Ծանոթ և անծանոթ Ադոնցը

07 Օգոստոսի 2015

Նիկողայոս Ադոնցը մեր անցյալի այն ականավոր մտավորականներից է, որի վաստակն առայժմ արժանիորեն չի գնահատվել: Հսկայական արժեքավոր ժառանգություն է թողել որպես հայագետ և բյուզանդագետ: Բազմիցս անդրադարձել է կրոնի, առասպելաբանության, լեզվի ու գրականության խնդիրներին: Եվ այսքան վաստակաշատ գիտնականը մեզ համար շարունակում է մնալ քիչ հայտնի, քիչ ծանոթ: Կյանքի վերջին 22 տարին նա ապրել և ստեղծագործել է նախ՝ Ֆրանսիայում, հետո՝ Բելգիայում:  Խորհրդային իրականության պայմաններում արտասահմանում ապրող հայագետը, որ հեղինակել է մի շարք կոթողային աշխատանքներ, հանիրավի մոռացության մատնվեց: Նիկողայոս Ադոնցի գիտական ժառանգությունը մեզանում հիմնականում հրատարակված չէ, ցրված է աշխարհի ամենատարբեր հանդեսներում:

Ն. Ադոնցի գիտական ժառանգությունը ներկայացնելու և վաստակը գնահատելու համար զրույցի ենք հրավիրել պատմ. գիտ. թեկնածու Պետրոս Հովհաննիսյանին:

 - Նախ ներկայացնենք նրան որպես պատմաբան:

- 1908 թ. Պետրոգրադում լույս տեսավ Նիկողայոս Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» մենագրությունը՝ ելակետային, հիմնարար մի աշխատություն, որը գրելիս հեղինակը հաշվի է առել գիտության վերջին տվյալները՝ հնագիտության, լեզվաբանության, մարդագիտության վերաբերյալ, հայոց պատմությունն ուսումնասիրել է միջազգային չափանիշներով: Նա չափազանց կարևոր ուղի է հարթել նաև հայ նախարարական տների, նախարարական հաստատության, Հայաստանի վաղ ֆեոդալիզմի շրջանի ամենատարբեր հարցերի ուսումնասիրությամբ: Նրա մյուս պատմագիտական աշխատությունները հիմնականում բյուզանդագիտական ուղղվածություն ունեն: Ադոնցը վեր է հանում Բյուզանդիայում հայկական տոհմերի, հայ առանձին անհատների գործունեությունը: Մի շարք կարևոր մեկնաբանություններ է հրատարակել Բարսեղ կամ Վասիլի Առաջին Մակեդոնացու հայկական հարստության հիմնադրման, Թեոդորոս Մամիկոնյանի, Վարդ Մամիկոնյանի, Գրիգոր Պարթևի, Աշոտ Երկրորդ Երկաթի, Ռուբեն Առաջինի, գիտության և մշակույթի տարբեր բնագավառներում հայտնի և ոչ հայտնի այլ անձանց մասին: Պատմագիտության մեջ Ադոնցը մեզ համար հայտնաբերել է հայկական Բյուզանդիան և հայոց մեծ նպաստը, ա՛յն նպաստը, որով Բյուզանդիան Բյուզանդիա է դարձել ու համաշխարհային փառք վայելել: Կյանքի վերջին տարիներին նա ձեռնամուխ եղավ ֆրանսերեն լեզվով «Քննական պատմություն հայոց» քառահատոր աշխատության հրատարակմանը:

- Ինչո՞ւ ֆրանսերեն:

- Նա ցանկանում էր Եվրոպային ներկայացնել մի ժողովուրդ, որը զրկված էր հայրենիքից, սակայն զրկված չէր հիշողությունից և մշակույթից, և եվրոպացիները կոտորած ու ջարդ տեսած, թշվառ վիճակում ապրող գաղթական հայերին պետք է ճանաչեին Ադոնցի «Պատմության» միջոցով: Ցավոք, հասցրեց գրել միայն առաջին հատորը, որը 1946 թ. հետմահու հրատարակեցին նրա բարեկամները: Ադոնցի գրավոր ժառանգությունը հիմնականում հում է, չմշակված: Դրանք միայն հեղինակին հասկանալի ձեռագրեր են, որոնց դասակարգումը շատ մեծ և անչափ շնորհակալ գործ կլիներ, եթե արվեր: Սակայն այսօր դրա հնարավորությունները չունենք: Դրանք 1920 թ. հետո գրված նյութեր են և վերջերս են հայտնաբերվել Բեյրութում՝ Համազգայինի գրապահոցում: Կան նաև նախահեղափոխական շրջանից մնացած նյութեր: Ցավով պիտի նշեմ, որ մինչև 1920 թ. գրածները, որոնք Պետերբուրգում էին, անհետ կորել են Ադոնցի ամբողջ արխիվի հետ:

- Հայտնի է, որ Ադոնցը գրել է բավական արժեքավոր փոքրածավալ աշխատություններ:

- Ճիշտ եք նկատել: Նա ունի այդպիսի մենագրությունների շարք՝ նվիրված հայ իրականությանը, գիտության, մշակույթի և քաղաքական գործիչներին: Դրանք էտյուդներ են, փոքրիկ գլուխգործոցներ, որոնք իսկապես նվաճումներ են և նորություն մեզանում: Ցավոք, այդ ոճը նրանից հետո չշարունակվեց: Այդ ուսումնասիրությունները հիմնականում տպագրում էր Բոստոնի «Հայրենիք» ամսագրում:

- Ադոնցը բանասիրական գիտությունների դոկտոր էր: Ի՞նչ ներդրում ունի նա գիտության այս ոլորտում

- Նրա բանասիրական աշխատությունները ևս բավականաչափ կարևոր են բանասիրության համար, ինչպես պատմագիտական աշխատությունները՝ պատմագիտության համար: 1916 թ. Պետրոգրադում լույս է տեսել նրա ամենաարժեքավոր բանասիրական ուսումնասիրությունը «Դիոնիսոս Թրակացին և հայ մեկնիչները» խորագրով՝ նվիրված մ. թ. ա. 2-րդ-1-ին դարերի հույն նշանավոր մտածողի «Քերականության արվեստ» աշխատությանը: Ադոնցը շրջանառության մեջ դրեց հայտնի քերականների ու մեկնիչների՝ Դիոնիսոս Թրակացու աշխատությունների վերաբերյալ գոյություն ունեցող բոլոր տեսակետները: Սրանով մեզանում հիմք դրվեց դասական բնագրերի գիտական և ժամանակակից ձևերով ու մեթոդներով ուսումնասիրությանը: Պատահական չէ, որ տարիներ անց դարձյալ Գյուլբենկյան հաստատության որոշմամբ այն վերահրատարակվեց և մեծ արձագանք ունեցավ ամբողջ Եվրոպայում: Ցավոք, այն լույս չի տեսել հայերեն և շատ քիչ է ծանոթ մեզանում:

Բանասիրական բնույթի նրա աշխատություններից ուզում եմ նշել Մովսես Խորենացուն, Մովսես Կաղանկատվացուն, Եզնիկ Կողբացուն, Գրիգոր Լուսավորչին և հայ շատ այլ հեղինակների նվիրված ուսումնասիրությունների շարքը, որոնք լույս են տեսել և՛ հայերեն, և՛ ֆրանսերեն: 

- Երկար տարիներ ապրելով արտասահմանում, ենթադրվում է՝ Ադոնցը պետք է սերտ առնչություններ ունենար արտերկրի հայրենակիցների հետ

- Սփյուռքահայության հետ Ադոնցի կապերը չափազանց անմիջական էին և շոշափելի: Տարագրության տարիներին՝ 1921-31 թթ. Փարիզում և 1931-ից մինչև իր կյանքի վերջը՝ Բրյուսելում, կապված էր փարիզահայ հոծ գաղութի հետ: Ադոնցն ընտրվել է եկեղեցական վարչության անդամ: Որպես կազմակերպիչ և զեկուցող՝ մասնակցել է գաղութի համահայկական նշանակության գրեթե բոլոր ձեռնարկներին: Ավետիս Ահարոնյանի գրական գործունեության հոբելյանին նվիրված կենտրոնական հանձնաժողովի նախագահն էր: Եվ այդ հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստ կազմակերպեց, որը տեղի ունեցավ Սորբոնում: Նույն Սորբոնում կազմակերպած նրա հաջորդ միջոցառումը, որի նաև հիմնական զեկուցողն էր, նվիրված էր «Աստվածաշնչի» հայերեն թարգմանության 1500-ամյակին: Այս շարքը կարելի է շարունակել՝ «Սասնա Ծռեր» էպոսի 1000, Րաֆֆու ծննդյան 100-ամյակներ և այլն, և այլն: Իսկ 1926 թ. Լենինականի երկրաշարժից հետո տուժածներին օգնող փարիզահայ մտավորականների հանձնախմբի փոխատենապետն էր և անուրանալի դեր է կատարել հանգանակություն կազմակերպելու գործում:

- Ադոնցի պատմագիտական ժառանգության մեջ մեծ տեղ է գրավում Հայկական հարցը: Ի՞նչ աշխատություններ կառանձնացնեիք:

- Ադոնցը գրասենյակային գիտնական չէր: Նա քաղաքացի՛ պատմաբան էր: Մինչև հեղափոխությունն ստեղծագործել է Պետերբուրգում՝ Ռուսաց կայսրության մայրաքաղաքում: Խորությամբ գիտեր Հայկական հարցը։ Հայոց ցեղասպանության՝ մեր ժողովրդի համար ծանր, դժնի ժամանակներուն կարևոր ձեռնարկումներ է կատարել ինչ-որ չափով նրա հոգսը թեթևացնելու նպատակով: 1920-ական թթ. սկզբում Փարիզում էր հավաքվել հայ մտավորականության ծաղիկը. տարբեր պատճառներով նրանք հեռացել էին Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից: Ադոնցը, Ավետիս Ահարոնյանը և Սիմոն Վրացյանը որոշում են Փարիզում հիմնադրել ակադեմիա, հրապարակել հայագիտական ծանրակշիռ ամսագիր և գիտամշակութային լայն գործունեություն ծավալել: Այդ ծրագիրը չիրականացավ՝ ֆինանսական դժվարությունների պատճառով:

Ադոնցին հաջողվեց սփյուռքում բավական աշխույժ գործունեություն ծավալել՝ Հայկական հարցը միջազգային ատյաններում ներկայացնելու ուղղությամբ: Հայ գաղթականների ապագայի նկատմամբ ուշագրավ մտահոգություններ է հայտնել Ազգերի լիգային և Նանսենի գլխավորած գաղթականական հանձնաժողովին հասցեագրած զեկուցագրերում, հնարավորության սահմաններում ֆինանսավորել գաղթականների վերադարձը Խ. Հայաստան, որի կառավարությունը բավարար միջոցներ չուներ նրանց հայրենիք տեղափոխելու համար: Ադոնցը փորձում էր համոզել Ազգերի լիգային, որ հայ գաղթականության՝ Եվրոպայում մնալը կարող է երկուստեք աղետաբեր հետևանքներ ունենալ. նկատի ուներ և՛ Եվրոպայի տնտեսության անմխիթար վիճակը, և՛ գաղթականության անհեռանկար ապագան, որը հղի էր տարրալուծվելու և ձուլվելու վտանգով: Հայերի՝ հայրենադարձություն կազմակերպելու նպատակով հանգանակություն է կատարում և գումարը հանձնում ՀԲԸՄ-ին և ՀՕԿ-ին: Այդ ամենին Ադոնցն անդարադարձել է նաև պատմագիտական աշխատություններում:

1918 թ. մեկը մյուսի հետևից Պետրոգրադի նշանավոր պարբերականները հրատարակում են Հայկական հարցին նվիրված նրա մի քանի ծանրակշիռ ուսումնասիրությունները, ինչպիսիք են «Գերմանական պլանները և Հայկական հարցը», «Թուրքական նոտան և Արևմտյան Հայաստանի հարցը» և այլն: 1920 թ., երբ արդեն Լոնդոնում էր, անգլերեն հրատարակեց «Հայկական հարցը Սևրում», «Թուրքիայի անդամահատումը», «Քրդերի ներթափանցումները Հայաստան» աշխատությունները: Զարմանալի է, որ աշխարհում ճանաչված բյուզանդագետը Հայկական հարցի վերաբերյալ այնպիսի աշխատություններ է գրել, որ թվում է, թե իր ամբողջ գիտական գործունեության ընթացքում զբաղվել է զուտ Հայկական հարցով: 1925 թ. Մեծ եղեռնի 10-րդ տարելիցին նվիրված նրա փոքրիկ աշխատությունը հավասարազոր է մի հսկայական մենագրության: Այնտեղ վերլուծում է մեր ժողովրդի ողբերգության պատճառները:

Մինչև իր կյանքի վերջը Ադոնցը մնաց իր Հայրենիքի ջերմ հայրենասերն ու երկրպագուն: Նրա բուժող բժիշկն իր հուշերում գրել է, որ մահից մեկ շաբաթ առաջ Ադոնցը, երբ ուշքի է եկել, բռնել է բժշկի ձեռքն ու հարցրել. «Հայաստանից ի՞նչ լուր ունես»: Թվում է, թե մահվան մահճում, վերջին շնչում էլ նա Հայրենիքի հետ էր: Այսպես հանգավ Բրյուսելում մեծ հայասերը, մեծ հայրենասերը, մեծ պատմաբանը, ծանոթ և անծանոթ Ադոնցը: 

Հասմիկ Գուլակյան

Հեղինակը հարցազրույցը վարել է 2001թ․ 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ