Մեր ժողովուրդն այսօր պատրաստ է պայքար տանել

23 Ապրիլի 2016

Մենք փաստորեն մի քանի օրվա պատերազմ տեսանք, ունեցանք կորուստներ, ավերածություններ, և 100 տոկոսով համոզված եմ, որ մենք նույն ազգն ենք, ինչ 25 տարի առաջ։ Մեր զինվորներն այսօր ավելի մեծ փորձ ունեն, մեր բանակն ավելի մեծ հնարավորություններ ունի ավելի կազմակերպվելու, ավելի ուժեղ լինելու, քան առաջ էր։ Հակառակորդը նույնն է, նա հասել է սպառազինության մի փոքր առավելության՝ շնորհիվ մեր թիվ մեկ դաշնակից Ռուսաստանի, բայց այստեղ խնդիրը հոգեբանությունն է։ Ես կարող եմ 100 տոկոսով ասել, որ մենք սահմանն անառիկ պահելու ենք։ Այստեղ հարցը ներքաղաքական դաշտում է, գլխավոր հրամանատարի ձեռքում է ամեն բան` որպես կազմակերպիչ։ Այսօր մեր անվտանգության երաշխավորը միայն բանակը չէ, անվտանգության երաշխիք է նաև վարվող քաղաքականությունը, և պատերազմի օրերին մենք տեսանք մեր սխալները։ Մենք տեսանք, թե ինչ ավերածությունների բերեց մեր՝ Ռուսաստանին ամբողջությամբ հանձնվելը։ Դա աղքատացրեց մեր բյուջեն։ Մենք տարիներ առաջ սկսեցինք Ռուսաստանին հանձնել մեր ռազմավարական նշանակության օբյեկտները, որոնք դրամ բերող կազմակերպություններ էին։ Մեր օգտակար հանածոները ևս թե օֆշորային տեսքով, թե այլ ճանապարհներով հանձնվեցին Ռուսաստանին։ Այդ երկրի հետ մեր կնքած պայմանագրերը բերում են նրան, որ Ռուսաստանը որպես մեր դաշնակից, որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, փաստորեն զենք վաճառելով Ադրբեջանին, նրան զինտեխնիկայի առումով առավելության հասցրեց։ Այստեղ երևում է, որ գերագույն գլխավոր հրամանատարը և պաշտպանության նախարարն իրենց տեղում չեն։ Ես հիմա չեմ ուզում հրաժարականի կամ այլ կոչեր անել, բայց ուզում եմ, որ դաս քաղեն և ուղղեն իրենց սխալները։ Նրանք այդ հնարավորությունն ունեն, թե նախագահը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, թե պաշտպանության նախարարը` որպես այդ բնագավառում քաղաքականություն իրականացնող, մարդկայնորեն իրենք այդ սխալները քննելու, ձերբազատվելու և հետագայում հաշվի առնելու, որովհետև մեր ժողովուրդը համարժեք է արձագանքել այս պատերազմին։ Եվ կամավորների ոգին երևաց, և ժողովրդի համախմբումը, և բանակի կամքը երևաց։ Այսպիսի լավ, դրական երևույթներով օժտված ժողովուրդը արժանի է լավ ղեկավարի։ Մեր իշխանությունները հիմա հնարավորություն ունեն դառնալու լավ ղեկավարներ, հակառակ դեպքում, եթե մեջները մի փոքր հայրենասիրություն կա, ասպարեզը պետք է զիջեն իրենց այլ  գործընկերներին։ Այստեղ իշխանության հարց չէ, ազգի պահպանության հարց է։ Նույնիսկ եթե եղբայրս լինի, եթե չի կարողանում գլուխ հանել, պիտի խնդրեմ զիջել պաշտոնը, այստեղ նեղանալու հարց չկա։

Մեր ժողովուրդն այսօր պատրաստ է պայքար տանել, պատրաստ է իր անկախությունն ու սահմաններն ամրապնդելու, անկախությունը ամրացնելու։ Պետք է իշխանությունների քայլերը համարժեք լինեն ժողովրդի քայլերին։

Հարցը մեր անվտանգության մեջ է։ Տեսեք՝ ադրբեջանական կողմը սպառնացել է մեր ժողովրդի անվտանգությանը։ Նա օրը ցերեկով սպանել է մեր մանուկին դպրոցում, սպանել է իր տան մեջ մեր քաղաքացուն, հրետակոծել է մեր բնակավայրը, գրավել է  սահմանադրությամբ ամրագրված մեր տարածքների որոշ բարձունքներ, ոտնձգություն է կատարել մեր անվտանգության նկատմամբ։ Եթե ես լինեի պաշտպանության նախարար կամ գերագույն գլխավոր հրամանատար, ապա հրաման կտայի զորքին՝ համարժեք քայլ կատարել և թշնամու գլուխը ջարդել իր բնի մեջ։ Ես պատերազմին վերջ կտայի, քանի որ պատերազմին վերջ են տալիս պատերազմով։ Ժողովուրդը պատրաստ է դրան, բայց իշխանությունը նման կամք չունի, իշխանությանը ուզում եմ կոչ անել՝ ցուցաբերի այդ կամքը կամ հեռանա, որովհետև վաղը ուշ է լինելու։ Այսօր հարաբերական անդորր է, վաղը կարող է պատերազմ լինել, ավելի վատ երևույթներ տեղի ունենան։ Հայտարարում եմ, որ ոչ մի անգամ թուրքը չի կարող  ոտնձգություն կատարել և ներթափանցելով գրավել մեր սահմանը, բայց  ես միայն կասկածում եմ մեր իշխանությունների վրա, որ չեն կարողանում լավ կազմակերպել մեր պաշտպանությունը, չեն կարողանում կամք ցուցաբերել վերջ տալ պատերազմին, իսկ պատերազմին վերջ տալու ձևը հետևյալն է՝ մենք պետք է հետ գրավենք այդ բարձունքները, պետք է մեր սահմանները առաջ տանենք մինչեւ այն տեղերը, որտեղ ժամանակակից զենքերը չեն հասնում։

Մադրիդյան սկզբունքները, որ հրապարակվել են դեռևս տարիներ առաջ, ես ոչ թե կտրուկ դեմ եմ դրան, այլ նման փաստաթուղթ քննարկելն արդեն դավաճանություն է, դրան այո կամ ոչ ասելն արդեն դավաճանություն է, արհամարհել է պետք նման փաստաթուղթը։ Երկրորդ՝ Լավրովի այցը ոչ թե դրական կամ բացասական եմ համարում, պետք է կամք ունենալ, և եթե ես լինեի գերագույն գլխավոր հրամանատար, ես չէի ցանկանա Լավրովի հետ հանդիպել, քանի որ Ռուսաստանը, լինելով Մինսկի խմբի համանախագահներից մեկը, զինում է հակառակորդ կողմերից մեկին, արդեն Ռուսաստանը կողմնակալ է և իրավունք չունի ինչ-որ քննարկում անելու, մինչև որ չուղղի իր սխալները։ Այստեղ կարծում եմ պետք է լինի նաև Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների կարծիքը այդ փաստաթղթին, իսկ եթե նրանք էլ նույն կերպ վարվեն, ուրեմն  պետք է արհամարհել նրանց։ Ես համոզված եմ, որ Ռուսաստանը, եթե վերցնի իր ձեռքը, կհասնի 21 թվականի Կարսի պայմանագրին, որովհետև այո, կտեսնեք, ժամանակ կանցնի և Ռուսաստանը մեզ աղքատացնելուց, մեր ինքնիշխանությունը խլելուց հետո նորից կեղբայրանա Թուրքիայի հետ, իր հարաբերությունները կճշգրտի Թուրքիայի հետ հայկական հողերի հաշվին։ Այդ ժամանակ ազգի առողջ ուժերը պետք է կողմ լինեն, որպեսզի իշխանության գա հայրենասերների թիմ, այլ ոչ թե  այսօրվա հանրապետականները, որոնք այսօր արդեն խոսում են տարածքներ, հողեր հանձնելու մասին։ Եվ վերջապես, մենք կունենանք հայրենասեր իշխանություն և հայրենասեր ուժեր կղեկավարեն Հայաստանը, այլ ոչ թե եսակենտրոն ուժերը։

Արցախի՝ բանակցային սեղանին վաղուց էր պետք ներգրավել, և որքան շուտ, այնքան լավ, բայց այսօր ես լավատես չեմ նաև Ղարաբաղի ղեկավարության առումով, քանի որ նրանք ՀՀ իշխանության  շարունակությունն են, կիսում են Հայաստանի իշխանության դիրքորոշումը։ Համոզված եմ, որ եթե վաղը Հայաստանի իշխող ուժը որոշում կայացնի հանձնել հողերը,  Ղարաբաղի քաղաքական մեծամասնությունը չի ընդդիմանա դրան, նրանք կուրորեն կկատարեն Հայաստանի իշխանությունների կամքը։ Իմ հույսը ժողովրդի մեջ գոյություն ունեցող առողջ ուժերն են, դրան գումարած եզակի հայրենասեր անհատներ։ Համոզված եմ, որ նույն հաստատակամությամբ մենք  կանգնած ենք առաջին գծում, այդ նույն հաստատակամությամբ մենք անպայման պահպանելու ենք Արցախի անվտանգությունը,  Արցախի բնակչության անվտանգությունը: Կուզի՞ Արցախի իշխանությունը միանա ժողովրդի հաստատակամությանը, թող միանա, չի ուզի՝ իր գործն է։

 

Վահան Բադասյան

Մարտական խաչի ասպետ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ