Հայաստանը խռովված է դարձյալ

07 Դեկտեմբերի 2015

Շուրջ մեկ տարի ծավալված ՀՀ սահմանադրական փոփոխությունների միտված աշխատանքները, քննարկումները, այդ փոփոխություններից առաջացող ռիսկերի և այդ փոփոխություններում «առաջադիմական» տարրերի մասին հայտարարությունները, «այո»-ի և «ոչ»-ի երկփեղկման, ընդդիմության և դիմության ավելի խորացող պայքարի վերջնակետում երեկ մեկնարկեց սահմանադրական չարաբաստիկ փոփոխությունների հանրաքվեն։

Առավոտյան ժամը 8․00-ին հանրապետության բոլոր տեղամասերում դռները բացվել էին։ Չգիտեմ, թե ինչ սպասելիքներ ունեն հանրապետությունում այս ամբողջ խառնաշփոթը ստեղծող պետական այրերը, սակայն հանրապետության հուսալքված ժողովուրդը մերժում է իրեն պարտադրված և՛ համապետական հանրաքվեն, և՛ երկրի կառավարման համակարգային փոփոխությունը, որից ոչ մի դրական սպասելիք չունի։ Ժողովուրդը երբեք չի սխալվում։

Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, ով երկար տարիներ օրեցօր հեղինակազրկվում է ժողովրդի մոտ՝ պետական կառավարման բազմաթիվ սխալների և երկրում գերակա դարձող անիրավությունների պատճառով։ Ժողովրդի զանգվածային դժգոհությունների և բողոքի ալիքը պայմանավորված է այն համոզմունքով, որ սահմանադրական փոփոխությունները կատարվում են Ս․Սարգսյանի վերարտադրության համար։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում խորը վերլուծությունների, հայ իրավաբանների մանրակրկիտ և կետ առ կետ գրագետ մեկնաբանությունների շնորհիվ ժողովուրդը տեսավ նկատելի ապագայում երկրի և իր զավակների մոտալուտ կործանումը կամ կործանման վտանգի դեմ հանդիման կանգնելը։ Այդ էր պատճառը, որ տեղի ունեցած հանրաքվեի մասնակիցների թիվը քիչ էր, իսկ այն բոյկոտողների թիվը՝ գերազանցող։

Չանդրադառնալով քարոզարշավի ընթացքում հետաքրքիր ելույթներին, բովանդակալից մեկնաբանություններին, ուզում եմ դիտարկենք վերջնարդյունքը՝ հանրաքվեն։

Ոստիկանության տվյալների համաձայն, հանրապետությունում հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվը 2.550.323 էր։

Առաջին իսկ պահերից հաղորդումներ եղան տարբեր տեղամասերում ընտրախախտումների, ընտրակաշառքների, քվեաթերթիկների լցոնումների, որոշ տեղամասերում դիտորդների և լրագրողների հանդեպ տեղամասի նախագահների կատարած բռնությունների մասին։ Չափից դուրս շատ էին ընտրացուցակներում կեղծ անձանց անունների, մահացածների անունների, նույնիսկ կրկնվող անունների մասին հաղորդումները։ Իսկ ամենակարևորն այն էր, որ շատ դեպքերում բացահայտ կեղծիքներն ուղղելու փոխարեն, բացահայտողին վախեցնելու փորձեր էին անում, և ոչ միայն այդ էր այդքան կարևոր հիշատակման, այլև այն, որ խախտումները նկատելու դեպքում պարզ չէր, թե ում պետք է դիմեին դրանք ուղղելու համար, քանի որ իրավական դաշտը մեր երկրում կարգավորված չէ, իրականում՝ չի էլ գործում։

Ինչևէ, նույնիսկ ակնհայտ կեղծիքների դեպքում ժողովրդի կամքի դեմ հաղթանակ չի լինի։ Այն տեղամասում, որտեղ քվեարկում էր այս ամբողջ խառնաշփոթը առաջացրած անձը՝ նախագահը, ընտրողները «ոչ» են ասել կեղծ բարեփոխումներին։

Քվեաթերթիկների հաշվարկն սկսվելուց շատ չանցած հանրապետության բոլոր մարզերից «ոչ»-ի հաղթանակի լուրն էր գալիս։ Դրան հետևեց «Լրագրողների միավորում» ՀԿ-ի կոչը, որտեղ արձանագրված են հանրաքվեի ընթացքում լրագրողներին լռեցնելու, նրանց ահաբեկելու փաստերը (կոչն ամբողջությամբ կարող եք կարդալ կայքում)։ Այնուհետև հրապարակվեց հանրաքվեի դիտորդական առաքելության միջանկյալ հաշվետվությունը, որը նույնպես արձանագրում էր բազմաթիվ կոպիտ խախտումներ, այս անգամ տեղամասերում իրենց առաքելությունն իրականացնող դիտորդների հանդեպ (հաշվետվությունն ամբողջությամբ կարդալ կայքում)։

Լրագրողների օպերատիվ և հետևողական աշխատանքն ամեն վայրկյան ի ցույց էր դրվում, բոլոր տեղամասերից րոպեառրոպե քվեատուփերի հաշվարկների թարմ տվյալներ էին հրապարակվում, և բոլորը «ոչ»-ի հաղթանակով։ Այնուամենայնիվ, իշխանություններն օգտագործելով բոլոր լծակները, բոլոր անօրինությունները, օգտվելով ժողովրդի ծանր սոցիալական վիճակից, որից, կարծես բավարարված է իշխանությունը և այն բարելավելու քայլ անգամ չի ուզում անել (իսկ ինչու անի, երբ կարելի է պետք եղած դեպքում 5000, թեկուզ 20000 դրամով կաշառել կիսաքաղց մարդկանց և իր համար ցանկալի արդյունքի հասնել), հայտարարեց «այո»-ի հաղթանակի մասին։

Ի վերջո, իշխանությունը հայտարարեց իր հաղթանակի մասին՝ ծանր ու առավել խորը հուսալքության մատնելով սեփական ժողովրդին։

ԵԽԽՎ պատվիրակությունն այսօր իշխանություններին կոչ է արել ամեն ինչ անել, որ վստահություն ձեռք բերի ժողովրդի մոտ և երկրում ժողովրդավարական ապագա ապահովի։

Իսկ ժողովուրդը ձմեռվա սարսափելի ցրտին փողոցներում իր իրավունքների վերականգնման համար պայքար է մղում՝ հավատալով, որ Հայաստանում դեռ կարող է արդարություն և ժողովրդավարություն հաստատել։

 

Ռուբինա Ռաֆայելյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ