Վեց պատճառ, թե ինչու էր Թուրքիայի արձագանքը սովորականից կոշտ հայ-ադրբեջանական վերջին բախումներում

27 Հուլիսի 2020

2020թ․ հուլիսի 12-ին մեկնարկած Տավուշյան թեժացման օրերին Թուրքիան արձագանքեց բավական արագ և ինտենսիվ ձևով, ամենատարբեր մակարդակներով, ինչը, անգամ անկախ այդ հայտարարությունների բնույթից, ինքնին որոշակի ցուցիչ է ծառայում։ Տավուշյան թեժացմանն առաջինը (12 հուլիս) արձագանքեց «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը (դա շարունակվեց նաև հետագա օրերին), ապա սկսվեցին Թուրքիայի պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչների հայտարարությունները։ 

Հուլիսի 13-ին հայտարարություններով հանդես եկան Թուրքիայի ԱԳՆ-ը, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը, վերստին Մևլյութ Չավուշօղլուն՝ այս անգամ Twitter-յան գրառմամբ, Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ 

Հուլիսի 14-ին ելույթներ ունեցան Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Թուրքիայի խորհրդարանի՝ Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրըմը, ինքնահռչակ ՀԿԹՀ վարչապետ Էրսին Թաթարը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը, գլխավոր ընդդիմադիր ուժ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն։ 

Հուլիսի 15-ին աչքի ընկան Հ․ Աքարը, ԱԶԿ-ի հետ դաշինքի մեջ մտած «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) փոխնախագահ Քամիլ Այդընը, իսկ հուլիսի 16-ին՝ Հ․ Աքարը և Թուրքիայի ԱԳՆ-ը՝ ի պատասխան հուլիսի 15-ին Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը։ Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանը հանդես եկավ հայտարարությամբ, որին միացան նրանում ընդգրկված 5 քաղաքական խոշոր ուժերից 4-ը՝ բացառությամբ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ)։ Վերջինիս փոխնախագահ Սարուհան Բուլուչը, հուլիսի 17-ին պարզաբանելով, թե ինչու ԺԴԿ-ը չի միացել խորհրդարանի այդ 4 ուժերին, ընդգծեց, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է խաղաղ լուծումներ մտածել»։ Նրանից 1 օր առաջ էլ ԺԴԿ-ի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն իր թվիթերյան էջում գրել էր, որ թուրքական իշխանությունների հայտարարությունները յուղ են լցնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած հրդեհի վրա։

Հուլիսի 17-ին հայտարարություններ տարածեցին նաև Ռ․ Էրդողանը, Հ․ Աքարը, ԺՀԿ խոսնակ Ֆաիք Օզթրաքը, ԱԶԿ-ի հետ սերտ կապեր ունեցող «Մեծ Միասնություն» կուսակցության նախագահ Մուսթաֆա Դեսթիջին, հուլիսի 18-ին՝ Թուրքիա-Ադրբեջան Միությունների ֆեդերացիայի (TADF) նախագահ Բիլալ Դյունդարը, Թուրքիա, Ադրբեջան Բարեկամական համագործակցություն և համերաշխության հիմնադրամը (TADİV), հուլիսի 19-ին՝ ԵԱՀԿ ԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար, ԱԶԿ-ական պատգամավոր Նաբի Ավջըն, հուլիսի 21-ին՝ ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին։ Հուլիսի 20-ին էլ Գ․ Փայլանն Ադրբեջանին անթաքույց աջակցելու վերաբերյալ հարցեր էր հղել Մ․ Չավուշօղլուին՝ հիշեցնելով, որ «Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ անդամ երկիր է»։

Փաստորեն եթե չհաշվենք ԺԴԿ-ի ու նրա ներկայացուցիչների, ինչպես նաև ԺԴԿ-ի հետ լավ հարաբերություններ պահպանող ԺՀԿ-ի վերոնշյալ ներկայացուցիչների հայտարարությունները (թեև ԺՀԿ-ը միացել էր խորհրդարանի հայտարարությանը), ապա թուրքական կողմի այս հայտարարություններում Հայաստանը մեղադրվում է «Ադրբեջանի նկատմամբ սադրանք, ուխտադրուժ հարձակում, ագրեսիա իրականացնելու» համար, ընդգծվում էր, որ Թուրքիան շարունակ լինելու է Ադրբեջանի կողքին, երբեմն հիշատակվում էր «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը (բլեֆը)։ Դրանցում նաև բավական կոշտ բառամթերքով կոչեր են ուղղվել Հայաստանին․ «Հայաստանը չպետք է դրսևորի երկերեսանի կեցվածք, ագրեսիվ և անկայունություն բորբոքող պահվածք, պետք է ընտրի իրավական ճանապարհ, խելքը գլուխը հավաքի, ողջամտություն ցուցաբերի, չանի իր հնարավորությունների սահմաններում չտեղավորվող քայլ, չանցնի իր չափը, տարածաշրջանում չստեղծի լարվածության օջախներ, դադարեցնի ԼՂ-ի օկուպացիան, դադարեցնի գերտերությունների աջակցությամբ «Մեծ Հայաստան» ստեղծելու փորձը՝ հիշելով, թե մեկ դար առաջ ինչպես ավարտվեց նման փորձը»։ 

Թուրքիայի այսօրինակ հայտարարությունների գլխավոր պատճառները․ 

Ակնհայտ է, որ թուրքական կողմի այսօրինակ կոշտ հայտարարությունները և նաև դրանց հայկական կողմի արած պատասխան կոշտ հայտարարություններն աննախադեպ էին վերջին տարիների համար։ Անգամ 2016թ․ Ապրիլյան թեժացման ժամանակ (մեկնարկը համընկավ/համընկեցվեց Քարվաճառի ազատագրման 23-ամյակին) Թուրքիայից պաշտոնական նման կոշտ արձագանքներ չէին հնչել, ինչպես որ Տավուշյան թեժացման ժամանակ (մեկնարկը համընկավ/համընկեցվեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին ԼՂԻՄ մարզխորհրդի որոշման 32-ամյակին)։

1) Ադրբեջանի կարևորություն – Վերջին տարիներին Թուրքիայի համար էապես աճել է Ադրբեջանի կարևորությունը։ Տարիների համառությունից հետո Ադրբեջանը վերջին շրջանում 3 կարևոր զիջման գնաց Թուրքիային, որոնք զգալիորեն կապված են «Բաքու-Թբիլիսի-Կարս» արդեն գործարկված և «Կարս-Իգդիր-Նախիջևան» առաջիկայում գործարկվելիք երկաթգծերին։ Ադրբեջանը վեջիվերջո համաձայնվեց Նախիջևանի հետ սահմանին Թուրքիայի կողմից ազատ առևտրի գոտի ստեղծելուն, Թուրքիայի քաղաքացիների համար գործող միակողմանի վիզային ռեժիմը վերացնելուն և Թուրքիայի հետ արտոնյալ ռեժիմով առևտրային համաձայնագիր ստորագրելուն։ Թուրքիայի համար Ադրբեջանի կարևորությունը շեշտակի աճել է հատկապես գազային համատեքստում․ 2019թ․ Թուրքիան «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարով (անցնում է Թովուզի շրջանով) մոտ 30%-ով մեծացրել է ադրբեջանական գազի մատակարարումները, ինչի շնորհիվ Ադրբեջանը դարձավ Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարարը՝ գերազանցելով Իրանը, իսկ այս տարի՝ առաջին խոշոր գազամատակարարը, առաջ անցնելով՝ Ռուսաստանից։ Բացի այդ, հոկտեմբերից մեկնարկելու են Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպային, ինչը տարանցիկ մեծ եկամուտներ կբերի Թուրքիային և նաև կմեծացնի նրա դերն ու պահանջարկը թե՛ տարածաշրջանում, թե՛ տարածաշրջանից դուրս։ Այս ամենը վկայում է, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանը որքան կարևորվում է Թուրքիայի համար, այնքան Թուրքիան զգայուն է դառնում Ադրբեջանի հետ կապված հարցերում և հատկապես նրանցում, որոնք շոշափում են կամ կարող են շոշափել իր շահերն այդ երկրում։ 

2) Ռուսաստանի գործոն – Թուրքիայի ամենասուր արձագանքների իրական հասցեատերը Ռուսաստանն է և ոչ թե ՀՀ-ը (Չավուշօղլուն հայտարարել էր, թե «պատրաստ են տալ իրենց կյանքը՝ հանուն Ադրբեջանի»)։ Թուրքիայում մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կփորձի պատժել Ադրբեջանին և այդպիսով նաև վնաս պատճառել հենց իրեն․ ադրբեջանական գազի մատակարարումները գրեթե չեզոքացրել են Թուրքիայի վրա Ռուսաստանի երբեմնի գազային խոշոր լծակը (օգոստոսին Թուրքիան կարող է ընդհանրապես գազ չգնել Ռուսաստանից) և շուտով կվնասեն նաև Եվրոպայում Ռուսաստանի գազային դիրքերին։ Թուրքիան վիթխարի տեմպերով հրաժարվում է ռուսական գազից, ինչում զգալի դեր ունի ադրբեջանական գազի մատակարարման, ինչպես նաև հեղուկ գազի ներկրման էական մեծացումը։ Իր բավական կոշտ հայտարարություններով Թուրքիան Ռուսաստանին հասկացնել է տալիս, որ պատրաստ է պայքարել Ադրբեջանում իր տնտեսական շահերը պաշտպանելու համար։ 

3) Դիրքային կորուստներ – Ի տարբերություն 2016թ․ Ապրիլյան թեժացման՝ Ադրբեջանն այս անգամ ունեցավ դիրքային (տարածքային) կորուստներ, և հասկանալի է, որ Թուրքիան այս անգամ պետք է կոշտացներ իր հայտարարությունների տոնը՝ նույն Ապրիլյան թեժացման համեմատ։ Մյուս կողմից էլ Թուրքիան նման կերպ չի արձագանքել ասենք, 2014թ․, երբ Հայաստանը բարելավեց իր դիրքերը «Նախիջևանի ճակատում»։

4) Ռազմական համաձայնագիր – Թուրքիան 2010թ․ օգոստոսի 16-ին ռազմական փոխօգնության մասին պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ, որի 3-րդ հոդվածը նախատեսում է երկու երկրների միջեւ սերտ համագործակցություն ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Իսկ 2-րդ հոդվածում նշված է հետևյալը. «Եթե կողմերից մեկը երրորդ երկրի կամ մի խումբ երկրների կողմից ենթարկվի զինված հարձակման ու ագրեսիայի, ապա կողմերը միմյանց օգնելու են բոլոր հնարավորությունների օգտագործմամբ»։ Տավուշյան թեժացման ժամանակ ադրբեջանական ռազմական պատվրակության այցն Անկարա, թերևս, միտված էր Թուրքիային տվյալ պարտավորությունները հիշեցնելուն։ Արդեն նշվեց, որ Թուրքիան Հայաստանին մեղադրում է «Ադրբեջանի հանդեպ ագրեսիա իրականացնելու» մեջ, արդյունքում ստացվում է, որ Թուրքիան չի կատարում ռազմական փոխօգնության մասին պայմանագրով իր պարտավորությունները կամ կատարում է միայն 3-րդ (բայց ոչ 2-րդ) հոդվածը։ Եվ Թուրքիան փորձում է 3-րդ հոդվածի կիրառմամբ, ինչպես նաև կոշտ հայտարարություններ անելով բավարարել Ադրբեջանին։ Պատահական չենք համարում, որ Թուրքիայից ամենաակտիվը և թերևս ամենասպառնալից («Մեծ Հայաստանի» թեման) հայտարարություններ անողը հենց Հ․ Աքարն էր։ 

5) Ներքին լսարան – Թուրքական իշխանությունների սուր հայտարարությունները որոշակի ուղղված են նաև ներքին լսարանին, որն իրականում այնքան էլ հետաքրքրված չէ Տավուշյան թեժացմամբ։ Իշխանամետ ԶԼՄ-ները, սակայն, շարունակ անդրադառնում էին թեմային՝ փորձելով մեծացնել մարդկանց հետաքրքրությունը Տավուշյան թեժացման և դրան թուրքական իշխանությունների կոշտ արձագանքի նկատմամբ։ Դա միտված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու ԱԶԿ-ի՝ վերջերս խաթարված իմիջը բարձրացնելուն (արտահերթ ընտրությունների դեպքում հավելյալ քվեներ ստանալուն)։ Բացի այդ, ԱԶԿ-ը վերջին տարիներին դաշինքի մեջ է մտել ԱՇԿ-ի հետ, և ոմանք արդեն դժվարանում են ասել, թե նրանցից որ մեկն ունի առավել ազգայնամոլական ուղղվածություն (Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի այդ ուղղվածությունն աճում է տարեցտարի)։ Այս հանգամանքները նույնպես թուրքական իշխանություններին մղում էին կոշտ հայտարարություններ անելու։

6) Էրդողանի գործոն – 2019թ․ հունվարին Էրդողանը հայտարարեց, որ «1990-ականների սկզբներին Թուրքիան («Հին Թուրքիա») հզոր պետություն չէր, ինչի համար էլ չկարողացավ կանխել Ղարաբաղի օկուպացիան»։ Միևնույն ժամանակ Էրդողանն ու նրա թիմակիցները շարունակ հայտարարում են, որ «իրենց «Նոր Թուրքիան» ամենաուժեղն է վերջին 300 տարվա կտրվածքով»։ Հաշվի առնելով, թե որքան սուր է «Նոր Թուրքիայի» և «Հին Թուրքիայի» միջև պայքարը՝ կարելի է ասել, որ Էրդողանն այդպիսով հեգնում էր 1990-ականների սկզբներին Թուրքիայի ղեկավարությունը, և Տավուշյան թեժացումը նրա համար որոշակի (կամ լավ) հնարավորություն է՝ «ապացուցելու իր խոսքերի իսկությունը»։ 1․5 տարի առաջ արած իր այդ հայտարարությամբ Էրդողանն իրեն դրել է որոշակի փակուղային իրավիճակում, երբ նա որոշ առումով նաև «դատապարտված է» ապացուցելու «Հին Թուրքիայի» նկատմամբ «Նոր Թուրքիայի» գերազանցությունն ամենատարբեր ոլորտներում, այդ թվում նաև հայ-ադրբեջանական հակամարտության ոլորտում։

Լուսանկարում՝ Թուրքիայի նախագահական պալատը Անկարայում

 

Հայկ Գաբրիելյանը թուրքագետ է, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ։ Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող է, Թուրքիայի մասին մոտ 250 գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ։

civilnet.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: