Ազատագրված տարածքներ

13 Սեպտեմբերի 2015

Արդիական հնչողություն ունեցող այս հարցազրույցը հետաքրքիր է և բոլորիս հուզող շատ հարցերի պատասխաններ է տալիս։ Այդ է պատճառը, որ որոշեցինք ներկայացնել մեր ընթերցողներին տարիներ առաջ կայացած այս հարցազրույցը։ Ընթերցողի մտքով չի էլ անցնի, թե հեղինակի հարցերն ու քաղաքագետի պատասխանները վաղուց են կայացել, քանի որ դրանք նույն հրատապությամբ ծառացած են այսօր մեր ժողովրդի առջև, ոչինչ չի փոխվել ո՛չ մեր քաղաքականության և մեզ սպառնացող վտանգների հարթությունում, ո՛չ աշխարհի գերտերությունների միջնորդական «խաղաղասիրական», բայց շահույթ հետապնդող ձևականությունների քաղաքականության մեջ։

Խմբագիր

Ամենաչնչին զիջումը մոտեցնելու է պատերազմը մեր շեմին։ 1980-ական թվականների վերջին սկսված Արցախյան ազատագրական պայքարը մասամբ պսակվեց հաջողությամբ: 1920-ական թվականների սկզբից մեր պատմական բնօրրանի այս փոքրիկ հատվածի ճակատագիրը տնօրինում են օտարները: Կովբյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի տխրահռչակ որոշմամբ ԼՂ-ն միացվեց Սովետական Ադրբեջանին: Վերջինիս իշխանությունները ԼՂԻՄ-ից տարանջատեցին Քարվաճառը, Քաշաթաղը (Լաչին), Քաշունիքը (Ղուբաթլու) և Ուտիքի մի մասը՝ Խանլարի շրջանը: Արցախյան ազատագրական զինված պայքարի ընթացքում հայկական զինուժին հաջողվեց ազատագրել որոշ շրջաններ:

Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի արտահայտությամբ` «Ազատագրված տարածքը հայոց արյամբ նվաճված նվազագույն փոխհատուցումն է թուրքերի և ադրբեջանցիների իրագործած ցեղասպանությունների»: Մեր պատմական Հայրենիքի շատ ու շատ տարածքներ կարոտ են տիրոջ շնչով ջերմանալու և ծաղկելու բերկրանքին... 1994 թվականի զինադադարից ի վեր հիմնախնդրի շուրջ պտտվող խոսակցությունները, բազմաթիվ փուլափաթեթային մոտեցումներով հանդերձ, հանգել են մի եզրագծի, այն է՝ պետք է տարածքային զիջումներ կատարվեն: Սա, ըստ միջազգային դիվանագիտական շրջանակների, առանց մեր՝ հաղթողի հետ հաշվի նստելու, ինչպես ընդունված է աշխարհում, և, որ ամենակարևորն է, առանց պատմական արդարության սկզբունքը հարգելու: Առավել անհանգստացնող են վերջին շրջանի լուրերը. իբր ՀՀ-ն և Ադրբեջանը շուտով կստորագրեն մեկ-երկու էջանոց նախնական փաստաթուղթ՝ հայկական զինուժն ազատագրված տարածքներից դուրս բերելու վերաբերյալ:

Այդ տարածքների ռազմավարական նշանակությանը և դրանց պատկանելությանը բազմիցս անդրադարձել ենք։ Այդ թեման մեզ համար մշտապես օրակարգային է, որի շուրջ որոշ պարզաբանումներ է անում քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը:

- Վերջին տարիներին բազմիցս զրուցել ենք այս մասին: Եվ քանի որ մեր քարոզչական ճակատում առանձնապես չենք փայլում ձեռքբերումներով, ավելի պարզ՝ մեր դիվանագիտությունը չկարողացավ հաղթական պատերազմին վայել հաղթանակ արձանագրել այդ ճակատում, շարունակում ենք տանուլ տալ մեզ պարտադրված գաղափարաքարոզչական պատերազմը, ինչի արտահայտությունը ձեր կազմած ու խմբագրած «Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը» վերլուծական և փաստագրական նյութերի ժողովածուն է («Հայրենատիրություն» մատենաշար, հատոր Ա): Ինչո՞վ էր պայմանավորված այս գրքի լույս աշխարհ գալը:

- Պատճառները մի քանիսն են: Առաջինը՝ փետրվարի 10-11-ը Ռամբույեում կայանալիք հանդիպումն էր, և բոլոր տեղեկություններից՝ թե՛ պաշտոնական, թե՛ արևմտյան ու ռուսական փորձագիտական, նաև՝ համանախագահների արտահայտություններից կարելի էր եզրակացնել, որ ստորագրության է նախապատրաստվում մի փաստաթուղթ, որով առաջին փուլում նախատեսվում է հայկական զորքերն առաջին հերթին դուրս բերել ազատագրված տարածքի հինգ շրջաններից: Այդ փաստաթղթի այլ մանրամասներն այլևս քիչ էական են: Մյուսների մեջ խոսվում է երկրորդ փուլի մասին, այսինքն` ադրբեջանցի փախստականների վերադարձ ազատագրված տարածքներ, միջազգային խաղաղապահ զորքերի տեղակայում այդ տարածքներում, իսկ հետագայում՝ 10-15 տարի անց, Արցախում կայանալիք մի հանրաքվե, որը և վերջնականապես կորոշի Արցախի կարգավիճակը: Սակայն այս ամենի մեջ ամենակարևորը հայկական զորքերի դուրսբերումն է հայկական ազատագրված տարածքի մեծ մասից: Բարեբախտաբար այդ փաստաթուղթը չստորագրվեց. փետրվարին երկու օր շարունակ Փարիզի մերձակա Ռամբույե արվարձանում նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները հաջողությամբ չպսակվեցին, և հարցն առ այսօր անորոշ վիճակում է: Սա էր պատճառը, որ, անհանգստացած այս ամենից, պատրաստեցի այս ժողովածն՝ ներգրավելով տասնյակ փորձագետների, լավագույն մասնագետների, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են հիշյալ հարցով: Շատերը սիրով արձագանքեցին, և արդյունքում 30 հեղինակի 35 ուսումնասիրությունից բաղկացած աննախադեպ հավաքածուն է, որի նյութերից 15-ը հատուկ գրվել է այս ժողովածուի համար: Առաջին պատճառն, ուրեմն, բանակցությունները կանխելն էր՝ հանդիպման նախօրյակին և մեր իշխանություններին ու հասարակությանը հայ փորձագիտական մտքի արդյունքները հասցնելը: Կան այլ պատճառներ ևս: Հայ ռազմավարական միտքը դեռևս թույլ է. վերջին տարիներին նոր-նոր ինքնուրույն քայլեր է սկսել ձեռնարկել: Մասնագետները պետք է միմյանց ճանաչեն, հեղինակները պետք է հնարավորություն ունենան շփվելու, ճշտելու դիրքորոշումները, մեթոդաբանությունը, հետազոտման արժանի ամենակարևոր ուղղությունները, պետք է հենց այս ուղղությունները դառնան մեր ազգային անվտանգության ապագա հայեցակարգի առաջատար բաղադրամասերը:

Արցախի հիմնահարցը դիտել Հայկական հարցի համատեքստում, վերարժևորել ազատագրված տարածքի նշանակությունը և Արցախի նշանակությունը մեր անվտանգության համար: Սա երկրորդ գլխավոր պատճառն է:

- Ձեր ասածից կարելի է ենթադրել, որ այս աշխատությամբ ազդել եք Ռամբույեում տեղի ունեցած բանակցությունների ընթացքի վրա...

- Չեմ կարող դա պնդել, նման տեղեկություն չունեմ, համենայնդեպս հասցրել ենք այս գիրքը փոխանցել նաև ՀՀ նախագահին` բանակցություններից 4-5 օր առաջ:

- Ռամբույեի բանակցություններից հետո հանրապետական մամուլն անմիջապես տեղեկացրեց, որ նախագահների հաջորդ հանդիպումը նախատեսվում է Վաշինգտոնում: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից:

- Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հայտարարեցին, որ որևէ հստակ պայմանավորվածություն դեռևս ձեռքբերված չէ հաջորդ հանդիպման վայրի և ժամանակի մասին:

- Միջազգային դիվանագիտությունը քաջ ծանոթ է 1921 թ. պայմանագրերին: Մի՞թե այդ շրջանակների համար անսպասելի էր, որ ՍՍՀՄ փլուզումից հետո Միության ժողովուրդները, տվյալ դեպքում՝ հայերը, պետք է պաշտպանեին իրենց ոտնահարված իրավունքները: Արդյոք մոռացել են, որ կնքված մի շարք կարևորագույն փաստաթղթերում, որոնք վերաբերում են Հայաստանին, հայկական կողմի ստորագրությունը բացակայում է

- Միջազգային համայնքը շատ լավ գիտի տարածաշրջանի պատմությունը, հայ-թուրքական հակամարտության էությունը, բնույթը, ընթացքը: Ըստ երևույթին անսպասելի էր հայերի արդյունավետ դիմադրությունը. շատ շատերը զարմացան՝ տեսնելով հայերն ինչպիսի դիմադրություն կազմակերպեցին և ռազմի դաշտում էլ մեծ հաջողությունների հասան: Այո, գուցեև անսպասելի էր: Իրավական տեսակետից ձեր հարցը 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին է: Այսօր իրավիճակն այնպիսին է, որ իրավական կողմը զիջում է իրական ռազմավարական շահերին, դրդապատճառներին, նպատակներին. որտեղ անհրաժեշտ են իրավական փաստաթղթերը և արդար տեսակետները՝ անտեսում են կամ շրջանցում: Սա հատկապես այսօրվա համաշխարհային քաղաքական համակարգի սկզբունքներից մեկն է: Հիմնական նշանակություն է ձեռք բերել կոպիտ ուժը: Չեմ ուզում նսեմացնել իրավական փաստաթղթերի նշանակությունը և իմաստը. մենք պետք է Արցախի հիմնահարցի համար պատրաստենք նաև իրավական մի հզոր փաթեթ, որը կարող է երբևէ դրվել միջազգային ինչ-ինչ ատյանների սեղանին: Դա մեր քարոզչական աշխատանքի բաղկացուցիչ մասն է, բայց միաժամանակ պետք է գիտակցենք, որ հարցի լուծումը մասնավորապես պայմանավորված է ռազմական ուժերի հարաբերակցությամբ:

- Այստեղ նաև այլ հարց է ծագում: Արցախյան ազատամարտն, ըստ իս, դասական իմաստով ազգային-ազատագրական շարժում է իր բոլոր փուլերով՝ զինյալ պայքարով, հանրաքվեներով և այլն: Շարժման ընթացքում ոչ մի իրավական խախտում չի եղել, այն համապատասխանում է ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի տառին, այլև միջազգային քաղաքական բոլոր չափանիշներին: Ինչո՞ւ Արցախյան շարժմանն ազգային-ազատագրական շարժման կարգավիճակ չեն տալիս: Գուցե երկյո՞ւղ կա, որ այն շղթայական ռեակցիա առաջացնի աշխարհում

- 1980-ական թվականներից սկսած ազգային-ազատագրական շարժումներին նման կարգավիճակ չի տրվում:

- Ինչո՞ւ:

- Ազգային-ազատագրական շարժումների փուլը, կարելի է ասել, ավարտվեց 1960-70-ական թվականների ապագաղութացման ընթացքում:

- Բայց աշխարհում դեռևս կան կայսրություններ, որոնք ևս պետք է փլուզվեն և, բնականաբար, ազգային-ազատագրական շարժումները պիտի վերազարթոնք ապրեն...

- Այո: Այսօրվա կայսրությունների մեծ մասը մի քիչ այլ բնույթ ունի. չկան Բրիտանական ու Ֆրանսիական կայսրությունները, այսինքն՝ դասական կայսրությունների ժամանակն անցել է: Իսկ ո՞վ պետք է ճանաչի: Ճանաչողները հենց այսօրվա մեծ տերություններն են: Իսկ ինչո՞ւ պիտի նրանք ճանաչեն Արցախյան մեր ազատամարտը որպես ազգային-ազատագրական շարժում: Դա նրանց բոլորովին ձեռնտու չէ բազմաթիվ պատճառներով, նաև՝ ձեր նշած: Իսկ եթե կայսրություններ կան, նրանցից և ոչ մեկին ձեռնտու չէ խրախուսել մի ինչ-որ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը և դրանով իսկ ոգևորել իր ենթակայության տակ գտնվող փոքր ժողովուրդների պայքարը հանուն իրենց իրավունքների:

- Մինչ այժմ մեզ առաջադրված կարգավորման տարբերակները կամ վարկածները իսկապես մեզ համար անընդունելի էին: Ի՞նչ կլինի, եթե ՀՀ նախագահը կոշտ «ո՛չ» ասի տարածքների փոխանակման առաջարկություններին՝ բացառելով զիջել, Մովսես Խորենացու արտահայտությամբ, թեկուզ մեկ կորու՝ մեկ թիզ հող: Ինչո՞ւ պետք է մեր ազատագրած տարածքը սակարկման առարկա դառնա, եթե իսկապես ուժն է ծնում իրավունքը...

- Կարծում եմ՝ այո՛, ազատագրված տարածքը սակարկման առարկա լինել չի կարող բազմաթիվ պատճառներով, մանավանդ այն, որ Ադրբեջանի և նրա թիկունքին կանգնած Թուրքիայի նպատակը ոչ թե այդ տարածքներն են, այլ Հայաստանի ոչնչացումը: Եթե իրոք Ադրբեջանին առաջարկվել է հինգ շրջան՝ բացառությամբ Քաշաթաղի և Քարվաճառի, և նա հրաժարվել է առաջին փուլում այդ տարածքը վերցնել իր վերահսկողության տակ, ի՞նչը կարող է լինել այդ մեծ զիջումներից հրաժարվելու պատճառը: Նա հուսով է, որ պետք է ռազմի դաշտում հաղթանակ տանի և միանգամից ձեռք բերի ամեն ինչ, այսինքն՝ ուզում են բռնազավթել և՛ ազատագրված տարածքը, և՛ Արցախը, և՛ Սյունիքը՝ առաջին հերթին, և դրանով իսկ, ինչպես հայտարարվում է՝ 25-30 տարվա ընթացքում, վերջ տալ ՀՀ գոյությանը: Ադրբեջանի ՊՆ խոսնակը երկիցս հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերացվի աշխարհի քարտեզից:

- 20-րդ դարում Ադրբեջանը մի քանի անգամ փորձել է զենքի ուժով տիրել Արցախին ու Սյունիքին և ստացել արժանի հակահարված

- Համոզված եմ, որ էլի կստանա նման հակահարված: 1988 թվականին մեր վիճակն ավելի վատ էր, քան այսօր: Ուզում եմ ասել, որ դա է Ադրբեջանի նպատակը: Մենք պետք է սա լավ գիտակցենք ու ըստ այդմ էլ` մեր պետականաշինության ընթացքը: Այսօր հաճախ են հնչում այնպիսի տեսակետներ, թե առաջիկա տարիներին պատերազմ չի լինի. բացատրում են՝ իբր թե չի կարելի ժողովրդի մեջ խուճապային տրամադրություններ տարածել և այլն: Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ պատերազմի վերսկսումը մեծապես հավանական է. այն պահին, երբ Ադրբեջանը հավատա, որ ինքը կարող է հասնել հաջողության, անմիջապես սանձազերծելու է այն: Հետևաբար մենք պետք է այնքան ուժեղանանք, որպեսզի Ադրբեջանը երբեք վստահ չլինի իր հաղթանակին, դրանով իսկ կանխենք պատերազմը: Իսկ եթե, Աստված մի՛ արասցե, պատերազմ լինի, անպայմանորեն պետք է հաղթենք և է՛լ ավելի ընդարձակենք ազատագրած տարածքը. մինչև Կուր գետը մեր պատմական Հայրենիքն է: Եթե Ադրբեջանը սանձազերծի նոր պատերազմ, պետք է հակահարձակման անցնենք` հնարավորություն չտալով նրան ռազմական գործողություններ ու ավերածություններ կատարել մեր քաղաքական սահմաններում: Իսկ լավագույն տարբերակը կլինի այն, որ ՀՀ-ն վերջապես լրջորեն մոտենա իր պետականաշինությանը և այնպես ուժեղացնի և՛ իր հասարակությունը, և՛ բանակը, և՛ ազգային անվտանգության համակարգը, որ Ադրբեջանը երբեք ու երբեք չհամարձակվի զենքի դիմել: Դա կլինի մեր խաղաղ ապրելու միակ ճանապարհը: Նրանք, ովքեր կարծում են, թե զիջումներով կհաջողվի պահպանել խաղաղություն, չարաչար սխալվում են: Ամենաչնչին զիջումը մոտեցնելու է պատերազմը մեր շեմին: Մեծ զիջումն ավելի արագ է մոտեցնելու այն: Սա է ամբողջ ճշմարտությունը: Արցախի հիմնահարցը բանակցությունների սեղանի շուրջ երբեք չի լուծվելու: Իսկ եթե երբևէ ստորագրվի ինչ-որ համաձայնագիր, այն երբեք լիովին չի իրականացվելու, դրան դիմադրելու են և՛ ՀՀ-ում, և՛ Ադրբեջանում, և՛ այն գերտերությունները, որոնց շահերին ինչ-որ ձևով այն չի համապատասխանելու: Պետք է գիտակցել իրադրությունը և ամբողջ ուշադրությունը սևեռել ՀՀ հզորացման կազմակերպմանը, մի բան, որ մեզ դեռևս չի հաջողվում…

- Հայաստանի քարտեզը երբեք այսքան փոքր չի եղել հազարամյակների ընթացքում: ՀՀ-ն Տիգրան Մեծի ստեղծած Հայաստանից փոքր է առնվազն 40 անգամ: Տիգրան Մեծից հետո միայն հողային կորուստներ ենք ունեցել: Այսօր հազիվ մի կտոր ազատագրել ենք, և այն էլ ուզում են ետ վերցնել: Արդյոք մտավախություն չկա, որ այս տարբերակով կրկին կփորձեն Արցախ աշխարհն օտարել մայր հողից՝ տանելով վերջնական ոչնչացման, ինչպես դիպուկ ասաց գրքի շնորհանդեսի ժամանակ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության Երևանի գրասենյակի պատասխանատու Սամվել Կարապետյանը. «Հող՝ թղթի դիմաց» բանաձևով...

- Կարծում եմ, որ մեր ժողովուրդը նման բան թույլ չի տա: Մեր իշխանություններն էլ չեն ցանկանում Արցախն ընդունել որպես անկլավ: Խոսքն այն մասին է, թե ինչպիսի զիջումներ է պատրաստ անել մեր իշխանությունը: Կարծում եմ՝ մեր ժողովուրդը որևէ զիջման չի գնա, բայց իշխանություններն առայժմ առաջարկել են հինգ շրջան, և այդ փաստը հերքված չէ: Սա կարող է լինել բանակցությունների նմանակում «իմիտացիա», կարող է լինել նաև իրականություն: Երկու դեպքում էլ սխալ դիվանագիտություն է: Եթե դա իրականություն է, ապա մեծապես սխալ է, որովհետև ազատագրված տարածքը մեր իրական ռազմական, էներգետիկ, պարենային, ապագայում նաև ժողովրդագրական անվտանգության երաշխիքն է, իսկ եթե դա նմանակում է, նույնպես սխալ է, որովհետև դրանով իսկ մեր ժողովրդին վարժեցնում ենք զիջողական հոգեբանության, այսինքն՝ պարտվողական տրամադրություններ ենք սերմանում: Զուգահեռաբար Ադրբեջանի հասարակության մեջ մեր այդ զիջողական քաղաքականությամբ դաստիարակում ենք հարձակողական և անզիջում տրամադրություններ, ադրբեջանական հասարակական կարծիքը վարժեցնում ենք այն տեսակետին, որ հակամարտության լուծումը կարող է լինել հայկական կողմից միայն տարածքային զիջումների պարագայում: Միաժամանակ վարժեցնում ենք մեծ տերություններին այն կարծիքին, որ հակամարտության լուծումը կարող է լինել միայն ՀՀ-ի և ԼՂՀ-ի տարածքային զիջումների դեպքում: Եթե փոքր-ինչ զիջենք մեր անվտանգությունը պահպանող 42 քառ. կմ որոշակի բնական սահմաններ ունեցող այդ տարածքից, ապա Հայաստանի գոյությունը (նկատի ունեմ և՛ ՀՀ-ն, և՛ ԼՂՀ-ն) կարող է անմիջապես վտանգել, ինչպես եղավ 1918-20 թվականներին, ինչպես 1991-93 թթ. էր, երբ դեռ չէինք ապահովել տարածքային այս առաջխաղացումները: Այսօր արդեն սխալ է այդ տարածքն անվտանգության գոտի անվանելը: Իհարկե դա անվտանգության գոտի է, բայց դա մե՛ր Հայրենիքի մի մասն է:

- Այդ գոտին սկզբում անվանվեց «բուֆերային», այնուհետև՝ «գրավյալ տարածք», հետո մի կերպ շրջանառության մեջ դրեցինք «ազատագրված տարածք» արտահայտությունը: Ի՞նչ է նշանակում այս «էվոլյուցիան»:

- Սկզբում, երբ անվանվեց «բուֆերային» և «գրավյալ տարածք», մեր քաղաքական միտքը նոր-նոր սկսել էր ձևավորումը. Արևմուտքի մեծ ազդեցության տակ էինք: «Գրավյալ տարածքը» ներմուծվեց: Միաժամանակ սա ռազմական իրադրությունն արտահայտող եզր էր: Մարտադաշտում հրամանատարներն ազատագրում էին տարածքները՝ ճնշելով ադրբեջանական կրակակետերը: Իրոք դա անվտանգության գոտի էր և բուֆերային: Բայց այս տեսակետը թերի է, այսինքն՝ ռազմական ղեկավարությունն այդ պահին գրավում էր կրակակետերը, սակայն երբեմն մոռանում էինք, որ սա Հայաստան է, և Արցախի հիմնախնդիրը կտրվում էր Հայկական հարցից: Այդ գիտակցումը հիմա էլ մեր մեջ դեռևս ամբողջական չէ: ժողովրդի մի մասի մեջ թուլացած կամ բթացած է այն գիտակցությունը, թե Հայաստան ասելով ինչ է հասկանում:

- Այդ գիտակցությունը բթացվում է նաև «Հարավային Կովկաս» արտահայտությամբ, որը վերջերս է մտել շրջանառության մեջ և բավական «հաջողությամբ»

- Մենք բոլորովին էլ կովկասցի չենք, այլ հարց է, որ շատ ենք շփվել կովկասյան ժողովուրդների հետ, բայց շատ ենք շփվել նաև ռուսների հետ: Դա չի նշանակում, թե մենք սլավոն ենք… Իսկ այսօրվա իրական Հայաստանը ՀՀ-ն է: Կա նաև մեր ապագա Հայաստանի տեսլականը: Թե որքան հեռավոր է այդ ապագան, կարևոր չէ, մեր պատկերացումներում այն տեսնում ենք Հայկական լեռնաշխարհում: Այսօր այս բոլոր հասկացություններն էլ Հայաստան են և փոխկապակցված: Այսօրվա Հայաստանում ապրում ենք միայն ու միայն շնորհիվ այս տարածքի առկայության:

- Բաքվում ամենատարբեր բովանդակության անպատասխանատու հայտարարություններ են անում: Վերջերս, օրինակ, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել էր՝ Ադրբեջանը չի կարող գնալ փոխզիջման և դրա համար էլ փորձում է օգտագործել տարբեր փաստարկներ: Ի՞նչ նկատի ունի նա «փոխզիջումներ» ասելով: Ի՞նչ պետք է զիջի պարտված կողմը, երբ նա ոչ միայն տանուլ է տվել իր իսկ սանձազերծած նվաճողական պատերազմը, այլև մեր Հայրենիքի շատ տարածքներ, որոնք դեռևս ադրբեջանական տիրապետության տակ են սպասում են փրկարար հայ զինվորին

- Դա արդեն իմ ասած այն տարբերակն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ որևէ զիջման: Նրանք ուզում են վերադառնալ 1988 թվականի հունվար-փետրվարի իրադրությանը, երբ ԼՂԻՄ-ը շրջապատված էր ադրբեջանական շրջաններով, ներսում Շուշին նույնպես նրանց վերահսկողության տակ էր, որից հետո լուծել և՛ Արցախի հարցը, և՛ Սյունիքի, և՛, ըստ այդմ, ՀՀ-ի: Մեզանում հաճախ դիվանագիտական այնպիսի՜ խոսքեր են ասվում, այնպիսի՜ լուծումներ են փորձում գտնել… Չկա լուծում: Եթե մի կողմը իրական նպատակ է դնում՝ ցանկանալով ոչնչացնել մյուսին, որևէ զիջման չի գնում, հրաժարվում է երբևէ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմից դուրս, ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել: Այսինքն՝ այսօրվա բանակցությունները լուրջ չեն: Կրկնում եմ՝ եթե երբևէ որևէ պայմանագիր անգամ կնքվի, այն չի իրագործվելու բազմաթիվ պատճառներով:

- Ադրբեջանցիները բանակցություններ վարելիս միշտ նախապայմաններ ունեն, մշտապես նշում են «գրավյալ տարածքները», խոսում իրենց փախստականների մասին և այլն: Իսկ մեզ բաժին հասած «փոխզիջում» բառն անընդհատ «ծամում» ենք ու «ծամում»

- Սխալ քաղաքականություն է: Այդ մասին բազմիցս ասել և գրել եմ: Եթե մի կողմը բարձրացնում է իր պահանջների սանդղակը մեզ համար անընդունելի մակարդակի, իսկ մենք իջեցնում ենք մեր պահանջների սանդղակը շատ ցածր մակարդակի, ո՞ւմ օգտին կարող է լինել այդ միջին համաձայնությունը, որը կարող է կնքվել, թեև չի էլ իրականացվի և մեզ վրա նորանոր ճնշումների առիթ կարող է տալ: Իմաստ չունի խոսել զիջումների մասին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը Հայկական հարցը փորձելու է լուծել Թուրքիայի հետ միասին՝ իր ուզած ձևով, այսինքն՝ ոչնչացնելով Հայաստանը: Իսկ դա, ըստ երևույթին, առաջիկա տասնամյակների խնդիր է, և մենք պետք է մտածենք, թե այդ ընթացքում ինչպես ենք գոյատևելու հենց այս միջավայրում, հենց այս հարևանների հետ, որոնք անընդհատ փորձելու են մեզ ճնշել: Մեր խնդիրը միայն դա պետք է լինի...

- Անդրադառնանք հետաքննող լրագրողների «Ռեգիոն» կենտրոնի պատրաստած հարցազրույցում ադրբեջանցի քաղաքագետ Զաֆար Գուլիևի արտահայտած որոշ մտքերի: Այսպես՝ «անիմաստ է մոտ ժամանակներս բանակցային գործընթացում լուրջ ճեղքման սպասելը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը խնդրի կարգավորման ոչ մի նոր գաղափար չի առաջարկում և հակամարտող կողմերի դիրքորոշումներում տեղի չի ունեցել որևէ ակնհայտ փոփոխություն» Ազգ», 28. 03. 2006): Ի՞նչ է ակնկալում Գուլիևը:

- Կրկին հանգում ենք նույն կետին: Եթե հայկական կողմն առաջին փուլում առաջարկում է հինգ շրջան, և Ադրբեջանը դա էլ է մերժում՝ պահանջելով վեցը, ներառյալ Քարվաճառը, և որ ապագայում էլ երբևէ չի համաձայնելու Արցախը տեսնել իր կազմից դուրս, ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել… Այս հարցը լուծվելու է հայկական և ադրբեջանական ուժերի ընդհանուր հարաբերակցության արդյունքում: Ինչպիսի՞ հաջողություններ կարձանագրեն ՀՀ-ն և Ադրբեջանն իրենց պետականաշինության գործում, ո՞վ առաջ կընկնի, ըստ այդմ էլ կլուծվի հարցը:

- Գուլիևը նաև հետևյալ միտքն է հայտնել. «Ըստ էության ղարաբաղյան խնդիրը վաղուց արդեն հասցվել է «ցունգցվանգի» իրավիճակի, երբ «բանակցությունների լճացումից» դուրս գալու և հակամարտության կարգավորման ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը շրջանցող յուրաքանչյուր ճիգ երկու հակամարտող կողմերի համար հղի է լուրջ սպառնալիքներով և կորուստներով»: Դեռ որքա՞ն կպահպանվի չհռչակված խաղաղության իներցիան:

- Այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը վստահ չի լինի պատերազմ սկսելու: Ադրբեջանական վերլուծաբանների տեսակետներն անկեղծ չեն, ազնիվ չեն:

- Մեկ այլ մեջբերում Գուլիևից. «Նավթ՝ Ղարաբաղի դիմաց». այսպես է նա բանաձևել իրենց քաղաքականությունը, որը չի տվել սպասելի արդյունքներ: Իսկ ի՞նչ ակնկալիքներ պիտի ունենանք մենք «Հող՝ թղթի դիմաց» բանաձևից:

-Հիմա տարբեր բանաձևեր են հրապարակ հանվում. «Հող՝ խոստումների դիմաց», «Հող՝ թղթի դիմաց» և այլն, որոնք շատ ճշգրիտ արտահայտում են այսօրվա բանակցությունների սեղանին դրված հանաձայնությունների էությունը: Մեզ առաջարկվում է զիջել հող՝ որպես իրական երաշխիք, փոխարենը տրվում են խոստումներ, որ Ադրբեջանն այսքան տարի անց թույլ կտա անցկացնել հանրաքվե, որ միջազգային խաղաղապահ ուժերը և մեծ տերությունները կապահովեն տարածաշրջանի խաղաղությունը, թույլ չեն տա, որ Ադրբեջանը խախտի խաղաղությունը և նոր պատերազմ սանձազերծի՝ օգտվելով իր ավելի բարելավված դիրքերից: Մենք շատ լավ գիտենք միջազգային երաշխիքների իրական արժեքը և՛ մեր պատմությունից, և՛ Հայկական հարցի նկատմամբ այսօր մեծ տերությունների որդեգրած ընդհանուր դիրքորոշումներից, և՛ վերջին տասնամյակի ընթացքում միջազգային խաղաղապահ զորքերի՝ աշխարհի տարբեր վայրերում ցուցադրած անկարողությունից, թուլությունից…

- Կոսովոյում դա տեսանք

- Ավելի թարմ օրինակ բերեմ: 2005 թ. դեկտեմբերի 23-ին Ֆրանսիայում դատ է բացվել ֆրանսիացի խաղաղապահ զորքերի զինվորականների դեմ, ովքեր մեղադրվում են 1994 թ. Ռուանդայում թութսիների ցեղասպանությանն օժանդակելու համար… Գլխավոր մեղադրանքներից մեկն այն է, որ ֆրանսիական խաղարարների վերահսկողության տակ գտնվող ճամբարներում, որտեղ պատսպարվել էին թութսիները, ֆրանսիացիները կաշառքի գնով թույլատրել էին կոտորել թութսիներին հենց ճամբարներում… Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել Լիբանանից (1982 թ.), Կոսովոյից, Բոսնիա-Հերցեգովինայից և այլն… Պարզ չէ, թե ինչ խաղաղապահ ուժ է լինելու Արցախում: Մինչդեռ յուրաքանչյուր մանրուք այս հակամարտության մեջ կարևոր է: Ի՞նչ թվաքանակ է ունենալու այդ ուժը (ժամանակին տարբեր թվաքանակներ են քննարկվել՝ 1600, 3000, 5000…), ո՞ր պետությունների զինվորականներն են լինելու, ինչպիսի՞ հրամանատարական կառուցվածք է ունենալու այն, որքա՞ն ժամանակ է մնալու, որտե՞ղ է տեղակայված լինելու…

- Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր են բանակցություններ զուտ բարոյական հիմքի վրա. թող ծիծաղելի չթվա հարցադրումս

- Ո՛չ: Աշխարհը դեռ նման փուլի չի հասել, և հայտնի էլ չէ՝ կհասնի՞ երբևէ, երբ բարոյականությունը դրվի միջազգային քաղաքականության հիմքում:

- Բայց հակամարտությունները լուծելիս գերտերություններն առաջնորդվում են երկակի չափանիշներով՝ ազգերի ինքնորոշման իրավունքի և պետությունների տարածքային ամբողջականության պահպանման Ո՞րն է այստեղ բարոյականը

- Բնականաբար, բարոյականն ազգերի ինքնորոշման իրավունքն է, սակայն, ինչպես արդեն ասացի, մեծ տերությունները և անգամ միջին ու փոքր պետությունները, մեկ այլ պետություն ճանաչելու համար, նախ և առաջ ելնում են իրենց շահերից՝ արժի՞ ճանաչել, թե ոչ: Նրանք չեն հիմնվում պատմական արդարության, բարոյական սկզբունքների վրա: Եթե մեծ տերությունները որոշեն ճանաչել, մյուսներն անմիջապես կճանաչեն:

- Ասացիք` 20-րդ դարի կեսերին ազգային-ազատագրական շարժումները, կարծես թե, հասան իրենց վերջնահանգրվանին, սակայն դարավերջին ազգայնականությունն աշխարհում վերստին վերելք էր ապրում և, բնականաբար, դա պետք է բերի նոր շարժումներ

- Ես չասացի՝ այդ շարժումներն ավարտվեցին: Ընդամենն այդ եզրով այլևս չնշեցին այն շարժումները, որոնք կարելի էր նշել որպես ազգային-ազատագրական: Այդ փուլն ավարտվեց: Նմանատիպ շարժումներին այսօր անվանում են անջատողական, ազգայնամոլական և այլ անընդունելի անվանումներով:

- Ձեր կարծիքով, ինչո՞վ էր պայմանավորված ազգայնականության ալիքի վերազարթոնքն աշխարհում 20-րդ դարի վերջին:

- Ազգայնականությունը երբեք մեռած չի էլ եղել: Այն վերազարթոնք ապրեց և՛ 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին, և՛ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո… Երբ փլուզվեց հերթական աշխարհակարգը, բնականաբար, սկսվեցին վերաբաշխումները, սկսվեց փոքր ժողովուրդների պայքարը՝ պահպանելու կամ վերահաստատելու իրենց իրավունքները, և այդ ալիքի վրա ողջ աշխարհում սրվեց ազգային հարցը: Աշխարհը դեռևս կայունացած չէ և հայտնի էլ չէ, թե երբ կկայունանա միջազգային քաղաքական համակարգը:

- Դուք, որ բավական իրազեկ եք Արցախյան հիմնախնդրին (բազմիցս մասնակցել եք Մոսկվայում և Եվրոպայում տեղի ունեցած այլևայլ հանդիպումների), կարծում եք, որ բանակցային սեղանների շուրջ այս խնդիրը չի լուծվելու: Այնուամենայնիվ, չբացառելով հարցի լուծման ռազմական ելքը, խաղաղ ճանապարհով դրան հասնելու ի՞նչ վարկած կառաջարկեք, որն ավելի հավանական կարող է լինել:

- Այսօրվա իրավիճակի պահպանումը խաղաղության տանող միակ ճանապարհն է:

- Այսինքն՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղությո՞ւն

- Պահպանել ստատուս քվոն այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը հասկանա, որ ինքը պետք է մեկընդմիշտ հրաժարվի այս տարածքներից: Այլ Ճանապարհ պարզապես չկա: Եթե նրան զիջենք անգամ մի չնչին հողակտոր, դրանից հետո է՛լ ավելի ագահությամբ կպահանջի նոր բաժիններ…

- Ինչո՞ւ աշխարհը չի կարողանում կամ չի ուզում հավատալ, որ սա ոչ թե սոսկ Արցախի հիմնահարց է, այլ ընդհանուր առմամբ հայության անվտանգության խնդիր

- Նախ՝ աշխարհ ասվածը մեծ տերություններն են, որոնք իրենց խնդիրներն ունեն լուծելու: Ո՞ր մեծ տերությունը պետք է շահագրգռված լինի լուծելու մի փոքր ժողովրդի ազգային հարցը: Նման բան որևէ ժողովրդի համար հենց այնպես չի արվում: Սա մե՛ր խնդիրն է: Մեծ տերությունները մեզ կօժանդակեն միայն այն ժամանակ, երբ, ի դեմս հայկական պետականության, կունենան լուրջ գործընկեր, երբ կհարգեն ՀՀ-ն՝ որպես կայացած ժողովրդավարական պետություն… Քանի դեռ ՀՀ-ն տխուր իրավիճակում է՝ իր ներքին բազմաբնույթ և բազմաթիվ հարցերով, սոցիալական անարդարությամբ, պետականաշինության գործում խոշոր բացերով, բնականաբար մեզ նայելու են հպանցիկ, ի միջի այլոց, անհարգալից... Մենք պետք է լրջորեն վերանայենք ՀՀ-ում պետականաշինության ընթացքը: Արմատական փոփոխություն կատարենք բազմաթիվ հարցերում, որոնք կապված են մեր ազգային անվտանգության հետ, այդ թվում՝ ՀՀ-ում իրականացվող կադրային քաղաքականության, ազգային անվտանգության համակարգի կայացման, հայ ազգային անվտանգության հայեցակարգի մանրակրկիտ մշակման՝ գիտական հիմքի վրա և այլն: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի և պարտավոր է իմանալ այդ հայեցակարգի դրույթները և ըստ այդմ էլ մասնակցել ազգային անվտանգության պահպանմանը՝ տարբեր ձևերով: Սփյուռքահայությանը պետք է հնարավորինս ներգրավել մեր կյանքի բոլոր բնագավառներում:

- Ի՞նչ եք նախատեսել մատենաշարում` «Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը» վերլուծական և փաստագրական նյութերի ժողովածուից հետո:

- Հաջորդ հատորները նվիրված կլինեն Ջավախքի, Նախիջևանի հիմնահարցերին, մեր ազգային այն արժեքներին, որոնք ուշադրության և պաշտպանության կարիք ունեն, այդ թվում՝ մեր լեզուն, պատմությունը, որը մշտապես ենթակա է հարձակումների և՛ միջազգային ասպարեզում, և՛ հանրապետությունում, ՀՀ սահմանից դուրս գտնվող հայկական հուշարձանները պաշտպանության խնդիրներին և այլն:

- Հատկապես Թուրքիայում, Ադրբեջանում և Վրաստանում մեր հուշարձանների ճակատագիրը շատ անհուսալի է: Ինչպե՞ս կարող ենք դրանք պաշտպանել: Ջուղայի գերեզմանատունն ամբողջովին ոչնչացվեց

- Նախ և առաջ պետք է տեղեկանալ՝ ի՞նչ է կատարվում այնտեղ, այնուհետև մեր խոսքը հասցնել համաշխարհային այն կառույցներին, որոնք պարտավոր են զբաղվել նման խնդիրներով, իսկ եթե հարկ լինի, դիմել նույնիսկ իրավական որոշ քայլերի: Անելիքներ շատ կան, պարզապես պետք է պետականորեն զբաղվենք այդ հարցերով: Եթե կարողանայինք պաշտպանել Ջուղայի խաչքարերը, մարդկությանը հասցնել ադրբեջանական վանդալների մասին ամբողջական տեղեկատվությունը, բավական պաշտպանված կզգայինք Ադրբեջանի նախատեսած ապագա հարձակողական քայլերից, որոնք շարունակվելու են անգամ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքներում…

- Ջուղայի դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ, այո՛, Ադրբեջանի տիրապետության տակ հայ ժողովուրդը գոյատևել չի կարող

- Մի քանի անգամ այդ մասին հայտարարել եմ. հայկական դիվանագիտությունը պարտավոր է շատ խիստ արձագանքել նման դեպքերին: Կարելի էր բանակցային գործընթացից անորոշ ժամանակով դուրս գալ և ապագայում այլ դիրքերից մոտենալ բանակցություններին՝ ավելի ճիշտ, ավելի հավասարակշռված, մեր ազգային շահերն ամբողջովին գիտակցած, իրատեսորեն: Ի՞նչ տարբերություն՝ մա՞րդ են ոչնչացնում, թե մշակույթ: Եթե քարերն են կոտորում, մարդկանց էլ ավելի դաժանորեն կկոտորեն: Ե՛վ Բուդապեշտում կատարված սպանությունից հետո էր պետք նման քայլի դիմել, և՛ Ջուղայի խաչքարերի կոտորածից հետո... Ադրբեջանը մեզ անընդհատ նման հնարավորություններ է տալիս՝ բանակցություններն ավելի ճիշտ հունի մեջ դնելու համար, իսկ դրանցից, ցավոք, մինչև այժմ չենք օգտվում և շարունակում ենք բանակցել եղեռնագործի հետ, կարծես ոչինչ էլ չի պատահել…  

 

Հարցազրույցը՝ Հասմիկ Գուլակյանի

2006 թ․ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: