Բաց նամակ ՀՀ քաղաքացիներին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին

03 Դեկտեմբերի 2015

Երկրի Սահմանադրությունը քաղաքացիական համաձայնության հիմնարար փաստաթուղթն է: Այն չի կարող ընդունվել օրենքի խախտումով, այլապես դրանով օրինականացվում է նպատակն «արդարացնում է միջոցները»՝ դեպի քաոս տանող սկզբունքը: Օրենքի խախտումով Սահմանադրության հանրաքվեի անցկացումն ազգի և պետության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է և խարխլում է հասարակության միասնականության հիմքերը:

ՀՀ Սահմանադրական հանրաքվեն կազմակերպվել է ՀՀ Սահմանադրության 114-րդ և «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների խախտումով, որոնց համաձայն՝

1․Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն,

2․հանրաքվեի չեն կարող դրվել ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածների փոփոխության վերաբերյալ հարցերը:

Նշված դրույթների անտեսումն ու ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ հոդվածների բովանդակային խեղաթյուրումը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Այս իրողությունները հակազդման միջոցները դարձնում են հանրորեն «համարժեք օրինական»: Դրանով վտանգվում է երկրի անվտանգությունը, հատկապես՝ իրավական անվտանգության բաղադրիչը, ինչը խաթարում է պետության հիմքերը:

Կոչ ենք անում ականջալուր լինել արտահայտված նկատառումներին և հանրորեն ընկալելի գործելու «ազատություն» չընձեռել հակազդեցության ձևերին:

Ամենաբարի նկատառումներով անգամ օրենքի խախտումները չեն կարող արգասաբեր լինել:

Ահագնացող վտանգների թերագնահատումը, նեղ անձնականով պարփակվելը, անտարբերությունը, դանդաղ, աննկատ կատարվող հասարակության կոռոզիան կարող է աղետաբեր լինել ազգի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար: Մենք պատասխանատու ենք մեր նախնիների, մեր և եկող սերունդների առջև` ազգային իղձերի իրականացման համար:

Դիմելով Ձեզ, հորդորում ենք` գտնել ելք երկիրը և ժողովրդին զերծ պահելու այդ անօրինականությունից:

 

Հայաստանի մտավորականների ֆորումի ավագանի

Համակարգող խորհուրդ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ