Մարսի վրա կյանքի բաղադրիչ տարրեր են որոնում

06 Հոկտեմբերի 2015

Մեր հայրենակից, ՆԱՍԱ-ի ռադիոկապի ինժեներ Ռիչարդ Օհանյանն աշխատում է աշխարհի ամենահետաքրքիր գիտական կենտրոններից մեկում` ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայում`հայտնի JPL-ում, որն աշխարհի գիտահետազոտական եզակի վայրերից է, ուր ռոբոտացված տիեզերական սարքեր են պատրաստվում և ուղարկվում զանազան մոլորակներ: JPL-ը նաև Երկիր մոլորակի ուղեծրի հետազոտություններ է կատարում, բայց տիեզերքով հետաքրքրված մարդկանց հրապուրում է հատկապես լաբորատորիայի գործունեությունը՝ մարդու ոտք չկպած մոլորակների խորհրդավոր աշխարհում: JPL-ի վերջին աշխատանքներից է 2012 թ. օգոստոսին Մարս ուղարկած Curiosity մարսագնացի նախագծումը, ուղարկումը և վայրէջքը` Կարմիր մոլորակի վրա: Մեր հայրենակից Ռիչարդ Օհանյանը (ինչպես նաև ՆԱՍԱ-ում աշխատող այլ հայեր ևս) անձամբ է մասնակցել այդ նշանավոր մարսագնացի ստեղծմանը:

ՆԱՍԱ-ի վերջին պաշտոնական հայտարարության առթիվ (Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունն օրերս հայտարարեց, որ Մարսի վրա ջուր կա) «Արեւելքը» զրույց ունեցավ Ռիչարդ Օհանյանի հետ: Գիտնականը նշեց, որ հայտարարությունը ինչ-որ տեղ շրջադարձային կարելի է համարել, քանի որ ջրի հայտնաբերման հաջորդ քայլը տանում է դեպի Մարսի վրա կյանք որոնելուն. «Եվ առհասարակ, արդեն հենց այդ ուղղությամբ էլ նախագծվում են ապագա մարսագնացները: Curiosity-ն, որն այսօր աշխատում է Մարսի վրա, կյանքի բաղադրիչ տարրերն է որոնում, իսկ հաջորդ մարսագնացը նախագծվում է իբրեւ անցյալի կամ ներկա «կյանք» փնտրող սարք և ապացուցելու է այն»,- նշեց Ռիչարդ Օհանյանը, ավելացնելով, որ կյանք ասելով պետք է պատկերացնել պարզունակ օրգանիզմներ:

«Դա կարող է լինել պարզունակ կյանքի, գոյակցության, մանրէների կամ` մեկ այլ տեսքով»: Նույն կերպ էլ, ինչպես նշեց Ռիչարդ Օհանյանը, ջուր ասելով պետք է պատկերացնել բավականին շատ մակարդակով քիմիական աղերով խտացված հեղուկ ջուր: «Սովորական հեղուկ ջրի գետեր չեն հոսում Մարսի վրա: «NASA-JPL-ի Mars Reconnaissance Orbiter» միջմոլորակային արբանյակի (որ Մարս է հասել 2006 թ.-ին և սկսել իր հետախուզական աշխատանքը Մարսի շուրջ) վրա տեղադրված հատուկ գործիքների միջոցով մենք հնարավորություն ունենք տեսնելու Մարսի վրայի քիմիական բաղադրիչները: Ջրի հետ կապված վերջին հայտնաբերումները վերաբերվում են Մարսի վրա առկա քիմիական բաղադրիչներից առաջացած թացություններին: Առայժմ գիտնականները չգիտեն, թե որտեղից են առաջանում ջրի հետքերը, տարբեր տեսություններ կան աղերով լի ջրի հետքերի մասին»,-նշեց Ռիչարդ Օհանյանը, նշելով, որ հաջորդ մարսագնացն արդեն նախագծվում է այնպես, որ սարքը ոչ թե կանգ առնի Մարսի միայն մեկ վայրում և իր աշխատանքը կատարի, այլ բոլոր այն հնարավոր վայրերն «այցելի», որտեղ ենթադրվում է, որ հեղուկի հետքեր կան:

2020 թվականին ՆԱՍԱ-ի հաջորդ մարսագնացը հենց այդ «երթուղով» է ուղևորվելու դեպի Մարս:

«Բայց պետք է զգույշ լինել, որ մեր միջոցով փոխադրված մանրէներով կամ  օրգանիզմներով չաղտոտվեն Մարսի վրայի միջավայրը և ջուրը»,-ասում է Ռ. Օհանյանը:

Մարսագնացների վայրէջքը Կարմիր մոլորակի վրա վաղուց այլևս իրականություն է: Իսկ ե՞րբ է մարդն իջնելու Մարսի վրա: Ըստ հայ գիտնականի, հեռու չէ այդ օրը. նախատեսվում է, որ 2030-2040 թվականների միջև ընկած տասնամյակում մարդը իջնելու է Մարսի վրա: Գիտնականի խոսքերով, այն, որ Մարսի վրա ջուր կա, շատ կարևոր հայտնաբերում է նաև հենց մարդու` Մարս ուղևորվելու առումով: «Եթե քննվի այդ ջրի ծագումը, ապա շատ հնարավոր է, որ այնտեղ իջնելու դեպքում մարդը զտի, մաքրի և օգտագործի հենց Մարսի վրայի ջուրը»,-նշեց մեր զրուցակիցը:

Ռիչարդ Օհանյանը «Արեւելքի» հետ զրույցում հաստատել է, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Մարսի վրա Գառնի հայկական տեղանվան նմանությամբ խառնարան է անվանակոչվել:

  

Աղբյուրը՝ arevelk.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: