Գիտության զարգացումը նախ և առաջ ազգային անվտանգության խնդիր է

24 Սեպտեմբերի 2015

2001 թ տեղի ունեցած այս հարցազրույցը նույնիսկ այսօր շատ արդիական է, քանի որ ոչ մեր պաշտոնյաների վերաբերմունքն է փոխվել սեփական երկրի գիտության ու գիտնականի նկատմամբ, հետևաբար, ոչ էլ հայրենի գիտության ու գիտնականի վիճակն է փոխվել։ Ի՞նչ է պետք անել, որ հայ նորօրյա պաշտոնյան ի վերջո գիտակցի, որ պետությունը պարտավոր է հոգ տանել գիտության զարգացման մասին (խմբ․)։

Զրույց ՀՀ ԳԱԱ նախագահության նախագահ Ֆադեյ Սարգսյանի հետ    

- Յուրաքանչյուր հասարակության մեջ առաջընթացի միակ գրավականը գիտությունն է: Գիտությունը երաշխիքներ է ապահովում պետականության և ազգային անվտանգության համար: Նշանակում է, որ պետությունն իր հերթին պետք է որոշակի պատասխանատվություն կրի գիտության և գիտնականների համար: Գիտնականն ու գիտությունը, սակայն, Հայաստանում հայտնվել են, մեղմ ասած, անմխիթար վիճակում: Պարոն Սարգսյան, ձեր կարծիքով, ՀՀ ԳԱԱ նախագահությունը պատասխանատվություն կրո՞ւմ է գիտության ոլորտում ստեղծված ճգնաժամի համար:

- Բոլորս էլ պատասխանատվություն զգում ենք, բայց տարբեր չափերով: Իմ կարծիքով, մեր պատասխանատվությունը եղած ներուժը պահպանելն է: Գոնե՛ պահպանենք: Կորցնելով այն՝ կկորցնենք մեր հանրապետությունը: Շատերը մինչև հիմա չեն հասկանում այդ բանը: Անցած տարվա ամենամեծ հաջողությունը համարում եմ «Գիտության և գիտական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, որտեղ ամրագրված է, որ գիտությունը գտնվում է պետության անմիջական հովանավորության տակ, և պետությունը պարտավոր է հոգ տանել գիտության զարգացման մասին: Դուք գիտեք, որ մեր գիտնականներն այժմ չափազանց ծանր դրության մեջ են: Մեր աշխատավարձերը տրվում են պետբյուջեի մասին օրենքի «Այլ ծախսեր» հոդվածով, այսինքն՝ ԳԱԱ աշխատավարձային ֆոնդը ֆինանսավորվում է, երբ միայն ազատ միջոցներ են գտնվում: Իհարկե, երբ գիտության աշխատողների միջին աշխատավարձը 12 հազար դրամ է, այդ չորս-հինգ ամսվա չվճարումը բերել է անասելի ծանր կացության: Այս պայմաններում, ԳԱԱ-ի ամենամեծ պատասխանատվությունն այն է, կրկնում եմ՝ պահպանել գիտական եղած ներուժը, որը կորցնելու իրավունք չունենք: Դա ստեղծվել է դարերի ընթացքում և, ճիշտ նկատեցիք, ոչ միայն տնտեսական խնդիրների լուծման համար է, այլև մեր պետական անվտանգության ապահովման:

- Ի՞նչ է նշանակում «Այլ ծախսեր», ինչո՞ւ է բյուջեում այդպես ձևակերպվել: Արդյոք չի՞ նշանակում, որ գիտությունը պետության համար ոչ առաջնակարգ բնագավառ է, իսկ գիտնականը՝ երկրորդ կարգի մարդ...

- Նշանակում է ամենացածր, ամենաանհարգալից վերաբերմունք գիտության նկատմամբ:

- Իսկ ի՞նչ կարող էիք անել դուք և ԳԱԱ նախագահությունը, որ չարեցիք կամ չկարողացաք անել, որպեսզի գիտությունն այդ վիճակին չհասներ:

- Կարծում եմ, շատ ավելին արեցինք, քան հնարավոր էր: Մի շարք անգամներ բավական սուր ելույթներ ունեցանք ԱԺ-ում, շատերին քննադատեցինք, առանձին հանդիպումներ ունեցանք կառավարությունում: Ինձ տեսնելիս ղեկավարներն արդեն մտածում են, որ փող եմ փնտրում աշխատողների համար: Որպեսզի գիտնականն աշխատի, նրան միայն աշխատավարձը չի բավարարի. անհրաժեշտ են ջուր, էլեկտրաէներգիա, գազ, սարքեր, փորձակենդանիներ, կեր՝ սրանց համար և այլն, և այլն: Ինձ մի փաստաթուղթ են ուղարկել, որով պահանջում են փակել անցյալ տարվա ջրի ծախսերը: Իսկ ինչպե՞ս կարող ենք փակել, եթե 1999 թ. հոկտեմբերի 1-ից անգամ «Այլ ծախսերով» ոչ մի լումա չի տրված... 1992 թվականից մի շատ անհաջող մեթոդ էր ընդունված` գումարները տալիս էին, այսպես կոչված, թեմատիկ ֆինանսավորումով: Կարևոր չէ` ո՞վ է որոշում թեմատիկ ֆինանսավորումը: Հայտնի չէր, թե ով է դրա պատասխանատուն: Մարդիկ աշխատում էին, շատերն էլ իբրև աշխատում էին, կային նաև գոյություն չունեցող անուններ: Հանձնաժողովներ կային, որոնք դրա համար գումարներ պետք է առանձնացնեին:

- Դեկտեմբերի վերջերին ՀՀ նախագահն ստորագրեց «Գիտության և գիտական քաղաքականության մասին» ՀՀ օրենքը, հանաձայն որի նախատեսվում է ֆինանսավորման երեք կարգ: Ի՞նչ առավելություն ունի վերջինս նախկին թեմատիկ ֆինանսավորման համեմատությամբ:

- Նախկինում ԳԱԱ-ն աշխատում էր ամբողջ ԽՍՀՄ համար, այսինքն՝ ընդհանուր աշխատանքներ էր կատարում: Այժմ ակադեմիան վերափոխել է իր աշխատանքները և աշխատում է այն ուղղություններով, որոնք զարգանում են և պետք է զարգանան ՀՀ-ում: Ըստ այդմ, ֆինանսավորման տարբեր ձևերը: Առաջինը բազային ֆինանսավորումն է: Այսինքն` ֆինանսավորել մեր բավական թանկ տեխնիկայի պահպանումը՝ Բյուրականի աստղադիտարանը, ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը, մեր բուսաբանական ու կենդաբանական ինստիտուտների բազաները և այլն: Ութ ինստիտուտ ունենք, որոնք բազային ֆինանսավորում են ստանալու: Ֆինանսավորման այս ձևը նախատեսում է նաև հեռանկարային աշխատանքներ: Ակադեմիան ինքն է որոշում հեռանկարային ի՞նչ աշխատանքներ պետք է արվեն, ասենք, հայագիտության ասպարեզում, որը ոչ մի ուրիշ երկիր չի կատարում կամ այնպիսիք, որոնք անմիջականորեն չեն կարող ներդրվել արտադրության մեջ, բայց պետք են: Երկրորդը թեմատիկ ֆինանսավորումն է: Սրանք մեր կառավարության հանձնարարած աշխատանքներն են: Օրինակ՝ էներգետիկայի, պաշտպանության, բնապահպանության, բժշկագիտության հարցերը և այլն: Ամեն տարի կառավարությանը ներկայացնում ենք հանրապետության համար ամենակարևոր և առաջնային ուղղությունները, որպեսզի ըստ այդմ համապատասխան թեմաներ պատվիրվեն: Երրորդն ինստիտուցիոնալ ֆինանսավորումն է: Նախարարությունների կոլեգիաների որոշմամբ ինստիտուտներին տրվում են գումարներ, որոնք հետագայում պետք է հիմք հանդիսանան նոր ուղղությունների զարգացման կամ աշխատանքները նոր մակարդակով կատարելու համար: Սա աշխարհում ընդունված կարգ է, կարելի է ասել` հիմնադրամի նման մի բան է: Օրինակ՝ ապակի արտադրելու համար արտասահմանից կվարցային ապակի ենք բերում, որի տեղափոխումը շատ թանկ է: Եթե ԳԱԱ-ն գումարներ ունենա, կհատկացնի մեր ինստիտուտներից մեկին՝ կվարցային ապակու արտադրություն կազմակերպելու համար, և մեկ տարուց հետո կհրաժարվենք նման ապրանքներ ներկրելուց: Կամ, ասենք, կենդանիների համար կերի, վնասատուների դեմ պայքարի միջոցների համար գումար է ներդրվում, որը հետագայում վերադարձվում է:

- Վերջերս «Գոլոս Արմենի»-ի հետ հարցազրույցում ասել էիք, որ ակադեմիան ունի գիտատեխնիկական քաղաքականության խորհուրդ, որը որոշում է գիտության հիմնական զարգացման ուղիները և հետազոտությունների արդյունքների ժողտնտեսության մեջ կիրառումը: Որո՞նք են այդ հիմնական ուղղությունները և, առհասարակ, հիմնարար ո՞ր գիտությունները կանվանեիք առաջատար:

- Գոյություն ունի երկու կարգի խորհուրդ: Առաջինը գիտական և գիտատեխնիկական քաղաքականության խորհուրդն է, որը ղեկավարում է ՀՀ վարչապետը: Դրա մեջ մտնում են ՀՀ ԳԱԱ նախագահության նախագահը, կրթության և գիտության նախարարը, գիտության հետ կապ ունեցող նախարարությունների ղեկավարները՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարները և այլք, նաև գիտնականներ՝ տարբեր բնագավառներից: Այս խորհուրդն է որոշում գիտության զարգացման հիմնական ուղղությունները և մշակում պետական պատվերները: Այդ խորհուրդն աշխատեցնելու նպատակով ԳԱԱ-ն ամեն տարի ներկայացնում է իր առաջարկությունները՝ գիտության զարգացման հիմնական ուղղությունների մասին: Կառավարությունը որոշում կայացնում է՝ հաշվի առնելով այդ առաջարկությունները: Դրանց արդյունքները մասնագիտորեն զննելու և նոր պատվիրվող աշխատանքները նախապատրաստելու նպատակով ԳԱԱ-ում գործում է ինը պրոբլեմային խորհուրդ: Սրանք գիտության տվյալ ուղղության աշխատանքների որոշման խորհուրդներ են: Դրանցում ընդգրկված են ոչ միայն ակադեմիկոսներ կամ ԳԱԱ աշխատողներ, այլև հանրապետության ամենաառաջավոր գիտնականներ՝ տարբեր բնագավառներից:

- Ճի՞շտ է կամ տրամաբանակա՞ն է արդյոք գիտությունը որևէ նախարարության մեջ մտցնելը, թեկուզ այն կոչվի գիտության և կրթության: Ինչպե՞ս կարելի է գիտությունը ղեկավարել, նրան հրահանգներ տալ

- Հիմարություն է: Իսկ թե ինչու է արվել, գիտեմ… Ինչպե՞ս կարող է կրթության նախարարը ղեկավարել այն գիտությունները, որոնցով, ասենք, զբաղվում է առողջապահության կամ գյուղատնտեսության նախարարությունը…

- Առաջադեմ աշխարհի հետ հարաբերվելու համար պետք է համագործակցել հավասար իրավունքներով, այլապես չես կարողանա ինտեգրվել համաշխարհային առաջընթացին: Ավելի պարզ՝ ինտելեկտուալ մակարդակը կամ հասարակության զարգացածության աստիճանը յուրաքանչյուր անկախ պետության այցեքարտն է: Ի՞նչ պետք է անել, որ գիտությունն իսկապես դառնա անկախ պետականության կարևորագույն չափորոշիչներից մեկը:

- Այս օրենքով բավական հարցեր են լուծվում: Սա մեզանում առաջին օրենքն է գիտության մասին. ԽՍՀՄ օրոք էլ նման բան չի եղել: Ի լրումն գիտության մասին այս հիմնական օրենքի՝ դեռ պետք է կազմենք հիմնական օրենքից կախված օրենսդրություններ, որոնք հնարավորություն կտան էականորեն փոխել վերաբերմունքը գիտության նկատմամբ: Բայց գիտությունն էլ իր հերթին պետք է դրսևորի իր կարողությունները: Օրինակ՝ շատ աշխատանքներ, որոնք չեն հաջողվում ՀՀ-ում իրագործել (արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը բավական ծանր վիճակում են), ստիպված ներդնում ենք այլ երկրներում, որոնց հետ պայմանագրեր ունենք: Առաջին հերթին՝ ՌԴ-ում: Նույնիսկ որոշ գրքեր ու ամսագրեր այնտեղ նրանց հետ ենք տպագրում: Բայց, քանի որ ՌԴ-ում էլ իրավիճակը նախանձելի չէ, հնարավոր չէ ապահովել աշխատանքի ցանկալի մակարդակ:

- Հայտնի է, որ գիտության որոշ ճյուղեր իրենց գոյավիճակը պահպանել են ի հաշիվ արտասահմանյան դրամաշնորհների: Ընդ որում, մեր գիտնականներն ստացել են իրենց աշխատավարձերից ընդամենը երկու-երեք անգամ ավելի: Նոր օրենքը թույլ տալի՞ս է որ, գիտնականների մտքի արգասիքն իսկապես լավագույնս վարձատրվի այստեղ և, ընդհանրապես, ուղեղների արտահոսքը ՀՀ-ից դադարեցվի:

- Միանգամայն ճիշտ եք: Վարձատրության մոտ 30 տոկոսն ստանում ենք դրամաշնորհների միջոցով: Դա մեծ թիվ է: Մեր գիտական միջոցները ԱՊՀ երկրներում երրորդ տեղում են: Մեր որոշ ինստիտուտներ շատ մեծ գործ են արել պաշտպանության օղակներում թե՛ կառավարման, թե՛ ատոմային էներգետիկայի, թե՛ պայթուցիկ նյութերի և այլն: Դրանք չեն կարող այժմ նախկին գործերով զբաղվել, քանի որ չկա ԽՍՀՄ-ը, և որպեսզի այդ հաստատությունները չզբաղվեն այլ` ոչ ռազմական թեմատիկայով, նրանց տրվում են համապատասխան դրամաշնորհներ՝ կատարելու խաղաղ նպատակներին ուղղված թեմատիկ պատվերներ «Գիտությունը խաղաղության համար» ընդհանուր անվանմամբ: Ցավոք, հայագիտության բնագավառում նման թեմաներ չենք կարող ստանալ և այդ գործով զբաղվողների աշխատավարձը ՀՀ-ում շատ ցածր է:

- Հայագիտությունը մեզանում տուժում է առավել: Արևմուտքում այն խեղաթյուրվում է հանցավոր աստիճանի, իսկ մեր գիտնականները, հնարավորություն չունենալով ի պատասխան հրապարակել իրենց աշխատություններն ու թարգմանել, թվում է՝ լռում են, ասելիք չունեն Իրականում մենք տանուլ ենք տալիս այս ճակատում

- Շատ բարդ ու դժվար հարց շոշափեցիք: 137 պատրաստ գիրք կա այսօր, բայց, դժբախտաբար, հրատարակում ենք այն, որի համար պատվեր ենք ստանում: Գումար չունենք…

- Դրանով առավել ողբերգական ենք դարձնում հայագիտության ապագան: Եթե ֆիզիկայի, կենսաբանության կամ այլ ոլորտում փոքր-ինչ հապաղենք, վաղը կարող ենք լրացնել, իսկ եթե հայագիտության ճակատում բաց թողեցինք, չենք կարողանա հետագայում հասցնել, որովհետև այսպես շարունակելու դեպքում, 15-20 տարի անց հայագետներ չենք ունենա ՀՀ-ում

- Շատ ճիշտ եք ասում: Խոսում ենք Ցեղասպանության մասին…

- Քանի՞ ցեղասպանագետ ունենք ՀՀ-ում: Ինչո՞ւ այդ գիտությունը ՀՀ-ում դեռևս զարգացման հնարավորություն չունի

- Աշխարհում մեծ գումարներ են ծախսում դրա համար և կարողանում են մեծ աշխատանքներ անել, իսկ մենք չենք կարողանում անգամ գրքերը հրատարակել…

- Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր պետության արտաքին քաղաքականության կարևորագույն մասն է

- Մենք պետք է կարողանանք դա անել, ուրիշ պետություն չի անելու… Կան նաև ուրիշ այլ ուղղություններ, որոնք նույնպես շատ ծանր վիճակում են: Նույնը կասեի կենսատեխնոլոգիայի մասին, որը մեզ մոտ հիմա շատ լավ զարգանում է: Կան ուղղություններ էլ, որոնք ավելի մեծ ծախսեր են պահանջում:

- Գիտությունն իսկապես թանկ հաճույք է, բայց ներդնելիս անհամեմատ մեծ օգուտներ է տալիս: Գիտության մասին օրենքը հնարավորություն տալո՞ւ է կասեցնել ուղեղների արտահոսքը:

- Որոշ առումով, համոզված եմ, կտա: Այս օրենքն առաջին անգամ հնարավորություն է տալիս կատարել այնպիսի աշխատանքներ, որոնք կօգնեն հանրապետությանը դուրս գալ այս վիճակից: Օրենքը թույլ է տալիս մեր եւ մյուս գիտահետազոտական ինստիտուտներին ծավալել ձեռնարկատիրական գործունեություն:

- ՀՀ-ում ընդունել են ոչ այնքան վատ օրենքներ: Սակայն, որպես կանոն, դրանց մեծ մասը չի գործում: Հույս ունե՞ք, որ գիտության մասին օրենքն իսկապես կկիրարկվի:

- Դա մեզնից է կախված: Մենք ունենք փաստաթուղթ, որը հնարավորություն կտա աշխատել: Նախատեսված է գիտության համար միջոցներ ներդնել 2002 թվականից:

- Իսկ գիտնականներն ինչպե՞ս են գոյատևելու 2001-ին:

- Այսքան դիմացել ենք, մեկ տարի էլ կդիմանանք: 2001-ից ոչինչ հնարավոր չէր անել: Բյուջեն թույլ չէր տալիս…

- Աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ իրավիճակում ի՞նչ հեռանկարներ են բացվում հայ գիտնականների ինտելեկտուալ ներուժի օգտագործման համար:

- Վերջին տասնամյակներում մեր հանրապետությունն ընտրել է բարձր տեխնոլոգիաների ուղին: Դեռ խորհրդային տարիներին հաշվիչ տեխնիկայի, կառավարման համակարգերի, ինֆորմատիկայի ասպարեզում միութենական հանրապետությունների մեջ առաջին տեղում էինք: ԽՍՀՄ ամբողջ պաշտպանության համակարգը ստեղծվել էր մեր մաթեմատիկական առաջարկությունների, ինֆորմատիկայի զարգացման և մեքենաների հիման վրա: Ռադիոարդյունաբերության ասպարեզում երկրորդ-երրորդ տեղում էինք, էլեկտրատեխնիկական արդյունաբերության ասպարեզում՝ երկրորդ տեղում և այլն: Հիմա շատ կարևոր է, որ որոշումներով առաջնություն է տրվում բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ տարվող աշխատանքներին: Դա է մեր փրկությունը: Երբ մեր լավագույն մասնագետը հեռանում է հանրապետությունից, միայն իր միտքը չի իր հետ տանում, այլ ամբողջ ինստիտուտի: Այդպիսի մասնագետը, որը շատ բարձր է գնահատվում դրսում, իսկապես մեծ կորուստ է մեզ համար: Պետք է զարգացնենք բարձր տեխնոլոգիաները և մեր մասնագետներին պահենք ՀՀ-ում:

- Անցյալի արատավոր ի՞նչ երևույթներից կցանկանայիք ձերբազատվել 21-րդ դարում և նախորդ ժամանակներից ի՞նչ արժեքներով հարստացած կցանկանայիք սկսել նոր հազարամյակը:

- Այնքան շատ արատներ ունենք, որ առանց բացառության բոլորը կթողնեի 20-րդ դարում: Կվերցնեի մեր մտքի զարգացումը, ժողովրդի աշխատունակությունը և դիմացկունությունը:

Հ. Գ. – 2001 թ․ հունվարի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահության մեծ դահլիճում տեղի ունեցավ ակադեմիայի հիմնարկների ներկայացուցիչների ընդհանուր ժողովը, որին հրավիրված էին նաև ՀՀ վարչապետը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը, ԱԺ կրթության, գիտության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Դահլիճում նրանցից ոչ ոք չկար: Ժողովն սկսելուց առաջ մասնակիցներից յուրաքանչյուրն իր մտքում մեկ րոպե լռությամբ «հոտնկայս հարգեց» հայրենի իշխանավորների հիշատակը: «Գիտնականի և գիտական աշխատանքների ֆինանսավորման բարձիթողի վիճակը» օրակարգով ժողովը, որը տևեց շուրջ երկու ժամ, որոշեց՝

«1. Դատապարտել մեր երկրում գիտական օջախների և գիտական ներուժի ոչնչացմանը նպաստող ՀՀ իշխանությունների անհանդուրժելի արհամարհական վերաբերմունքը: 2. Պահանջել ՀՀ կառավարությունից՝ ա) Հետայսու ամեն ամիս վճարել թեմատիկ ֆինանսավորում ունեցող գիտական հիմնարկների աշխատողների աշխատավարձը և մինչև ս. թ. ապրիլը փակել 2000 թ. կուտակված աշխատավարձերի պարտքերը, ինչպես նաև ԳԱԱ համակարգի ինստիտուտների թերֆինանսավորման հետևանքով գոյացած տնտեսական պարտքերը․ բ) գիտահետազոտական աշխատանքների արդյունավետ կատարման համար ապահովել բյուջեով նախատեսված ամենամսյա լրիվ ֆինանսավորումը․ գ) գործնականորեն հիմնավորել հիմնարար գիտության զարգացումը, առանց որի մրցունակ և շահութաբեր կիրառական գիտություն չի կարող գոյություն ունենալ․ դ) լուրջ ուշադրություն դարձնել ԳԱԱ համակարգի աշխատողների սոցիալական վիճակի բարելավմանը, բարձրացնել նրանց աշխատավարձերը․ 3. հավանություն տալ այլ գերատեսչական պատկանելության գիտական հիմնարկների համախմբվելու՝ գիտաշխատողների իրավունքները համատեղ պաշտպանելու առաջարկությանը: Երկրորդ կետի ա և բ ենթակետերի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել դատական ատյանների միջոցով»։

Հարցազրույցը՝ Հասմիկ Գուլակյանի

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: