Այլախոհական շարժումը Խորհրդային Հայաստանում

06 Սեպտեմբերի 2015

1967 թ. հուլիսին ԽՍՀՄ ՊԱԿ-ում ստեղծվեց «Հինգերորդ վարչությունը» գաղափարական դիվերսիաների դեմ պայքարելու նպատակով: «Գաղափարական պատերազմ» էր, որն Արևմուտքում անվանում էին «հոգեբանական պատերազմ»: Պայքարն իրականում քաղաքական համոզմունքների դեմ էր, քաղաքական այլախոհության դեմ: Այդ համոզմունքներն ընդգրկել էին հասարակության տարբեր խավեր: Պայքարն անողոք էր, որովհետև «քաղաքական հակառակորդի» դեմ էր: Այլախոհական շարժումը ԽՍՀՄ-ում ուներ իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Այն ունեցավ մի քանի փուլ: Մեր հանրապետությունն անմասն չէր այդ ամենից, և «հայաստանյան այլախոհությունը» զարգանում էր կենտրոնից կտրված, ընդգծված ազգային երանգ ուներ և սկզբնական շրջանում գրեթե կապ չուներ միութենական մյուս հանրապետությունների նմանատիպ կամ այլ բնույթի ազգայնական շարժումների հետ: Մասնավորապես այս կարծիքն է հայտնել նաև պատմ. գիտ. դոկտոր, ՀՀ ազգային անվտանգության գնդապետ Արմենակ Մանուկյանը «Քաղաքական այլախոհությունը Հայաստանում 1950-1988 թթ.» (Երևան, 2005, 104 էջ) ուսումնասիրության մեջ:

ՀՀ անկախացումից ի վեր Ա. Մանուկյանն զբաղվում է նաև ՀԽՍՀ-ում բռնաճնշումների պատմությամբ: Գրել է «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920-1953 թթ.», «Քաղաքական կյանքը Հայաստանում», «Հայ առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930-38 թթ., ըստ ՊԱԿ-ի փաստաթղթերի» աշխատությունները, այլ գործեր: Բնական է, որ նա պետք է ուշադրություն դարձներ նաև այլախոհական շարժմանը, որի գիտական ուսումնասիրության առաջին փորձն արդեն մեր սեղանին է:

 - Պարոն Մանուկյան, քաղաքական ի՞նչ իրավիճակում սովետական շրջանում սկսեց գլուխ բարձրացնել այլախոհությունը:

 - Դա զուտ խորհրդային երևույթ էր, որ ծնունդ առավ Ստալինի մահից հետո, երբ սկսվեց խրուշչովյան «ձնհալը»: Քաղաքական այլախոհությունը պատմականորեն ունեցել է երեք ուղղություն, որոնք շատ բնորոշ էին ԽՍՀՄ իրականությանը` լենինյան-կոմունիստական (Ռոյ Մեդվեդև), ազատական-ժողովրդավարական (Անդրեյ Սախարով) և կրոնա-ազգայնական (Ալեքսանդր Սոլժենիցին): Սակայն ազգայնական ուղղությունն, ըստ էության, միասնական չէր, քանի որ ամեն մի հանրապետություն ուներ իր խնդիրները: Այդ շարժումը Ս. Հայաստանում ընդգծված հայկական երանգ ուներ և որևէ կապ չի ունեցել Միությունում տեղի ունեցող շարժումների հետ:

 - Համեմատենք այլ հանրապետություններում տեղի ունեցող այլախոհական շարժումները

- Ազգայնական խմբեր գոյություն ունեին շատ տեղերում, սակայն դրանք իրար հետ կապված չէին: Օրինակ` Վրաստանում կար ազգայնական շարժում, Մերձբալթիկայում` նույնպես, բայց յուրաքանչյուրը լուծում էր իր խնդիրները, առաջադրում էր իր ազգային հարցերը: Սակայն, ի տարբերություն Խ. Հայաստանի, վրացական այլախոհական շարժումը կապված էր կենտրոնի` Մոսկվայի հետ. համատեղ միջոցառումներ էին անցկացնում, փոխադարձ այցելություններ  կազմակերպում և այլն: Նույնիսկ Մերձբալթիկայի շարժումը բավական աշխույժ կապեր ուներ Մոսկվայի հետ: Իսկ հայկական այլախոհական շարժումն իր ծննդյան օրվանից նման կապերի մեջ չի եղել: Հետագայում, երբ իրավապաշտպանական շարժում սկսվեց ԽՍՀՄ-ում, այդ ժամանակ միայն ինչ-որ նման բան կատարվեց. հայ իրավապաշտպանների ներկայացուցիչ Ռոբերտ Նազարյանը փորձեց կապ հաստատել Մոսկվայի և անգամ արտասահմանի հետ:

- Այդ հարցին, անշուշտ, կանդրադառնանք մեր զրույցի ընթացքում: Հետաքրքիր է` ի՞նչն էր յուրահատուկ հայաստանյան այլախոհությանը, լուծելիք ի՞նչ խնդիրներ ուներ:

- Հայկական այլախոհությունը շատ յուրօրինակ էր: Առաջին հերթին դրել էր Հայկական հարցը: ՍՍՀՄ օրոք նման հարց և այն էլ` այդպիսի սրությամբ ոչ միայն ցանկալի չէր բարձրացնել ինտերնացիոնալիզմի սկզբունքներ հռչակած խորհրդային երկրում, այլև անթույլատրելի էր: Կային համապատասխան քրեական հոդվածներ, որոնք դատապարտում էին մարդկանց` ազգային կրքեր բորբոքելու համար: Բայց այդ սկզբունքներն ի զորու չէին հայությունից օտարել հատկապես Մեծ եղեռնի և կորցրած Հայրենիքի ցավը: Ուշագրավ է, որ նույնիսկ 1930-ական դժնի տարիներին ազգային այդ խնդիրը ոչ միայն չէր վերացել հայ իրականության մեջ, այլև նույնիսկ դրսևորում էին ՀԿԿ Կենտկոմի` ստալինյան ժամանակաշրջանի ղեկավարները: Գիտենք, որ Աղասի Խանջյանը, որ սպանվեց 1936 թ. ամռանը` Բերիայի աշխատասենյակում, մեղադրվում էր ազգայնականության համար, իսկ դա հիմքեր ուներ. փաստեր կային: 

Հաջորդած խրուշչովյան «ձնհալի» տարիներին թվում էր, թե ինչ-որ մի տեղ ազատություն է տրվել, կարելի է ազատ մտքեր արտահայտել, բայց իրականում դա ժամանակավոր շրջան էր խորհրդային պատմության մեջ. կարճ ժամանակ անց` բրեժնևյան հեղաշրջումից հետո արգելվեց: Այնուամենայնիվ, հայ ժողովրդի զավակները կարողացան այդ ընթացքում դրսևորել իրենց ազգային-հայրենասիրական իղձերը: Հայրենասիրական այդ պոռթկումն իսկապես ուժեղացավ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո, որի հաղթանակի գործում մեծ ավանդ ունեին նաև հայ ժողովրդի հարյուր հազարավոր զավակներ: Ասպարեզ էր եկել մարդկանց մի խավ, որ մահը տեսել էր սեփական աչքերով: Ճիշտ է, 1937 թվականից ծայր առած վախի գործոնը չէր վերացել, բայց հաղթահարելու հնարավորություն էր ստեղծվել: ՍՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովի համարձակությունը կարելի էր ինչ-որ տեղ կապել այդ հոգեբանական ազդեցության հետ: Հայրենասիրությունը, բնականաբար, պատերազմի տարիներին մղվել էր առաջին պլան: ՀՍՍՀ-ում նույնպես դա հստակ էր դրսևորվել: Հանկարծ սկսում են տպագրվել արգելված հեղինակների երկեր, ստեղծվում են հայրենասիրական նոր գործեր, որոնցում պատմական անցյալի դեպքերը նոր ոգի են ստանում (Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը», Ստեփան Զորյանի «Պապ թագավորը», Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկը» և այլն):

 Պատերազմի ավարտին շատ մեծ հնարավորություն ստեղծվեց հայոց պատմական հողերը Թուրքիայից հետ վերցնելու: Դրա համար իրական քայլեր կատարում է Ստալինն ինքը, թե ինչ նպատակով, թողնենք մի կողմ: Չնայած հարցն առավել հստակ էր վերնախավի շրջանում, բայց ժողովուրդը չէր կարող չտեսնել, որ պատերազմը վերջանում է, իսկ Ս. Հայաստանում` սահմանամերձ գոտում, զորքեր են կուտակվում… Եվ առանց Մոսկվայի գիտության արտասահմանում նման հարցեր էին բարձրացնում: Երբ ստեղծվում էր ՄԱԿ-ը, Մոսկվայի անմիջական միջնորդությամբ Հայկական հարցը բարձրացնում էին նույնիսկ այդ մակարդակով: Պատկերացնենք` ինչ ոգևորություն պետք է առաջանար և՛ կուսակցական, և՛ մտավորականության, և՛ մյուս խավերի շրջանում: Արևմտյան Հայաստանը համարվում էր ազատագրված, նույնիսկ բաժանել էին շրջանների, նշանակել կուսշրջկոմի քարտուղարներ, ՊԱԿ-ի ղեկավարներ և այլն, այսինքն` այդ հնարավորությունը շատ իրական էր: Սակայն, ի ցավ ողջ հայության, այսպես կոչված իմպերիալիստական երկրները` հանձինս Անգլիայի և ԱՄՆ-ի, խանգարեցին այդ շատ նվիրական երազանքի իրականացմանը: Պատերազմից հետո բարձրացվել էր նաև Լեռնային Ղարաբաղը Ս. Հայաստանին միացնելու հարցը… Այս ամենը հենց այնպես անհետևանք չէին կարող անցնել:

 - Ինչպե՞ս դրսևորվեց հայկական այլախոհությունը:

 - Ս. Հայաստանում դրա դրսևորումները եղել են և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետո: Սակայն, որպես շարժում, սկսում ենք այն շրջանից, երբ ձևավորվում են առաջին խմբերը: Լիովին կազմավորված անդրանիկ խումբը 1962 թ. հայտնի յոթնյակն էր: Մինչ այդ, իհարկե, եղել են նման փորձեր: 1962-ին այս խումբը դեռ շարժում չէր ձևավորել. ընդամենը խումբ էր, որ ազգային նպատակներ ուներ. դրել էր հայկական հողերի, հայոց լեզվի անաղարտությունը պահպանելու, նույնիսկ Անկախ Հայաստանի հարցերը: Շուտով նրա անդամները ձերբակալվեցին և դատապարտվեցին:  Եկավ 1965 թվականը, որն ազգային մեծ վերազարթոնքի տարի էր այն առումով, որ առաջին անգամ և՛ հանրապետության ղեկավարության ջանքերով, և՛ մտավորականության մասնակցությամբ թույլատրվեց նշել Մեծ եղեռնի 50-րդ տարելիցը: Ինչպես հաղորդում են պաշտոնական աղբյուրները, տեղի ունեցան զանգվածային խժդժություններ (այսօր դժվար է տալ դրա գնահատականը): Որոշ ակտիվ մասնակիցներ կալանավորվեցին` 15-օրյա ժամկետով: Դրանից հետո ազգային զարթոնք է նկատվում ՀՍՍՀ-ում, հատկապես երիտասարդության շրջանում: 1966 թվականից սկսում են կազմավորվել մի շարք այլախոհական խմբեր:

- Այդ հարցին դեռ կանդրադառնանք: Հայաստանի ազգային արխիվում պահպանվե՞լ են արդյոք այլախոհական շարժմանը նվիրված բոլոր փաստագրական նյութերը, կամ բոլո՞ր փաստաթղթերն են արդյոք այնտեղ հանգրվանել:

 - Ցավոք, այլախոհական շարժման մասին, բացի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) արխիվի նյութերից, այլ տեղ նյութ չկա: Սա ցավալի փաստ է, բայց բացատրելի: Ընդհատակյա շարժում էր և, բնական է, որ նույնիսկ տարիներ անց դժվար է հստակ ինչ-որ փաստաթղթային նյութեր գտնել այդ խմբերի մասին:  Պահպանվել են հատուկենտ թռուցիկներ:  Աշխատությունը գրելիս ստիպված էի որպես փաստաթղթային հիմք վերցնել ԱԱԾ նյութերը: Ընդ որում, որպեսզի խուսափեմ հնարավոր անճշտություններից, կենտրոնացել եմ միայն դատավճիռների վրա: Այնտեղ, իհարկե, կան հարցաքննություններ և այլն, բայց կարծում եմ, դեռ պատրաստ չենք օբյեկտիվորեն մնացած նյութերը գնահատելու, որովհետև դատավճիռները լիովին չեն համապատասխանում իրականությանը. ծանոթ ենք և՛ դատավորների, և՛ դատախազների մոտեցումներին, գիտենք նաև, որ նույն այլախոհները, բնականաբար, ինչ-որ հարցեր պետք է թաքցնեին և այլն, բայց, այնուամենայնիվ, ելնելով այն բանից, որ ինչ-ինչ բաներ իսկապես հաստատվում էին դատավճիռներով, որպես հիմք դրանք եմ վերցրել: Այդ շարժման մասին հուշերը, մամուլի հրապարակումները, ցավոք, չեն կարող հիմք ծառայել լուրջ գիտական աշխատանք գրելու համար. այսպես թե այնպես դրանք սուբյեկտիվ են:  

- Ինչպե՞ս նրանք դրսևորեցին իրենց գործունեությունը (թռուցիկների տարածման մասին արդեն նշեցիք):

 - Որոշ խմբեր նախաձեռնող էին, պատրաստ սուր քայլերի դիմելու` այդ հարցերը բարձրացնելու համար: Խմբեր էլ կային, որոնց կարծիքով` անպայման չէր, ասենք, թռուցիկներ տարածելը, նրանք բավարարվում էին ժողովներ կազմակերպելով` այնտեղ հարցերը քննարկելու նպատակով, այսինքն` ծայրահեղ քայլերի չէին գնում: Շարժման զարգացմանը զուգընթաց այլախոհության որոշ հայտնի դեմքեր` Պարույր Հայրիկյան, Աշոտ Նավասարդյան, Ազատ Արշակյան և ուրիշներ ձերբակալվեցին: Նրանք, փաստորեն, «դպրոց» էին անցնում իրենց բանտարկության վայրերում, իսկ վերադարձից հետո նրանց մարտավարության մեջ նկատվում էին արդեն այլ բնույթի գործողություններ: Իրենց խմբի անդամներին փորձության էին մղում` հակաօրինական քայլ կատարելու: Պարտադրում էին հենց թեկուզ թռուցիկներ տարածել. դրանով ստուգում էին նոր անդամին: Կամ ստեղծում էին առանձին խմբակներ, որոնց բոլոր ղեկավարները ենթակա էին ընդհանուր ղեկավարությանը, իսկ անդամները, բացի իրենց մի քանի հոգուց, այլ մարդկանց չէին ճանաչում:  Հայ իրականության մեջ առաջին անգամ որոշում են օգտագործել առանձին բնակարաններ: Վարձում էին, որտեղ մեկ-երկու մարդ կարող էր գնալ-գալ, դարձնում տպարան: Դրա մասին, բնականաբար, մի քանի հոգի գիտեին միայն և այլն: Բայց բովանդակային առումով էական տարբերակում չի եղել:

Կրկնում եմ` հայ իրականության մեջ այլախոհությունն ազգային կերպարով էր հանդես գալիս նույնիսկ այն դեպքում, երբ փորձ եղավ հետագայում օգտագործել այն (գաղտնիք չէ, հատուկ ծառայություններն արտասահմանից ուղղակիորեն օժանդակում էին այդ շարժմանը և օգտագործում այն): Ի պատիվ հայ  այլախոհության` արտասահմանյան որևէ կազմակերպության, նույնիսկ  Մոսկվայի հետ կապեր չեն նկատվել: Դա խոսում է այն մասին, որ այդ շարժումն իրոք տեղում է ստեղծվել և իր նպատակներով իրոք ազգային էր: Այլախոհական շարժման մեջ կային ազգային մտածողության տեր մարդիկ բոլոր խավերից, ովքեր, բնականաբար, մտահոգված էին ոչ միայն Արևմտյան Հայաստանի հողերի հարցով, այլև Լեռնային Ղարաբաղի, Նախիջևանի: 

- Իսկ Ջավախքի՞:

- Ջավախքի մասին այդ տարիներին սկզբունքային հարց չի դրվել: Երբեմն այլախոհներն ակնարկել են այն: Ըստ երևույթին, դա էլ պետք է մարտավարության հետ կապել, քանի որ, իմանալով հանդերձ, որ այդ խնդիրն ավելի բարդ է (չեմ ուզում խորանալ), այդ տարիներին չեն արծարծել: ԼՂ-ի հարցը մի քանի անգամ բարձրացրել են ՀԿԿ Կենտկոմի  առաջին քարտուղարները: Հասկանալի է` առանց կենտրոնի դրդման նրանք չէին համարձակվի, որքան էլ ազգային, ազգայնական զգացմունքներ ունենային: Իսկ կենտրոնին ինչ-ինչ փուլերում երբեմն անհրաժեշտ էր այդ հարցը բարձրացնել: Գուցեև այնտեղ կային մարդիկ, ովքեր կարծում էին, որ պետք է լուծվի այդ հարցը, բայց դա, ցավոք, չիրականացվեց ՍՍՀՄ տարիներին:  Հաջորդը Նախիջևանի հարցն էր: Թվում էր` հեշտ պետք է լուծվեր այն` սոցիալիստական նույն երկրի շրջանակում, մանավանդ պատմական արդարության խնդիր կար, իսկ դրա օրինակը ցույց տվեց Ն. Խրուշչովը` Ղրիմը հանձնեց Ուկրաինային, և ի հետևանք ոչ մի լուրջ խնդիր չծագեց: Այդ հանգամանքն ինչ-որ տեղ ոգևորել էր հայության թե՛ ղեկավարությանը, թե՛ ազգային մտածողություն ունեցողներին և թե՛ նրանց, ովքեր որոշել էին ձեռնոց նետել ոչ միայն այդ խնդիրները լուծելու համար և 1965 թվականից հետո նույնիսկ անկախության խնդիր էին դնում, պայմանով, որ պետք է լինի Միացյալ Հայաստան:

 - Ի՞նչ փուլերի է բաժանվում հայկական այլախոհական շարժումը

- Համեմատել եմ ՍՍՀՄ այլախոհական շարժման հետ և նկատել նմանություններ: 1953 թվականից` Նիկիտա Խրուշչովի` ՍՄԿԿ Կենտկոմի Գլխավոր քարտուղար դառնալու շրջանից, ավելի ճիշտ` Ստալինի մահից հետո` մինչև 1962 թվականը կարելի է անվանել ծննդյան շրջան: Վերելքն սկսվեց 1965 թվականից, երբ Մեծ եղեռնի 50-րդ տարելիցից հետո ստեղծվեցին նոր կազմակերպություններ: Ամենածանրակշիռը Ազգային միացյալ կուսակցությունն (ԱՄԿ) էր` Հայկազ Խաչատրյանի ղեկավարությամբ և Ստեփան Զատիկյանի ու Շահեն Հարությունյանի ակտիվ մասնակցությամբ: Նրանք առաջին անգամ կազմեցին կուսակցության ծրագիր, կանոնադրություն, փորձեցին կուսակցական թերթ հրատարակել և, կարելի է ասել, դարձան հետագա բոլոր տարիների այլախոհական շարժման թե՛ առաջնորդները, թե՛ ոգևորողները, թե՛ կազմակերպիչները: Նույնիսկ այն խմբերը, որոնք նրանց հետ չէին միանում, ինչ-որ տեղ նրանց ազդեցությունը կրում էին:

 - ԱՄԿ երդումն անչափ ուշագրավ է, այն մեջբերենք ամբողջությամբ: «Երդվում եմ Երկրի վրա երկնի մի կտոր, երկրային դրախտ, Աստվածային տուրք-ոգով միշտ անմահ, հանճարով հզոր ու միշտտառապած, խոշտանգված, լլկված իմ Մայր Հայաստան, իմ Սուրբ Հայրենիք: Դու, որ ինձ տվիր միս ու արյունդ, անմահ ու անկեղծ ոգին հայկական, Աստվածային հանճարդ վսեմ, բյուր սերունդներիդ հրաշագործած սուրբ հողը տանջված, բայց միշտ փառավոր, այսօր տառապում ես նորից օտարի բիրտ կրնկի տակ: Սնվում է նա քո միս ու արյունով, անհունաթռիչ մտքովդ հզոր, հզորանալու, ոչնչացնելու Ոգին Հայկական: Քո հանճարեղ զավակներն իրենց Միտքն ու Արյունը տվին թշնամուդ, տարված սին հույսով, գեթ խնայելու հայրենիքն իրենց: Արյամբ հղփացած ոսոխը, սակայն չբավարարվեց լոկ այդ արյունով: Նա ցանկանում է Ոգին Հայկական արմատից պոկել, ցրել աշխարհում, Հայի անունը աշխարհից ջնջել: Դատարկ, սին հույսեր արյունածարավ բորենիների: Այդ չի հաջողվի: Ոգին հայկական անմահ է, գիտցե՛ք: Այդ ասում եմ ես՝ որդին Հայկազուն մի Աստվածային Սուրբ ժողովրդի: Երդվում եմ ես քեզ, ժողովուրդ Հայոց, երդվում եմ անմեղ զոհերիդ արյամբ, քո զավակների Սուրբ գերեզմանով, քանի պղծում է իր ներկայությամբ Հայոց Սուրբ հողը գեթ մի թշնամի, քանի ապրում եմ, քանի շնչում եմ, կպայքարեմ ես սրի դեմ՝ սրով, հրի դեմ՝ հրով, մահվամ դեմ՝ մահով: Իմ կյանքը քոնն է, դու ես այն տվել: Թե դավաճանեմ Քո ազատության սրբազան գործին, թե ձեռքս դողա մահ տալ թշնամուն, ստոր ոսոխին, նենգ դավաճանին, անգամ դա լինի ՄԱՅՐՍ ՀԱՐԱԶԱՏ, թող նզովքը քո, ժողովուրդ Հայոց, Աստվածային զայրույթդ հզոր, տիեզերապիղծ ստոր արարքը պատժե մահով, քանզի ամենասուրբ մայրը ինձ համար Դու ես, Հայաստան»Ի՞նչ սկզբունքային դրույթներ կարելի է առանձնացնել ԱՄԿ ծրագրից:

- Ծրագրում նրանք առաջին անգամ սրությամբ դրել են Ազատ, Անկախ Հայաստանի ստեղծումը: ՍՍՀՄ-ում նման հարց բարձրացնելու համար պահանջվում էին թե՛ համարձակություն, թե՛ կամք: Կարծում եմ` հենց միայն այն առումով, որ նրանք փորձեցին դուրս գալ ամբողջատիրական վարչակարգի դեմ, անկախ ամեն ինչից, գործընթացների զարգացման վրա այսպես թե այնպես ազդեցին: Այլ բան է, թե ինչ հնարավորություններ ունեին, ինչպես զարգացավ շարժումը: Սա` առաջին հերթին: Երկրորդ` ԱՄԿ ծրագիրը ծայրից ծայր տոգորված է ազգային ոգով. նախ և առաջ դրվում է պատմական հողերի միացման, միասնական Հայաստան ստեղծելու խնդիրը: Երրորդ` նկատելի է, որ ժողովրդավարական սկզբունքներ են փորձում առաջադրել այդ տարիներին: Մնացած խնդիրները, կարծում եմ, չարժի մանրամասնել, որովհետև ոգին հայկական է, նպատակները համազգային են, իսկ այդ ամբողջը նրանց երդման մեջ թեև զգացմունքային, բայց դրսևորված է:

- Ուրիշ ի՞նչ խմբակներ կային Ս. Հայաստանում այդ տարիներին:

- «Հայ հայրենասերների միություն», «Շանթ» և այլն, որոնք իրենց նպատակներով, ծրագրային խնդիրներով առանձնապես չէին տարբերվում ԱՄԿ-ի բարձրացրած հարցերից. միակ տարբերությունը մարտավարությունն էր: Այդ հողի վրա հետագայում նման մեծ կազմակերպություն չստեղծվեց: 

- 1965 թ. ցույցի մասին թռուցիկ հիշատակեցիք, նաև` քաղբանտարկյալների: Գիտենք, որ ցուցարարները պահանջներ ունեին, որոնցից մեկը` «Ազատել յոթ քաղբանտարկյալներին»: Ովքե՞ր էին նրանք, ինչո՞ւ էին նրանց ձերբակալել:

 - Խոսքը 1964 թ. դատապարտված յոթնյակի մասին էր: 1962 թ. Ս. Հայաստանում ստեղծվում է առաջին կազմակերպված այլախոհական խումբը, որից դատապարտվեցին յոթը` Խաչատուր Ամիրջանյանը (5 տարի), Վիգեն Բաբայանը (5 տարի), Մերուժան Հովհաննիսյանը (5 տարի), Խաչիկ Սաֆարյանը (4 տարի), Գրիգոր Եղյանը (2 տարի), Կարապետ Քիրամիջյանը (2 տարի), Էդվարդ Կակոսյանը (1,5 տարի):

Խ. Ամիրջանյանն աշխատում էր Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում, Խ. Սաֆարյանը` Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, գիտության թեկնածու էր, Գ. Եղյանը Էջմիածնի ճեմարանի դասատու էր, վարդապետ, Վ. Բաբայանը, Է. Կակոսյանը և Կ. Քիրամիջյանը ուսանողներ էին, իսկ Մ. Հովհաննիսյանը կալանավորման պահին չէր աշխատում:  Առաջին անգամ այս խումբը փորձեց կազմել ծրագիր, կանոնադրություն, սակայն չհասցրեց իրականացնել: Առաջին անգամ փորձել էր առաջարկել զենք ձեռք բերել` իրենց պայքարում օգտագործելու նպատակով, սակայն խմբի անդամների մեծ մասը մերժեց  զինված  պայքարի ուղին:

Խնդիրները նույնն էին` Հայ դատի արդարացի լուծում, հայոց լեզվի անաղարտության պահպանում և ամեն մի հայկականի պաշտպանություն:

 - Ասացիք` հայաստանյան այլախոհական շարժումը չընդունեց զինյալ պայքարի մարտավարությունը: Բայց համիդյան ու երիտթուրքական եղեռնագործություններից մազապուրծ, ծերունազարդ Գուրգեն Յանիկյանի 1973 թ. հունվարի 27-ի կրակոցներից սթափվեց աշխարհը, և սփյուռքում ծնունդ առավ զինյալ ազատագրական մի շարժում, որը բավական մեծ ընդգրկում ունեցավ և աղմկահարույց պատմություն: Դա կապվո՞ւմ է այլախոհական շարժման հետ, թե այլ բան էր այնտեղ տեղի ունենում:

- Սփյուռքում տեղի ունեցող այդ գործողություններն այլախոհություն չենք կարող անվանել. այլախոհությունը կապված է հենց խորհրդային իրականության հետ. մարդիկ դեմ էին խորհրդային իրավակարգին` գաղափարախոսությանը: Իսկ սփյուռքի վրիժառուների գործունեությունը հայրենասիրական շարժման դրսևորում էր: Այդ ծայրահեղ քայլերը կատարվել են նպատակաուղղված` թուրք ներկայացուցչական մարմինների անդամների նկատմամբ: Այդ շարժման բուն նպատակն էր կրկին հիշեցնել աշխարհին Հայոց ցեղասպանությունը, Հայկական հարցը, շրջանառության մեջ դնել մեր կորսված հողերի հարցը և այլն:

1975-83 թթ. սփյուռքում տարբեր խմբավորումներ նախաձեռնել են ավելի քան 200 բռնարարք: Ամենաակտիվները «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ» ՀԱՀԳԲ / ԱՍԱԼԱ և «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպություններն էին: Արտերկրում կատարվող այդ գործողությունների արձագանքները հասնում էին Ս. Հայաստան, և չէին կարող չոգևորել հայ այլախոհներին: Ժամանակագրական առումով դրսի գործողությունները և Մոսկվայի մետրոյում կատարված պայթյունը համընկնում էին: Չեմ ուզում դրանք կապել, բայց կարծիքները տարբեր են` Ստեփան Զատիկյանն է արել, նա չի արել:

Բացատրություններից մեկն այն է, որ, եթե արտասահմանում աշխուժացել էր այդ շարժումը, այստեղ ևս պետք է դիմեին նման գործողությունների, որպեսզի ՍՍՀՄ ղեկավարությունն ուշադրություն դարձներ Հայկական հարցին: Անգամ եթե պայմանականորեն ընդունենք, որ դա Ստեփան Զատիկյանն է կատարել, մի անհասկանալի հարց է ծագում` եթե դա քաղաքական քայլ էր, երևի թե մետրոյում չպետք է կատարվեր…

- Այժմ` իրավապաշտպան կազմակերպությունների մասին: Բնական է, որ այլախոհությունը պետք է ունենար իր պաշտպանությունը: Ինչպե՞ս ձևավորվեց իրավապաշտպանական շարժումը, ե՞րբ ստեղծվեցին առաջին կազմակերպությունները:

- Իրավապաշտպան կազմակերպությունների առաջացումը պայմանավորված է 1975 թ. հելսինկյան խորհրդաժողովով: Այն ժամանակ դա համարվում էր ՍՍՀՄ արտաքին քաղաքականության փայլուն քայլերից մեկը. խորհրդաժողովում համաեվրոպական խնդիրների հարցում համաձայնության էր եկել և պայմանավորվածություն ձեռք բերել նաև իրավապաշտպանական գործունեության համար: ՍՍՀՄ-ում հիմնադրվում են առաջին իրավապաշտպան կազմակերպությունները: Անդրեյ Սախարովի մասնակցությամբ Մոսկվայում փորձում են պաշտպանել քաղաքական հայացքների համար դատապարտված մարդկանց:

1977 թ. մեզ մոտ հանդես է գալիս Ռոբերտ Նազարյանը (Էդվարդ Հարությունյանը ևս այդ շարժման մեջ է եղել): Օրենքով հնարավորություն էր տրվում այդ գործունեությամբ զբաղվելու: Առաջին անգամ հայ իրականության մեջ հանդես է գալիս անձ, որը բացահայտ զբաղվում էր այդ գործունեությամբ և, բնականաբար, նրա ժամանակ էլ զգացվում է կապը Մոսկվայի հետ: Բայց իրականում դա շարժում չէր, պարզապես Ռ. Նազարյանը հանդես է գալիս միայն Ս. Հայաստանի քաղբանտարկյալների պաշտպանությամբ: Նամակ է գրում ՀՍՍՀ ՊԱԿ-ի նախագահին, հարցեր բարձրացնում, համարձակվում  հարցազրույցներ տալ արտասահմանյան լրագրողներին և այլն: Նման գործունեությունը չէր կարող երկար տևել, գտնվեցին «համապատասխան» հոդվածներ, և նա նույնպես դատապարտվեց ազատազրկման ու դարձավ խորհրդային այլախոհներից մեկը: Դրանից հետո ևս մեկ անգամ փորձ եղավ ակտիվացնել հայկական քաղաքական այլախոհական շարժումը:

1980-ական թթ. Երևան եկավ վրացի Գեորգի Խոմիզուրին և փորձեց այստեղ ուղղորդել կամ կազմակերպել գաղտնի աշխատանքներ, սակայն հայ այլախոհության ակտիվ ներկայացուցիչները նրան մերժեցին: Նրան ձերբակալեցին  հակասովետական գրականություն պահելու և տարածելու մեղադրանքով և դատապարտեցին Ռաֆայել Պապայանի հետ: Իրավապաշտպան շարժումը, Ռ. Նազարյանի գործունեությունից զատ, մեծ դրևորում չի ունեցել: 

- Հակիրճ ներկայացրեք այլախոհական շարժման վերելքը և անկման պատճառները:

- Վերելքին այսպես թե այնպես անդրադարձանք. դա 1965 թվականից հետո էր: Հայտնի ցույցերին հետևեց իսկապես բուռն վերելք. ստեղծում էին խմբեր, կազմում ծրագրեր, կանոնադրություններ, փորձում էին միավորվել (հաջողվում էր թե ոչ, դա առանձին խնդիր էր), թռուցիկներ էին տարածում այդ բովանդակությամբ: Այդ գաղտնի խմբերի ակտիվությունը հանգեցրեց այն բանին, որ 1970-ական թթ., հատկապես 1974 թվականին, մեկը մյուսի հետևից տեղի էին ունենում քաղաքական դատավարություններ: Այսինքն` նրանց գործունեության ակտիվությունը նկատվում է հատկապես 1966-74 թվականներին. այդ մասին կարելի է դատել ըստ ձերբակալվածների թվաքանակի: Տոկոսային հարաբերությամբ մեր հանրապետությունում նման գործունեությամբ զբաղվողների թիվն ավելի մեծ էր, քան այլուր ՍՍՀՄ-ում:

- Ի՞նչ թիվ կհրապարակեք:

- 1950-88 թվականների ընթացքում քաղաքական գործունեության համար ձերբակալվել է 107 հոգի, մեծ մասը` 1966-78 թթ.: Հետագայում տեղի էին ունենում նման դատավարություններ, բայց ինչպես ողջ ՍՍՀՄ-ում, այնպես էլ ՀՍՍՀ-ում անկում էր նկատվում: Նախ` Հելսինկիի խորհրդաժողովից հետո, ժամանակի թելադրանքով, ուժեղացել էր հատուկ ծառայությունների ագիտացիոն`  քարոզչական աշխատանքը: ՊԱԿ-ը որդեգրել էր նոր գործելաոճ` «պրոֆիլակտիկ» աշխատանք էր կատարում այդ երևույթների դեմ: Եթե  նախկինում պարգևատրում էին նրանց, ովքեր մարդ էին ձերբակալում, այժմ հակառակ մոտեցումն էր նկատվում. դրվատում էին նրանց, ովքեր կարողացել էին կանխել, որ գործը հասնի դատարան: Երկրորդ` կար հոգնածության պես մի բան. երբ մարդն ինչ-որ գործունեությամբ է զբաղվում, փորձում է արդյունքը տեսնել, իսկ դրա բացակայությունը նպաստում էր շարժման անկմանը: Շատերն էլ կրավորական դիրք էին գրավում և ինչ-որ ժամանակ հետ քաշվում շարժումից: Եվ, ամենակարևորը, թուլացել էր արտասահմանից ՍՍՀՄ այլախոհական շարժմանը տրվող օգնությունը` ռադիոձայներ էին գործում, ավելի ազատ էր դարձել ելումուտը, այլ միջոցներ էին գործածում ՍՍՀՄ-ի դեմ:

 - Միության փլուզումից հետո ռադիոձայները, կարծես թե պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը. թվում է` հասել էին իրենց նպատակին, իրենց առաջնահերթ ծրագրերը կատարել էին… Սակայն ոչ միայն այդպես չէ, այլև այսօր անկախ ՀՀ-ում լսում ենք այդ ձայները` արդեն պետական ռադիոյի եթերից…

- Չեմ ուզում շատ խորանալ այդ խնդրի մեջ: Մի անվերապահ ճշմարտություն` աքսիոմ գոյություն ունի, որը բոլորին քաջ հայտնի է, բայց, չգիտես ինչու, որոշ օղակներում փորձում են անտեսել. ռադիոձայների մեծամասնությունը գործում է, նախ` արտահայտելու տվյալ` ֆինանսավորող երկրի շահերը: Երկրորդ` չեխոսլովակյան իրադարձությունների տարիներին բացահայտվեց, որ «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայաններն, ըստ էության, ֆինանսավորում է ԱՄՆ-ի հետախուզությունը. նրանք էլ չեն թաքցնում իրենց ոճը (ասում են` հիմա այդպես չէ, բայց խիստ կասկածելի է): Այսինքն` պետական քաղաքականություն են վարում և, բնականաբար, թե՛ այն տարիներին, թե՛ հիմա այդ ռադիոձայները խնդիրներ ունեին լուծելու:

Ասել, որ նրանք տարածաշրջանում կամ նախկին ՍՍՀՄ տարածքում այլևս անելիք չունեն, չի կարելի: Նրանք դեռ խնդիրներ ունեն լուծելու, և այդ ամենն աշխատում են անել ըստ իրենց ուժերի, իսկ ուժերը և հնարավորություններն ահռելի են` ՀՀ-ի համեմատությամբ: Բնական է, որ դրա համար պետք է գտնել հակամիջոցներ` պետական մակարդակով:

- Այլախոհական շարժման գիտական ուսումնասիրությունը պատմագիտականից և տեսական-քաղաքականից զատ ունի՞ այլ նշանակություն, և, առհասարակ, ի՞նչ տվեց այն:

- Կարծում եմ` այս շարժման ուսումնասիրությունը ոչ միայն գիտական ու տեսական նշանակություն ունի, այլ շատ արդիական է: Նախ` որպես քաղաքական գործընթացների մասնակից, որպես երևույթ, հետաքրքիր է, պատմական փորձ է, որ պարտավոր ենք հաշվի առնել: Գորբաչովյան վերակառուցման տարիներին դրա անհրաժեշտությունը վերացավ, շարժումը մարեց, ինչը բնական էր: Բայց երբ քաղաքական իրադրությունը փոխվեց, կրկին ակտիվացան այն անձինք, ովքեր այլախոհական շարժման մասնակիցներ էին: 

Ս. Հայաստանում հատկապես ակտիվություն ցուցաբերած կազմակերպությունները` «Ազգային ինքնորոշում միավորում»  (ղեկավար` Պարույր Հայրիկյան), «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը» (ղեկավար` Աշոտ Նավասարդյան), «Քրիստոնեա-դեմոկրատական միությունը»  (ղեկավար` Ազատ Արշակյան), ակտիվացան հատկապես Արցախյան ազատագրական պայքարի վերելքի շրջանում և ՀՀ անկախացման առաջին տարիներին և շարունակում են իրենց գործունեությունը: Ժամանակակից ակտիվ կուսակցություններ կան, որոնց ակունքները գալիս են այլախոհությունից: Դա հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ կողմնորոշվելու, թե ինչ նպատակներ են հետապնդում նրանք, ինչպես են գործում և այլն: Մի խոսքով` խնդիրն արդիական է և, կարծում եմ, դեռ որոշ ժամանակ արդիականություն կունենա:  

Հարցազրույցը վարեց Հասմիկ Գուլակյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՍՈՑԻԱԼԻԶՄ .AM

 

Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան,
(+37410)
E-mail: info@socialism.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը socialism.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց socialism.am-ին հղման արգելվում է: Գովազդների բովանդակության և մամուլի տեսության համար կայքը պատասխանատվություն չի կրում: