«Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարան

29 Հոկտեմբերի 2015

«Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» լույս է ընծայել թեմատիկ նոր՝ «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանը (ավելի քան 1120 էջ):

Մեր իրականության մեջ աննախադեպ այս շքեղ հրատարակությունը, որն ըստ էության, նվիրված է հայ գրատպության 500-ամյակին, իր եզակի տեղն է ունենալու հայ գրքի ու պարբերական մամուլի պատմության մեջ, որովհետև առաջին անգամ մեկտեղել է հայ գրատպությունը՝ իր բոլոր երեսակներով: Առանձին-առանձին ներկայացված են հայ գրքի հնատիպ շրջանում հրատարակված գրեթե բոլոր գրքերը (շուրջ 1100 անուն)՝ մատենագիտական բնութագրումներով, այդ գրքերի հեղինակներն ու տպագրիչները, նաև օտար հեղինակները:

Նոր և նորագույն շրջանը ներկայացված է կոթողային հրատարակություններով, ՀՀ-ում, ԼՂՀ-ում և սփյուռքում հրատարակված պարբերականների և տպագրվող թերթերի ու հանդեսների մեծ մասը՝ իրենց խմբագիրներով ու հրատարակիչներով, հայ գրողների մեծ մասը:

Հատուկ ուշադրություն է դարձված բառարաններին, հանրագիտարաններին, դասագրքերին և այլն:

«Հայկական հանրագիտարան. հրատարակչության» փոքրաթիվ աշխատակազմն անուրանալի գործ է անում՝ պատրաստելով ու հրատարակելով թե՛ թեմատիկ ու մասնագիտական, թե՛ հանրագիտական գրքեր՝ շարունակելով հայկական հանրագիտարանի անխափան ու դժվար երթը: Իհարկե, կլինեն նաև պատճառաբանված բացթողումներ, որոնք լրացնելու պարտականությունը հանձնում ենք գալիք սերունդներին: Այն, ինչ արվել է այս հատորում, արժանի է խորին երախտիքի:

Հայկական հանրագիտարան հրատարակչությունն իր կազմավորման տարիներից ևեթ արդեն 16 հատոր հանրագիտարանների հեղինակ է: Այսօր արդեն աշխատում են հայկական երաժշտական հանրագիտարան և  65 հազար եզրույթ պարունակող հանրագիտական երկհատորանի բառարան լույս ընծայել: Սակայն դրանով չեն սահմանափակվի, առջևում ծրագրեր շատ կան:

Իսկ ապագայում էլ  կարծում ենք, որ նորանկախ Հայաստանին անհրաժեշտ կլինի նոր ազգային հանրագիտարան: Դա պետք է և պիտի արվի, ինչպես ժամանակին արվեց հայկական սովետական հանրագիտարանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: