«Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծ. թերություններ և կոպիտ խախտումներ

30 Հուլիսի 2015

Կայացավ Հանրային խորհուրդի լիակատար նիստ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նիստի արդյունքում որոշում չէր ընդունվել և այդ հարցով հիմնականում կայացան ավելի շատ մասնագիտական թեժ քննարկումներ: Այդ կապակցությամբ «Իրատես de facto»-ն նպատակահարմար է գտել դիմել ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻՆ տալու ոչ միայն մասնագիտական այլև փորձագիտական եզրակացություն ու առաջարկություններ խնդրի վերաբերյալ հաշվի առնելով որ նա հանդիսանում է ԵՄ «Horizon-2020» և այլ միջազգային համագործակցության ծրագրերի, ԱՊՀ երկրների քիմիայի և նավթաքիմիայի խորհրդի փորձագետ, Ամերիկյան քիմիական ընկերության անդամ ու Ամերիկյան արդյունաբերական քիմիայի միավորման անդամ, Ամերիկյան կենսագրական ինստիտուտը նրա անունը ներառել է 50 հանճարների ցուցակի մեջ ու գերազանցության համար շնորհել Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակ: 2010-ին Քեմբրիջի Միջազգային կենսագրական կենտրոնը նրան ընդգրկել է աշխարհի 100 պրոֆեսիոնալների ցուցակում և շնորհել իր բարձրագույն` «Միջազգային նախագահական մրցանակը», դափնեկիր է նաև Լենինյան կոմերիտմության (1983) և գիտության ու տեխնիկայի ոլորտում համամիութենական ստուգատեսի (1984): Նրա կենսագրությունն ընդգրկված է նաև «XXI դարի 2000 նշանավոր մտավորականներ» (ԱՄՆ, 2011), «XXI դարի ակնառու ինտելեկտուալներ» (Մեծ Բրիտանիա, Քեմբրիջ, 2010, 2014), «Միջազգային կենսագրությունների բառարան» (Մեծ Բրիտանիա, Քեմբրիջ, 2014, 2015) գրքերում և XVIII դարից հրատարակվող Մարքիուսի «Ով ով է» տարեգրքերում (ԱՄՆ, 2009-2016):

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Օրենքի ընդունումը պայմանավորում են ՀՀ բնակչության մեջ արձանագրված մի շարք միկրոտարրերի և վիտամինների անբավարարության պատճառով աճող հիվանդությունների, արատների, առողջական խնդիրների (անեմիա, երկաթի անբավարարություն, նյարդային խողովակի զարգացման բնածին արատ, սրտի կաթված), դրանց կանխարգելման, նվազեցման միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությամբ, որն ամրագրված է ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի նիստի N 6 արձանագրային որոշման թիվ 2 հավելվածով ընդունված` ՀՀ-ում միկրոտարրերով և վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում, ինչպես նաև նախատեսված է ի կատարում ՀՀ կառավարության 18.07.2013 թ. թիվ 800-Ն որոշման հավելված 1-ի 47-րդ կետի պահանջներով: ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը 27.01.2015 թ. քննարկել էր նախագիծը և որոշել այն հետաձգել մեկ տարով՝ շարունակելով ուսումնասիրությունները: Նշվել էր, որ կանանց և երեխաների մեջ նկատվում է անեմիայի բարձր տոկոս, երեխաներն ունեն հասակի և քաշի խնդիրներ: Հետագայում նախատեսված էր հրավիրել խորհրդարանական և մասնագիտական լսումներ: Առողջապահության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել շարունակելու ուսումնասիրություններն ու համատեղ աշխատանքը:

 ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱՎԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Հայտնի է, որ ցորենի մեջ գտնվող երկաթը և վիտամիններն աղալու ժամանակ կորչում են, և որքան ցորենն ավելի մանր է աղացվում, այնքան ավելի մեծ է սննդարար տարրերի կորուստը: Օրենքի նախագծի (18.11.2014, Կ-666-18.11.2014-ԱՄ-010/0) ընդունման նպատակը հացամթերքների արտադրության մեջ օգտագործվող բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրի երկաթով և ֆոլաթթվով հարստացման իրականացումն է 30 և ավելի տոննա հզորություն ունեցող ալրաղացներում, որոնց արտադրած ալյուրը կազմում է շուկայում իրացվող ալյուրի 80-85 %-ը: Ենթադրվում է, որ արդյունքում կնվազեն երկաթի և ֆոլաթթվի անբավարարության պատճառով երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց, ինչպես նաև չափահասների հիվանդությունները: Սահմանված պահանջները ապահովելու, ինչպես նաև սահմանված պահանջները չկատարելու համար ներգործության միջոցներ կիրառելու նպատակով, առաջարկվում է ընդունել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով տուգանքների ձևով վարչական պատասխանատվություն սահմանել բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը չհարստացնելու, հարստացված ցորենի ալյուրի, հարստացված ցորենի ալյուրից ստացված արտադրանքի փաթեթավորմանը և մակնշմանը (պիտակավորում) օրենքով ներկայացվող պահանջները խախտելու, ինչպես նաև ալյուր արտադրողների կողմից օրենքի նախագծով սահմանված հաշվետվությունները չներկայացնելու համար: Հիշյալ խախտումների գործերով վարչական իրավախախտումների գործերը քննելու և որոշում կայացնելու իրավասությունը առաջարկվում է վերապահել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Օրենքը չի տարածվելու հիմնականում գյուղական վայրերում գործող փոքր հզորությամբ ալրաղացների վրա, քանի որ հակառակ դեպքում, դրանց ճշգրիտ ցանկի և գործունեության վերաբերյալ տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված, մի շարք խնդիրներ կառաջանան ծրագրի գործարկման հետ կապված ծախսերի, այլ միջոցառումների և մոնիթորինգի իրականացման հարցերում: Բացի այդ, փոքր ալրաղացների կողմից արտադրվող շուրջ 15-20 % ալյուրը կարող է այլընտրանք համարվել բնակչության այն հատվածի համար, որը գերադասում է չհարստացված ալյուրի օգտագործումը:

Այսինքն, նախատեսվում է պարտադիր 80-85 % ալյուրի հարստացման պահանջ, և փաստացի անտեսվում են բնակչության այն խմբերի իրավունքներն ու ցանկությունները, որոնք չեն ցանկանա օգտագործել հարստացված ալյուրի հացամթերք, ու չի կատարվել այդ պահանջարկի ծավալների որոշում: Չկան նաև տվյալներ մեծ ծավալների բնակչության խմբերում անցկացված հարցումների վերաբերյալ: Իսկ համաձայն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 6-ի պահանջի՝ «Ամեն ոք, որտեղ էլ որ լինի, իրավական սուբյեկտ ճանաչվելու իրավունք ունի»:

Նկատի ունենալով, որ ցորենի ալյուրի հարստացման ծրագրի իրականացումը նաև կապված է ֆինանսական որոշակի ներդրումների հետ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (այսուհետ` ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից նախատեսվում է տրամադրել տեխնիկական աջակցություն` ծրագրի կայացման նպատակով: Այսպես` ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ առողջապահության ու ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների իրականացրած մոնիթորինգի արդյունքներով ծրագրում ընդգրկվելու է 7 ալրաղաց, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է օրական 1395 տոննա ալյուր: Նշված ալրաղացներում տեղակայված է 13 հոսքային գիծ, և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձեռք է բերել այդ հոսքային գծերի հզորություններին համապատասխան հզորությամբ հարստացնող սարքավորումներ. դրանցից 6-ը նախատեսված են 30-75, իսկ 7-ը` 100-265 տոննա հզորությամբ հոսքագծերի համար: Սարքավորումների գործարկումից և օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ՅՈՒՆԻՍԵՖ-ը որոշակի ժամանակահատվածում կտրամադրի նաև պրեմիքսներ` ալյուրի հարստացման գործընթացի բարեհաջող մեկնարկը ապահովելու նպատակով: Ըստ նախնական հաշվարկների` ծրագրի ներդրման դեպքում հարստացված մեկ տոննա ալյուրի գինը կարող է բարձրանալ ընդամենը 0,2 %-ով (1,5-2 ԱՄՆ դոլար` 1 տոննա ալյուրի համար), ինչը, համապատասխան վերահսկողության դեպքում, չի ազդի հացամթերքի գնի վրա:

Հարստացումը արդյունավետ համակարգ է նաև առողջապահական ծախսերի կրճատման տեսանկյունից: Այսպես, Չիլիում ալյուրի հարստացման վրա կատարվող ծախսերի և նյարդային խողովակի արատների դեպքում իրականացվող բուժման, ներառյալ վիրահատական և վերականգնողական ծախսերի փոխհարաբերությունը 1:12 է, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում՝ 1:30, ԱՄՆ-ում 1։48 է:

ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ալյուրի հարստացման ծրագիրը 89 կազմակերպությունների` «Food Fortification Initiative»-ի (FFI) նախաձեռնությունն է: Այդ կազմակերպությունների թվում են Համաշխարհային բանկը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ՅՈՒՆԻՍԵՖ-ը, իսկ քարտուղարությունը գտնվում է ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի Էմորի համալսարանում, որը կից է ԱՄՆ-ի առողջապահության նախարարության գործակալություններից մեկին` Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին (Centers for Disease Control and Prevention, CDC): Միկրոտարրերի և վիտամինների (ինչպիսիք են, օրինակ, երկաթը, ֆոլաթթուն, յոդը, վիտամին A-ն և այլն) անբավարարությունն աշխարհում հանրային առողջապահական ամենալուրջ հիմնախնդիրներից է: Երկրագնդում շուրջ երկու միլիարդ մարդ իր ընդունած օրական սննդից բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի պատճառով նախադպրոցական տարիքի երեխաների 47 %-ը և հղի կանանց 42 %-ը տառապում են սակավարյունության այս կամ այն աստիճանով: Համաձայն 2005 թ. Հայաստանի ժողովրդագրական և առողջապահության հարցերի հետազոտության տվյալների` նախադպրոցական տարիքի երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց շրջանում առկա է սակավարյունության բարձր տարածվածություն, համապատասխանաբար` 37 % և 25 % (ըստ ԱՀԿ-ի` սակավարյունության 90 %-ը պայմանավորված է երկաթի անբավարարությամբ): Համաձայն «Մարչ օֆ դայմս» կազմակերպության 2000 թվականի գլոբալ զեկույցի` Հայաստանում 1000 երեխայից 2-ը ծնվում են ցմահ հաշմանդամություն առաջացնող բնածին արատով (նյարդային խողովակի դեֆեկտ), ինչը չորս անգամ բարձր է միջին պոպուլյացիոն ցուցանիշից: Մեծահասակների շրջանում համեմատաբար բարձր է նաև սրտի կաթվածի տարածվածությունը, որի պատճառագիտության մեջ ներկայումս բավականին կարևորվում է ֆոլաթթվի դերը: Համաձայն ԱՀԿ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների` աշխարհում ավելի քան 40 միլիոն նախադպրոցական տարիքի երեխա տառապում է սուր և ավելի քան 120 միլիոն երեխա` քրոնիկ թերսնուցումից: Երկաթի պահանջարկը տարբեր է ըստ խմբերի` եթե հասուն տղամարդուն անհրաժեշտ է 10 մգ, ապա կնոջը՝ 20 մգ, հղիներին ու կերակրող մայրերին՝ 30-35 մգ, երեխաներին՝ մինչև 18 մգ:

ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Հավելումներով հարստացնելու օրենսդրություն ունի 83 երկիր, որոնցից 82 երկիր և Պակիստանի Փենջաբ մարզը՝ ցորենի ալյուրի հարստացման պարտադիր պահանջ, եգիպտացորենի` 13 երկիր ու բրնձի` 6 երկիր: Հիմնականում դա պարտադիր կիրառվում է ամերիկյան երկրներում և Ավստրալիայում (http://www.ffinetwork.org/global_progress/index.php): Կոստա Ռիկայի գլխավոր մանկական հիվանդանոցում ցորենի ալյուրի հարստացմամբ մեկ տարվա ընթացքում 105 երեխա է բուժվել նյարդային խողովակի զարգացման արատներից, 1998-ից ներդրվել է ցորենի պարտադիր հարստացման ծրագիրը, իսկ 2001 թվականին երեխաների քանակը նույն հիվանդանոցում նվազել է, դառնալով 26: Չիլիում մինչև ալյուրի հարստացումը նյարդային խողովակի արատների դեպքերը կազմում էին 17,1 դեպք (10000 ծննդին, 2001-ից ալյուրի հարստացման ծրագրի ներդրվելուց հետո այդ ցուցանիշը նվազեց 8,6 դեպքի) 10000 ծննդի: Նման ցուցանիշներ արձանագրվել են ալյուրի հարստացման համակարգ ունեցող բազմաթիվ այլ երկրներում (նյարդային խողովակի բնածին արատներ՝ Իրան 1000 ծննդի հաշվով 21 % նվազում, Օման՝ 70 % նվազում, ԱՄՆ՝ 30 % նվազում, Սաուդյան Արաբիա՝ 60 % նվազում և այլն): Հղիության և կրծքով կերակրելու ընթացքում ֆոլաթթվի ընդունվող քանակը առաջարկվում է ավելացնել մինչև 500 մկգ/օր:

Եվրոպական միությունը, որտեղ ամենաբարձր մակարդակում են սննդի անվտանգության հարցերը, կանոնակարգում է (Regulation (EC) No 1925/2006) տնտեսավարողի կողմից սննդամթերքի պրեմիքսներով կամավոր հարստացումը: Այն արգելում է հարստացնել վիտամիններով և հանքային նյութերով չմշակված արտադրանքը, ինչպես մրգերը, բանջարեղենը, միսը և այլն: Կանոնակարգը չի կարգավորում կամ պահանջում անդամներից իրենց ազգային կանոնների փոփոխություն պարտադիր ալյուրի և մարգարինի հարստացման մասով: Այնուամենայնիվ եվրոպական երկրներում` Պորտուգալիայից մինչև Ռուսաստան, չկա ալյուրի հարստացման պարտադրող օրենք: Այդպիսի պարտադիր կանոն ալյուրի հարստացման համար չկա նաև ասիական և աֆրիկյան երկրների մեծ մասում: Նախկին խորհրդային հանրապետություններից ալյուրի հարստացման պայմանը գործում է Ղազախստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, և ուսումնասիրվում է նրա կիրառումը անդրկովկասյան հանրապետություններում:

ՀԻՄՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ

Վիտամին B9-ը (ֆոլացին) մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը` մասնակցում է արյան կարմիր բջիջների ձևավորման, նպաստում B12 վիտամինի յուրացմանը, պայքարի միջոց է տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ Ալցհեյմերի, սրտի և քաղցկեղի դեմ: Այն հատկապես անհրաժեշտ է պտղի զարգացման համար ու, համագործակցելով այլ վիտամինների հետ, նպաստում է սպիտակուցային սննդի ընկալմանը, իսկ առանց նրա ԴՆԹ չի կարող վերարտադրվել: Դրա անբավարարությունից կանանց մոտ հղիության ընթացքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ ու պտղի աննորմալ զարգացում: Այդպիսի բացասական երևույթները կանխելու համար բազմաթիվ երկրներում ընդունվել են օրենքներ, որոնք թույլ են տալիս այդ կանանց ֆոլաթթուն անվճար ստանալ: Այդ միջոցառումը զգալիորեն նվազեցրել է նորածինների նյարդային խողովակի արատները:

Հարստացման գործընթացներում կիրառվում է ոչ թե վիտամին B9, այլ ֆոլացինի խմբի քիմիապես տարբերվող սինթետիկ ֆոլաթթուն: Այդ թթվի կիրառումը պայմանավորված է նրա ավելի բարձր պահպանության ժամկետով և կլանումով B9 վիտամինի համեմատ: Օրգանիզմում ֆոլաթթվի կլանվելուց հետո նրա մի մասը քիմիապես փոփոխվում է՝ դառնալով բնական B9 վիտամինին ավելի մոտ, սակայն այդպիսի փոփոխություն կատարելու հնարավորությունը սահմանափակ է, ու այդ թթվի ավելցուկային քանակը կուտակվում է արյան մեջ անփոփոխ ձևով:

Օրենքի նախագիծը և հիմնավորումները չեն անդրադառնում օրենքի կիրառման ռիսկերին: Բայց հայտնի է, որ արյան մեջ շրջանառվող սինթետիկ ֆոլաթթվի հետևանքները դեռ բավարար հետազոտված չեն (http://ajcn.nutrition.org/content/85/1/3.full) ու կան ենթադրություններ, որ այն նպաստում է քաղցկեղի առաջացմանը` կրծքի քաղցկեղի ռիսկը ավելացնելով 20-30 % (Stolzenberg-Solomon RZ et al. Folate intake, alcohol use, and postmenopausal breast cancer risk in the Prostate, Lung, Colorectal, and Ovarian Cancer Screening Trial. Am J Clin Nutr. 2006, 83(4):895-904; Kim YI. Does a high folate intake increase the risk of breast cancer? Nut Rev, 2006, 64(10PT1): 468-75, http://www.medicalnewstoday.com/articles/271601.php) և շագանակագեղձի քաղցկեղի - 163% (Figueiredo JC et al. Folic acid and risk of prostate cancer: results from a randomized clinical trial. J Nat. Cancer Inst., 2009 Mar 18; 101(6):432-5. Epub 2009 Mar 10)։ Համարվում է, որ ԱՄՆ-ում, Կանադայում և Չիլիում քաղցկեղով հիվանդացության տոկոսը բարձրացել էր ալյուրի ֆոլաթթվով պարտադիր հարստացնելու պատճառով (Hirsch S et al. Colon cancer in Chile before and after the start of the flour fortification program with folic acid. Eur J Gastroenterol Hepatol. 2009 Apr;21(4): 436-9; http://www.medscape.com/viewarticle/591111): Ենթադրվում է նաև, որ սինթետիկ ֆոլաթթուն, ազդելով ԴՆԹ վերարտադրելու հատկությունների վրա, կարող է նաև նպաստել առկա ուռուցքի բջիջների արագ զարգացմանը: Տարբեր կարծիքների պատճառով բրիտանացի գիտնականները ներկայումս զբաղվում են քաղցկեղի առաջացման ռիսկի վրա ֆոլաթթվի ազդեցության հարցերով:

Օրենքի նախագծում հավասարակշռված չեն հավելումների սեզոնային պահանջարկի փոփոխությունները: Հայտնի է, որ սինթետիկ վիտամիններն իրենց ազդեցությամբ զիջում են բնական վիտամիններին, իսկ ավելցուկային քանակությունները կարող են հարուցել հիպերվիտամոզներ հիվանդացությունների շարք: B9 վիտամինի բնական հարուստ սննդի աղբյուրներ համարվում են սպանախը և այլ կանաչիներ, բրյուսելյան և մյուս ծաղկակաղամբները, լոլիկը, ճակնդեղը, արևածաղկի սերմերը, ելակը և այլ մթերքներ, որոնք մեր բնակչությունը, բարեբախտաբար, մեծ քանակով օգտագործում է սննդում, հատկապես, գարնանից մինչև ուշ աշուն: Ի տարբերություն սինթետիկ ֆոլաթթվի, B9 վիտամինը ստացվող սննդի աղբյուրներից, հատկապես, կանաչ բանջարեղենից, պաշտպանում է կրծքի և շագանակագեղձի քաղցկեղների զարգացումներից:

Առողջ, պինդ ոսկորների, ատամների և մազերի, արյան շրջանառության, արագ նյութափոխանակության ու, իհարկե, արդյունավետ իմունային համակարգի համար պահանջվող երկաթի ապահովումը անհրաժեշտ է: Երկաթի օրական պահանջարկը կազմում է 20 մգ, իսկ հղի կանանց մոտ՝ 30 մգ: Վաղուց հայտնի է, որ կնոջ երկաթի պահանջարկը ավելի բարձր է տղամարդկանց համեմատ, քանզի նրանց օրգանիզմը դաշտանի ժամանակ ավելի շատ երկաթ է կորցնում: Ցանկացած մետաղի ավելցուկ օրգանիզմում բացասական ազդեցություն է թողնում, իսկ երկաթի քանակի ավելցուկը նպաստում է ինֆեկցիաների զարգացմանը և նպաստում է Պարկինսոնի հիվանդության կամ Ալցհեյմերի հիվանդությունների առաջացմանը: Երկաթի ավելցուկի նշաններն են աչքերի սպիտակուցների դեղնավուն երանգը, գունատ մաշկը, ընդլայնված լյարդը, ուռած փորը: Երկաթի կլանումը ապահովվում է բնական սննդի աղբյուրներից: Երկաթի ապահովման հիմնական աղբյուրներն են տավարի, խոզի, հորթի և հավի միսը, ձուկը, ձվի դեղնուցը, լյարդը, երիկամները, լեզուն, այնուհետ հնդկացորենը, լոբին, սիսեռը, վարսակի ալյուրը, ցորենը, խնձորը, տանձը, թուզը, ընկույզները, խավիարը, գարեձավարը, գարին, բրինձը, կարտոֆիլը, կանաչ սոխը, բողկը, ճակնդեղը, սալորը, նուռը, կեռասը, ելակը, ազնվամորին, սև հաղարջը:

 

ՕՐԵՆՔԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Օրենքի ազդեցության գնահատականը թերի է ներկայացված: Նշվում է միայն, որ ալյուրի հարստացման արդյունքում Հայաստանի բնակչության 85 %-ի համար հասանելի կլինի միկրոտարրերով և վիտամիններով հարստացված ալյուրը, ինչը ենթադրում է, որ 3 մլն բնակչությունից մոտավորապես 300 հազար երեխա և չափահաս (չափահասների մոտ սրտանոթային հիվանդությունների նվազում) կխուսափեն դրանց անբավարարության բացասական հետևանքներից: Նշվում է, որ կարևոր վիտամինների և միկրոտարրերի համապատասխան քանակների ապահովումը, հատկապես լայն սպառման սննդի հարստացման ճանապարհով, հավասար պաշտպանություն է ապահովում ամբողջ բնակչության համար և կանխարգելում է հիվանդությունների առաջացումը: Այս կանխատեսումները առ ոչինչ են, քանզի չկա ռիսկերի վերլուծություն, լայնածավալ սեփական կլինիկական ուսումնասիրությունների և միջոցառումների ծրագիր` կանխարգելման բացասական հետևանքների: Օրենքի նախագծի հիմնավորումում նշվում է միայն, որ օրենքի կիրառման արդյունքում կանխատեսվող հետևանքները հնարավոր կլինի գնահատել նրա կիրառումից 5-6 տարի անց: Միջազգային հետազոտություններում որոշ անձանց մեջ և բնակչության առանձին խմբերում հայտնաբերված բացասական հետևանքները ողջամիտ կասկած են հարուցում հարստացված ալյուրի լայնածավալ կիրառման առնչությամբ ու թելադրում են, որ այն պետք է կատարվի բժշկական նշանակման և հսկողության ներքո: ԱՄՆ-ի գիտնականները համարում են, որ ազգերը պետք է զգույշ լինեն ֆոլաթթվի լայնածավալ կիրառման հարցում և պետք է խթանեն հետագա հետազոտություններն ու բացահայտեն լավ և վատ կողմերը: Միայն դրանից հետո իշխանությունները կարող են ամբողջ բնակչության համար մշակել ֆոլաթթվի կիրառման ճիշտ ռազմավարություն (Smith AD1, Kim YI, Refsum H. Is folic acid good for everyone՝ Am J Clin Nutr, 2008, 87(3):517-33):

Այսինքն, եթե անգամ առկա են ողջ բնակչության ծավալով ֆոլաթթվի լայնածավալ կիրառման դրական ազդեցությունը հաստատող փաստեր, այնուամենայնիվ կա նաև ողջամիտ կասկած, որ նման քայլը կարող է վնասել բնակչության առանձին անհատներին և խմբերին (առողջապահության ոլորտի յուրաքանչյուր մասնագետի համար պարտադիր պայման է չվնասելը): Համաձայն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 25-ի պահանջի՝ յուրաքանչյուր ոք այնպիսի կենսամակարդակի իրավունք ունի, որը պատշաճ է իր և իր ընտանիքի առողջության համար, ներառյալ սնունդը, առողջապահությունը: Հետևաբար, պետք է դեռ խուսափել ալյուրի պարտադիր հարստացման առաջարկվող մոտեցումներից և առաջ չընկնել եվրոպական երկրների, Ռուսաստանի ու Չինաստանի մոտեցումներից, որոնք ունեն ավելի բարձր փորձագիտական ապահովում, և անհրաժեշտ է մշակել արդյունավետ ռազմավարություն:

Բացակայում է նաև ՀՀ կառավարության միջոցառումների ցանկում և հայեցակարգում կարողությունների գնահատման վերլուծությունը այն մասին, թե օրենքը որքան է նպաստելու Հայաստանի տնտեսական զարգացմանը` միջազգային կազմակերպությունների աջակցության ավարտից հետո պահանջվող հավելումների քանակներով ստեղծվելո՞ւ են աշխատեղեր Հայաստանում, թե այլ երկրներում, նպաստելո՞ւ է այն արդյոք տեղական կենսատեխնոլոգիական արտադրության բնական հավելումների կամ օրգանական սինթեզով ստացվող վիտամինների արտադրությունների զարգացմանը: Հաշվի՞ է առնված արդյոք, որ Հայաստանը այդ ոլորտում ունի համապատասխան տեխնոլոգիաներ, հզորություններ և ժամանակին որոշ վիտամիններով ապահովել է ոչ միայն նախկին ԽՍՀՄ հանրապետությունները, այլև եվրոպական երկրները: Այդ հիմքով մշակվե՞լ են արդյոք ՀՀ կառավարության գործողությունների և միջոցառումների ծրագրեր: Համաձայն ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթների՝ պահանջվում է նոր աշխատատեղերի ստեղծում բնակչության սոցիալական վիճակի հարաճուն բարելավման համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Օրենքի նախագիծը և նրա հիմնավորումը չեն համապատասխանում պարտադիր բովանդակության պահանջներին, լիակատար անցկացված, ներկայացված ու հաշվի առնված չեն ռիսկերը և օրենքի ազդեցությունը: Անտեսվել են ալյուրի հարստացման հնարավոր բացասական հետևանքների մասին քաղաքացիների տեղեկացված լինելու և սննդամթերքի տեսակների ինքնուրույն ընտրություն կատարելու իրավունքը, ինչը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8 ու 25 հոդվածների պահանջների կոպիտ խախտում է:

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եզրակացություն հիմքով առաջարկում ենք.

  1. ՀՀ Ազգային ժողովին՝ մերժել տվյալ խմբագրությամբ օրենքի ընդունումը:

ՀՀ կառավարությանը՝ հետ վերցնել օրենքի նախագիծը:

Ալյուրի հարստացման համար մշակել նոր օրինագիծ՝ հիմնվելով փորձնական ծավալների արտադրության և ինքնակամ շուկայական պահանջարկի հարստացրած հացամթերքների օգտագործման ծավալների գնահատման վրա, հարգելով մարդու իրավունքները:

  1. ՀՀ Ազգային ժողովին՝ պահանջել ՀՀ կառավարությունից ներկայացնել օրենքների նախագծեր և հիմնավորումներ, որոնցում ավելի հիմնավորված են ռիսկերը, արդյունքների ազդեցությունը, ներառելով աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսական զարգացման հեռանկարները և համապատասխան միջոցառումների ցանկը, որը կապահովի ապրանքների արտադրությունը Հայաստանում:
  2. ՀՀ կառավարությանը՝ հաշվի առնելով խնդրի արդիականությունը, մշակել նոր օրինագիծ առանձին խոցելի խմբերի պաշտպանվածությունն ապահովող սոցիալական քաղաքականության իրագործմամբ ու ռիսկային խմբերի երեխաներին, վերարտադրողական տարիքի և հղի կանանց անվճար ապահովելու անհրաժեշտ հավելումներով, բժշկական նշանակումներով և ազդեցության վերահսկողությամբ:

Արմեն Բ. ԱՎԱԳՅԱՆ

 Նյութն ամբողջությամբ արտատպված է www.irates.am կայքէջից

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ