Գիտություն

Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Երեքշաբթի, Հունվարի 28, 2020
Ճանաչենք ու պայքարենք նոր վիրուսի դեմ

Կորոնավիրուսը արդեն դառնում է համաշխարհային մի երևույթ: Աստիճանաբար տարածվում է: Դեռ ամեն տեղ չի հասել, բայց մեծ հավանականությամբ շուտով կարող է ներմուծվել շատ երկրներ: Կորոնավիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1965...

Սելինա Տողան և Կարո Փայլան․ երկու տարբեր ուղի

23 Հունվարի 2016

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հայ պատգամավորները հասնում են խորհրդարան։ Բնական է, որ նրանց ընտրությունը նոր շրջան էր բացելու Թուրքիայի հայերի իրականության մեջ։ Պոլսահայության համար, թերևս, զարմանալի չէր նրանց ընտրությունը, նկատի ունենալով, որ ամիսներ շարունակ տևած ընտրարշավներից հետո հասկանալի էր, որ թրքական կուսակցությունները խորհրդարան հասնելով՝ տեղ պիտի տային իրենց ցուցակներում ներգրավված հայ թեկնածուներին։

Սելինա Տողանը, Կարո Փայլանը և Մարգար Եսայանը նոր երանգ պիտի ավելացնեին պոլսահայ ընդհանուր իրականության մեջ։ Սփյուռքի և Հայաստանի համար նրանց ընտրությունն անսպասելի էր։ Տակավին տարիներ առաջ, երբ խոսք էր լինում Թուրքիայի քաղաքական կյանքում հայերի մասնակցության մասին, այդ խոսակցությունները, լավագույն դեպքում, կարող էին համարվել հեքիաթի ժանրի մանրավեպեր։

Այսօր նոր իրավիճակ է Թուրքիայում։ Եվ այդ իրավիճակում գրանցվող յուրաքանչյուր շարժում, խոսք և հայտարարություն իր կարևոր տեղն է գտնում հայ աշխարհի լրատվական և քաղաքական հարթակների վրա։

Թրքահայ պատգամավորների հայտնվելը նոր հարթության վրա պետք է դներ հայ դատի ընդհանուր եզրի բովանդակության մեջ եղած գործունեությունների նախադրյալները։ Այս գործիչները թե ինչքանով կարող են իրենց ուսերին եղած բեռը ապահով և հանդարտ քայլերով առաջ տանել՝ թողնենք ժամանակի քննությանը։ Չնայած այն բանին, որ այսօր արդեն նկատելի են նրանց աշխատանքի ընդհանուր ուղղություններում առկա ծանրակշիռ տարբերությունները, բայց և այնպես վստահ պետք է լինել, որ դեռ վաղ է ընդհանուր եզրակացությունների հանգելը։

Երկու տարբեր ուղի

Թուրքիայում այսօր գրանցվող ընդհանուր իրավիճակը բարդ պատկեր է ներկայացնում։ Մինչ երկրի արևելյան նահանգներում օրինական բանակի և PKK–ի զինյալների միջև բախումները շարունակվում են, նկատելի է, որ քաղաքական հարթակի վրա ևս ընդհանուր պառակտիչ մթնոլորտ է տիրում։

Քրդամետ HDP-ի հայ երեսփոխան Կարո Փայլանն իր վերջին ելույթներով փորձում է աղմկահարույց հայտարարություններ անելով և պապից ավելի պապական լինելու մոտեցումով ներկայանալ՝ որպես քուրդ ժողովրդի դատի պաշտպան ու ջատագով։

Ի՞նչ են պահանջում քրդերը։ Ո՞րն է նրանց հստակ ծրագիրը։ Կամ դեպի ո՞ւր կարող է տանել նրանց պատրաստած «կերակուրը»։

Միամտություն է կարծելը, որ այս հանգրվանին արևմտյան ուժերի կամ նույնիսկ Մոսկվայի համար հարցականի տակ դրվի Թուրքիայում կտրուկ փոփոխությունների կամ տարածքային ամբողջականությունը փոխելու վարկածները։

Դիարբեքիրում կամ այլ շրջաններում տեղի ունեցող դեպքերը ցեղասպանություն համարելն առնվազն վիրավորական է նախ և առաջ հայության համար։

Տեղի ունեցողը հայերի կռիը չէ։ Եվ դրանից բացի, հանուն քուրդ զինյալների՝ թրքական խորհրդարանի առաջ հայության շահերը պաշտպանողի դերով (այդ դերը ևս պետք է լինի ուսումնասիրված) ասպարեզ գալը և ամբողջ համակարգի երեսին մեղադրանք կարդալը՝ փանջունիական մոտեցում է։

Չափի զգացողությունը, բառերի ընտրությունը, խոսքը, ասելիքը և, մանավանդ, գործը պետք է ուսումնասիրված լինեն։

 Մինչ Սելինա Տողանը ճիշտ է համարում Հայոց ցեղասպանության խնդիրը տեղափոխել և խնդրի լուծման մասին այդ նույն խորհրդարանում մտածել, մյուս կողմից Կարո Փայլանը գրգռիչ ելույթներ ունենալով՝ ավելի է լարում ընդհանուր մթնոլորտը։

Այսօր Հայաստանի գործիչները նույնիսկ զգույշ են քրդերի հարցին վերաբերվում, էլ ուր մնաց, որ քաղաքական գործիչը Մուսթավա Քեմալի հիմնադրած Թուրքիայի խորհրդարանում ոտքի կանգնի ու ձեռնոց նետի իշխանություններին։

Տեղին չեմ համարում բնութագրումներ տալ Կարո Փայլանի գործունեությանը և նրա արտասանած խոսքերին։ Բայց հստակ է, որ նրա մոտեցումները շահավետ չեն հատկապես թրքահայերի համար։

 Քաղաքական կյանքում հերոսությունները կամ ենթադրյալ հերոսական նկրտումները փակուղիների կարող են հասցնել։ Եվ կարևոր է նաև հասկանալ, որ հակառակ այն բանի, որ Փայլանը խորհրդարան է հասել քրդամետ կուսակցության ձայներով, ավելի հարգանք կունենար, եթե քրդերի հետ կատարվածը ցեղասպանություն չորակեր։

Հարց 1-ին․ արդյոք բոլոր քրդերը համաձա՞յն են PKK-ի գործունեությանը։

Հարց 2-րդ․ Թուրքիայի քրդերը մինչ օրս որևէ պաշտոնական հայտարարություն արե՞լ են Հայ ժողովրդին իրենց իսկ հասցրած հարվածների մասին, կամ, առնվազն, ընդունե՞լ են իրենց ուսերին բեռ դարձած «տխուր դեպքերի» պատասխանատվությունը։

Վստահ եմ, որ ճիշտ ու արդար պիտի լիներ, որ նախքան հռետորական ելույթներ ունենալը, այս դիտանկյունից քննվեին հարցերը, այն պարզ պատճառով, որ Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարան է հասել ոչ թե իբրև քուրդ երեսփոխան,այլ իբրև թրքահայերի երեսփոխան։

Սփյուռքում և Հայաստանում Փայլանին «հերոսության» աթոռին բազմեցնող հայտարարությունները օրերից մի օր կարող են հօդս ցնդել, եթե նա գործնականում չփորձի սատար կանգնել թրքահայերի ներքին ամենափոքր համարվող, բայց ամենաէական հարցերի կարգավորմանը։

Իսկական գործը որտեղի՞ց է սկսվում։ Ահա մեկ այլ հարցում, որի համար պետք է պատասխանեն թրքահայ երեսփոխանները։ Կարևոր է նաև, որ ընդհանուր քաղաքական տեղաշարժերի ընթացքում նրանք ճիգ գործադրեն հայությանը անվտանգ, ապահով և այս տագնապներից առանց կորուստների դուրս բերելու համար։

Այս ամենից բացի, հայությունը Հայաստանի և սփյուռքի հետ շարունակում է իր գործերը՝ հայ դատի ընդհանուր հոլովույթում։

Այսօր թրքահայությունը և, մասնավորապես, պոլսահայությունը ոսկե հնարավորություն ունի և տեղին չէ, որ Թուրքիայի խորհրդարան հասած հայ երեսփոխաններն այլոց հաշիվները քննեն։

Սելինե Տողանի բռնած ուղին ճշմարիտ ուղի է։ Անկեղծ, առանց մեծ հավակնությունների և փոքր հարցերից մինչև էութենական հարցեր տանող ընդհանուր ապահով ուղի է։ Իսկ Կարո Փայլանի ընտրած ուղին լեցուն է ականներով ու վտանգներով։ Եվ բոլորովին ժամանակը չէ, որ պոլսահայերի ընդհանուր անվտանգությունը բարդ փորձաքարի վերածվի։

Պոլսահայերը լավ գիտեն իրենց շահերի կիզակետը։ Իսկ մենք՝ որպես հայաստանաբնակ, ու մանավանդ սփյուռքում ապրող հայերս, երբեք իրավունք չունենք նոր հերոսներ փնտրել թրքահայերի մեջ։ Քաղաքական կյանքում անցել են հերոսների ժամանակը։

Այսօր փոքր գործերը կամ Պոլսում դպրոցը, թերթը, հայկական օջախը պահելն արդեն հավասարազոր է հերոսության։ Զգույշ լինենք և ճիշտ ընտրենք ուղիները։

 

Սագօ Արեան, Պոլիս «Ժամանակ»

Արևելահայերենի վերածեց Ռուբինա Ռաֆայելյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ