29 հունվարի, 2020թ., Երևան: Այսօր Հանրային խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը Վազգեն Սաֆարյանի նախագահությամբ, որին հրավիրված ու մասնակցում էր նաև Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Այն, ըստ էության, Հանրային խորհրդի նախագահի առաջին հանդիպումն էր հանձնաժողովի անդամների հետ:
Հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նախ համապարփակ ներկայացրեց տնտեսության տարբեր բնագավառներում իրենց հանձնաժողովի կողմից կարևորված ծրագրերը, որոնց կյանքի կոչումը էական խթան կհանդիսանա երկրի տնտեսական կյանքի աշխուժացման համար:
Այնուհետև ենթահանձնաժողովների նախագահներն ու նիստի մասնակիցները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը, հանային փորձաքննության ոլորտները, բարձրացրեցին ռազմավարական բնույթի այն հարցերը, որոնք կենսական են համարում հանրության, երկրի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման և/կամ արդյունաբերության վերագործարկման համար:
Վերջում Հանրային խորհրդի նախագահը հանդես եկավ կառավարությանը խորհրդատվական ծառայություն մատուցող սահմանադրական այդ մարմնի, ներառյալ՝ նրա հանձնաժողովների դերի ու կշռի մեծացման, հանրություն-Հանրային խորհուրդ-կառավարություն/որոշումներ ընդունող մարմիններ առանցքներով ինստիտուցիոնալ կապերի զարգացման իր տեսլականով:
Սաֆարյանն իր հերթին վերահաստատեց, որ սեղանի շուրջ հավաքված է երկրի տնտեսական, արդյունաբերական հիշողությունն ու փորձառությունն ամփոփող մի աստղաբույլ, որի ներուժը, ցավոք, լիովին իրացված չէ: Հանրային խորհրդի նախագահն իր հանձնառությունն ու առաքելությունը համարեց Հանրային խորհրդի այդ ու մյուս 15 հանձնաժողովների ահռելի ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:
Տեղեկացնենք, որ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովն ունի շուրջ 170 անդամ, 19 ենթահանձնաժողովներ, որոնց անդամակցում են հանրապետության առաջատար ու առանցքային ձեռնարկությունների նախկին ու ներկա ղեկավարներ, առաջատար մասնագետներ ու փորձագետներ:
Առաջիկայում նախատեսվում են Հանրային խորհրդի նախագահի հանդիպումները մյուս հանձնաժողովների անդամների հետ:
Հանրային խորհրդի լրատվական ծառայություն