Հ․Մեսրոպյան․ «Աշխարհին պետք է հասկացնենք.Արցախն ատամներով պահելու ենք»

17 Ապրիլի 2016

Քառօրյա պատերազմի ընթացքում հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ հայ ժողովրդի հավաքական ուժը շատ ավելի բարձր է քաղաքական վերնախավի որակից: Սա մի կողմից հանգստացնում է, բայց մյուս կողմից՝ ցավ պատճառում, քանի որ էլիտան անարժան է , իսկ դա միշտ փորձություններ է բերում, ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը:

Փորձագետն ընդգծեց, որ վերջին տասը տարիների ընթացքում մասնագետները զգուշացրել են, որ տատանումների շրջան է սկսվել և հնարավոր են այնպիսի սցենարներ, ինչպիսին եղավ ապրիլի 2-ին։ «Սակայն ոչ ոքի չէին հետաքրքրում այդ զգուշացումները: Էլ ոչ մի բան հնարավոր չէ զգուշացնել, կանխագուշակել: Պետք է արձագանքման քաղաքականություն վարենք, քանի որ նախապատրաստման փուլն արդեն բաց ենք թողել», - նշեց Հարություն Մեսրոպյանը:

Նա մատնացույց արեց այն հանգամանքին, որ զոհված զինծառայողների ցուցակում չկան քաղաքական ընդդիմադիր, թե իշխանական վերնախավի անձանց անուններ. «Դուք տեսե՞լ եք, որ զոհվեն կամ վիրավորվեն նրանց որդիները: Զոհվում է առողջ, սովորական հայը»:

Ըստ նրա՝ եթե նման անհեռատես քաղաքականություն չվարեինք, կարող էինք զերծ մնալ այդքան շատ զոհերից. «Այս սխալների մեղավորը վերնախավն է, այլ ոչ թե այլ երկրները կամ ուրիշ ուժերը: Եթե ազգը գլուխ չունի, ապա մարմինն անընդհատ հարվածներ է ստանալու, և պետք չէ ինչ-որ վեհ հարցերից խոսել հիմա»:

Անդրադառնալով արտաքին քաղաքականաությանը՝ փորձագետը, նշեց, որ պետք է ակտիվ լոբբինգային քաղաքականություն վարել գերտերությունների տարածքներում. «Ամեն ուժ կա՛մ հաչում է գերտերությունների վրա, կա՛մ սիրաշահում: Պետք է հասկանալ վերջապես, որ ոչ մի գերտերություն Հայաստանի շահը չի պաշտպանի: Խնդիրն այն է, որ մեր և նրանց շահերը իրար դեմ դուրս չգան»:

Հարություն Մեսրոպյանի խոսքով՝ պետք է մոբիլիզացիոն քաղաքականություն վարել բոլոր ոլորտներում՝ թե՛ տնտեսությունում, թե՛ արտաքին քաղաքականությունում. «Մենք թույլ ենք, որովհետև գործում է կառավարման օլիգարխիկ համակարգ: Դա բոլոր ոլորտները դարձնում է անմրցունակ, իսկ պատերազմի ժամանակ դա նշանակում է փորել սեփական գերեզմանը»:

«Ամբողջ աշխարհին պետք է մեկ բան հասկացնենք.Արցախն ատամներով պահելու ենք: Նրանք այս գաղափարի հետ պետք է հաշտվեն»,- եզրափակեց բանախոսը:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ