Ա․ Կարապետյան․ «Կոմկուսն, իրոք, ժողովրդական կուսակցություն է»

06 Նոյեմբերի 2015

Զրուցում են երկու տարբեր սերնդի քաղաքական գործիչները՝ «Հայաստանի կոմունիստ» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԱԺ առաջին և երկրորդ գումարումների պատգամավոր,   կոմունիստ Նորիկ Պետրոսյանն ու «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Արամ Կարապետյանը։

Նորիկ Պետրոսյան - Դուք որոշակի հստակությամբ առանձնանում եք Հայաստանի քաղաքական գործիչների շարքում։ Պարբերաբար հանդես գալով հեռուստատեսությամբ, մամուլով՝ անթաքույց հանրությանն եք ներկայացնում ձեր քաղաքական սկզբունքները, աշխարհայացքային խնդիրների լուծման մոտեցումները, Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ Հայաստանի ու հայ ժողովրդի փոխհարաբերությունների նոր որակների անհրաժեշտությունն ու հեռանկարները։ Հատկապես ուշագրավ են ձեր քաղաքական մտորումների հստակությունը, թափանցիկությունը և քաղաքական շրջանակներում ինչ-ինչ կուսակցությունների ու անձանց դուր գալու երեսպաշտության բացակայությունը։

Ձեզ հետ զրույցի ընթացքում պարզ է դառնում, որ լավատեղյակ եք ներկա հասարակական-քաղաքական զարգացումների ընթացքին ու թանձրացումներին հանրապետությունում։

Ժողովրդի բազում սոցիալական խնդիրները խորհրդային տարիներին լուծված էին կամ հաջողությամբ լուծվում էին։ Այսօր անսովոր ծանր իրավիճակ է ստեղծվել․ ժողովրդի տաղանդավոր, օժտված, խելացի երեխաների մեծ մասը, անվճարունակ լինելով, բարձրագույն կրթություն չի ստանում։ Առհասարակ մեծ թիվ են կազմում նաև հանրակրթական դպրոց չհաճախողները՝ դարձյալ կարիքավորության պատճառով։ Ժողովուրդն ընդդիմադիր քաղաքական ուժերից իրավունք ունի՞ պահանջելու, որ նրանք հանդես գան անվճար կրթության, անվճար բուժօգնության, մատչելի ծառայությունների, մոր ու մանկան և տարեցների կյանքի ապահովության պետական երաշխիքների մասին խոստումներով, եթե կուզեք՝ կտրուկ, ոչ մի վերապահում չընդունող հայտարարությամբ։ Ոմանք ասում են՝ հնարավոր չէ։ Ինչո՞ւ 1920 թ․ տնտեսական ոչ մի հնարավորություն չունենալով, կարելի էր նման համակարգեր մտցնել ու արմատավորել, իսկ այսօր հայտարարում են, իբր վաղ է այդ մասին խոսելը։ Այսօր պալատներ ու ամրոցներ են կառուցում, որը հատուկ է եղել միջնադարին, եկեղեցիներ են կառուցում, արտասահմանից ֆուտբոլիստներ են հրավիրում, իհարկե, ոչ առանց խոշոր ծախսերի, արդյոք չի՞ կարելի այդ անմիտ ծախսերը սահմանափակել և առաջին հերթին բավարարել ժողովրդի սոցիալական կարիքները։

Արամ Կարապետյան - Այստեղ մոտեցումները բխում են քաղաքական ըմբռնումներից։ Հայաստանում քաղաքական դաշտը, փաստորեն, հագեցած է կուսակցությունների առատությամբ։ Հարյուր և գումարած երկու տասնյակ։ Քանակական առումով՝ խնդիր չկա, բայց քաղաքական դաշտում նկատելի են ընդամենը 4-5 կուսակցություն, որոնք ունեն հստակորեն տարանջատված գաղափարախոսություն և ծրագրեր։ Մյուս կուսակցություններն ստեղծված են այս կամ այն ուժերի կամ անհատների խմբի հետաքրքրությունների բավարարման համար։

Այսօր այդ կուսակցությունները փորձում են միավորվել և առավել կենսական և առաջնային խնդիրները լուծել միասնաբար, համատեղ, ողջունելի է։ Սակայն միավորում ինչի՞ շուրջ՝ անհատի, թե՞ ծրագրի։ Իշխանափոխությունից հետո միավորումը գործելո՞ւ է։ Գուցե հավաքվել են, որ միայն «փոխեն»։ Բավականին հետաքրքիր միտք է ծագել․ հավաքվել ենք, որ արդար ընտրություններ ապահովենք։ Հարցն այն է, որ միավորումն իրենից ներկայացնում է աշխարհաքաղաքական տարբեր կողմնորոշումներ որդեգրած մարդկանց բազմություն։ Ասենք, ոչ մի պայմանով կոմունիստները չեն հրաժարվի Բելառուս-Ռուսաստան Միությանը Հայաստանի անդամակցության գաղափարից, իսկ Վազգեն Մանուկյանի մոտեցումներն այլ են։ Նույնը նաև տնտեսության վարման կոմունիստական-համայնավարական և ազատական-շուկայական ձևերի ու եղանակների առումով։ Անվճար կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների և այլնի մասին միության մեջ ընդգրկված կուսակցությունների մոտեցումները տարբեր են։ Թե որքանով տրամագծորեն տարբեր գաղափարներ և տնտեսվարման եղանակներ որդեգրած կուսակցություններն ի զորու կլինեն գերապատվությունը տալ միմյանց մոտեցնող խնդիրներին և հանդես գալ միասնաբար, կապրենք, կտեսնենք։ Բոլոր դեպքերում, ներկայիս վարչախմբից ազատվելու և երկիրը սոցիալ-տնտեսական աղետալի ճգնաժամից հանելու գերխնդիր գոյություն ունի, և ես միավորումը, հետագայում դաշինք կազմելու և միասնաբար հանդես գալու գաղափարը ողջունում եմ, իհարկե, հատուկ կարևորություն տալով նաև միասնական ծրագրին, ծրագրային խնդիրների միասնականությանը, որը, վերջին հաշվով, ամենակարևորն է։

Նորիկ Պետրոսյան - Հայաստանի Կոմկուսը միշտ էլ բարձր է գնահատել անհատի բարոյական-մասնագիտական հատկանիշները, բայց առավել կարևոր է այն ծրագիրը, որ պետք է իրականացնի, կյանքի կոչի տվյալ անհատը։ Այս վերջինը Կոմկուսի համար գերխնդիր է։ Հայ ժողովրդի լավագույն զավակները մեր ժողովրդի ճակատագիրը կապել են ռուս ժողովրդի հետ՝ առանց գաղափարական պայմանականությունների։ Մեր ժողովուրդն այսօր էլ հավատարիմ է նախնիների պատգամներին, բայց, ահա, մի քանի, այսպես կոչված, արևմտամետներ իրենց անհիմն կասկածամտությամբ փորձում են Հայաստանը կտրել Ռուսաստանից և խաղալ կրակի հետ։

Արամ Կարապետյան - Մեծ հաճույքով և մեծ հարգանքով կտամ ամենամեծ կոմունիստի անունը։ Ես կարծում եմ, որ ամենամեծ կոմունիստը և ամենամեծ պետական զինվորական գործիչը եղել է Ալեքսանդր Մյասնիկյանը։ Նա, որ չէր ապրել Հայաստանում, եկավ և վատթարագույն պայմաններում ոչ միայն շտկեց իրադրությունը, այլև իր շուրջը հավաքեց մտավորականներին, նրանց հայրենիք հրավիրեց արտասահմանից և հովանավորեց՝ պետական կենսաթոշակ նշանակելով։ Եկել է և կարողացել համախմբել։ Իսկ մինչ այդ նրա անունը բարձր էր հնչում Բելառուսում, ամբողջ Ռուսաստանում՝ որպես պետական, ռազմական և կուսակցական գործիչ։ Այսօր աշխարհը դարձել է շատ վայրագ։ Բոլորը ցանկանում են ուրիշի ձեռքերով շագանակներ հանել կրակից և սպասում են, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկի վրա ռումբ գցի, ինչ-որ մեկը մյուսին կոտորի և իր համար տեղ բացի։

Քաղաքական գրականությունից հայտնի վարդագույն ժողովրդավարության ժամանակներն անցել են։ Այսօր իշխում է դու՝ ինձ, ես՝ քեզ սկզբունքը։ Թե՛ անհատների, թե՛ կուսակցությունների, թե՛ երկրների ու պետությունների, նույնիսկ ժողովուրդների փոխհարաբերություններում հետզհետե ամրագրվում է այս սկզբունքը։ Միակ երկիրը, որ այդ չարամիտ սկզբունքը չի գործադրել միջպետական հարաբերություններում և հատկապես հայերի նկատմամբ, Ռուսաստանն է։

Եկեք մտնենք այսօրվա միջպետական հարաբերությունների անսիրտ և դաժան դաշտը, որտեղ մենք տալիք-առնելիք չունենք։ Մենք ոչինչ չունենք, բացի մեր աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքից։ Ահա, հենց այդ դիրքն է հետաքրքրում աշխարհի հզորներին։ Նորից վերադառնանք քաղաքական դաշտ, ոչ մի կերպ չես կարող, ասենք, կուսակցական գաղափարախոսության և անկուսակցական գործիչների համադրում անել։ Փոխըմբռնում չկա, իրատեսություն չկա։ Իրավիճակով պայմանավորված եզրահանգումների տրամաբանություն չկա։ Ամենակարևորը՝ ոչ ոք հակված չէ մտածելու, որ հանրապետության նախագահը լինի համազգային, համահայկական, համաժողովրդական նախագահ և ընդունելի-ընկալելի լինի և՛ ամերիկահայի, և՛ ռուսահայի, և՛ արցախահայի, և՛ ջավախահայի, և՛ առհասարակ հայի համար, անկախ ծննդավայրից ու բնակավայրից։ Ես այն կարծիքին եմ, որ պետք է խիստ կարևորվեն նախագահի, առհասարակ ժողովրդի ընտրած յուրաքանչյուր անհատի գործնական հատկանիշները՝ անկախ գույնից և կուսակցական պատկանելությունից։ Հանրապետական է, թե կոմունիստ, ոչ մի նշանակություն չպետք է ունենա։

Նորիկ Պետրոսյան - Մենք, թեև չենք հավակնում վերին ճշմարտության, բայց համոզված ենք, որ առանց սոցիալիստական կարգուկանոնի հաստատման, առանց պետական սեփականության գերակայության, առանց պետության բացառիկ դերի ապահովման ոչ մի նշանակալի հաջողություն ակնկալել չի կարելի, նույնիսկ համաժողովրդական հարգանք ու վստահություն նվաճած անհատը։

Արամ Կարապետյան - Ինչո՞ւ եք կարծում, որ սոցիալիստական երաշխիքներ կարող է տալ միայն կոմունիստ նախագահը։ Ապագա նախագահը պետք է հասկանա կոմունիստական ժամանակների և առհասարակ կոմունիստական գաղափարների առավելությունները։ Պետք է հասկանա, որ բյուզանդական կառավարման ձևն աշխարհում վերանում է։ Կլանային լծակներով երկիր կառավարելը, քրեական տարրերին հովանավորելը, որպեսզի կլանները հարստանան, իսկ ժողովրդի հիմնական մասն աղքատանա, այլևս անհնար է։ Մենք հազարամյակների քաղաքակիրթ ժողովուրդ ենք և պետք է երկրում արմատավորենք ղեկավարման քաղաքակիրթ եղանակներ։ Այո՛, պետք է լինեն քաղաքական կուսակցություններ, պիտի լինի բազմակուսակցական համակարգ, ապահովվի արդար և անաչառ ընտրություն, կուսակցությունները պետք է կազմեն բազմակուսակցական խորհրդարան, իսկ կառավարությունը խստագույնս պետք է հետևի, որ գործադիր մարմիններում ընդգրկվեն բարձրորակ, առավել պատրաստված մասնագետներ՝ առանց կուսակցական, գաղափարաքաղաքական խտրության։

Ցավոք, մեր հանրապետությունում շատ կուսակցություններ ծնվում ու ձևավորվում են «նորագրություններով», այսինքն՝ ցուցակագրվելով, առանց գաղափարական հիմքի ու պայմանի։ Այդպիսի կուսակցությունը հեշտությամբ դառնում է կլանային, գրպանային։

Հանրապետության նախագահը պետք է կարողանա համատեղել քաղաքական ուժերի ջանքերը և ոչ թե հանուն անձնական նկրտումների՝ ջարդել, փոշիացնել ընդդիմադիր ուժերը, հաղթել ոչ ազնիվ պայքարում։

Այսօր իշխանություն են թափանցել վայրագ մարդիկ, որոնց մտածելակերպի մեջ չկա երկիր, հայրենիք, ժողովուրդ եռամիասնական գաղափարը։ Կա իրենց միամորիկ, կենտ գաղափարը, որը գաղափար էլ չէ, այլ բնազդ, թալանել, կողոպտել, հարստանալ։ Նախագահը պետք է ուժ գտնի իր մեջ, նախ՝ չտրվի հարստանալու, թալանելու, կողոպտելու բնազդների գայթակղությանը և համարձակորեն տեղափոխվի քաղաքական դաշտ և իր համար ձևավորի հուսալի քաղաքական հենարան։ Այլ կերպ չի կարող ղեկավարել։ Նախագահի ամեն թեկնածու մտածում է քաղաքական իր հենարանն ստեղծելու մասին։ Ստեղծե՞ց՝ իր համար հետագայում հեշտ կլինի, չի՞ կարողանա, ուրեմն՝ չի ընտրվի։ Մնում է այդ կոպիտ ուժը տեղափոխել քաղաքական դաշտ և կոպիտ ուժի գործադրումով՝ կեղծիքով ու սպառնալիքով, կաշառքով ու հարկադրանքով պահպանել իշխանությունը՝ հավերժորեն կախված լինելով այդ ուժից և ենթարկվելով այդ ուժին, ինչպես տեղի ունեցավ 96-ին, երբ ապօրինի հաղթանակից հետո ԼՏՊ-ն զոհ դարձավ՝ իրեն հովանավորած ուժային կառույցների կոպիտ հարկադրանքներին։

Ո՞րն եմ համարում Կոմկուսի առաքելությունը։ Այն, իրոք, ժողովրդական, ժողովրդի ծոցից ծնված կուսակցություն է, բանվորագյուղացիական ներքին շերտերից բխող, եկող հիմքերով, կուսակցություն, որը միշտ պետությանը պետք է հիշեցնի ժողովրդի սոցիալ-տնտեսական կարիքները, ուշադրություն հրավիրի, որ ժողովուրդը լավ չի ապրում, որ ժողովուրդը սոցիալական հարցերի լուծման կարիք ունի։ Այս բոլորին ավելացրած նաև քաղաքական հարցադրումները՝ չշեղվել ազգային շահերից և մշտապես մտածել ժողովրդի մասին։

Խորհրդային Միության 70 տարվա փորձը բավականին լավ փորձ է, ես դա բացահայտ ու բարձրաձայն եմ ասում, ոչ մեկին դեռ չի հաջողվել այդպիսի ժամանակահատվածում նման հզոր պետություն ստեղծել։ Իհարկե, եղել են նաև թերություններ։ Կոմկուսի առաքելությունն է՝ պահպանել այդ փորձը, պահպանել այդ գաղափարախոսությունը։

Ազատ ձեռներեցությունը նույնպես անհրաժեշտ է, և ես այն կարծիքին եմ, որ այն համապատասխանում է մեր ժողովրդի ազգային բնույթին։ Նույնիսկ Խորհրդային Միության կազմում դա զգացվում էր։ Ես կողմնակից եմ ազատ ձեռներեցության զարգացմանը։ Պետությունը ազատ ձեռներեցին առժամանակ պետք է ազատի հարկերից, հովանավորի, որ նա ուժ հավաքի։ Ազատ ձեռներեցը պետք է ազատորեն վարի իր տնտեսությունը, իսկ պետությունը պետք է հետամուտ լինի, թե արդյոք տվյալ անհատն ըստ նշանակությա՞ն է ծառայեցնում սեփականաշնորհված ձեռնարկությունը, թե՞ այն վերածել է, ասենք, կազինոյի։

Ամենացավալին այն է, որ ամենուր, ամեն քայլափոխի թույլ են տրվում ապօրինություններ, կնքվում են հանցավոր գործարքներ, բայց չկան նմաններին պատասխանատվության ենթարկելու լծակներ։ Այդպես է, որովհետև համակարգը դարձել է կլանային, մեխանիզմը՝ տանիքային, ով ում պետք է պահի։ Ոչ ոք կախաղան չի ուզում, պատիժը պետք է կիրառվի օրենքի սահմաններում։ Նրանք, ովքեր չեն թալանել, կշարունակեն գործունեությունը, իսկ ովքեր մեղավոր են ու մեղսակից, նրանց նկատմամբ օրենք կիրառելու և պատժելու անհրաժեշտություն կառաջանա։

Պետությունը հայրենական ապրանքարտադրողներին պետք է օգնի թափանցելու արտաքին շուկաներ։

Խորհրդային համակարգում կար գործկոմ, կուսկոմիտե, գործադիր իշխանություն։ Բոլորը գիտեին, որ եթե իշխանության որևէ օղակ թերանա, կարելի է դիմել մյուս օղակներին։ Բանը հասնում էր Մոսկվա։ Այսինքն՝ կար մեխանիզմ, և պատժելի արարքների համար մեղավորը հիմնականում պատժվում էր։ Բազմակուսակցական համակարգում դժվար է հասնել նման գործելակերպի։ Սա չի նշանակում, թե խորհրդայինը լավը չէր։ Կար գյուղխորհուրդ։ Այսօրվա գյուղապետարանը ի զորու չէ որևէ նշանակալից գործ կազմակերպել։ Գործադիր իշխանության վրա ժողովրդի ճնշման ոչ մի միջոց այսօր չկա։ Վերահսկողություն չկա։ Քաղաքացին մասնակից չէ պետության գործերին և օտարված է պետությունից։ Նախկինում ամեն քաղաքացի իր քաղաքացիական տեղն ու դերն ուներ երկրի ղեկավարման համակարգում։

Ինքնակառավարումը բարդ երևույթ է։ Նախ՝ պետք է ապահովել համապատասխան հնարավորություններով։

Մեր բյուջեն կազմավորվում է ներքևից՝ կենտրոն, ապա՝ կենտրոնից ներքև սկզբունքով։ Ներքևից վերև և վերևից ներքև ճանապարհին չքանում է կառավարումը։

Այսօր նույնիսկ միջպետական հսկայական վարկերն են յուրացվում, և չնայած Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների ամենօրյա բողոքներին, ոչ մի հետևանք։ Հինգ միլիարդ դոլարի պարտք ունենք։ Պետությունը պետք է ներդրումներ կատարի։ 80-ականների մակարդակին հասնելու համար 2 միլիարդ է անհրաժեշտ։ Դրա կեսն արդեն ունեցել ենք և ոչինչ չի փոխվել։ Ինձ հարցնում են՝ որտեղի՞ց, ես էլ պատասխանում եմ՝ այնտեղից, որտեղից գողացել եք։ Անհրաժեշտ գումարի կեսն արդեն ստացել եք, ի՞նչ է արվել, ի՞նչ նշանակալի փոփոխություններ են կատարվել, ո՞ւր է այն ծրագիրը, որ պետք է իրականացվի։ Պետությունները 15-20 տարվա զարգացման ռազմավարական ծրագրեր ունեն, իսկ մեր պետությունը դեռ չի որոշել, թե վաղն ինչ է անելու։ Ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք կառուցում, որո՞նք են մեր գիտամշակութային, արդյունաբերական զարգացման գլխավոր ուղղությունները, Հայաստանի տեղն ու դերը համաշխարհային շուկայում։ 50-ականներին մի շատ լավ երևույթ կար, երբ չէր ստացվում, պետությունն անմիջապես օգնում էր։ Այսօր պետությունը միայն օգնում է քանդելու, կազմալուծելու հարցում։

Հայաստանի պետբյուջեն աղետալի վիճակում է։ Եթե բենզինի առևտուրը մասնավոր է, ալկոհոլային խմիչքների առևտուրը մասնավոր է, եթե կապի միջոցները վաճառված են, էլեկտրագծերը նույնպես, առհասարակ առևտրի մոնոպոլիա է, որտեղի՞ց բյուջեն մուտքեր ունենա։

Նորիկ Պետրոսյան - Ազգային ժողովում բոլորն ասում են՝ մեր չքնաղ երկիրն ամայացավ, վարդագույն Երևանը վերածվել է աղբանոցի, գիտամշակութային, կրթական, առողջապահական համակարգերը կործանված են, բայց քաղաքական տհասության, թե տգիտության պատճառով, ոչ ոք չի ասում, որ այդ ամենը գոյություն ուներ շնորհիվ խորհրդային կարգերի և Կոմկուսի իմաստուն ղեկավարության։

Կոմունիզմը, համայնավարությունը եղել են մարդկության երազանքը՝ անհիշելի ժամանակներից սկսած, քրիստոնեությունից էլ հազարամյակներ առաջ, բայց մեր խելոքները սարսափում են սոցիալիզմ-կոմունիզմից, չեն հասկանում, որ սոցիալիզմ-կոմունիզմի գաղափարները պատկանում են մարդկությանը, անխտիր՝ բոլոր ազգերին, իսկ Մարքսն ու Լենինն ընդամենը նշել են համամարդկային այդ բաղձանքի իրականացման ուղին։ Դուր չի՞ գալիս, նշեք ձերը, ոչ թե մերժեք այն, ինչը մարդկային հանճարի արգասիք է։

Արամ Կարապետյան - Հայաստանն, այո, դարձել էր ծաղկուն երկիր։ Եվ դա Խորհրդային Միության՝ հսկա երկրի սոցիալիստական տնտեսաձևի և տնտեսական ներուժի շնորհիվ։ Այն ժամանակ դա ինչպես հարկն է չէր զգացվում։ Այժմ, անկախանալուց հետո, զգում ենք, թե ինչ ներուժ ենք ունեցել և կորցրել։ Հիմա Արևմուտքը մեզ ասում է, որ պետք է դառնաս սպասարկող երկիր, տանող-բերող, առնող-ծախող երկիր։ Գաղափարական հիմնավորումն էլ այն է, որ իբր Հայաստանը շրջափակված երկիր է, դարձեք սպասարկող ոլորտ՝ կազինոներ, հյուրանոցներ, թմրանյութեր, զբոսաշրջություն կլինի, կգնան-կգան, դուք էլ արանքում կապրեք, կգոյատևեք, յոլա կգնաք։ Այս գաղափարախոսությունը հայկական չէ, հայաստանյան չէ, հայի գլխում չի ծագել։ Դա համաշխարհային կառույցների, համաշխարհայնացման գործընթացում մեզ վերապահված կարգավիճակային նվաստացուցիչ ու անարժեք տեղի ու դերի որոշակիացումն է։

Միջազգային արժութային հիմնադրամի նույն թելադրանքի զոհերն են Բրազիլիան, Արգենտինան, Հյուսիսային Ամերիկան, Աֆրիկան, Հնդկաստանը, արաբական երկրները, այսօր նաև՝ Ռուսաստանը, Աֆղանստանը, եվրոպական երկրները։

Ինչ վերաբերում է տարրական բարոյականությանը, ասեմ, որ այստեղ էլ աղետ է։ Արդեն ասացի, որ բոլորը ցանկանում են քաղաքականապես սպանել, ոչնչացնել դիմացինին։ Գլուխ ջարդելը, վարկաբեկումը, սպառնալիքը, հաշվեհարդարներն ու սպանությունները քաղաքական պայքար չեն, այլ քաղաքական ահաբեկչություն։ Հայաստանում աճում է ատելությունը միմյանց նկատմամբ։ Գաղափարական ատելություն չկա, գոյապայքարի ատելություն է։

Խորհրդային Միության կազմում Հայաստանում մենք սովորել ենք ձրի, բուժվել ենք ձրի, կառուցել ենք գործարաններ, համաշխարհային չափանիշների գիտություն, մշակույթ զարգացրել։ Մենք վախենալու ոչինչ չունենք ժողովրդից։ Բաց ճակատով ասում ենք, որ շատ բաներ են եղել, թերություններ, սխալներ են եղել։ Մենք չենք վախենում սոցիալիզմ բառից։

Սոցիալիզմը Եվրոպայի պատմական հիմքն ու հեռանկարն է այսօր։ Ի՞նչ է ֆերմերը։ Ֆերմերը ընտանեկան կոլտնտեսությունն է։ Իմ հայրը, լինելով կոմունիստ, երկիր է կառուցել, շենացրել։ Դա ինչպե՞ս ժխտես։

 

Զրույցը տեղի է ունեցել 2008 թվին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: