Համախմբել ջանքերը ցեղասպանության չարիքի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ

24 Ապրիլի 2016

«Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումն ավարտեց աշխատանքները, հաջորդը կկայանա արդեն երկու տարի անց` 2018-ին: Ֆորումն ընդունեց հայտարարություն, որում մասնավորապես, նշվում է.

«Գլոբալ ֆորումը հարգանքի տուրք է մատուցում և երախտագիտություն հայտնում բոլոր նրանց, ով հումանիտար ճգնաժամերի և ցեղասպանության օրերին հանդես եկան հանուն մարդկության, և գործելով արիությամբ ու զոհողությունների գնով, փրկեցին անմեղ կյանքեր:

Խորը մտահոգություն է հայտնում վերջերս Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ կետերում լայն տարածում գտած վայրագությունների, ահաբեկչության և ցեղասպան գործողությունների առնչությամբ, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների համար և առաջացնում լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամեր` ներառյալ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների և տեղահանված անձնանց ամենաբարձր թիվը։

Գիտակցում է, որ նման ծավալի հումանիտար ճգնաժամերը պահանջում են ջանքերի համադրում և չեն կարող դիմագրավել միայնակ` առանձին երկրների կողմից, խորապես հավատում է, որ փախստականների և աննախադեպ մեծ քանակությամբ տեղահանված անձանց առնչվող մարտահրավերների լուծմանն ուղղված ջանքերը ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական շահարկումների առարկա դառնալ:

Կոչ է անում բոլոր երկրներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և շահագրգիռ այլ կողմերին՝ համախմբելու ջանքերը ցեղասպանության չարիքի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ պայքարի նոր հանձնառության ոգու ներքո։

Առաջարկում է հաջորդ գլոբալ ֆորումի շրջանակներում շեշտադրումը կատարել կրթության դերի, մեխանիզմների, միջոցների և կարողությունների վրա` որպես ատելությունը, անհանդուրժողականությունը և այլատյացությունը վերացնելու մեր համատեղ պարտականության մաս և հավատացած է, որ կրթությունը և գիտելիքի փոխանակումը վճռական դերակատարություն ունեն ցեղասպանության արհավիրքի վերացման գործում:

Որոշում է հաջորդ հանդիպումը գումարել 2018-ի ապրիլին, Հայաստանում»։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ