ է, մտել է գիտության մեջ, նույնիսկ՝ դասագրքեր: Մի կողմից՝ Արատտա-Սուբուր, մյուս կողմից՝ Արմանի-Սուբուր նույնությունները ցույց են տալիս, որ Արատտան, Արմանին և Սուբուրը միևնույն երկրի տարբեր անվանումներն են: Ք. ա. 3-րդ հազարամյակում՝ սկսած 26-րդ դարից, հիշատակվում է Հայ(ա) անվանումը, ընդ որում, և՛ որպես ցեղանուն, և՛ որպես երկրանուն, և՛ որպես դիցանուն: Հայա աստվածը աստվածներից իմաստնագույնն էր համարվում, որը, ըստ միջագետքյան դիցաբանության, աստծո պատկերով ու նմանությամբ կավից արարեց մարդկային ցեղը, և Հայկ Նահապետը, ինչպես մեջբերում է Խորենացին Մար Աբաս Կատինայի «Մատյանից», առաջին աստվածներից առաջ եկած հսկաների սերնդից էր: Բայց ո՞ր աստծո որդին էր Հայկը, ավանդությունը չի հաղորդում: Իսկ միջագետքյան աղբյուրների միջոցով պարզ է դառնում, որ Հայա աստծո որդին՝ Հայիկ-Հայկ Նահապետը պիտի լիներ. իկ մասնիկը փաղաքշական փոքրացուցիչ լինելուց զատ պատկանելություն է ցույց տալիս: «Հայկ» նշանակել է հայ աստծո որդի, հայ ցեղի որդի: Այսօր ասում ենք «հայկական», և ոչ թե՝ «հայական»: Շումերա-աքադական երկլեզու արձանագրություններում Հայան, Սուբուրը և Արմանին համարժեք են, այսինքն՝ Հայաստանին և հայերին տրված բոլոր հնագույն անվանումները՝ հայ, արմեն, Արատտա, Սուբուր, Արմանի հանդես են գալիս Ք. ա. 26-րդ դարից սկսած: Հետագայում Հայա անունը հիշատակվում է Ք. ա. 3-2-րդ հազարամյակների սահմանագծում՝ աշուրական տեքստերում և խեթական աղբյուրներում Հայաստանը կանվանվի Հայասա, հետագայում՝ Հայաստան: «Հայ»-ը մեր ինքնանվանումն է: Արմանին հետագայում կշարունակվի պարսկական աղբյուրներում Արմինա ձևով, այլ ժողովուրդներ նրան կանվանեն Արմենիա, Արմինիա, Էրմանի, Էրմենիստան և այլն: Հայաստանի՝ մեզ ամենահանրահայտ անվանումներից մեկն Արարատյան երկիրն է, որն այսօր ավելի շատ գեղարվեստական գրականության մեջ ենք օգտագործում, իսկ ժամանակին դա պատմագիտական եզր էր: Այսինքն՝ կան Ք. ա. 3-րդ հազարամյակից հայերին և Հայաստանին տրված նույնարժեք անվանումներ: Սա մեկ անգամ ևս փաստում է մի կարևոր իրողություն, որ հայերը՝ որպես ինքնուրույն էթնիկ միավոր, արդեն կայացել էին Ք. ա. 3-րդ հազարամյակում, իսկ Հայաստանը տարբեր ժողովուրդներ և դպրության կենտրոններ անվանել են տարբեր կերպ, որոնցով հայտնի ենք նաև այսօր:

- Ձեր թվարկած այդ տարանունները վերաբերում էին ամբո՞ղջ Հայկական լեռնաշխարհին, թե՞ նաև տարբեր քաղաքական միավորումների անվանումներ էին:

- Այստեղ մի բարդություն կա: Երբ միջագետքցին շփվում էր Հայկական լեռնաշխարհի հետ, Արմանի երկիրը հիշատակում է Հայկական լեռնաշխարհի հարավում, այսինքն՝ իր առաջին հաղորդակցման գոտում: Այդ ժամանակաշրջանում՝ վաղ բրոնզե դարում, ամբողջ Հայկական լեռնաշխարհը մեկ միասնական մշակութային գոտում էր, ընդ որում, այդ միասնականությունը բավական ցայտուն է (պաշտամունքային կառույցները, պաշտամունքային իրերը, աշխատանքի գործիքները, բնակարանները, կենցաղային իրերը ամբողջ լեռնաշխարհում նույնանում են), ըստ այդմ կարելի է ենթադրել, որ այդ անվանումները վերաբերել են ողջ Հայկական լեռնաշխարհին: Կամ, ասենք, սկզբնական շրջանում Կորդվաց աշխարհն անվանվում էր Կուտիական երկիր, հետագայում այն վերագրվել է ամբողջ Հայկական լեռնաշխարհին: Կան ասորական տեքստեր, որոնց մեջ Վանի թագավորությունը՝ Ուրարտուն, անվանվում է Կուտիական երկիր: Դրանք կարող էին լինել Հայկական լեռնաշխարհի առանձին նահանգների անվանումներ, որոնք հետո վերագրվում էին ողջ լեռնաշխարհին, ինչպես հայկական միջնաշխարհի անվանումը՝ Այրարատը, հետագայում վերագրվել է ամբողջ Հայկական լեռնաշխարհին, և անգամ տրվել է թագավորությանը՝ Այրարատյան:

- Ենթադրվում է՝ հնագույն արձանագրությունները պետք է կցկտուր տեղեկություններ հաղորդեն մ. թ. ա. 3-րդ հազարամյակի քաղաքական պատմության և աշխարհագրության վերաբերյալ: Ինչպե՞ս է ուրվագծվում Հայկական լեռնաշխարհի և հարակից երկրների պատմաաշխարհագրությունը:

- Մի քիչ դժվար է ընդհանուր պատասխանելը: Պետք է փոքր-ինչ հստակեցնել ժամանակաշրջանը: Բնականաբար հազար տարվա ընթացքում այս քաղաքական միավորներն անփոփոխ չեն մնացել և ոչ էլ Հայկական լեռնաշխարհի հարևանները: Ք. ա. 28-27-րդ դարերում Միջագետքի հարավում էին շումերական պետությունը, Կենտրոնական Միջագետքում՝ Ուրի երկիրը, որ հետագայում վերացավ, իսկ փոխարենն ստեղծվեց Աքադը, հյուսիսում՝ Արատտա-Սուբուրը: Միջագետքից արևմուտք ընկած շրջանները հայտնի են որպես Ամուրրու կամ Մարտու, որ նշանակում է Արևմտյան երկիր, իսկ Միջերկրական ծովը անվանվում է Ամուրրու երկրի ծով կամ Արևամուտի մեծ ծով: Միջագետքից դեպի հյուսիս-արևելք՝ Զամուա երկիրը՝ Ուրմիո լճից հարավ, հիշատակվում է Էլամ երկրամասը՝ ներկայիս Իրանի հարավ-արևմըտյան շրջանում: Ք. ա. 24-23-րդ դարերում այս աշխարհագրությունն ամբողջովին փոխվում է: Կենտրոնական Միջագետքում հայտնվում է սեմական առաջին հզոր աշխարհակալությունը՝ Աքադական պետությունը, որը գրավում է Շումերի տարածքը: Այդ շրջանի մի ուշագրավ բնագիր է հասել մեզ, որը պայմանականորեն անվանում են Սարգոնյան տերության աշխարհագրության տեքստ, որտեղ ներկայացվում են շատ ավելի մեծ թվով երկրներ: Միայն Եփրատի ավազանում հիշատակվում են Մարի քաղաք-պետությունը, Յարմուտի կոչվող երկրամասը, Լիբանանի լեռները, Արծաթի լեռները (Տավրոսի լեռներ): Աշխարհագրությունը փոխվում է Նարամ-Սուենի օրոք: Եթե Ք. ա. 28-27-րդ դդ. մասին աղբյուրները պատմաէպիկական բնույթի էին, այսինքն՝ պատմական աշխարհագրությունն այնտեղ չի ներկայացվում խիստ մանրամասնորեն, ապա աքադական թագավորների ժամանակաշրջանի՝ 24-23-րդ դդ. տեքստերում հիշատակվում է արշավանքների մանրամասն աշխարհագրությունը: Աքադական տիրակալության անկումից հետո Կուտիական աշխարհակալության շրջանում քարտեզը կրկին փոխվում է: Ք. ա. 3-րդ հազարամյակում Առաջավոր Ասիայի կամ Հին Արևելքի քարտեզը մեկ անգամ ևս նոր փոփոխություն է կրում Ուրի երրորդ հարստության (հայտնի է նաև «Շումերի և Աքադի թագավորություն» անվամբ) ժամանակաշրջանում, որը տևեց մոտ հարյուր տարի: Մենագրության մեջ ներկայացված է հինգ քարտեզ:

- Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումներին և հասարակական-պետական կարգին անդրադարձել ենք հայ ժողովրդի ծագումնաբանությանը վերաբերող մեր զրույցում: Մեկ անգամ ևս հիշենք այն:

- Ցավոք, աղբյուրներն օտար են և քիչ հնարավորություն են տալիս ճանաչելու Հայկական լեռնաշխարհը ներսից՝ նրա պետական կարգը, տնտեսությունը և այլն: Այնուամենայնիվ պահպանված նյութը հնարավորություն է տալիս ասելու, որ, օրինակ, Արատտայի ժամանակաշրջանում երկիրը ղեկավարում էր քրմապետ-արքան, երկիրն ուներ իր բարձրագույն խորհրդակցական մարմինը՝ Ավագների ժողովը, տնտեսական բարձրագույն պաշտոնյան՝ կառավարիչը, հիշատակվում են հարկահաններ, վերակացուներ, իսկ սա նշանակում է, որ պետությունը որոշակի տնտեսական քաղաքականություն էր վարում: Հիշատակվում են արքունիքը, պալատներ, նույնիսկ ուշագրավ տեղեկություն կա Ք. ա. 21-րդ դարի Սուբուրի թագավորի հատուկ մի շենքի մասին, որն անվանվում էր «Արշավանքների տուն», այսօրվա եզրաբանությամբ՝ գլխավոր շտաբ և այլն:

Պետությունները շատ նման են հինարևելյան քաղաք-պետություններին: Հայկական լեռնաշխարհում նահանգները կամ իշխանությունները, որոնք հին տեքստերում անվանվում են երկրներ, միավորված էին դաշինքներով: Այսօր դրանք կարելի է անվանել համադաշնություններ: Օրինակ, ասենք, կուտիական ժամանակաշրջանում միավորվել են 17 երկիր և միացյալ ուժերով կործանել բռնակալ Նարամ-Սուենի իշխանությունը և մոտ հարյուր տարի իրենց իշխանությունը տարածել մինչև Պարսից ծոց: Նույնպիսի կառուցվածք ուներ Ք. ա. 2-րդ հազարամյակում Նայիրյան երկրների համադաշնությունը: Նրանք կապված էին և՛ էթնիկական ընդհանրությամբ, և՛ հոգևոր-մշակութային: Եվ, բնականաբար, ընդհանուր շահեր ունեին` պայքարելու օտար թշնամիների դեմ: Ընդ որում, Նայիրյան երկրները հիշատակվում են Ք. ա. 2-րդ հազարամյակում, իսկ Ք. ա. 1-ին հազարամյակի սկզբին՝ 9-րդ դարում, երբ Վանի թագավորությունը միավորում է դաշինքները և ստեղծում մեկ միասնական պետություն. Սարդուրի Առաջինը, ինչպես վկայում են արձանագրությունները, իրեն հռչակում է Նայիրի երկրի թագավոր: Մեկ այլ փաստ: Հին Արևելքում «Ուման-Մանդա» հասկացությունը նշանակում է «Մանդայի զորքեր» կամ «Մանդայի բազմություններ»:

«Մանդա» անունով հայտնի է Արածանիի հովիտը: «Մանդա» եզրը, ըստ Գրիգոր Ղափանցյանի, պահպանվել է Մանդակունի տոհմանվան մեջ: Ուշագրավ է, որ 1-ին հազարամյակում Ուման-Մանդա են անվանել ամբողջ հնդեվրոպական աշխարհի զորքերը, որոնք պատերազմում էին հարավի՝ սեմական աշխարհի դեմ: Հավանաբար նրանց հոգևոր կենտրոնը Մանդայի շրջանն էր, որտեղ գտնվում էին Աշտիշատը և Հաշտյանքը. վերջինս Վահագնի պաշտամունքի գլխավոր կենտրոնն էր: Մանդայի զորքեր, ըստ իս, նշանակում էր հոգևոր կենտրոնի կամ Վահագն աստծո զորքեր:

Ամփոփելով կարելի է ասել՝ Հայկական լեռնաշխարհում կային Միջագետքին բնորոշ քաղաք-պետություններ, վաղ թեոկրատական կամ աստվածապետական տիպի պետություններ, որոնց գլուխ կանգնած էին քրմապետ-արքաները, և փոքր իշխանությունների համադաշնություններ:

- Իսկ քաղաքական դաշինք այլ պետությունների կամ այլ կազմավորումների միջև հիշատակվո՞ւմ են այդ շրջանում:

- Դաշինքներ, իհարկե, կան: Առաջինը կնքվել է աքադական տերության Նարամ-Սուեն արքայի և Էլամի միջև, ընդ որում, դաշինքն ուղղված էր կուտիական զորքերի արշավանքների դեմ, որը նրանց չփրկեց:

Ի դեպ, օգտվելով առիթից ասեմ, որ մեր մամուլում հաճախ է արտահայտվում այն միտքը, թե առաջին քաղաքական դաշինքը կնքվել է խեթական պետության և Հայասայի միջև: Դա կոպիտ սխալ է: Հիշատակածս դաշինքը կնքվել է դրանից մոտ հազար տարի առաջ:

- Գրքում առանձին բաժին եք նվիրել Հայաստանից քաղաքակրթական արժեքների տարածմանը: Հոգևոր և նյութական ի՞նչ արժեքներ էին արտահանվում այն ժամանակ:

- Փաստերի մի խումբը դիցաբանական բնույթի է: Ըստ միջագետքյան դիցաբանության՝ Հայա աստծո մոտ բնակվում էին յոթ իմաստուններ, որոնք ժամանակ առ ժամանակ գնում և կենդանիների նման ապրող մարդկությանը սովորեցնում էին ապրել քաղաքակիրթ: Կան զուտ պատմական տեղեկություններ, որոնց համաձայն՝ Ք. ա. 26-25-րդ դարերում Սուբուր-Արմանի երկրի բնակիչները գալիս էին Միջագետք և տարածում հինգ հիմնական մասնագիտություններ՝ ճարտարապետություն (դեռևս 28-րդ դարից հիշատակվում են Արատտայի ճարտարապետները), մետաղագործություն, այգեգործություն (զուգահեռաբար՝ գինեգործություն և այլն), դպրություն և հացագործություն: Վավիլովը ժամանակին ապացուցեց, որ հացագործության համաշխարհային գլխավոր կենտրոններից մեկը Հայաստանն է եղել:

Դպիրների և դպրապետերի մասին տեղեկություններն օգնում են հասկանալու, թե ինչու միջագետքյան դիցաբանության մեջ կարող էր հայտնվել Հայա աստծո ապարանքում բնակվող իմաստունների դրվագը…

- Պատմության կեղծարարները դարձել են մեր «անբաժանելի ուղեկիցները»: Ինչպե՞ս են նրանք վերաբերվում ձեր ուսումնասիրություններին և, առհասարակ, ի՞նչ մոտեցում կա ձեր բացահայտած սկզբնաղբյուրների նկատմամբ թե՛ ներսում՝ ՀՀ-ում, թե՛ արտերկրում:

- Որևէ մեկն իմ որևէ աշխատության դեմ երբևէ որևէ բան չի հրատարակել: Փոխարենը բազմաթիվ դրվատանքի խոսքեր են եղել և՛ մամուլում, և՛ ռադիոհեռուստաեթերներում: Իմ գրքերը հրատարակվել են նաև այլ լեզուներով, դրանց դեմ նույնպես ոչ մի տող չի գրվել: Ինձ հասել են առանձին բամբասանքներ, որոնց ուշադրություն չեմ դարձնում: Հրապարակավ հեռուստաէկրանից ասել եմ՝ եթե կա որևէ մեկը, որ կհիմնավորի, թե Արատտան Հայկական լեռնաշխարհում չի եղել, հրավիրում եմ հրապարակային քննարկման: Եթե կարողանան դա ապացուցել կամ իմ աշխատություններում ի ցույց դնել կեղծիքներ, հրապարակավ կայրեմ իմ բոլոր գործերը…

 

Հարցազրույցը վարել է Հասմիկ Գուլակյանը, 2006 թ․

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: