«Ռուսաստանի նախագահը զգաց, որ Դամասկոսի վարչակարգը խարխլվում է և իրավիճակի վատթարացումը կանխելու համար ուղղակիորեն միջամտեց սիրիական պատերազմին», ասել է Լիբանանի ՍԴՀԿ ատենապետ Ալեքսան Քյոշկերյանը։
Նրա կարծիքով, «Ցամաքային ռազմական գործողությունների ժամանակ իրավիճակը դուրս էր գալիս Բաշար Ասադի վերահսկողությունից և անցնում էր իրանցիների ձեռքը, որոնք արդեն սկսել էին հանդես գալ որպես աջակից և բանակցում էին՝ Սիրիայի վարչակարգին հաշվի չառնելով, երբեմն նույնիսկ, հակադրվում էին նրան»։
Քյոշկերյանի խոսքերի համաձայն, իրանյան դերի աճի ապացույցը վերջերս Զապատանիում և Իտլիպում գտնվող երեք շիիթական գյուղերի շուրջ բանակցություններն են։
Իրանցիների ներկայությունից մեծացավ շիիթ համայնքը ի հաշիվ ալևիների, հատկապես ծովեզրյա ալևիական շրջաններում, ուր շիիթ կրոնավորները քարոզչական աշխատանք են տանում։ Այս երևույթը վիրավորում է Բաշար Ասադին և նրա վարչակարգի դաշնակից սունիներին։
«Ռուսաստանի Դաշնությունը տեսնելով Իրանի գործունեությունը, որոշել է դառնալ գործուն դերակատար, մանավանդ երբ մոտակա օրերին սկսվելու են խաղաղության բանակցությունները», ասել է ատենապետը։
Քյոշկերյանն ավելացրել է, որ «Ռուսաստանի այս որոշման պատճառներից մեկը թուրքական գործոնի սրընթաց աճն է, որը մեծ պատմական մտահոգություն լինելուց բացի, Ռուսաստանի համար դարձել է բարդույթ։ Թուրքիայի հսկողության տակ են գտնվում Դարդանելի և Բոսֆորի նեղուցները, որոնց փակումը Ռուսաստանի առաջ նշանակում է կղզիացում և մեկուսացում ցուրտ հյուսիսի տարածքում»։
Ռուսաստանը կառչած չէ Բասար Ասադից, այս հայտարարությունը մենք մի քանի անգամ լսել ենք ռուսական տարբեր աղբյուրներից, ասել է Քյոշկերյանը և ավելացրել, որ «ուրիշ շատ պատճառների կողքին, կարծում եմ, «կայսեր» փնտրածը Միջերկրականի ափին ռազմակայան է, որտեղ պետք է գտնվի ռուսական նավատորմը, և հաստատուն ներկայություն, որպեսզի ամրապնդի իր դիրքերն ու վճռական դերով հանդես գա առաջիկա օրերին», ասել է ՍԴՀԿ ատենապետը։
Աղբյուրը՝ http://www.arevelk.am/am/content/2/292/