1988-ի աղետը․պետք է հիմնավոր դասեր քաղել մեծ ողբերգությունից

07 Դեկտեմբերի 2015

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի  ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը անվանվեց Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ դարձավ:

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Փոքր Կովկասի բարձրավանդակում գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ: Փոքր Կովկասի տեկտոնական և երկրաբանական կառուցվածքային ուղղությունները զուգահեռ են գլխավոր Կովկասյան շղթային՝ հյուսիս-արևմտյան, հարավ-արևելյան ուղղությամբ: Տեկտոնական դրույթը հիմնականում բարդ է, բայց ընդհանուր առմամբ այն բնորոշվում է երկրի կեղևի սեղմամբ ու խտացմամբ, Արաբական և Եվրասիական սալերի տեղաշարժերի պատճառով:

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյանին (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ, այն պատկանում է, այսպես կոչված, լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում:

Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4հազ) մարդ:

Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ:

Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան 2-3 օր հետո: Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը: Սակայն նրանց փորձի և շատ հաճախ ծայրահեղ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էին անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն պատճառ դառնում անտեղի զոհերի: Խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը:

Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:

Վնասների հիմնական պատճառներն էին`

  1. Հանրապետության ողջ տարածքում թերագնաատված էր սեյսմիկ վտանգը, քանի որ մասնագետներն այդ գոտու սեյսմիկ վտանգը գնահատել էին 7-8 բալ և դա այն դեպքում, երբ 1988 թ․ երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում գնահատվեց 10, Ստեփանավանում` 9, Վանաձորում` 8-9 բալ:
  2. Աղետի հետևանքներն ուսումնասիրող հատուկ կառավարական հանձնաժողովը հայտնաբերել էր, որ թույլ էին տրված որոշակի սխալներ շենքերի եւ կառույցների նախագծման ժամանակ: Այսինքն` խախտված էին սեյսմակայուն շինարարության չափանիշներն ու կանոնները:
  3. Ցածր է եղել շինարարության որակը: Կոպտորեն խախտվել է շինարարության տեխնոլոգիան, շինանյութերը չեն համապատասխանել պետստանդարտին:
  4. Երկրաշարժի ժամանակ Գյումրի քաղաքի տարածքում գետնի տատանման գերակշռող պարբերության մեծությունը կազմել է մոտավորապես 0,4-0,8 վրկ., որը շատ մոտ է բարձրահարկ շենքերի հիմնական ձևերի սեփական տատանումների պարբերությունների մեծություններին: Նման դեպքերում առաջ են գալիս, այսպես կոչված, ռեզոնանսային անցանկալի երևույթներ` հնագեցնելով տատանումների ամպլիտուդաների աճի և շատ հաճախ՝ շենքերի փլուզման:
  5. Երկրաշարժի տևողությունը (մինչև 5 րոպե) և կրկնվող ցնցման փաստը, որի դեպքում շինությունների մեծամասնությունը չհասցրեցին «վերականգնվել» հիմնական ցնցումից:
  6. Տատանումների ուղղահայաց բաղադրիչների զգալիությունը:
  7. Թերագնահատվել է տարածքի սեյսմիկ վտանգը, հաշվի չեն առնվել տեղանքի ինժեներա-երկրաբանական պայմանների առանձնահատկությունները:
  8. Շատ զոհերի պատճառ դարձան փրկարական աշխատանքների ձգձգումն ու ոչ ժամանակին կազմակերպումը:
  9. Ազգաբնակչության համապատասխան հմտությունների և իրազեկման բացակայությունը էքստրեմալ պայմաններում:

Պետք է, թեև ուշացած, բայց հիմնավոր դասեր քաղել մեծ ողբերգությունից, քանի որ թույլ տրված սխալները անհաշիվ են, իսկ սխալներ թույլ տվողները`շատ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ