Այաթոլլահ Խամենեին քննադատում է Ռոհանիին

09 Հոկտեմբերի 2015

Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երեկ ներքին կարգով քննադատել է նախագահ Հասան Ռոհանիի արտաքին քաղաքականությունը, այն որակելով «պարզունակ», կրկին անգամ մերժելով որևէ երկխոսություն Մ․Նահանգների հետ՝ միջուկային համաձայնությունը կնքելուց հետո։

Խամենեին ասել է․ «Իրանի հետ Մ․Նահանգների համաձայնագիրը նշանակում է ներխուժում, ամերիկացիներն ուզում են ճանապարհ բացել իրենց կամքը պարտադրելու համար։ Իրանը մերժում է թշնամու ներխուժումը, և մենք կարելիության սահմաններում արգելք դարձանք տարածաշրջանում նրա ծրագրերի գործադրմանը»։

Ծովային ուժերի «հեղափոխական պահակախմբի» առաջնորդի հետ հանդիպման ընթացքում Խամենեին ավելացրել է․ «Մ․Նահանգների հետ երկխոսությունը նշանակում է նախապատրաստել նրա տնտեսական, մշակութային, քաղաքական և պաշտպանական ներխուժումը։ Նույնիսկ միջուկային համաձայնագրի ընթացքում Մ․Նահանգները առիթ ստեղծեց վնաս հասցնելու մեր ազգային շահերին, համաձայնող մեր կողմն արթուն էր․ զգուշացեք Ամերիկայի հետ համաձայնություն կնքելուց, անարդյունք է և անհամար վնասներ է պարունակում», ասել է նա։

Այնուհետև Խամենեին շարունակել է․ «Ամերիկացիները համաձայնագրի միջոցով փորձում են ազդել Իրանի վրա, երկրում տիրող տագնապի պատճառը անտարբեր, թեթևամիտ, իրականությունները չըմբռնող մարդիկ են, այդպիսիները փոքրամասնություն են, սակայն այդ փոքրամասնությունը աշխույժ է, գրում է, բողոքում է և թշնամին օգնում է նրանց»։

Նա զգուշացրել է, որ Իրանը ոչ բարվոք դիրքում է գտնվում, որովհետև թշնամիները փորձում են փոխել մեր պատասխանատուներին, ժողովրդի մտայնությունը, և ավելացրել է, որ «մասնավորապես երիտասարդները թիրախ են, բայց համալսարանները, զինուժը արթուն են, գործունյա, ես մտահոգ չեմ»։

Խամենեի բացահայտումները հակադրվում են Ռոհանիի՝ աշխարհի հետ համաքայլ ընթանալու, Մ․Նահանգների հետ երկխոսելու պատրաստակամությամբ հարցեր լուծելու ծրագրին։ Կարևոր է նաև այն, որ մի քանի օր առաջ Նյու Յորքում ՄԱԿ-ի ժողովին մասնակցելիս Իրանի արտաքին գործերի նախարար Ժ․ Զարիֆին սեղմել էր Բարաք Օբամայի ձեռքը։ Պահպանողականներն այդ ձեռքսեղմումը համարել էին Իրանի հեղափոխության հանդեպ դավաճանություն և հարցաքննության էին հրավիրել Զարիֆին։ Նա հայտարարել էր, որ Օբամայի հետ ձեռքսեղմումը պատահական էր, իսկ Վաշինգտոնի հետ երկխոսության մասին ասել էր․ «Եթե մնանք նույն գծի վրա և կարողանանք բարի կամքով շարունակել միջուկային համաձայնությունը, կարող ենք նաև այլ հարցեր կարգավորել»։

Աղբյուրը՝ arevelk.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ