«Մադրիդյան սկզբունքները» կյանքի կոչելն ազգային դավաճանություն է

15 Ապրիլի 2016

Երկրորդ նախագահի՝ Ռաբերտ Քոչարյանի օրոք, շուրջ 10 տարի Ղարաբաղի բանակցությունների շուրջ տեղեկատվական բլոկադա էր. հանրությանն անհասանելի էր, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու արտգործնախարար Վարդան Օսկանյանն ի՞նչ էին բանակցում համանախագահների, կամ Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ, քանզի ամեն բան գաղտնիության քողի տակ էր արվում, իբր բանակցային գործընթացին չվնասելու համար: Առաջին լուրջ սխալ քայլը, որ ակնբախ էր և անհանգստացնող, դա Ղարաբաղյան կողմի դուրս մնալն էր բանակցային գործընթացից: Ճիշտ է տարիներ շարունակ զրոյական կետում էին բանակցությունները՝ «սառեցված», բայց համենայնդեպս գոնե հանգիստ էինք, որ ոչ մի փաստաթուղթ չկար ստորագրված:

Մեր անհանգստություններն սկիզբ առան 2007-ից, երբ շրջանառության մեջ դրվեց «Մադրիդյան սկզբունքներ»-ի ստորագրման փաստը ու դարձյալ գաղտնի, գաղտնի ողջ ազգի համար ու մնաց հանելուկ, առեղծվածային․․․ Ու՞մ մտքի ծայրով կանցներ անգամ, որ գործ ունենք դիվանագիտական խարդավանքների ու աճպարարության հետ: Գաղտնիությունն ու անորոշությունը համակել էր մեզ. չէինք իմանում ի՞նչ են տալիս, ի՞նչ են առնում… Շա՜տ ուշացումով իմացանք, որ առնելու ոչի՛նչ չունենք ու փոխարենը մատաղացու գառների նման մեր տղաների արյունով վերցրած, ազատագրված հողերն են աճուրդի հանված, նվիրելու են Ադրբեջանին:

Ազգովին վստահում էինք արտգործնախարարի արդարացումներին. կարողանում էր քաղաքական դիվիդենտներ շահել իր ելույթներով, հավատ ներշնչել, թեև բոլոր դեպքերում այդ գաղտնիությունը շատ տարօրինակ էր, սիրտ մաշող: Դա էլ շնորհքի հարց է. կարողանալ հռետորական ճարտար լեզվով այնպես համոզել մի ամբողջ ազգի, որ քաղաքական-դիվանագիտական դաշտում անսխալական է, որ ազգը նշույլ անգամ չկասկածի, որ իրոք գործ ունի պրոֆեսիոնալիզմի դասեր սերտած դիվանագետի հետ: Բայց, երբ վերջապես հնարավոր եղավ կոտրել ու բացել չարաբաստիկ գաղտնիության սնդուկի յոթ կողպեքներն ու հանրությանը հասանելի դարձավ Մադրիդում ստորագրված և «Մադրիդյան սկզբունքներ» անվանումը ստացած փաստաթղթի հայատյաց ձևակերպումներին, այդ միֆը հօդս ցնդեց, փուչիկի նման պայթեց ու ողջ ազգը կանգնեց փաստի առաջ:

Պարզվեց, որ նախագահն ու արտգործնախարարը բանակցություններից մեզ ժառանգություն են թողել «Մադրիդյան սկզբունքները». մի փաստաթուղթ, որի հիմնարար կետերից յուրաքանչյուրը բխում է Ադրբեջանի օգտին: Ղարաբաղի ճակատագիրը իրականում հայտնվեց ծուղակում: Բարձրագույն դիվանագիտական աստիճանի որակավորում ունեցող արտգործնախարար Վարդան Օսկանյանին ինչքան էլ Մինսկի խմբի համանախագահող ադրբեջանամետ ամերիկացի Մեյթու Բրայզան համոզեր, կամ ճնշում գործադրեր, ինչպե՞ս կարող էր ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է. գրավյալ տարածքների վերադարձ, մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների վերադարձ բուն Ղարաբաղի տարածք, Լաչինի միջանցքի՝ նախկին 13 ադրբեջանական գյուղերի հանձնումը Ադրբեջանին, միջազգային զորքերի տեղակայում…

Երբ Ադրբեջանական կողմը «Մադրիդյան սկզբունքներում» հաջողեց ամրագրել իր փախստականների վերադարձը մեր բնօրրաններ, այսինքն՝ բուն Ղարաբաղի տարածք, զարմանալի էր արտգործանխարար Օսկանյանի հանցավոր անտարբերությունը Սումգայիթից, Բաքվից, Գետաշենից, Կիրովաբադից Շահումյանից… գաղթած մեր հայ փախստականների ճակատագրի ու նրանց իրավունքների մասին, որը «Մադրիդյան սկզբունքներում» այդպես էլ տեղ չգտան, էլ չեմ ասում՝ որպես հակակշիռ պահանջվեր դեռ սովետական տարիներին հայաթափած նախիջևանահայերի վերադարձն իրենց բնօրրանը՝ Նախիջևան: Իսկ Լաչինի հարակից 13 գյուղերի վերադարձը Ադրբեջանին, Օսկանյանը ինչպե՞ս է պատկերացնում․ այլևս Հայաստանից հնարավոր կլինե՞ր Լաչինի միջանցքով հասնել Ստեփանակերտ․․․

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք փախստականներ չենք էլ ունեցել ընդհանրապես: Ամենակարևոր բացթողումը. եթե դրված էր Ադրբեջանին վերադարձնել մեր ազատագրված 7 շրջանները, բա մեր օկուպացված տարածքների` Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների… փոխանակման հարցը ինչո՞ւ չկա այս «Մադրիդյան սկզբունքներ» կոչվածում. կարելի է կարծել, թե մեր արտգործնախարարը սրճարանում սրճելիս է եղել, երբ այս չարաբաստիկ «Մադրիդյան սկզբունքներ» կոչված փաստաթուղթը կյանքի է կոչվել և այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՍերԺ Սարգսյանին խորհուրդ է տալիս Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցելիս առաջնորդվել այդ հայատյաց «Մադրիդյան սկզբունքներով»․․․ Երևակայությունից դուրս է, 90-94 թվականներին Ղարաբաղյան պարերազմին 7000 հազար հայի արյամբ ձեռքբերած, ազատագրված հողն առաջին նախագահը շատ հեշտ ու հանգիստ վերադարձնում է Ադրբեջանի՞ն․ գոնե մի քիչ խիղճ ունենար, քանզի ընդամենը 10 օր առաջ այդ հողերի համար 90-ից ավելի ջահել ջիվաններ տվեցին իրենց կյանքը, էս ի՞նչ սառնասրտությամբ է գործում, երևի ուզում է դառնալ Ադրբեջանի ազգային հերո՞ս․․․

Նա Ղարաբաղը Ադրբեջանի կազմում էր տեսնում ի սկզբանե, նա դեռ անկախության առաջին տարին ձեռնպահ մնաց հռչակելուց ու ճանաչեուց Ղարաբաղի անկախությունը, իսկ Բիշքեկում 1994 թ․ կնքված զինադադարին նա որպես հաղթող կողմ պետք է կապիտուլյացիայի ակտով ամրագրեր մեր տիտղոսն ու իրավունքները և՛ գրավյալ տարածքների, և՛ Ղարաբաղի կարգավիճակի, և՛ Հայաստանին վերամիավորման, բայց նա չարեց, բռնեց բանակցությունների պոչից ու մինչև օրս գլուխ ենք ջարդում բանակցություններում որևէ ձեռքբերում Ղարաբաղի օգտին, բայց ապարդյուն․․․

Իսկ 2008-ի փետրվարին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակի

հարթակից գոռում էր, որ «Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում լայն ինքնավարությամբ»․․․ Եվ այսօր կրկին Տեր-Պետրոսյանը առիթը բաց չթողնելով Սերժ Սարգսյանին հրավիրեց իր առանձնատուն, և որպես գիտունիկ, խորհուրդ է տալիս, որ բանակցություններում առաջնորդվեն «Մադրիդյան սկզբունքներով» ։

Փաստորեն, ստատուս քվոյի պահպանումը շատ թանկ նստեց մեզ վրա. Ղարաբաղի հարցում ոչ մի քայլ առաջ, այլ մի քանի քայլ հետ ու ժառանգեցինք խայտառակ մի փաստաթուղթ` ծուղակ, որն այսօր մեր «գիտունիկ» առաջին նախագահն իր բարձրությունից պարտադրում է կյանքի կոչել…

ՈՂԲԱՄ ԶՔԵԶ ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԴ ԻՐԵՆՑ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ ԵՆ ՋՈՒՐ ԼՑՆՈՒՄ․․․

 

  Սոնա  Արշունեցի

  Գրող-հրապարակախոս

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ