Երուսաղեմում լարված վիճակը օրեցօր նոր զարգացումներ է ունենում. մամուլը հաղորդում է վերջին օրերի 30 վիրավորի և 3 զոհի մասին: Այսօր Իսրայելի կառավարությունը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ, հնարավոր է, որոշում ընդունվի միացյալ Երուսաղեմի բաժանման մասին։
1967-ից ի վեր այսօրվա լարված վիճակը համարվում է աննախադեպ, և առաջին անգամ հնարավոր է, որ բաժանվեն Երուսաղեմի արևմտյան և արևելյան մասերը` ավելի ապահով քաղաք ունենալու համար, որովհետև այն, ինչ կատարվում է այսօր Երուսաղեմում՝ ահ ու սարսափի մեջ է պահում թե՛ հրեաներին, թե՛ արաբներին:
Լարվածությունը սկիզբ է առել այս տարվա օգոստոսի 1-ին, երբ մի խումբ հրեա ակտիվ աջակողմյաններ մուտք են գործել «Ալ Աքսա» մզկիթ, ինչը գրգռել է արաբներին: Այդ ժամանակից ի վեր օրական երկու-երեք դեպք է տեղի ունենում: Արաբները իրավիճակը սրում են` հրեաներին դանակահարելով, վերջիններս ուղղակի զենք են գործադրում: Իսկ այստեղ շատ լուրջ հարց կա, այն, որ հրեան ուղղակի չի խնայում արաբի կյանքը և ատրճանակը վերցրած, անմիջապես ծայրահեղության է գնում: Բոլոր դեպքերը, ինչպես գիտենք, արաբների կողմից դաշունահարմամբ սկսվել, հրեաների կողմից սպանությամբ վերջացել են:
Հայտնի է, որ հրեաների համար սրբատեղի համարվող Սողոմոնի տաճարը մուսուլմանների համար նույնպես սրբավայր է, այնտեղ կառուցված է «Ալ Աքսա» մզկիթը: Պատմական այս հարցը վերջին շրջանում սպանությունների առիթ է դառնում Երուսաղեմում:
Մինչև հիմա եղած տարբեր լարվածությունների սրման դեպքում կառավարությունն ուղղակի փակել կամ հսկողության տակ է վերցրել քաղաքի մեկ կողմը, բայց այսօր արդեն քաղաքում խոսվում է քաղաքի բաժանման մասին։
Պարզ չէ, թե կառավարությունը ինչքան ժամանակով կընդունի այդ որոշումը, հավանաբար, մինչև ընդհանուր եզր գտնվի, բայց, եթե հրեաները հակված են միջին մի եզր գտնելու և հաշտության գնալու, ապա արաբները, մանավանդ` երիտասարդությունը, սարսափելի խելակորույս վիճակում է և չի ուզում հաշվի նստել ոչ մեկի հետ: Ընդ որում` արաբ երիտասարդության մեջ մեծ է նաև կանանց ու աղջիկների թիվը, ինչը խիստ մտահոգում է հրեաներին, քանի որ վտանգ կա, որ կանայք դեր կստանձնեն: Մտահոգիչն այն է, որ նրանք չեն ենթարկվում ո՛չ Մահմուդ Աբասին, ո՛չ էլ «Համասին»։
Փողոցներում մարդ չկա, արաբներն ապրում են հրեաների, վերջիններս` արաբների վախով: Հայկական թաղերն ընդհանուր առմամբ ապահով են։ Հայերն այս օրերին շատ չեն տեղաշարժվում հրեաների և պաղեստինցիների շրջաններում: Հրեաները ազատ մտնում են հայկական թաղերը, միայն վախ կա, որ որոշ առումով հայերին արաբ կարծեն, բայց այնքան էլ վտանգավոր չէ, որովհետև հայերը եբրայերեն լավ են խոսում, համարյա հրեաների պես։ Հայերը զգույշ են բոլոր իմաստներով, կուտակումներից հեռու են մնում:
Երեկ հրեաները 12 տարեկան տղա են սպանել դաժանաբար․ թողել են մինչև արյունաքամ լինի և մահանա։ Իսրայելը ներկայանում է իբրև մարդասեր, մարդասիրական գաղափարներից է խոսում, բայց իրենց արածը չափազանց անմարդկային է։
Բոլորը սպասում են, որ միայն Իսրայելի կառավարության որոշումը կարող է մեղմացնել իրավիճակը, որովհետեւ Մահմուդ Աբասն առանձնապես հակված չէ միջամտելու, քանի որ որևէ միջամտության և սրացման դեպքում թե՛ Իսրայելը կտուժի, թե՛ Աբասը, իսկ շահողը կլինի միայն «Համասը»:
Աղբյուրը՝ http://www.arevelk.am/am/content/2/278/