Կուլիսներից մարիոնետների նման կառավարվողներն այլևս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու. վարչապետ

25 Հունիսի 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում  2019 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության եզրափակիչ ելույթի ժամանակ խոսեց հրատապ հարցերի մասին:

Վարչապետը հիշատակեց մեկ ամիս առաջ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկի զեկույցը, որում Հայաստանն արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտներում:

«Էսօր խոսում են խոսքի ազատության սահմանափակումներից: Ցույց տվեք Երրորդ հանրապետության պատմության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն երեք-չորս, եթե ոչ՝ չորս-հինգ կամ վեց-յոթ հեռուստաալիքով առավոտից իրիկուն ինչքան քաղաքական դիակ կա գարշահոտություն է տարածում երկրով մեկ: Եկեք խոսենք, թե Հայաստանում խոսքի ազատության ի՞նչ մակարդակ կա, և խոսքի ազատությունն ինչպե՞ս է օգտագործվում:

Մարդկանց էսօր էդ մամուլը, էդ մամուլի ազատությունը մղում են մահվան, ընդ որում, մղում են մահվան էդ գարշահոտությունը տարածող ուժերի ֆինանսավորմամբ, որովհետև դրանք համարում են՝ ինչքան շատ մարդ վարակվի կորոնավիրուսով, ինչքան շատ մարդ մահանա, էնքան իրենք ավելի բարձր հնարավորություն կունենան խոսելու»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանում կուսակցությունները, լրատվամիջոցները, ՀԿ-ները պետք է լինեն 100 տոկոսով թափանցիկ, որ «ֆեյքերի դասակներ, գումարտակներ, լրատվամիջոցներ չֆինանսավորեն Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղելու համար»:

«Ինչու՞ պիտք է Կառավարությունը լինի 100 տոկոս թափանցիկ, իսկ մյուսները՝ ոչ: ԱԺ ամբիոնից խոսում են ֆեյքերի մասին, բայց պատգամավորներից ոմանք ֆեյքերի սեփական դասակներն ու գումարտակներն ունեն: Ժողովրդավարությունը մեզնի՞ց եք պաշտպանում: Մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովրդավարությունը ամենաթողություն չի: Ժողովրդավարությունը պատգամավորներին ղազագիր գրել տվող կուսակցվությունների հույսին չի կարող մնալ: Ասում եք՝ քաղաքական հետապնդում: Տեսել ենք 30 տարի: Բա որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանք տա, բա էդ մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ, բա ասեին՝ չէ, չենք կալանավորում, վզները կոլորեին հինգ րոպե, սեղանի տակից դուրս չէին գալիս»,- զայրացավ վարչապետը՝ հավելելով, որ դատական համակարգի նկատմամբ ապօրինի ազդեցություններից հրաժարվել են, բայց հիմա հին ազդեցությունները դրսևորվում են:

Դատարանների հարցը լուծված չէ, որովհետև խամաճիկային հին համակարգը խամաճիկային նորով փոխարինել չեն ցանկացել՝ նշեց Կառավարության ղեկավարը.

«Մենք ուզում ենք, որ երկրում լինի իրական անկախ դատարան: Այն դատավորը, որ իր համոզմունքով և խղճով՝ առանց կողմնակի ազդեցությունների, առանց հին կոռուպցիոն կապերի կկայացնի որոշում, մեր գլխի վրա տեղ ունի, այդ դատավորը երկրի հենասյունն է, և մենք ամեն ինչ անելու ենք այդ մարդկանց պաշտպանելու համար և ամեն ինչ անելու ենք մյուսներին դատական համակարգից դուրս շպրտելու համար»:

Անդրադառնալով ԲՀԿ-ի բացակայությանը նիստին՝ վարչապետը նշեց.

«Ներկա չեն, ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ որովհետև չկան այլևս, որովհետև ինքնաոչնչացվել են: Երբ կանգնում ես այս ամբիոնից ասում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ այդպես չի, դա նշանակում է ինքնաոչնչացում: Ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում այլևս քաղաքական գործունեություն չի ծավալելու, չի կարելի ժողովրդին ձեռ առնել: Ովքեր ճշմարտությունից դուրս են խոսում, նրանք էլ չեն կայանալու: Նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների նման կառավարվել են, այլևս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու: Եվ նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների են կառավարել, քաղաքական դաշտում այլևս տեղ չեն ունենալու»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ հիմա Հայաստանում ամենամեծ բարեփոխումն է տեղի ունենում՝ քաղաքական բարեփոխումը, և հաջորդ ընտրություններին խորհրդարանում տեղ են ունենալու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբա պաշտպանում են թավշյա հեղափոխության արժեքները:

Փաշինյանն անդրադարձավ ակցիաների մասնակիցների՝ կորոնավիրուսով վարակվելուն, որոնք թաքցնում են, որ վարակվել են կորոնավիրուսով, ու ակցիաների, հանրահավաքների կոչեր են անում:

«Տեսանք ձեր արած հանրահավաքը: Կես միլիոն դոլար ծախսում եք, 200 հոգի մարդ եք կարում հավաքեք, կեսին էլ՝ սպառնալով: Գալիս եք առանց դիմակների կանգնում եք, ասում եք՝ չկա կորոնավիրուս: Հիմա թևածում է: Կասեն՝ իշխանությունը կորոնավիրուսը գցել է ընդդիմության ջանը, որ հիվանդանան, չկարողանան իշխանափոխություն անեն: Մեզ եկել եք հանրահավաքո՞վ եք վախեցնում, բա որ մե՞նք հանրահավաք անենք: Դուք եկեք մեզ փողով վախեցրեք, թալանելու ձեր կարողությամբ, ձեր կրթական ցենզով»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ պետք է պարզաբանվի, թե ինչու փետրվարին հայտնի դարձած գործով մինչ օրս պատշաճ քննություն չի արվել:

Արդեն տարի ու կես է, որ քրեական գործերը պատշաճ չեն քննվում, և դրա համար էլ որոշումներ են կայացվել՝ ասաց Կառավարության ղեկավարը.

«Մեկն էլ կա, ասում է՝ ես եմ տղամարդը, կուխնու սեղանի տակից դուրս չեմ գալիս, մի հատ էլ ուրիշներին խորհուրդ է տալիս, ասում է՝ դուրս եկեք Ֆեյսբուքից և հաղորդակցվեք իրականության հետ: Դու հլը կուխնուց դուրս արի, նոր ուրիշներին Ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տուր»:

1lurer.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ