ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս

07 Օգոստոսի 2020

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 2

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի՝ հուլիսի 10-ի նիստում հավանության արժանացավ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: 1lurer.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ 
     
    2.1 Ժամանակակից աշխարհակարգի և անվտանգային ճարտարապետության արագ և անկանխատեսելի փոփոխությունները, առկա սպառնալիքներին զուգահեռ, նոր մարտահրավերներ են առաջացնում Հայաստանի համար:
     
    2.2 Միջազգային հարաբերություններում առկա են միջազգային անվտանգային համակարգերի թուլացման միտումներ, որոնք արտահայտվում են, մասնավորապես, գլոբալ անվտանգության պահպանման մեջ մեծ դեր ունեցող պետությունների միջև մրցակցության աճով, սպառազինությունների վերահսկման ռեժիմների թուլացմամբ և սպառազինությունների մրցավազքի ուժեղացմամբ, բազմակողմանի հարթակների թուլացմամբ, ինչպես նաև հակամարտություններն ուժի կիրառմամբ լուծելու ձգտումների խորացմամբ: Միաժամանակ, ուժային նոր կենտրոնների ձևավորման միտումներն ավելի են սրում միջազգային մրցակցությունը՝ նպաստելով ուժի կիրառմանը:
     
    2.3 Միջազգային և տարածաշրջանային ուժային կենտրոնների և կառույցների միջև լարվածությունը բացասաբար է ազդում այդ պետությունների և կառույցների հետ Հայաստանի համագործակցության վրա: Զուգահեռաբար, որոշ տարածաշրջանային պետությունների կողմից ավելի ակտիվ դերակատարում ունենալու հավակնությունները սպառնում են փոխել ուժերի հարաբերակցությունը և վտանգել կայունությունը տարածաշրջանում:
     
    2.4 Տարածաշրջանում տրանսպորտային, էներգետիկ և կապի ենթակառուցվածքների հատվածային և ոչ համընդգրկուն զարգացումը խորացնում է տարածաշրջանում բաժանարար գծերի ձևավորումը և նպաստում անկայունության հետագա աճին։
     
    2.5 Ժամանակակից աշխարհում անվտանգային սպառնալիքներն ավելի հաճախ են դրսևորվում հիբրիդային պատերազմների տեսքով՝ ռազմական բաղադրիչներից բացի ներառելով տնտեսական, կիբեռ, կեղծ լուրերի և ապատեղեկատվության համալիր գործիքակազմեր։
     
    2.6 Հայաստանի համար մտահոգիչ է նաև տարածաշրջանում և աշխարհում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում արձանագրվող հետընթացը:
     
    2.7 Չլուծված հակամարտությունները շարունակում են սպառնալ տարածաշրջանային երկրների կայուն զարգացմանը։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը պարբերաբար խոչընդոտվում և վտանգվում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որն արտահայտվում է հակամարտությունն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ լուծելու ձգտումներով, առավելապաշտական և անզիջում կեցվածքով, ՀՀ տարածքի հանդեպ անթաքույց հավակնությամբ, հայատյաց քաղաքականությամբ և պատմության խեղաթյուրմամբ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հակառակորդի նկրտումները, որոնց դրսևորումն էին 2016 թ․ ապրիլին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունները, ինչպես նաև հրադադարի շարունակական խախտումները, դիվերսիոն գործողությունները, զորքերի կուտակումը և տեղաշարժը, զորավարժությունները արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական միջպետական սահմանին, ուղիղ սպառնալիք են Հայաստանի համար։ Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն վարող պետության շարունակական սպառազինումը վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը: 
     
    2.8 Տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից մեզ մտահոգում է նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա ազդող ռազմաքաղաքական դաշինքների և դրանց մաս կազմող երկրների միջև տարաձայնությունների հնարավոր խորացումը: Նույնքան մտահոգիչ են այս դաշինքների հնարավոր թուլացումը և անդամ-պետությունների միջև միմյանց՝ այդ թվում Հայաստանի շահերին հակասող գործողությունները. մասնավորապես զենքի վաճառքն Ադրբեջանին ավելի է վտանգում խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում: Մեր ուշադրության կենտրոնում են նաև հնարավոր ռազմաքաղաքական անկայունությունները հարևան պետություններում:
     
    2.9 Հայաստանի հանդեպ Թուրքիան վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, հրաժարվելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների, ժխտելով, իսկ առանձին դեպքերում նաև արդարացնելով Հայոց ցեղասպանությունը։ 
     
    2.10 Միաժամանակ, Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունն Ադրբեջանին ավելի է ուժեղացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի հավակնությունները։ Հատկապես խնդրահարույց է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնման դեպքում Թուրքիայի քողարկված կամ բացահայտ միջամտության պատրաստակամությունը: 
     
    2.11 Հարևան երկրների և ժողովուրդների հանդեպ Թուրքիայի կողմից անօրինական ուժի կիրառումն իր հերթին վտանգում է ավելի լայն տարածաշրջանի կայունությունը և առավել անկանխատեսելի է դարձնում նրա հնարավոր գործողությունները Հայաստանի հանդեպ: 
     
    2.12 Թուրքիայում և Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում տեղի ունեցող հետընթացը բացասաբար է անդրադառնում այս երկրների կողմից իրենց միջազգային պարտավորությունների կատարման վրա և մեծացնում այս երկրների անկանխատեսելիությունը Հայաստանի համար:
     
    2.13 Հայաստանի անվտանգային միջավայրի վրա ազդում են նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները: Դրանց թվում են, մասնավորապես, կրոնական և ազգային փոքրամասնությունների դուրսմղմանը զուգահեռ՝ կրոնական արմատականության ներուժի համախմբումը և տարածումը, ներքին բախումները, հյուծող, ոչ ավանդական և միջնորդավորված զինված հակամարտությունները:
     
    2.14 Սպառնալիք են նաև ահաբեկչությունն ու անդրազգային կազմակերպված հանցավորությունը, զանգվածային ոչնչացման զենքի տարանցումն ու տարածումը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, փողերի լվացումը, անօրինական միգրացիան և մարդկանց առևտուրը՝ թրաֆիքինգը:
     
    2.15 Ներպետական մակարդակում մեր առջև ծառացած սպառնալիքների թվում են ժողովրդագրական իրավիճակի առկա միտումները, որոնք բացասաբար են ազդում Հայաստանի ազգային անվտանգության, սոցիալական և տնտեսական ոլորտների կայուն զարգացման վրա: Ծնելիության մակարդակի անկման, արտագաղթի, բնակչության տարիքային կառուցվածքի փոփոխության, անհամաչափ տարածքային տնտեսական զարգացման միտումներն էական մարտահրավեր ու սպառնալիք են  Հայաստանի համար, մասնավորապես՝ ուղեղների արտահոսքի, աշխատուժի պակասի, սոցիալական ապահովության համակարգի համար բեռի զգալի մեծացման դրսևորումներով: 
     
    2.16 Տեղեկատվական հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներթափանցման մակարդակի աճը կյանքի և գործունեության բոլոր ոլորտներում հանգեցրել է ինչպես նոր հնարավորությունների, այնպես էլ անվտանգային նոր մարտահրավերների: ՏՀՏ ոլորտի զարգացմանը զուգահեռ անհատի, հասարակության և պետության անվտանգությունը խոցելի է դարձել և պաշտպանության կարիք ունի նաև տեղեկատվական և կիբեռ տիրույթներում: 
     
    2.17 Կոռուպցիայի ցանկացած դրսևորում լուրջ սպառնալիք է Հայաստանի կառավարման համակարգի համար: Կոռուպցիոն դրսևորումները հարվածում են ազգային անվտանգության սպառնալիքներին դիմակայելու պետության ունակությանը:
     
    2.18 Քրեական ենթամշակույթի, բռնության, ատելության և այլատյացության ցանկացած դրսևորում պառակտում է հասարակությունը և մարտահրավեր է պետության և հասարակության համար: 
     
    2.19 Տնտեսական աճի դրական միտումներով հանդերձ՝ մեզ համար շարունակում են մարտահրավեր մնալ ֆինանսական հնարավոր անկայունության, ստվերային տնտեսության ծավալների, տնտեսության ճյուղերի բազմազանության սահմանափակության խնդիրները, ներդրումային միջավայրի և ձեռնարկատիրական գործունեության խոչընդոտները:
     
    2.20 Աղքատությունը, սոցիալական անհավասարությունը և սոցիալական բևեռացումը շարունակում են ազդեցություն ունենալ Հայաստանի անվտանգային մարտահրավերների և սպառնալիքների խորացման վրա: 
(շարունակելի)
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ